Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Investment Law Group, LLC 13.05.2025 13:25:09 Հարգելի պարոնայք և տիկնայք, առաջին հայացքից նման իմաստազուրկ օրենքի նախագծի մշակման իրական նպատակը նշմարվում է որպես ԱՆԻՖ 2 ի ստեղծում։ Օրենքը հետքայլ է գործող օրենքի համեմատ, քանի որ գործող օրենքը գոնե ներդրողին երաշխավորում է օգտվել իր ներդրման պահին գործող օրենքի կարգավորումներից 5 տարվա ընթացքում, իսկ այս նախագիծը դա չի անում։ Նշված երաշխիքները որևէ երաշխիք էլ չեն և ոչ մի նոր բան չեն ասում համեմատ այն կարգավորումների, որ այսօր կան այլ օրենքներում։ Կարծում եմ ժամանակն է հրաժարվել ԱՆԻՖ ի գաղափարից և ձեռնպահ մնալ ոչինչ չասող ու նահանջ արձանագրող օրենք ընդունելու գաղափարից։ Հորդորում եմ հարգել Օրենք հասկացությունը և ամեն անիմաստ փաստաթուղթ չանվանել օրենք, կամ չփորձել դրա քողի տակ այլ բան ստանալ՝ ԱՆԻՖ կամ 5 րդ անիվ։ Արտաշես Կակոյան, փաստաբանական արտոնագիր 34: Չի ընդունվել Անհասկանալի է, թե նախագծի ո՞ր դրույթներից և ինչպես է նշմարվում ԱՆԻՖ 2 ի ստեղծում։ Նախագծի նպատակը կառավարության վերահսկողության շրջանակից դուրս որևէ նոր ինստիտուտի ստեղծումը չէ: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ նախագիծը հետքայլ է, նշենք, որ նախագիծը ներկայացնում է մի քանի էական պաշտպանություններ, որոնք կամ բացակայում են, կամ մասամբ են ներառված գործող օրենսդրությամբ: Դրանք ներառում են, օրինակ, անուղղակի բռնագրավումից պաշտպանությունը և առավել բարենպաստության ռեժիմը (Most Favoured Nation), որոնք երկուսն էլ համապատասխանում են միջազգային չափանիշներին:
2 Տարոն Կակոյան 13.05.2025 16:59:18 Առաջարկում եմ ներառել հետևյալ փոփոխություններն ու լրացումներն նախագծում. 1․ Նոր Հոդված – Ներդրումների կայունության երաշխիքները 1․ Ներդրողների համար, որոնք իրականացնում են ներդրումային ծրագրեր՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին (այդ թվում՝ նախատեսվող նվազագույն ներդրումային ծավալ, ոլորտային առաջնահերթություն, նոր աշխատատեղերի ստեղծում), ներդրումային ծրագրի մեկնարկից առնվազն հինգ տարի ժամկետով սահմանվում են կայուն հարկային, մաքսային և վարչարարական պայմաններ։ 2․ Կայունության երաշխիքները ենթադրում են, որ նշված ժամանակահատվածում՝ - Նոր ընդունվող հարկային և մաքսային պարտավորությունները չեն կարող հետադարձ ուժով տարածվել այն ներդրումային ծրագրերի վրա, որոնք արդեն մեկնարկել են։ - Նոր վարչարարական պահանջների սահմանման դեպքում ներդրողներին պետք է տրամադրվի առնվազն մեկ տարվա նախապատրաստական ժամանակաշրջան։ 3․ Միևնույն ժամանակ, վերոնշյալ երաշխիքները չեն տարածվում այն փոփոխությունների վրա, որոնք պայմանավորված են ազգային անվտանգության, հանրային առողջության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության կամ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ։ 1․1․ Հիմնավորում Ներդրումների կայունության երաշխիքների օրենքով ամրագրումը բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության ռազմավարական նպատակներից՝ ապահովելու ներդրումային միջավայրի կանխատեսելիություն և միջազգային մրցունակություն։ Տնտեսական գործունեության անկանխատեսելի հարկային, մաքսային և վարչարարական փոփոխությունները մեծացնում են ներդրումային ռիսկերը և վարկաբեկում Հայաստանի ներդրումային միջավայրի վստահելիությունը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ներդրումային որոշումների կայացման առաջնային գործոնը արտոնություններից ավելի իրավական միջավայրի կայունությունն է։ Այս երաշխիքների ներդրումը կնվազեցնի ներդրումների վարկագնահատման ռիսկերը, կբարձրացնի ներդրողների վստահությունը և կխթանի խոշոր, երկարաժամկետ ներդրումները։ Իրավական կայունությունն անհրաժեշտ է երկրի ներդրումային վարկանիշի բարելավման, տնտեսական աճի արագացման և ազգային մրցակցային առավելությունների արդյունավետ իրացման համար։ 2․ Ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացման և պետական պատասխանատվության բարձրացման նպատակով առաջարկվում է հրաժարվել «Կենտրոն» առանձին կառույց ստեղծելու գաղափարից և դրա գործառույթները վերապահել Լիազոր մարմնին։ Կազմակերպաիրավական առումով «Կենտրոն» կոչվող առանձին կառույցի ստեղծումը հարում է նախկինում ՀՀ-ում կիրառված խնդրահարույց մոդելներին, որոնցից առավել հիշարժան է «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը» (ԱՆԻՖ)։ ԱՆԻՖ-ի գործունեությունը նշանավորվեց կառավարման անարդյունավետությամբ, թափանցիկության պակասով և կոռուպցիոն սկանդալներով, որոնք բացասաբար ազդեցին ինչպես ներդրումային միջավայրի վրա, այնպես էլ պետության ներդրումային վարկանիշի ընկալման վրա։ Այս փորձը ցույց տվեց, որ ներդրումային քաղաքականության իրականացումը կիսաանկախ կամ առանձին կառույցների միջոցով հանգեցնում է պետական վերահսկողության թուլացման, պատասխանատվության սահմռկելիորեն ցածր մակարդակի և հանրային ռեսուրսների ոչ թիրախային օգտագործման։ Հաշվի առնելով վերոնշյալը, անհրաժեշտ է ներդրումային քաղաքականության ձևավորումը, սպասարկումը և խթանումը իրականացնել բացառապես պետական լիազոր մարմնի միջոցով՝ ապահովելով․ - Վերահսկելի պետական կառավարման կառուցվածք, - Բարձր հաշվետվողականություն և թափանցիկություն, - Օրենսդրորեն ամրագրված լիազորություններ և ընթացակարգեր, - Կոռուպցիոն ռիսկերից զերծ գործունեություն։ Այս մոտեցումը կնպաստի նաև պետական ապարատի օպտիմալացմանը, վարչարարական ծախսերի կրճատմանը և կբարձրացնի պետական մարմինների ներդրումային քաղաքականության նկատմամբ պատասխանատվության մակարդակը։ Այսպիսով՝ ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության բարձրացման և անցյալի բացասական փորձը չկրկնելու համար անհրաժեշտ է բացառել նոր «ԱՆԻՖ» ստեղծելու ռիսկեր պարունակող կառույցների ձևավորումը և ներդրումային քաղաքականության ամբողջական իրականացումը հանձնել բացառապես Լիազոր պետական մարմնին։ Չի ընդունվել։ Պարզաբանումները տես վերևում՝ 4-րդ տողի “եզրակացություն” սյունակում։
3 Տարոն Կակոյան 13.05.2025 17:13:39 Ի հավելումն իմ նախորդ առաջարկի՝ առաջարկում եմ նաև հետևյալը. 3․ Լիցենզիաների և թույլտվությունների նկատմամբ նոր վարչարարական պահանջները 1․ Չկիրառվեն արդեն տրամադրված լիցենզիաների և թույլտվությունների նկատմամբ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անմիջականորեն վերաբերում են ազգային անվտանգության, հանրային առողջության կամ շրջակա միջավայրի պաշտպանության հրատապ անհրաժեշտությանը, որը պետք է պատշաճ կերպով հիմնավորվի ՀՀ կառավարության կողմից։ 2․ Նոր պահանջները կիրառվեն միայն այն լիցենզիաների և թույլտվությունների նկատմամբ, որոնք պետք է տրամադրվեն կամ երկարացվեն նոր իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ ներդրողին տրամադրելով առնվազն մեկ տարվա ժամկետ նոր պահանջներին համապատասխանվելու համար։ Չի ընդունվել։
4 Սևակ Ալեքսանյան 13.05.2025 17:49:01 I. Չկա Ներդրումների Կայունության Օրենսդրական Երաշխիքների Համակարգ Չնայած նախագծում առկա են ընդհանուր հռչակագրային դրույթներ (Հոդված 13)՝ «Օրենսդրական կայունության» մասին, սակայն դրանք չեն պարունակում հստակ գործնական մեխանիզմներ, որոնք ներդրողին թույլ կտային օգտվել, օրինակ, «ֆիքսված» հարկային, մաքսային, կամ վարչական ռեժիմներից՝ ներդրումային ծրագրի ողջ ընթացքում կամ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Նախագծում բացակայում է «stabilization clauses»-ի իրավական ամրագրումը (օրինակ, որ ներդրողի նկատմամբ չի կիրառվի ներդրումային պայմանագրի կնքման պահից հետո ընդունված բարոյապես կամ տնտեսական տեսանկյունից բարդացնող օրենսդրություն՝ հարկային, մաքսային, վարչարարական)։ Չկան հստակ մեխանիզմներ, թե ինչպես է ներդրողը պաշտպանվելու հանկարծակի և էական իրավական փոփոխություններից, ինչը միջազգային ներդրումային իրավունքում դիտվում է որպես «լավ նորմատիվ պրակտիկա»։ I.I Առաջարկ. Նախատեսել օրենսդրական մակարդակով հստակ ամրագրել ներդրումների նկատմամբ կիրառվող հարկային, մաքսային և վարչարարական արտոնությունների կիրառման կայուն ժամկետներ՝ անկախ հետագա օրենսդրական փոփոխություններից (օր.՝ 5-10 տարի): II. «Կենտրոնի» Ստեղծման Խնդիր Նախագծով նախատեսված Կենտրոնը ըստ էության վերածվում է գերիշխան, լայն լիազորություններով օժտված միավորի, որը հիշեցնում է կիսապետական կորպորատիվ կառույց։ Նման մոտեցումը անցանկալի է, քանի որ սա կարող է ներդրողների մոտ առաջացնել «ԱՆԻՖ 2»-ի ընկալումը՝ հաշվի առնելով անցյալ բացասական փորձը, ինչը կհարվածի ներդրումային միջավայրի հեղինակությանը։ Ավելին, Հոդված 20-ը Կենտրոնին տալիս է «մեկ պատուհանի» սկզբունքով բոլոր գործընթացները կազմակերպելու գործառույթ, ինչը գործնականում նշանակում է բյուրոկրատիայի կենտրոնացում ոչ պետական կառույցի ձեռքում։ II.I․ Առաջարկ. Կենտրոնի ստեղծումը հանել նախագծից։ Բոլոր լիազորությունները թողնել միայն պետական լիազոր մարմնի մոտ (օրինակ՝ էկոնոմիկայի նախարարության հատուկ ստորաբաժանում)՝ ապահովելով բարձր մակարդակի պետական վերահսկողություն և թափանցիկություն։ Եթե «մեկ պատուհանի» համակարգը պահպանելու անհրաժեշտություն կա, ապա այն պետք է իրականացվի բացառապես լիազոր պետական մարմնի միջոցով, ոչ թե անկախ կորպորատիվ կառույցի։ Հիմնավորում Միջազգային ներդրումային իրավունքով (ICSID կոնվենցիա, ECT, UNCITRAL), ներդրումային միջավայրի կայունությունն ու իրավական կանխատեսելիությունը համարվում են բարձրագույն արժեքներ։ Ներդրումային կենտրոնի ստեղծումը որպես առանձին ոչ պետական մարմին հակասում է բիզնես դաշտի պետական վերահսկելիության և թափանցիկության սկզբունքներին (UNCITRAL Investment Policy Framework)։ I. Չի ընդունվել։ Նախագծի 13-րդ հոդվածը ամուր հիմք է ապահովում՝ ճանաչելով օրենսդրական կայունության սկզբունքը, որը համապատասխանում է ժամանակակից ներդրումային օրենքների մեծ մասում ընդունված ընդհանուր մոտեցմանը: Չնայած նախագիծը չի ներառում մանրամասն, ավտոմատ կայունացման կետեր, սա միտումնավոր է: Կոշտ կամ լայնորեն կիրառելի կայունացման մեխանիզմների ներառումը, ինչպիսիք են ֆիքսված հարկային կամ մաքսային ռեժիմները երկար ժամանակահատվածում, կարող է սահմանափակել պետության կարողությունը հարմարեցնելու իր քաղաքականությունն ի պատասխան փոփոխվող տնտեսական, հարկաբյուջետային կամ սոցիալական կարիքների: Բացի այդ, կայունացման ռեժիմները վարչարարության առումով ռեսուրսատար են և դժվար կիրառելի: Կայունացման ռեժիմի ներքո գործող յուրաքանչյուր ներդրում կենթադրի առանձին հարկաբյուջետային ռեժիմ, ինչը կարող է դժվարացնել հարկային և մաքսային մարմինների համար պարտավորությունների կատարման, ստուգումների և հաշվետվողականության ապահովումը: Ներդրողների համար բարդություններն ու համապատասխանության ապահովման բեռը նույնպես զգալիորեն աճում են, հատկապես, երբ բազմաթիվ ներդրումները ենթակա են տարբեր իրավական և հարկաբյուջետային պայմանների: Ներդրողների հարցումները մշտապես ցույց են տալիս պարզ, թափանցիկ և կանխատեսելի հարկային համակարգերի նախընտրությունը: Լավագույն փորձը գնալով ավելի շատ է նախապատվություն տալիս կայունացման տեսանկյունից յուրաքանչյուր դեպքի համար առանձին մոտեցմանը (case-by-case approach), որը սովորաբար բանակցվում է ներդրումային պայմանագրերի միջոցով որոշակի ոլորտներում, որտեղ երկարաժամկետ կանխատեսելիությունը կարևոր է: Օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է նման պայմանագրերի հնարավորությունը: II. Ընդունվել է մասնակի։ Նպատակը միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրումների խթանման մարմին ստեղծելը: Շատ երկրներում նման գործառույթներն իրականացվում են հատուկ գործակալության կողմից՝ հիմնական կարգավորող մարմիններից առանձին, որը պատասխանատու է ներդրողների հետ կապի, տեղեկատվության տրամադրման, հետագա ուղեկցման և ընդհանուր խթանման համար՝ առանց պետաիշխանական լիազորություններ իրականացնելու: Կարևոր է նշել, որ նախագծում նշված գործառույթներն արդեն իսկ կատարվում են «Էնթերփրայզ Արմենիա-ի» կողմից, որը գործում է որպես ներդրումների խթանման գործակալություն: Նախագիծը պարզապես ձևակերպում է այս դերը հստակ իրավական շրջանակներում և պատշաճ վերահսկողության մեխանիզմներով: Առաջարկվող կառուցվածքը Կենտրոնին չի տալիս լիցենզավորման կամ ներդրումների հաստատման վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություններ, ինչպես նաև չի կրկնօրինակում կարգավորող մարմինների գործառույթները:
5 Meri Batikyan 14.05.2025 15:47:47 1. Նախագծով սահմանված չեն ներդրումների տեսակները և ներդրումների իրականացման ձևերը, ինչը խնդրահարույց է իրավական հստակության տեսանկյունից: Այդ նպատակով առաջարկում ենք Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի 3-4 հոդվածներով սահմանված կարգավորումները Նախագծում ինկորպորացնել (անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարելով): Չի ընդունվել։ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները սահմանում են ներդրումների տեսակները և դրանց իրականացման ձևերը, որոնք բովանդակային առումով ըստ էության նախատեսված են նախագծում։ Նախագիծը ներառում է ներդրումների լայն և համապարփակ սահմանում և ուրվագծում է դրանց տարբեր ձևերը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան:
