Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներդրումների խթանումը և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության տնտեսության զարգացման ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից են։ Տնտեսական և իրավական հարաբերությունների զարգացման ներկա փուլում անհրաժեշտ է ներդրումային հարաբերությունների համար արդիական, ամբողջական և համապարփակ կարգավորում, որն ի զորու կլինի ապահովելու ներդրողների իրավական պաշտպանվածությունը, խթանելու նոր ներդրումների ներգրավումը և ամրապնդելու պետական քաղաքականության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։

2.    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս ներդրումային քաղաքականության իրականացումը հիմնված է հնացած և մասնակիորեն կիրառելի իրավական ակտերի վրա, մասնավորապես՝ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի, որն ընդունվել է 1994 թվականին, և չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորումը։ Գործող համակարգը չի երաշխավորում ներդրումների նկատմամբ կիրառվող ռեժիմների կանխատեսելիություն, խրախուսման համաչափություն, թափանցիկություն և կայունություն։ Առկա է նաև ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակի անկատարություն, որի հետևանքով պետական աջակցությունը ներդրումային ծրագրերին համակողմանի և համակարգված չէ։ Միևնույն ժամանակ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ներդրումային իրավունքի և խթանման արդիականացված դաշտը կարող է էապես նպաստել ուղղակի ներդրումների ներգրավման աճին։

Մասնավորապես, «Ներդրումների մասին» օրենքի մշակման ընթացքում ուսումնասիրվել են մի շարք երկրների փորձը, այդ թվում՝ Վրաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Չինաստանի։ Դիտարկված 13 երկրներից ներդրումների (օտարերկրյա ներդրումների) մասին օրենք ունեն 9-ը, որոնցից միայն 3-ի դեպքում է (Սերբիա, Լիտվա, Վրաստան) օրենքը վերաբերել և՛ տեղական ներդրումներին, և՛ օտարերկրյա ներդրումներին, ընդ որում՝ նույնիսկ եթե այն վերաբերել է տեղական ներդրումներին՝ կարգավորման շրջանակը երկրից կախված խիստ տարբերվել է։

Ուսումնասիրված երկրներից Վրաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Իսլանդիայում համապատասխան օրենքներում հստակ նշված են պատասխանատու մարմինների անվանումները, ընդ որում՝ Սերբիայում դրանք երեքն են՝ Տնտեսական զարգացման խորհուրդը, տնտեսական հարաբերությունների ոլորտում լիազոր նախարարությունը և Սերբիայի զարգացման գործակալությունը։ Ի տարբերություն այս երկրների՝ Չինաստանում և Լիտվայում պարզապես նշված է, որ կառավարությունը կարող է հիմնել անհրաժեշտ կառուցվածքային մարմիններ՝ ներդրումների հետ կապված գործառույթները արդյունավետ իրականացնելու համար։ Հայաստանում ներդրումների խթանման և աջակցման գործառույթներն իրականացնում է «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոն (ՆԱԿ) հիմնադրամը, սակայն այն ստեղծված չէ նորմատիվ իրավական ակտի հիման վրա։

Մի շարք երկրների օրենսդրությունում՝ այդ թվում Լիտվայում, Վրաստանում, Ղազախստանում, ի հավելումն ներպետական ատյանների, հստակ նշվում են միջազգային կառույցներ (օրինակ, ICSID, UNCITRAL, Միջազգային առևտրի պալատի Ստոկհոլմի արբիտրաժ), որոնք պատասխանատու են ներդրումային վեճերի կարգավորման համար։

Հայաստանի օրենսդրությամբ սահմանվում է, որ օտարերկրյա ներդրողների հետ կապված վեճերը քննվում են Հայաստանյան դատարաններում, իսկ համաձայնության դեպքում այլ մարմիններում, առկա են նույնիսկ  դեպքեր, երբ օտարերկրյա ներդրողները դիմել են միջազգային ատյաններ, սակայն այս իրավահարաբերությունների կարգավորումը սահմանված չէ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքով։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ դիտարկված երկրներում գերազանցապես ներդրողների իրավունքները և նրանց տրվող երաշխիքների դրույթները կիրառվում են հնարավորինս ազատական մոտեցմամբ, ինչը թույլ է տալիս ապահովել ներդրումային միջավայրի գրավչությունը։

3.    Կարգավորման առարկան

Օրենքի նախագիծը՝

  1. Սահմանում է ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ։ Մասնավորապես, նախագիծը սահմանում է.
  • խտրականության բացառման երաշխիքը (non-discrimination) իր երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ (National Treatment/NT) և առավել բարենպաստության ռեժիմ (Most Favoured Nation/MFN).
  • Էքսպրոպրիացիայից պաշտպանության երաշխիքը։ Ընդ որում, նախագիծը տալիս է անուղղակի էքսպրոպրիացիայի հասկացության բնորոշումը՝ հստակորեն արգելելով այն, ինչպես նաև սահմանում է այն չափանիշները, որոնց պահպանմամբ միայն կարող է տեղի ունենալ ուղղակի էքսպրոպրիացիա։ Այս երաշխիքի կարգավորումների ներքո, հաշվի առնելով ֆինանսական շուկաների/կազմակերպությունների առանձնահատկությունները, առաջին անգամ առաջարկվում է սահմանել է նաև, որ ռեզոլուցիոն գործողությունների ներքո ֆինանսական կազմակերպությունների ազգայնացման ռեժիմը սահմանվում է օրենքով.
  • Իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքները, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը և կայունությունը։ Այս առումով, օրինակ` նախագիծը սահմանում է, որ օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ օրենքով սահմանված երաշխիքներով՝ անկախ երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից՝ այդպիսի փոփոխությունից կամ վերացումից հետո՝ հինգ տարվա ընթացքում.
  • Այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները և այլն։
  1. Ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները
  2. Օրենքի նախագիծը սահմանում է նաև ներդրումների ոլորտում ինստիտուցիոնալ շրջանակը՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները (անհրաժեշտ լիազորող նորմերը), լիազոր մարմնի իրավասությունները, ինչպես նաև ապահովում է Ներդրումների աջակցման կենտրոնի իրավական կարգավիճակի հիմքերը։

 

4.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակման փուլում հաշվի են առնվել միջազգային ներդրումային համաձայնագրերի դրույթները, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումային օրենսդրության լավագույն պրակտիկաները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջարկությունները։

 

5.    Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, օրենքը կարող է առաջացնել ներդրումների աճի միջոցով միջնաժամկետ և երկարաժամկետ դրական ազդեցություն պետական բյուջեի եկամուտների վրա։

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից (մասնավորապես՝ «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» նպատակից), Հայաստանի վերափոխման ռազմավարությունից (մինչև 2050 թ.), ինչպես նաև մի շարք ոլորտային ռազմավարություններից, այդ թվում՝ արդյունաբերական քաղաքականության և արտահանման խթանման ռազմավարություններից։ Օրենքը հանդիսանում է ներդրումային դաշտի համակարգային բարեփոխման մաս։

