ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներդրումների խթանումը և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության տնտեսության զարգացման ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից են։ Տնտեսական և իրավական հարաբերությունների զարգացման ներկա փուլում անհրաժեշտ է ներդրումային հարաբերությունների համար արդիական, ամբողջական և համապարփակ կարգավորում, որն ի զորու կլինի ապահովելու ներդրողների իրավական պաշտպանվածությունը, խթանելու նոր ներդրումների ներգրավումը և ամրապնդելու պետական քաղաքականության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս ներդրումային քաղաքականության իրականացումը հիմնված է հնացած և մասնակիորեն կիրառելի իրավական ակտերի վրա, մասնավորապես՝ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի, որն ընդունվել է 1994 թվականին, և չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորումը։ Գործող համակարգը չի երաշխավորում ներդրումների նկատմամբ կիրառվող ռեժիմների կանխատեսելիություն, խրախուսման համաչափություն, թափանցիկություն և կայունություն։ Առկա է նաև ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակի անկատարություն, որի հետևանքով պետական աջակցությունը ներդրումային ծրագրերին համակողմանի և համակարգված չէ։ Միևնույն ժամանակ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ներդրումային իրավունքի և խթանման արդիականացված դաշտը կարող է էապես նպաստել ուղղակի ներդրումների ներգրավման աճին։
Մասնավորապես, «Ներդրումների մասին» օրենքի մշակման ընթացքում ուսումնասիրվել են մի շարք երկրների փորձը, այդ թվում՝ Վրաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Չինաստանի։ Դիտարկված 13 երկրներից ներդրումների (օտարերկրյա ներդրումների) մասին օրենք ունեն 9-ը, որոնցից միայն 3-ի դեպքում է (Սերբիա, Լիտվա, Վրաստան) օրենքը վերաբերել և՛ տեղական ներդրումներին, և՛ օտարերկրյա ներդրումներին, ընդ որում՝ նույնիսկ եթե այն վերաբերել է տեղական ներդրումներին՝ կարգավորման շրջանակը երկրից կախված խիստ տարբերվել է։
Ուսումնասիրված երկրներից Վրաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Իսլանդիայում համապատասխան օրենքներում հստակ նշված են պատասխանատու մարմինների անվանումները, ընդ որում՝ Սերբիայում դրանք երեքն են՝ Տնտեսական զարգացման խորհուրդը, տնտեսական հարաբերությունների ոլորտում լիազոր նախարարությունը և Սերբիայի զարգացման գործակալությունը։ Ի տարբերություն այս երկրների՝ Չինաստանում և Լիտվայում պարզապես նշված է, որ կառավարությունը կարող է հիմնել անհրաժեշտ կառուցվածքային մարմիններ՝ ներդրումների հետ կապված գործառույթները արդյունավետ իրականացնելու համար։ Հայաստանում ներդրումների խթանման և աջակցման գործառույթներն իրականացնում է «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոն (ՆԱԿ) հիմնադրամը, սակայն այն ստեղծված չէ նորմատիվ իրավական ակտի հիման վրա։
Մի շարք երկրների օրենսդրությունում՝ այդ թվում Լիտվայում, Վրաստանում, Ղազախստանում, ի հավելումն ներպետական ատյանների, հստակ նշվում են միջազգային կառույցներ (օրինակ, ICSID, UNCITRAL, Միջազգային առևտրի պալատի Ստոկհոլմի արբիտրաժ), որոնք պատասխանատու են ներդրումային վեճերի կարգավորման համար։
Հայաստանի օրենսդրությամբ սահմանվում է, որ օտարերկրյա ներդրողների հետ կապված վեճերը քննվում են Հայաստանյան դատարաններում, իսկ համաձայնության դեպքում այլ մարմիններում, առկա են նույնիսկ դեպքեր, երբ օտարերկրյա ներդրողները դիմել են միջազգային ատյաններ, սակայն այս իրավահարաբերությունների կարգավորումը սահմանված չէ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքով։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ դիտարկված երկրներում գերազանցապես ներդրողների իրավունքները և նրանց տրվող երաշխիքների դրույթները կիրառվում են հնարավորինս ազատական մոտեցմամբ, ինչը թույլ է տալիս ապահովել ներդրումային միջավայրի գրավչությունը։
3. Կարգավորման առարկան
Օրենքի նախագիծը՝
- Սահմանում է ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ։ Մասնավորապես, նախագիծը սահմանում է.
- խտրականության բացառման երաշխիքը (non-discrimination) իր երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ (National Treatment/NT) և առավել բարենպաստության ռեժիմ (Most Favoured Nation/MFN).
- Էքսպրոպրիացիայից պաշտպանության երաշխիքը։ Ընդ որում, նախագիծը տալիս է անուղղակի էքսպրոպրիացիայի հասկացության բնորոշումը՝ հստակորեն արգելելով այն, ինչպես նաև սահմանում է այն չափանիշները, որոնց պահպանմամբ միայն կարող է տեղի ունենալ ուղղակի էքսպրոպրիացիա։ Այս երաշխիքի կարգավորումների ներքո, հաշվի առնելով ֆինանսական շուկաների/կազմակերպությունների առանձնահատկությունները, առաջին անգամ առաջարկվում է սահմանել է նաև, որ ռեզոլուցիոն գործողությունների ներքո ֆինանսական կազմակերպությունների ազգայնացման ռեժիմը սահմանվում է օրենքով.
- Իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքները, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը և կայունությունը։ Այս առումով, օրինակ` նախագիծը սահմանում է, որ օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ օրենքով սահմանված երաշխիքներով՝ անկախ երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից՝ այդպիսի փոփոխությունից կամ վերացումից հետո՝ հինգ տարվա ընթացքում.
- Այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքները, վեճերի լուծման մեխանիզմները և այլն։
- Ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները
- Օրենքի նախագիծը սահմանում է նաև ներդրումների ոլորտում ինստիտուցիոնալ շրջանակը՝ այդ ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները (անհրաժեշտ լիազորող նորմերը), լիազոր մարմնի իրավասությունները, ինչպես նաև ապահովում է Ներդրումների աջակցման կենտրոնի իրավական կարգավիճակի հիմքերը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակման փուլում հաշվի են առնվել միջազգային ներդրումային համաձայնագրերի դրույթները, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումային օրենսդրության լավագույն պրակտիկաները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջարկությունները։
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, օրենքը կարող է առաջացնել ներդրումների աճի միջոցով միջնաժամկետ և երկարաժամկետ դրական ազդեցություն պետական բյուջեի եկամուտների վրա։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից (մասնավորապես՝ «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» նպատակից), Հայաստանի վերափոխման ռազմավարությունից (մինչև 2050 թ.), ինչպես նաև մի շարք ոլորտային ռազմավարություններից, այդ թվում՝ արդյունաբերական քաղաքականության և արտահանման խթանման ռազմավարություններից։ Օրենքը հանդիսանում է ներդրումային դաշտի համակարգային բարեփոխման մաս։