В стадии разработки
««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հաշվառման տվյալներ մուտքագրող` անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատակից, ով իրականացնում է կադաստրային քարտեզի վարման, ուղղման, ծածկագրերի և մակերեսների ճշտման, հողի հարկի և գույքահարկի բազայի ստեղծման նպատակով անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքներ, ինչպես նաև ուսումնասիրում է ներկայացված անշարժ գույքի հատակագծերը, դրանց բնութագրերը՝ համեմատելով կադաստրային գործում առկա տվյալների հետ։»։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3․ Օրենքի 11-րդ հոդվածում․
1) լրացնել 4․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ․
«4․1․ Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սեփականության իրավունքով իրենց չպատկանող գույքերի վերաբերյալ՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված տեղեկատվությունների ձեռքբերման համար կարող են դիմել մեկ տարվա ընթացքում առավելագույնը չորս անգամ։»,
2) 5-րդ մասից հանել «Սույն մասով նախատեսված համաձայնությունը կարող է տրվել նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով:» չհամարակալված պարբերությունը,
3) լրացնել նոր 5․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ․
«5․1․ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված համաձայնությունը ֆիզիկական անձանց կարող է տրվել նոտարական կարգով վավերացված, իսկ իրավաբանական անձանց նաև հասարակ գրավոր ձևով։»։
Հոդված 4․ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումներում պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը կամ մերժումն իրականացնում են սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձինք՝ ռեգիստրները:»։
Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 23․1-23․5-րդ հոդվածներով հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 23.1. Ռեգիստրի և հաշվառման տվյալներ մուտքագրողին պաշտոն զբաղեցնող անձինք
- Ռեգիստրի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) անշարժ գույքի գլխավոր ռեգիստր.
2) անշարժ գույքի ավագ ռեգիստր.
3) անշարժ գույքի ռեգիստր:
2․Հաշվառման տվյալներ մուտքագրողները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) հաշվառման տվյալներ մուտքագրող գլխավոր մասնագետ.
2) հաշվառման տվյալներ մուտքագրող ավագ մասնագետ.
3) հաշվառման տվյալներ մուտքագրող մասնագետ:
Հոդված 23.2. Ռեգիստրին և հաշվառման տվյալներ մուտքագրողին ներկայացվող հիմնական պահանջները
- Ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
1) ունի բարձրագույն կրթություն, իսկ անշարժ գույքի գլխավոր ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրող գլխավոր մասնագետի պաշտոնի համար՝ բարձրագույն կրթություն իրավագիտություն, գեոդեզիա, գեոմատիկա, կադաստր կամ ճարտարագիտություն մասնագիտություններում.
2) հաղթահարել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը.
3) սույն օերնքով սահմանված կարգով ընդգրկվել է ռեգիստրների, իսկ հաշվառման տվյալներ մուտքագրողների դեպքում՝ հաշվառման տվյալներ մուտքագրողների թեկնածությունների կամ ռեզերվի ցուցակներում:
- Ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի որոշմամբ կարող է տվյալ պաշտոնում պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ:
- Ռեգիստրները, ինչպես նաև հաշվառման տվյալներ մուտքագրողները պարտավոր են յուրաքանչյուր տարի Կառավարության սահմանած կարգով անցնել ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագիր և այդ ծրագրի հիման վրա յուրաքանչյուր օրացուցային տարին մեկ անգամ անցնել ատեստավորում որի արդյունքները հիմք են ընդունվում ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողի առաջխաղացման համար:
Հոդված 23.3. Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների թեկնածությունների ցուցակները և ռեզերվը
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվում են քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի կազմակերպած մրցույթը հաղթահարած անձինք:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների թեկնածությունների ցուցակում անձինք ընդգրկվում են ըստ անշարժ գույքի պետական ռեգիստրի կազմակերպած մրցույթի արդյունքների հերթականության՝ առավելագույն միավորներից մինչև նվազագույն անցողիկ միավորը: Պաշտոններն անձանց առաջարկվում են ըստ սույն մասում նշված հերթականության:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների թեկնածությունների ցուցակում ներառված ռեգիստրները, հաշվառման տվյալներ մուտքագրողները գրանցվում են ռեզերվում, եթե ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի թափուր պաշտոններն ամբողջությամբ համալրված են կամ անձը գրավոր հրաժարվում է պաշտոնի նշանակվելուց:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների թեկնածությունների ցուցակը և ռեզերվը վարում է էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև ռեգիստրներին ռեզերվում գրանցում, հանում և դրա հետ կապված այլ գործառույթներ իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրը՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման միջոցով:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվում գտնվելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի մասնագիտական աշխատանքային, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրում աշխատանքային ստաժ: Եթե անձը վաղաժամկետ՝ մինչև սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետը լրանալը, հանվում է ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է ռեգիստրների, և հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածի համար անձը չի վճարվում:
- Անձը, այդ թվում՝ վաղաժամկետ, հանվում է ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվից, եթե՝
1) նա զբաղեցրել է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն կամ անցել է այլ աշխատանքի.
2) ներկայացրել է ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվից իրեն հանելու վերաբերյալ դիմում.
3) լրացել է սույն օրենքով սահմանված՝ ռեզերվում գտնվելու վեցամսյա ժամկետը:
- Սույն օրենքի հիման վրա ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ռեզերվի վարման կարգը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը։
Հոդված 23.4. Առաջխաղացման ցուցակները
- Առաջխաղացման ցուցակներն են՝
1) սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի 1-ին կետերով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
2) սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 2-րդ մասի 2-րդ կետերով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:
- Առաջխաղացման ցուցակները ձևավորում է Կառավարության սահմանած կարգով ձևավորված ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների առաջխաղացման հանձնաժողովը (այսուհետ՝ առաջխաղացման հանձնաժողով)`
1) ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագրերի արդյունքներով ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների հերթական ատեստացիայի ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն առաջարկություն է ներկայացնում առաջխաղացման հանձնաժողով` ռեգիստրին, հաշվառման տվյալներ մուտքագրողին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով իր կամ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան ծառայողական բնութագիր: Առաջխաղացման հանձնաժողովի նախագահը ծառայողական բնութագիրը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն տրամադրում է առաջխաղացման հանձնաժողովի անդամներին: Ռեգիստրն, հաշվառման տվյալներ մուտքագրողն ընդգրկվում է առաջխաղացման ցուցակում առաջխաղացման հանձնաժողովի դրական եզրահանգման դեպքում՝ վերջինիս որոշմամբ.
- Անձն առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է մեկ տարի ժամկետով:
Հոդված 23.5. Ռեգիստրին, հաշվառման տվյալներ մուտքագրողին զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի փոխադրելը
- Ռեգիստրին, հաշվառման տվյալներ մուտքագրողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ ատեստավորման արդյունքներով.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է ռեգիստրների, հաշվառման տվյալներ մուտքագրողների պաշտոնները կրճատվելիս՝ ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի դիմումի հիման վրա:»։
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում․
- 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) դիմումը ներկայացնում է ֆիզիկական անձ հանդիասցող իրավատիրոջ անունից նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը, իսկ իրավաբանական անձ հանդիսացող իրավատիրոջ անունից՝ նոտարական կարգով վավերացված կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը.»,
- լրացնել նոր 10-րդ մաս հետևյալ բովանդակոթյամբ․
«10․ Անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կամ տեղեկատվության տրամադրում հայցող դիմումատուի փոխարեն դիմումների մուտքագրման, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների կապակցությամբ խորհրդատվության տրամադրման ծառայությունների մատուցման իրականացման համար նախատեսված շենք-շինությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անվանումների, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ արտաքին գովազդը կարող են տեղակայվել սպասարկման գրասենյակներից, խորհրդատվական կենտրոններից ուղիղ գծով առնվազն 150 մետր հեռավորության վրա։»։
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ վարույթը կասեցվել կամ մերժվել է էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերից ծագող իրավունքների և սահմանափակումների ինքնաշխատ գրանցման դիմումի հիման վրա» բառերը։
Հոդված 8․ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «անձ» բառից հետո լրացնել
«՝ սույն օրենքի 11-րդ հոդված 4․1-ին մասի պահանջների պահպանմամբ,»։
Հոդված 9․ Օրենքի 34-րդ հոդվածում․
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Եթե պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն տվյալ մարմնի կամ վերջինիս իրավահաջորդի կողմից տրամադրված համապատասխան ուղղում կատարելու վերաբերյալ գրության և ուղղում կատարելը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:»,
2) 7-րդ մասում հանել «՝ ուղղման վերաբերյալ նշումով» կետադրական նշանը և բառերը։
Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «սահմանված» բառը փոխարինել «նոտարական» բառով։
Հոդված 11. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «հանդիսացող գույքի նկատմամբ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի նկատմամբ» բառերը։
Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածում․
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերում կողմերի, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նաև նրանց կողմից նոտարական կարգով լիազորված անձանց ստորագրությունների իսկությունը ճանաչվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց կողմից` սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերի։ Ստորագրությունների իսկությունն ի պաշտոնե ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»,
2) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերը ստորագրող անձանց ինքնությունը համարվում է ստուգված «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք լինելու պահից:»,
3) 3-րդ մասում «ներկայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված պայմանագրերի, որի դեպքում յուրաքանչյուր կողմն իր անձնական գրասենյակ բաժնում պայմանագիրը պետք է հավաստի էլեկտրոնային թվային ստորագրությամբ» բառերը,
4) 4-րդ մասում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-րդ մասով սահմանված դեպքերի:» բառերը,
5) լրացնել նոր 4․1-ին մասով հետևյալ բովանդակությամբ․
«4.1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված պայմանագրերը պայմանագրի կողմերը իրավունքների պետական գրանցման են ներկայացնում անձնական գրասենյակի միջոցով՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելով:»,
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Պայմանագրում ստորագրությունների իսկությունը համարվում է ճանաչված այդ պայմանագրից ծագող իրավունքի կամ սահմանափակման գրանցման դիմումի հետ միասին` սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում ընդունվելու պահից, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված պայմանագրերի դեպքում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց և էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագիրը դրա կողմերի կողմից հավաստվելու պահից:»։
Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 49․ Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված պայմանագրերին առաջադրվող պահանջները
1․ Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով օրինակելի պայմանագրերը պետք է կազմվեն միայն անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ դրանց հավելվածների (բաղկացուցիչ մասերի):
2․ Օրինակելի պայմանագրերի տեսակներն արտացոլվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում:
3․ Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերը, դրանց հավելվածները կամ անբաժանելի մաս կազմող այլ փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ կամ հավելագրումներ կամ ջնջված բառեր կամ դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր կամ այլ չծանոթագրված ուղղումներ, փաստաթղթի տեքստը պետք է լինի տպագրված գրական հայերենով, ընթեռնելի և ներառի անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա օրինակելի պայմանագրի բոլոր դաշտերը: Մեկ թերթից ավելի ծավալ ունեցող պայմանագրերի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, բոլոր թերթերը պետք է ստորագրվեն պայմանագրի կողմերի և կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից` վերջին թերթի վրա նշելով թերթերի ընդհանուր քանակը:
4․ Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում օրինակելի պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատելու և ներկայացնելու նպատակով անձը անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում ներկայացնում է միասնական տեղեկանք ստանալու դիմում, կատարելով օրենքով սահմանված վճարումները: Միասնական տեղեկանքը տրամադրվում է օրենքով սահմանված ժամկետներում՝ արտացոլվելով անձնական գրասենյակում:
5․ Անձնական գրասենյակի միջոցով կազմված պայմանագրի հավելվածները (բաղկացուցիչ մասերը) պայմանագրին կցագրվում են (ներբեռնվում են) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում պայմանագրի կազմման ժամանակ, ընդ որում հավելվածները (բաղկացուցիչ մասերը)՝
1) կցագրվում են (ներբեռնվում են) էլեկտրոնային Փի Դի Էֆ (PDF)՝ ստորագրված կողմերի էլեկտրոնային ստորգրությամբ.