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2810

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

16.05.2025

Կրկնվող դրույթներ – Օրենքում ամրագրված շատ իրավունքներ (սեփականության պաշտպանություն, շահույթի արտահանում, անուղղակի էքսպրոպրիացիայի արգելք, խտրականության արգելք) արդեն գոյություն ունեն ՀՀ Սահմանադրությամբ, քաղաքացիական օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։ Կայունության երաշխիքների անբավարարություն – Սահմանված է միայն ընդհանուր 5-ամյա ժամկետ, ինչը ոչ բավարար է երկարաժամկետ ներդրումների համար։ Բացակայում են խոշոր ներդրումային նախագծերի կայունության հատուկ պայմանագրեր։ Արտոնությունների չկիրառվող բնույթ – Օրենքում ներդրումային խթանները նշվում են ընդհանուր առմամբ՝ առանց ուղղակի գործող արտոնությունների (օրինակ՝ հարկային արձակուրդներ, ֆինանսական սուբսիդիաներ) ամրագրելու։ Իրավական երաշխիքների կիրարկելիության մեխանիզմների բացակայություն – Օրենքը չունի գործնական մեխանիզմներ՝ երաշխիքների իրականացման եւ պաշտպանության համար։ Միջազգային ներդրողի համար գրավչության պակաս – Օրենքը չի առաջարկում ներդրողին նոր իրավական կամ ինստիտուցիոնալ առավելություններ՝ համեմատելի այլ երկրների փորձի հետ: Պետական կառույցների թերապրակտիկ դերը – «Մեկ պատուհանի» սկզբունքը մնում է դեկլարատիվ. Enterprise Armenia-ի դերը օրենքում նշված է, սակայն գործառնական լիազորությունները սահմանափակ են: III. առաջարկություններ Օրենսդրական կայունության երկարաժամկետ երաշխիքներ – Խոշոր ներդրումների դեպքում ներդնել օրենքով պաշտպանված կայունության համաձայնագրեր՝ 10-15 տարվա կանխատեսելի իրավական եւ հարկային միջավայրի ապահովմամբ։ Արտոնությունների կոնկրետացում – Օրենքով հստակ ամրագրել հարկային եւ մաքսային արտոնություններ որոշակի ներդրումային շեմից բարձր ծրագրերի համար՝ օրինակ շահութահարկի ազատում, արագացված մաշվածություն, համաֆինանսավորում։ Պայմանագրերի պաշտպանություն – Օրենսդրորեն ամրագրել, որ պետության հետ կնքված ներդրումային պայմանագրերն ենթակա չեն միակողմ փոփոխման կամ չկատարման՝ առանց ներդրողի համաձայնության։ Վեճերի լուծման բարելավում – Հստակ ամրագրել ներդրողի իրավունքը միջազգային արբիտրաժին (ICSID/UNCITRAL) դիմելու՝ առանց տեղական դատական ատյանները նախ սպառելու։ Ստեղծել ներդրումային վեճերի արագացված ընթացակարգեր։ «Մեկ պատուհանի» լիազորության ուժեղացում – Enterprise Armenia-ն վերածել իրական միջգերատեսչական օպերատորի՝ ներդրողի փոխարեն ընթացակարգերն իրականացնելու լիազորությամբ։ Հակակոռուպցիոն եւ դատական պաշտպանություն – Սահմանել ներդրողների օմբուդսմենի ինստիտուտ, ներդնել ներդրումային նախագծերի միջգերատեսչական հանձնաժողովներ, բարելավել դատական համակարգի արագագործությունն ու վստահելիությունը։ Նպատակային խթաններ – Նախատեսել հատուկ աջակցություն բարձր տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության եւ արտահանման ուղղվածություն ունեցող ծրագրերի համար։ Եզրակացություն Ներկայիս նախագիծը հիմնականում կառուցված է հռչակագրային սկզբունքների վրա եւ չի առաջարկում օտարերկրյա ներդրողների համար մրցակցային նոր իրավական կամ տնտեսական պայմաններ։ Վերոնշյալ առաջարկությունների ընդունումը կարող է օրենքը դարձնել գործնականում արդյունավետ գործիք՝ ուղղված ներդրումային միջավայրի իրական բարելավմանը։

Meri Batikyan

14.05.2025

1. Նախագծով սահմանված չեն ներդրումների տեսակները և ներդրումների իրականացման ձևերը, ինչը խնդրահարույց է իրավական հստակության տեսանկյունից: Այդ նպատակով առաջարկում ենք Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի 3-4 հոդվածներով սահմանված կարգավորումները Նախագծում ինկորպորացնել (անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարելով):

Meri Batikyan

14.05.2025

2. Անհասկանալի է Նախագծի 8-րդ հոդվածի նպատակահարմարությունը, քանի որ առանց դրա առկայության էլ ոչ միայն ներդրողները, այլ առհասարակ բոլոր անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են այդ հոդվածով սահմանված պաշտպանության հնարավորությունից: 3. Նույն պատճառաբանությամբ անհասկանալի է նաև Նախագծի 5-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների նպատակահարմարությունը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: