Add to favourites

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պարտքի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-78-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  I 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) պարտքային պարտավորություն` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքներով ստացված և որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ` ժամկետում չմարված տոկոսագումարը.

2) պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) և Հայաստանի Հանրապետության համայնքների (այսուհետ` համայնքներ) անունից Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց կառավարության և համայնքների միջև, ինչպես նաև միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

3) կառավարության պարտք` կառավարության կողմից ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

4) համայնքների պարտք` համայնքների կողմից ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

5)  պետական ներքին պարտք` կառավարության և համայնքների կողմից ռեզիդենտների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց կառավարության և համայնքների միջև, ինչպես նաև միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

6)  պետական արտաքին պարտք` կառավարության և համայնքների կողմից ոչ ռեզիդենտների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց կառավարության և համայնքների միջև, ինչպես նաև միջհամայնքային պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

7) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի պարտք` Հայաստանի Հանրապետության պետական պարտքի և հանրային հատվածի ֆինանսական (բացառությամբ Կենտրոնական բանկի) և ոչ ֆինանսական ոլորտի պետական կազմակերպությունների կողմից ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից ոչ ռեզիդենտների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համախմբված (առանց միմյանց նկատմամբ պարտքային պարտավորությունների) հանրագումարը.

8) պարտքի մարում` պարտքային պարտավորության կատարում.

9) պարտքի սպասարկում` պարտքային պարտավորությամբ նախատեսված մարում, տոկոսագումար, տուժանք, կոմիսիոն վճար, պարտավորության վճար և այլ վճարներ.

10) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.

11) հանրային հատվածի ոչ ֆինանսական ոլորտի պետական կազմակերպություններ՝ հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ.

12) հանրային հատվածի ֆինանսական ոլորտի պետական կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ֆինանսների բնագավառում գործող պետական կազմակերպություններ և հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ ֆինանսական առևտրային կազմակերպություններ.

13) ռեզիդենտ` ֆիզիկական անձինք, որոնք տվյալ տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները.

14) ոչ ռեզիդենտ` սույն օրենքի իմաստով ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք, օտարերկրյա պետությունները և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները.

15) պետական գանձապետական պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ազգային արժույթով թողարկվող պետական պարտատոմսը.

16) արտարժութային պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժույթով թողարկվող պետական պարտատոմսը.

17) համայնքային պարտատոմս` համայնքների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային արժույթով թողարկվող պարտատոմսը.

18) առաջնային տեղաբաշխում` թողարկողի կամ նրա հանձնարարությամբ այլ մարմնի կողմից թողարկողի պարտատոմսերի առաջին օտարումը շուկայի մասնակիցներին.

19) առաջնային շուկա` շուկա, որտեղ իրականացվում է թողարկողի պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը.

20) պարտավորությունների կառավարման գործառնություններ՝ բոլոր այն գործառնությունները, որոնք լիազոր մարմինն ու համայնքներն իրականացնում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործիքներով` պարտքի պորտֆելի կառուցվածքը փոխելու և դրա կազմը բարելավելու, այդ թվում՝ մարման գրաֆիկը հարթեցնելու համար:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը

  1. Սույն օրենքի նպատակը պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու հանրային հատվածի պարտքի հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումն է:

 

Հոդված 4. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

  1. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքից, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

 

Հոդված 5. Պետական պարտքը

  1. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով: Այն կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով:
  2. Պետական պարտքի սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում պարտքի սպասարկման համար, ապա պետական պարտքի սպասարկման ենթակա վճարումները պետք է կատարվեն ամբողջ ծավալով՝ կառավարության կողմից ավելացնելով պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցները տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների, ծախսերի կամ դեֆիցիտի փոփոխության միջոցով:
  3. Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է, որը գերազանցելու դեպքում գործում են են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «գ» կետով և 8.4-րդ մասի «բ» կետով սահմանված դրույթները:
  4. Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «բ» կետով և 8.4-րդ մասի «ա» կետով սահմանված դրույթները, իսկ 40 տոկոսը գերազանցելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետով սահմանված դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ II 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հոդված 6. Պետական պարտքի կազմը

  1. Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պարտքն ու արտաքին պարտքը: Պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:
  2. Պետական պարտքը, ըստ ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչև 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) և երկարաժամկետ (5-ից ավելի տարով):

 

Հոդված 7. Պետական պարտքի ձևավորման գործիքակազմը

  1. Պետական պարտքի ձևավորման գործիքներն են`

1) ֆինանսական և վարկային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, վարկավորող բազմակողմ հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված փոխառության կամ վարկային պայմանագրերը.

2) պարտատոմսերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետևանքով որպես պետական պարտք վերաձևակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

4) պետական պարտքի վերաձևակերպման պայմանագրերը.

5) բյուջետային երաշխիքը պարտք ձևակերպելու գործարքները:

 

Հոդված 8. Պետական պարտքի ներգրավման նպատակները

  1. Պետական պարտքի ներգրավման նպատակներն են`

1) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը և ընթացիկ իրացվելիության ապահովումը, ինչպես նաև համայնքների բյուջեների ֆոնդային մասի դեֆիցիտի ֆինանսավորումը.

2) պետական ներքին պարտքի շուկայի պահպանումը և զարգացումը.

3) պետական պարտքի վերաֆինանսավորումը, պետական բյուջեից վարկավորումը և կայունացման հաշվի միջոցների համալրումը։ 

 

Գ Լ ՈՒ Խ  III

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 9. Պետական պարտքի կառավարման նպատակները

  1. Պետական պարտքի կառավարումը գործընթաց է, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձևակերպման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` սույն հոդվածով սահմանված նպատակների շրջանակներում:
  2. Պետական պարտքի կառավարման հիմնական նպատակն է միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում ապահովել կառավարության և համայնքների ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորությունը և վճարային պարտավորությունների կատարումը՝ հնարավոր նվազագույն ծախսերով և պարտքի պորտֆելի ռիսկերի խելամիտ մակարդակի պայմաններում:
  3. Պետական պարտքի կառավարման նպատակներ են`

1) կառավարության և համայնքների պարտքի օպտիմալ կառուցվածքի ձևավորումը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը.

2) պետական պարտքի կառավարման և դրամավարկային քաղաքականությունների համակարգումը:

  1. Պետական պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը և համայնքները կիրառում են ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում` պարտքի վերաձևակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ և այլն:
  2. Լիազոր մարմինը և համայնքներն իրավասու են վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, եթե համապատասխան պայմանագրով դա արգելված չէ:

 

Հոդված 10. Պետական պարտքի կառավարման սկզբունքները

  1. Պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, հաշվետվողականության, կանխատեսելիության և հրապարակայնության սկզբունքներով:

 

Հոդված 11. Պետական պարտքը կառավարող մարմինները

  1. Կառավարության պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումն իրականացնում է լիազոր մարմինը, իսկ համայնքների պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումը` համայնքները:
  2. Համայնքները պարտքային պարտավորություն ստանձնում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Համայնքների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
  3. Լիազոր մարմինն ու համայնքներն իրականացնում են պետական պարտքի գրանցում, հաշվառում և պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար:

 

Հոդված 12. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը և փոխառությունների տարեկան ծրագիրը

  1. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ծրագիր է, որը կառավարությունն իրականացնում է միջնաժամկետ հատվածում՝ կառավարության պարտքի պորտֆելի ցանկալի կառուցվածքին հասնելու նպատակով: Այն մշակվում և վերանայվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարիների համար:
  2. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում և հաստատվում է կառավարության կողմից:
  3. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները, նպատակադրումներն ու իրականացվելիք միջոցառումները, պարտքի կառուցվածքի և հնարավոր ռիսկերի գնահատականը:
  4. Կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
  5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո տասնհինգօրյա ժամկետում լիազոր մարմինը մշակում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է փոխառությունների տարեկան ծրագիրը, որով ներկայացվում են փոխառու միջոցների հաշվին տվյալ տարվա պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների ծավալներն ու կառուցվածքը, գործիքակազմը, պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների օրացույցը, կառավարության պարտքի սպասարկումը և պարտքը բնութագրող այլ ցուցանիշներ:

 

Հոդված 13. Պետական պարտքի աուդիտը

  1. Պետական պարտքի կառավարման արտաքին աուդիտն իրականացվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Պետական պարտքի կառավարման ներքին աուդիտն իրականացվում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IV 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14. Պետական պարտքի հրապարակայնությունը

  1. Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացվող յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում ներկայացվում է հաշվետվություն կառավարության պարտքի կառավարման վերաբերյալ, որը տեղեկություններ է պարունակում կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների և փոխառությունների տարեկան ծրագրի կատարողականի վերաբերյալ:
  2. Լիազոր մարմինը պատրաստում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է պետական պարտքի տարեկան հաշվետվությունը, որը ներառում է տեղեկություններ պետական պարտքի ծավալի, կառուցվածքի, տարվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ, ինչպես նաև կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի և կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների կատարման վերլուծություններ:
  3. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, լիազոր մարմնի և տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով, համայնքները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմին են ներկայացնում համայնքների պարտքի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ վերջինս ամփոփում է այդ տեղեկատվությունը և ներկայացնում լիազոր մարմին:
  4. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 10-օրյա ժամկետում պատրաստում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է կառավարության պարտքի ամսական վիճակագրական տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ կառավարության պարտքի ծավալի, կառուցվածքի, ինչպես նաև կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի և այլ ցուցանիշների վերաբերյալ:
  5. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 30-օրյա ժամկետում պատրաստում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է պետական պարտքի ամսական վիճակագրական տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ պետական պարտքի ծավալի, կառուցվածքի, ինչպես նաև կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի և այլ ցուցանիշների վերաբերյալ:

 

Գ Լ Ո Ւ Խ V

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԸ

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի պարտքի հրապարակայնությունը

  1. Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի պարտքի վիճակագրության վարման և հրապարակայնության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
  2. Հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունները լիազոր մարմին են ներկայացնում իրենց պարտքային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում լիազոր մարմինը հրապարակում է հանրային հատվածի պարտքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

 

Գ Լ ՈՒ Խ  VI 

ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔ

 

Հոդված 16. Պետական ներքին պարտքի աղբյուրները

  1. Պետական ներքին պարտքի աղբյուրներն են`

1) ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական, համայնքային և արտարժութային պարտատոմսերը.

2) ռեզիդենտների կողմից կառավարությանը և համայնքներին տրամադրված փոխառությունները և վարկերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետևանքով ռեզիդենտների հանդեպ որպես պետական պարտք վերաձևակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

4) ռեզիդենտների հանդեպ պետական պարտքի վերաձևակերպման պայմանագրերը.

5) ռեզիդենտներին տրամադրված բյուջետային երաշխիքը պետական պարտք ձևակերպելու գործարքները:

 

Հոդված 17. Պետական ներքին պարտքի մարումը

  1. Պետական ներքին պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:
  2. Շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի և համայնքային պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են:
  3. Այն պահից, երբ բյուջետային երաշխիք ստացած անձը չի կատարում իր պարտավորությունը և վարկատուն պահանջում է բյուջետային երաշխիքի կատարում, իսկ ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին չի վճարում բյուջետային երաշխիքի գումարը, ապա մայր գումարը, տոկոսներն ու մնացած բոլոր վճարները ձևակերպվում են կառավարության պարտքային պարտավորության մաս և սպասարկվում ու մարվում են կառավարության կողմից՝ համաձայն բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով սահմանված դրույթների։

 

Հոդված 18. Ռեզիդենտների կողմից կառավարությանը տրվող փոխառու միջոցները

  1. Հայաստանի Հանրապետության անունից ռեզիդենտների հետ փոխառության կամ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունի միայն լիազոր մարմինը:
  2. Ռեզիդենտներից փոխառություններ և վարկեր կարող են ներգրավվել պետական գանձապետական պարտատոմսերի՝ փոխառության կամ վարկային պայմանագրի ստորագրման օրվան նախորդող 5-րդ օրվա եկամտաբերության կորի նույն ժամկետայնության պարտատոմսերի եկամտաբերությունից ոչ բարձր տոկոսադրույքով:

 

Հոդված 19. Պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկումը

  1. Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է լիազոր մարմնին:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների և մարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների և մարման գործընթացներին առնչվող փաստաթղթերը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը։

 

Հոդված 20. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը

  1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Լիազոր մարմինն ապահովում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության չափանիշների հրապարակայնությունը:
  2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնին տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող այդ տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք:

 

Գ Լ ՈՒ Խ VII

ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ

 

Հոդված 21. Պետական արտաքին պարտքը

  1. Պետական արտաքին պարտք ներգրավելու մասին պայմանագրերը կնքվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 22. Պետական արտաքին պարտքի աղբյուրները

  1. Պետական արտաքին պարտքի աղբյուրներն են`

1) ոչ ռեզիդենտների կողմից տրամադրված փոխառությունները և վարկերը.

2) ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական, համայնքային և արտարժութային պարտատոմսերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետևանքով ոչ ռեզիդենտների հանդեպ որպես պարտք վերաձևակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

4) ոչ ռեզիդենտների հանդեպ պարտքի վերաձևակերպման պայմանագրերը.

5) ոչ ռեզիդենտներին տրամադրված բյուջետային երաշխիքը պարտք ձևակերպելու գործարքները:

 

Հոդված 23. Պետական արտաքին պարտքի մարումը

  1. Պետական արտաքին պարտքը համարվում է մարված, եթե կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:
  2. Վարկային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինն իրավասու է, ելնելով նույն պայմանագրում ամրագրված դրույթներից, պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման շրջանակներում կատարել վարկի պայմաններով նախատեսված ֆիքսված և լողացող տոկոսադրույքների փոփոխություն, վարկի արժույթի փոփոխություն և վարկային միջազգային պայմանագրով ամրագրված այլ փոփոխություն:

 

Գ Լ ՈՒ Խ VIII 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 15-րդ հոդվածի 2-րդ մասերի:
  2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 15-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
  3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 15-րդ հոդվածի 2-րդ մասերն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
  4. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած և չդադարած պարտքային պարտավորությունների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:»:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Բյուջետային երաշխիքները

  1. Բյուջետային երաշխիքը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխիք ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության,միջազգայինկազմակերպության պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը` պետական բյուջեի միջոցների հաշվին:
  2. Ներքին բյուջետային երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիքներն են:
  3. Արտաքին բյուջետային երաշխիքները ոչ ռեզիդենտներին կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիքներն են:
  4. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և արտացոլվում առանձին տողով:
  5. Բյուջետային երաշխիքները տրամադրվում են կառավարության որոշման հիման վրա: Բյուջետային երաշխիքը կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխիքի մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանմիջազգայինպայմանագրերով սահմանված դրույթների:
  6. Բյուջետային երաշխիքների տրամադրմանկարգըսահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջետային երաշխիքների տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:
  7. Համայնքները չեն կարող տրամադրել բյուջետային երաշխիքներ:
  8. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը և ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաև վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը և ծախսերը հիմնավորող հաշվարկները:
  9. Բյուջետայիներաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը:

Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե`

1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցներն օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ` պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.

2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրները լուծելուն ուղղված ծրագրերին ֆինանսավորում ապահովելու համար` վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում:

  1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետոպետականբյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:
  2. Պետական լիազորված մարմինն իրավասու է մինչև վարկի մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:
  3. Կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիքների հետ կապված հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ պետական լիազորված մարմինը յուրաքանչյուր տարի պատրաստում է վերլուծություն, որտեղ նկարագրվում է տրամադրված բյուջետային երաշխիքների պորտֆելը և գնահատվում են դրանից ածանցվող ռիսկերը: Հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ վերլուծությունը ներառվում է պետական բյուջեի ուղերձում:
  4. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը տեղեկատվություն է պարունակում նաև տրամադրված բյուջետային երաշխիքների վերաբերյալ:
  5. Բյուջետային երաշխիքներ ստացող տնտեսական ոլորտների առաջնահերթությունը սահմանվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով:
  6. Որոշակի պահի դրությամբ տրամադրված և չմարվածբյուջետայիներաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:
  7. Տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը:
  8. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:»:

Հոդված 2. Օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասում «երրորդ մասի երկրորդ պարբերության» բառերը փոխարինել «6-րդ մասի» բառերով, իսկ «չորրորդ» բառը՝ «16-րդ» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Միջազգային պայմանագրերի մասին» 2018 թվականի մարտի 2-ի ՀՕ-213-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պաշտոնատար անձինք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) 5-րդ մասը «Կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Վարկային և դրամաշնորհային պայմանագիրը ստորագրում է վարչապետը, ինչպես նաև վարչապետի լիազորագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը կամ համայնքի ղեկավարը՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    03.01.2024 - 18.01.2024

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 786

Print

Related documents / links