2) պետք է լինեն հայերենով և ընթեռնելի.
3) պետք է տեսաներածված լինեն գունավոր, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:
6․ Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանած պայմանագիրը կազմելուց, իսկ առկայության դեպքում նաև հավելվածները (բաղկացուցիչ մասերը) կցագրելուց (ներբեռնելուց) հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվում է պայմանագրի (ներառյալ՝ հավելվածների) ստորագրման ենթակա Փի Դի Էֆ (PDF) էլեկտրոնային տարբերակը և ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով պայմանագրի ներկայացման համար նախատեսված ծածկագիրը:
7․ Պայմանագրի տեքստը, այդ թվում՝ կողմերի տվյալները, փաստաթուղթը կազմելու և ստորագրելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով) ինքնաշխատ եղանակով ձևավորվում է անշարժ գույքի էլեկտրոնային շտեմարանի տվյալներից, բացառությամբ պայմանագրի արժեքի, դրա ուժի մեջ մտնելու ամսաթվի, որոնք ենթակա են լրացման այն կազմող անձանց կողմից:
8․ Անշարժ գույքի վաճառքի օրինակելի պայմանագրի արժեքը գնորդի կողմից փոխանցվում է վաճառողի անվամբ բացված բանկային հատուկ (էսքրոու) հաշվին, որի վերաբերյալ ձևավորվում է ինքնաշխատ տեղեկանք և կցվում է իրավունքի պետական գրանցման դիմումին:»։
Հոդված 14. Օրենքի 50-րդ հոդվածում․
1) 1-ին մասում «համար» բառից հետո լրացնել «սպասարկման գրասենյակում» բառերը,
2) 2-րդ մասից հանել «դիմողի պահանջով» բառերը։
Հոդված 15. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված և համակարգի միջոցով ներկայացված պայմանագիրը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կցվում և պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:»։
Հոդված 16. Օրենքը լրացնել նոր 52․1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 52.1. «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացումը
1․ Որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված և պետական գրանցման համար ներկայացված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով (այսուհետ՝ ինքնաշխատ պետական գրանցում), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
2․ Ինքնաշխատ պետական գրանցման համար պետական գրանցման դիմումը մուտքագրվում է որպես ինքնաշխատ պետական գրանցման ենթակա, իսկ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար գրանցման մատյանում գրառման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են ինքնաշխատ կամ նման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից:
3․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումներն ինքնաշխատ պետական գրանցման ընթացակարգով ենթակա չեն մուտքագրման, եթե՝
1) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի համաձայն առկա են գրանցված սահմանափակումներ.
2) պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում առկա են նշումներ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար որևէ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկանքի, ներկայացնելու պահանջի վերաբերյալ.
3) պայմանագրի համաձայն առկա է պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից, որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքում։
- Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չի իրականացվում, եթե`
1) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո պայմանագրի առարկա անշարժ գույքի նկատմամբ էլեկտրոնային գրանցման մատյանում կամ կադաստրային գործում կատարվել է ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ փաստաթղթի կցում կադաստրային գործին․
2) միասնական տեղեկանքի տրամադրումից հետո ներկայացվել է պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի նկատմամբ պետական գրանցման այլ դիմում.
