Add to favourites

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

  1. Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716 - Լ  որոշման Հավելված N2-ով հաստատված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի» «Պետական պարտքի կառավարում» բաղադրիչի «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի բարելավում» թիրախի շրջանակներում նախատեսված է «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի համապատասխանեցում միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին» միջոցառումը։

Հատկանշական է, որ «Պետական պարտքի մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումից ի վեր (2008 թվականի մայիսի 26) միջազգային ֆինանսական և պարտքային շուկաներում տեղի են ունեցել տարաբնույթ զարգացումներ և փոփոխություններ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել արդիականացնելու ոլորտի կարգավորումները՝ ներկա իրողություններին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես, գործող իրավակարգավորումների շրջանակներում արձանագրված հիմնական անհամապատասխանություններից են.

  • «Պետական պարտք» հասկացությունը անհամապատասխանություն միջազգային մեթոդաբանությանը (GFS, PSDS),
  • «Հանրային հատվածի պարտք» հասկացության սահմանման բացակայություն,
  • ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակի սահմանման վերանայում և վերաձևակերպում` դրա հստակեցման և տարընթերցումների բացառման նպատակով, պետական պարտքի ներգրավման նպատակների վերանայման անհրաժեշտություն,
  • Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման համար օրենքով հստակ և բացահայտ լիազորությունների պատվիրակման բացակայություն,
  • Փոխառությունների տարեկան ծրագրի մշակման պահանջի բացակայություն,
  • Արտաքին վարկերն ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո լիազոր մարմնին հստակ իրավասություն վերապահելու անհրաժեշտություն պայմանագրով նշված ածանցյալ գործիքներ կիրառելու հարցում,
  • Բյուջետային երաշխիքների հետ կապված դրույթների համակարգման անհրաժեշտություն,
  • Պարտքի վիճակագրական հաշվետվողականության համակարգի բարելավում,
  • ԱԺ-ին պետական պարտքի կառավարման վերաբերյալ ամենամյա հաշվետվությունների ներկայացման պահանջի բացակայություն և այլն։

Վերոնշյալ իրավակարգավորումների լիարժեքությունն ապահովելու նպատակով մշակվել են «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝  Նախագծեր):

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծերով առաջարկվում է ամրագրել մի շարք փոփոխված և նոր կարգավորումներ, մասնավորապես՝

  • Վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև համայնքների պարտքը և բացառելով կենտրոնական բանկի արտաքին պարտքը, ըստ այդմ՝ ամրագրել համայնքի պարտքի կառավարման հետ կապված կարգավորումներ,
  • Սահմանել «հանրային հատվածի պարտք» հասկացությունը և դրա կազմում ներառել պետական պարտքը, հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական ոլորտների պետական կազմակերպությունների պարտքը,
  • Վերանայել պետական պարտքի ներգրավման նպատակները, ինչպես նաև պետական պարտքի կառավարման հիմնական նպատակը՝ նոր կարգավորումներին և միջազգային լավագույն փորձին համահունչ,
  • Ամրագրել պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություն՝ այն վերապահելով լիազոր մարմնին,
  • Նախատեսել փոխառությունների տարեկան ծրագրի մշակման և հրապարակման պահանջ,
  • Սահմանել լիազոր մարմնի իրավասությունը՝ վարկային միջազգային պայմանագիր կնքելու և ուժի մեջ մտնելուց հետո վարկի պայմաններով նախատեսված փոփոխություններ կատարելու,
  • Երաշխիքներին առնչվող դրույթները Օրենքից տեղափոխել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք՝ ապահովելով բյուջետային երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունների համակարգված և ամբողջական կարգավորումը,
  • Ամրագրել պետական պարտքի և հանրային հատվածի պարտքի հրապարակայնության և հաշվետվողականության ծածկույթը և պարբերականությունը կարգավորող նորմեր և այլն:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պետական պարտքի ոլորտի իրավական կարգավորման արդիական համակարգ` միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ:

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նախագիծը նորմատիվ բնույթի է, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության «Պետական պարտքի կառավարում» բաղադրիչի «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի բարելավում» 28-րդ թիրախի իրագործման անհրաժեշտությունից (ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ  որոշում):

 

  • Discussed

    03.01.2024 - 18.01.2024

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 785

Print