6 Meri Batikyan 14.05.2025 15:47:47 2. Անհասկանալի է Նախագծի 8-րդ հոդվածի նպատակահարմարությունը, քանի որ առանց դրա առկայության էլ ոչ միայն ներդրողները, այլ առհասարակ բոլոր անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են այդ հոդվածով սահմանված պաշտպանության հնարավորությունից: 3. Նույն պատճառաբանությամբ անհասկանալի է նաև Նախագծի 5-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների նպատակահարմարությունը: Չի ընդունվել։ Նախագծի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված որոշակի կարգավորումներ կարող են արդեն մասամբ ներառված լինել ՀՀ գործող օրենսդրությամբ և սահմանադրական երաշխիքներում։ Այնուամենայնիվ այդ դրույթները ներդրումային օրենսդրության մեջ համախմբելը կարևոր է, ինչի նպատակն ի թիվս այլոց՝ նաև թափանցիկությունը և իրավական կանխատեսելիությունը բարձրացնելն է ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։
7 Դավիթ Ասատրյան 16.05.2025 19:38:17 Կրկնվող դրույթներ – Օրենքում ամրագրված շատ իրավունքներ (սեփականության պաշտպանություն, շահույթի արտահանում, անուղղակի էքսպրոպրիացիայի արգելք, խտրականության արգելք) արդեն գոյություն ունեն ՀՀ Սահմանադրությամբ, քաղաքացիական օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։ Կայունության երաշխիքների անբավարարություն – Սահմանված է միայն ընդհանուր 5-ամյա ժամկետ, ինչը ոչ բավարար է երկարաժամկետ ներդրումների համար։ Բացակայում են խոշոր ներդրումային նախագծերի կայունության հատուկ պայմանագրեր։ Արտոնությունների չկիրառվող բնույթ – Օրենքում ներդրումային խթանները նշվում են ընդհանուր առմամբ՝ առանց ուղղակի գործող արտոնությունների (օրինակ՝ հարկային արձակուրդներ, ֆինանսական սուբսիդիաներ) ամրագրելու։ Իրավական երաշխիքների կիրարկելիության մեխանիզմների բացակայություն – Օրենքը չունի գործնական մեխանիզմներ՝ երաշխիքների իրականացման եւ պաշտպանության համար։ Միջազգային ներդրողի համար գրավչության պակաս – Օրենքը չի առաջարկում ներդրողին նոր իրավական կամ ինստիտուցիոնալ առավելություններ՝ համեմատելի այլ երկրների փորձի հետ: Պետական կառույցների թերապրակտիկ դերը – «Մեկ պատուհանի» սկզբունքը մնում է դեկլարատիվ. Enterprise Armenia-ի դերը օրենքում նշված է, սակայն գործառնական լիազորությունները սահմանափակ են: III. առաջարկություններ Օրենսդրական կայունության երկարաժամկետ երաշխիքներ – Խոշոր ներդրումների դեպքում ներդնել օրենքով պաշտպանված կայունության համաձայնագրեր՝ 10-15 տարվա կանխատեսելի իրավական եւ հարկային միջավայրի ապահովմամբ։ Արտոնությունների կոնկրետացում – Օրենքով հստակ ամրագրել հարկային եւ մաքսային արտոնություններ որոշակի ներդրումային շեմից բարձր ծրագրերի համար՝ օրինակ շահութահարկի ազատում, արագացված մաշվածություն, համաֆինանսավորում։ Պայմանագրերի պաշտպանություն – Օրենսդրորեն ամրագրել, որ պետության հետ կնքված ներդրումային պայմանագրերն ենթակա չեն միակողմ փոփոխման կամ չկատարման՝ առանց ներդրողի համաձայնության։ Վեճերի լուծման բարելավում – Հստակ ամրագրել ներդրողի իրավունքը միջազգային արբիտրաժին (ICSID/UNCITRAL) դիմելու՝ առանց տեղական դատական ատյանները նախ սպառելու։ Ստեղծել ներդրումային վեճերի արագացված ընթացակարգեր։ «Մեկ պատուհանի» լիազորության ուժեղացում – Enterprise Armenia-ն վերածել իրական միջգերատեսչական օպերատորի՝ ներդրողի փոխարեն ընթացակարգերն իրականացնելու լիազորությամբ։ Հակակոռուպցիոն եւ դատական պաշտպանություն – Սահմանել ներդրողների օմբուդսմենի ինստիտուտ, ներդնել ներդրումային նախագծերի միջգերատեսչական հանձնաժողովներ, բարելավել դատական համակարգի արագագործությունն ու վստահելիությունը։ Նպատակային խթաններ – Նախատեսել հատուկ աջակցություն բարձր տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության եւ արտահանման ուղղվածություն ունեցող ծրագրերի համար։ Եզրակացություն Ներկայիս նախագիծը հիմնականում կառուցված է հռչակագրային սկզբունքների վրա եւ չի առաջարկում օտարերկրյա ներդրողների համար մրցակցային նոր իրավական կամ տնտեսական պայմաններ։ Վերոնշյալ առաջարկությունների ընդունումը կարող է օրենքը դարձնել գործնականում արդյունավետ գործիք՝ ուղղված ներդրումային միջավայրի իրական բարելավմանը։ Չի ընդունվել։ Համապատասխան, որոշ դեպքերում միգուցե նաև կրկնվող դրույթների ներառումը նախագծում նպատակ ունի միջազգային լավագույն փորձին համապատասխան մեկ միասնական, մատչելի իրավական գործիքում համախմբել և պարզաբանել ներդրողների հիմնական իրավունքներն ու պաշտպանության մեխանիզմները: Նախագիծը նախատեսում է 5-ամյա կայունության ժամկետ: Այս ժամկետը նախատեսված է ներդրողների համար կանխատեսելիություն ապահովելու համար, մասնավորապես՝ միջնաժամկետ նախագծերի համար: Ավելի մեծ կամ ռազմավարական ներդրումների համար հնարավոր է սահմանել տարբեր պայմաններ և երաշխիքներ՝ յուրաքանչյուր դեպքի համար բանակցվող առանձին ներդրումային պայմանագրի միջոցով: Նախագիծն ընդհանուր գծերով ներկայացնում է ներդրումային խթանները՝ իրավական հիմք ապահովելու համար, միաժամանակ տալով ճկունություն, որպեսզի ոլորտային կամ նախագծին հատուկ խթանները մանրամասն նկարագրվեն հետագա իրավական ակտերում: Նախագիծն արտացոլում է ներդրողների պաշտպանության նկատմամբ հանձնառությունը և հնարավորություն է տալիս կիրառել դրանք ՀՀ դատական համակարգի միջոցով: Տեղական դատարանները հասանելի են վեճերը լուծելու և ներդրողների իրավունքները պաշտպանելու համար: Բացի այդ, նախագիծը ընդգծում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, որոնք կարող են ներառել արբիտրաժ կամ այլ փոխադարձ համաձայնեցված ընթացակարգեր՝ ներդրողներին առաջարկելով ավելի մեծ ճկունություն բողոքները լուծելու հարցում: Դատական համակարգի կատարելագործումը ավելի լայն ինստիտուցիոնալ նպատակ է և չի ընկնում ներդրումային օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է ներդրողների համակարգմանը և խնդիրների լուծմանը նպաստող միջգերատեսչական հանձնաժողովներին, դրանք կարող են ստեղծվել կառավարության որոշմամբ և չեն պահանջում նախագծում լրացուցիչ կարգավորումներ: Նախագիծը համապատասխանում է ներդրումների պաշտպանության միջազգային լավագույն փորձին։ Այն ներառում է այնպիսի հիմնական սկզբունքներ, ինչպիսիք են խտրականության բացառումը, բռնագրավումից պաշտպանությունը և իրավական միջոցների հասանելիությունը՝ ապահովելով ամուր իրավական հիմք ներդրողների վստահությունը խթանելու համար։ Enterprise Armenia-ի դերը նախատեսված է որպես օրենքի շրջանակներում օժանդակող, այլ ոչ թե որոշումներ կայացնող մարմին: Չնայած դրա լիազորությունները ներկայումս սահմանափակ են, նախագիծը հիմք է ստեղծում պետական կառույցների շրջանակներում դրա մանդատը և համակարգող դերը հետագայում ամրապնդելու համար: Նոր բյուրոկրատական կառույցների և գործընթացների փոխարեն, նախագծի նպատակն է ստեղծել ծառայություններին միտված “ինտերֆեյս” ներդրողների համար: Ինչ վերաբերում է կարողությունների զարգացմանն ու լիազորությունների ընդլայնմանը, ապա դրանց վերաբերյալ քննարկումները շարունակվում են, և համապատասխան նոր կարգավորումները կարող են արտացոլվել ենթաօրենսդրական ակտերում կամ հետագա ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: