Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

   

Հաշվի առնելով Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ) ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք պայմանավորված են էլեկտրոնային հարթակի միջոցով հրապարակվող հանրագրերի առանձնահատկությունների հետ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք): Համապատասխան փոփոխությունները և լրացումները անհրաժեշտ են հետևյալ հիմնավորումներով․

  1. Նախագծով առաջարկվում է հստակեցնել «կոլեկտիվ հանրագիր» հասկացությունը՝ հասկացության մեջ ներառելով նաև այն հանրագրերը, որոնք ներկայացվել են էլեկտրոնային հարթակում գլխավոր նախաձեռնողի կողմից և որին միացել են մեկ կամ ավել անձինք:
  2. Նախագծով հստակեցվել է «կրկնակի հանրագիր» հասկացությունը, մասնավորապես հանրագիրը, որը մեկ տարվա ընթացում կրկին ներկայացրել է միևնույն անձը միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է պատասխան կամ իրավասու մարմնի կողմից կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում:
  3. Էլեկտրոնային հարթակի միջոցով և էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագրերի միջև տարընկալումից խուսափելու նպատակով, առկա է անհրաժեշտություն հստակ սահմանել «Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ», «էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագիր» հասկացությունները: Այսպիսով՝ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակը պետք է ընձեռի հնարավորություն ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքանակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց հետ: Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է, օգտվելով էլեկտրոնային տիրույթի հնարավորություններից, Հանրագրերի էլեկտրոնային հարթակում ներկայացնել թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ հանրագրերը, ինչպես նաև նշել հանրագրի չհրապարակման մասին: Տարընկալումներից խուսափելու նպատակով առաջարկվում է չսահմանել հրապարակային հանրագիր հասկացությունը:
  4. Հանրագրի ներկայացման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը ստանում է լիազորություն Հանրագրերի էլեկտրոնային հարթակում հրապարակել անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) հանրագրի ներկայացման կարգը: Առաջարկվում է հստակեցնել հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ապահովել Էլեկտրոնային հարթակի միջոցով կամ թղթային եղանակով ներկայացվող հանրագրերի նույնաբովանդակությունը, մասնավորապես՝ առաջարկվում է հանրագրի բովանդակության մեջ ներառել հանրագրի վերնագիրը, ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը, էլեկտրոնային փոստի հասցեն, Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի, իսկ Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների տվյալները: Օրենքը հստակ սահմանում է, որ եթե հանրագիրը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը, սակայն որևէ նշում չկա օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը կցելու մասին այն դեպքում, երբ հանրագիրը ներկայացվում է օրինական ներկայացուցչի միջոցով:

  1. Հաշվի առնելով էլեկտրոնային հարթակի զարգացման միտումները և այն, որ էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող հանրագրերի առանձնահատկությունները՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվելու են Էլեկտրոնային հարթակի միջոցով հանրագրերը ներկայացնելու, էլեկտրոնային հարթակում հրապարակելու, հանրագիրը քննարկելու, որոշումների վերաբերյալ ծանուցելու, պատասխանն ուղարկելու և հրապարակելու, հանրագիրը իրավասու մարմնի կողմից էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու առանձնահատկությունները:
  2. Նախատեսվում է հանրագրի հրապարակման և գրանցման կարգում հստակեցնել գրանցամատյանում մուտքագրվող տվյալները:
  3. Նախատեսվում է հստակեցնել հանրագրի վերադարձման կարգը, մասնավորապես՝
  • Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով հանրագիր ներկայացնող անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս հարցով:
  1. Հաշվի առնելով, որ Օրենքի 1-ին հոդվածում սահմանված է հանրագրի հասկացությունը՝ ուղենշելով հանրագրով շոշափվող հարցերի շրջանակը, այնուամենայնիվ, ո՛չ հանրագրերի վերադարձման, ո՛չ դրանց քննարկումը մերժելու հիմքերի շրջանակում չի նախատեսվում ներկայացված առաջարկության՝ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին չհամապատասխանելու հանգամանքը: Ուստի, հանրագրի քննարկման մերժելու հիմք պետք է լինի նաև առաջարկության՝ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հանրագրի հասկացությանը չհամապատասխանելը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

          Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ ունենալով հստակեցնել առկա կարգավորումները և լուծել Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք կարգավորվում են «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ առավել կհստակեցվեն օրենքում օգտագործվող հասկացությունները, հանրագրերի ներկայացման, քննարկման, գրանցման, հրապարակման, վերադարձման, մերժման, հանրագրերի վերաբերյալ ընդունված որոշումների մասին ծանուցելու և հանրագրի պատասխանը ուղարկելու կարգը:

  • Քննարկվել է

    17.07.2020 - 01.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Արտակարգ իրավիճակներ, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7241

Տպել

Առաջարկներ`

Արթուր Գրիգորյան

25.07.2020

1. Անհրաժեշտ է հստակեցնել՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող հանրագիրը չհրապարակելու վերաբերյալ իրավունքը վերաբերում է միայն հանրագրին, թե՝ հանրագրի պատասխանին ևս: 2. Միաժամանակ, առաջարկում եմ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «հանրային նշանակություն ունեցող հարցերով» բառերը, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածից, և հաշվի առնելով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ էության, բաց է մնում մարդու՝ անձնական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու և պատշաճ պատասխան ստանալու հնարավորությունը: Բացի այդ՝ առաջարկությունը բխում է նաև Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող իրավունքից, քանի որ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրագիրը չհրապարակելն անհասկանալի է:

Տեսնել ավելին