3) պայմանագրով իրավունքը փոխանցող անձի նույնականացման տվյալները չեն համապատասխանում էլեկտրոնային գրանցման մատյանում այդ անձի նույնականացման տվյալներին:
- Ինքնաշխատ պետական գրանցման եղանակով մուտքագրված դիմումների հիման վրա ինքնաշխատ պետական գրանցում չիրականացվելու դեպքում պետական գրանցման դիմումին տրվում է ընթացք ընդհանուր հիմունքներով:
- Ինքնաշխատ պետական գրանցման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ գրանցման մատյանում գրառման ենթակա լրացված տեղեկությունները հաստատվում են կառավարման ավտոմատացված համակարգի կողմից, իսկ գրանցման վկայականում գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դաշտերի փոխարեն լրացվում է ««Գրանցումն իրականացվել է Կադաստրի կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով» արտահայտությունը:»։
Հոդված 17. Oրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով։
Հոդված 18.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրում ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի պաշտոն զբաղեցնող անձինք շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար որպես անշարժ գույքի ռեգիստր, անշարժ գույքի ավագ ռեգիստր, անշարժ գույքի գլխավոր ռեգիստր, հաշվառման տվյալներ մուտքագրող մասնագետ, հաշվառման տվյալներ մուտքագրող ավագ մասնագետ, հաշվառման տվյալներ մուտքագրող գլխավոր մասնագետ որոնք սույն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորս ուսումնական տարվա ընթացքում միջոցներ ձեռնարկել սահմանված մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստանալու և դրա վերաբեյալ համապատասխան փաստաթուղթն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ուղղությամբ: Անշարժ գույքի պետական ռեգիստրը փոխհատուցում է սույն կետով սահմանված մասնագիտական կրթության համար սահմանված վճարները:
- Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ատեստավորումն անցկացնելու կարգն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարող բոլոր ռեգիստրները, հաշվառման տվյալներ մուտքագրողները 1 տարվա ընթացքում ենթակա են ատեստավորման առաջխաղացման հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան:
- Անշարժ գույքի պետական ռեգիստրում ռեգիստրի, հաշվառման տվյալներ մուտքագրողի պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չեն ներկայացնում սույն օրենքով սահմանված մասնագիտություններով բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ, չեն մասնակցում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ատեստավորմանը կամ ատեստավորմանը մասնակցելու դեպքում չեն հաղթահարում ատեստավորման անցողիկ շեմը, սույն օրենքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
- Սույն օրենքից բխող իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
- Առաջխաղացման հանձնաժողովը ստեղծվում է «Ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների առաջխաղացման հանձնաժողովի կազմավորման կարգը» Կառավարության կողմից հաստատվելուց հետո եռամսյա ժամկետում:
- Սույն օրենքի 12-16-րդ հոդվածները գործում են մեկ տարի ժամկետով, որոնց կարող է հաղորդվել անժամկետ բնույթ՝ իրավահարաբերությունների գործնական կայացման դեպքում:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
Երևան 2025 թ․
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի
ՀՕ-157-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել որ 6․4-րդ ամսով հետևյալ բովանդակությամբ․
«6.4. Անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումներում ռեգիստրի, խորհրդատուի պաշտոն զբաղեցնող անձանց, հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի աշխատակիցներին, օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով տրվում է հավելավճար: Ատեստավորման գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» օրենքով սահմանված ռեգիստրների առաջին ատեստավորումն անցկացնելուց հետո։
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
Երևան 2025 թ․
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«4․ Անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կամ տեղեկատվության տրամադրում հայցող դիմումատուի փոխարեն դիմումների մուտքագրման, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների կապակցությամբ խորհրդատվության տրամադրման ծառայությունների մատուցման իրականացման համար նախատեսված շենք-շինությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների անվանումների, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ արտաքին գովազդի տեղակայումն անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներից, խորհրդատվական կենտրոններից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, հեռավորությունից պակաս հեռավորության վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասում «զբաղվելը» բառից հետո լրացնել «կամ անշարժ գույքի պետական ռեգիստր այլ անձի փոխարեն վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում թույլատրելի առավելագույն քանակի՝ չորսի, գերազանցմամբ դիմում ներկայացնելը» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
Երևան 2025 թ․
-
Обсуждалось
14.04.2025 - 02.05.2025
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 988
Принт