Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 Սույն օրենքի նպատակն է նպաստել Հայաստան Հանրապետությունում տնտեսական աճին, օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը, ներդրումների համար կանխատեսելի, բարենպաստ, մրցակցային ու պաշտպանված իրավական միջավայրի բարելավմանը:

 

Ներդրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է` իրավական կարգավորման որոշակիության և կանխատեսելիության ապահովումը, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից քաղաքականության և վարչարարության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովումը, օրենսդրության, դատական պաշտպանության և վարչարարության արդար, ոչ խտրական և իրավահավասար կիրառումը ներդրողների նկատմամբ, կայուն և ներառական տնտեսական զարգացման աջակցումը, որն ուղղված է օտարերկրյա և տեղական ներդրումների ավելացմանը, տնտեսության ճյուղերի և ներդրումների աղբյուրների տարատեսականացմանը, որպես ներդրումների իրականացման երկիր Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը՝ խթանելով ուրույն առավելությունները, ամրապնդելով ինստիտուցիոնալ կարողությունները, պահպանելով կայուն և արդար ներդրումային միջավայր:

  

ԳԼՈՒԽ 1.


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 1. Օրենքի հիմնական նպատակներն ու կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքը սահմանում է`
  • Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը.
  • ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքները և այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը.
  • ներդրումային խթանների (արտոնությունների) իրավական հիմքերը, տրամադրման սկբունքներն ու վարչարարությունը.
  • Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:
  1. Սույն օրենքը տարածվում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա:

 

Հոդված 2. Օրենքի և միջազգային պայմանագրերի հարաբերակցությունը 

  1. Սույն օրենքի դրույթները չեն սահմանափակում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված ներդրողների իրավունքները և երաշխիքները: Միջազգային պայմանագրի և սույն օրենքի դրույթների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի դրույթները:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները 

1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. 

  • ներդրում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով ու նպատակներով ձեռք բերված, ներդրված, ստեղծված, կատարված կամ օգտագործվող հետևյալ ակտիվները,

ա. գույքը, ներառյալ դրամական միջոցները, կրիպտոակտիվները, արժեթղթերը և գույքային իրավունքները, տեղեկատվությունը, կամ մտավոր սեփականության օբյեկտները (այդ թվում, բայց ոչ միայն՝ գյուտերը, արդյունաբերական դիզայնները և արտադրության գաղտնիքները (նոու-հաու), ապրանքային նշանները   (սպասարկման նշանները)) և դրանց նկատմամբ իրավունքները.

բ. բաժնետոմսը, բաժնեմասը, փայը և առևտրային կազմակերպությունում կամ ներդրումային ֆոնդում բաժնեմասնակցություն վկայող այլ իրավունքները կամ գործիքները (այսուհետ` բաժնեմասնակցություն), պայմանով, որ այդ բաժնեմասնակցությունը ձեռք է բերվել ոչ սպեկուլյատիվ կամ կարճաժամկետ վաճառքի նպատակով.

գ. տնտեսական արժեք ներկայացնող պահանջի իրավունքներ, որոնք ուղղակիորեն կամ սերտորեն կապված է ներդրման հետ.

դ. կոնցեսիոն իրավունքները, լիցենզիաները, շահագործման կամ այլ թույլտվությունները կամ համանման իրավունքները, որոնք վերապահված են օրենքով կամ պայմանագրով, ներառյալ՝ բնական ռեսուրսների որոնման, մշակման, արդյունահանման կամ շահագործման իրավունքները.

ե. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության վայրերի ու ակտիվների նկատմամբ իրավունքները.

զ. ներդրման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված լրացուցիչ ակտիվը:

Ներդրում չի համարվում պորտֆելային ներդրումը, այն է` սպեկուլյատիվ կամ կարճաժամկետ վաճառքի նպատակով ձեռք բերված բաժնեմասնակցությունը կամ ֆինանսական ակտիվը, ինչպես նաև պահանջի այն իրավունքը, որը ծագում է ապրանքների առուվաճառքի, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագրից:

  • ներդրող՝ Հայաստանի Հանրապետությունում, իր բնակության կամ գտնվելու վայրի օրենսդրության համաձայն ներդրում կատարող ֆիզիկական անձ (անկախ քաղաքացիությունից, դրա բացակայությունից կամ ռեզիդենտությունից), անկախ գրանցման կամ ռեզիդենտության երկրից իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, միջազգային կազմակերպություն, ներդրումային ֆոնդ, ինչպես նաև պետություններն ու համայնքները.
  • ներդրումային ծրագիր` ներդրողի կողմից շահույթի ստացման կամ արժեք ստեղծող գործողությունների պլան, որը նախանշում է ներդրողի կողմից կատարվելիք ներդրումների նպատակը, ծավալը, բյուջեն, աղբյուրները, ժամկետները, եղանակները, եկամտաբերությունը կամ ստեղծվելիք արժեքը, արդյունքները․
  • անուղղակի էքսպրոպրիացիա` պետության կողմից դիտավորյալ և խտրական գործողությունների կատարում կամ որոշումների կայացում, որը հանգեցրել է (նույնիսկ եթե սեփականության փոխանցում տեղի չի ունեցել) ներդրման օգտագործման, արժեքի կամ տնտեսական օգուտի էական և երկարատև զրկմանը կամ որի արդյունքում ներդրողը փաստացի զրկվել է ներդրման կամ դրա արդյունքների նկատմամբ իր իրավունքները խելամտորեն իրացնելու հնարավորությունից կամ որի արդյունքում տվյալ ներդրման շահութաբերությունը էապես նվազել է: Արտակարգ կամ ռազմական դրությամբ, ինչպես նաև հանրային շահով պայմանավորված և օրինական նպատակների համար, ինչպիսիք են հանրային առողջությունը, անվտանգությունը կամ շրջակա միջավայրի պաշտպանությունը, բարեխղճորեն ձեռնարկված ոչ խտրական կարգավորիչ միջոցառումները չեն համարվում անուղղակի էքսպրոպրիացիա, եթե դրանք ակնհայտորեն չափազանց կամ անհամաչափ չեն իրենց նպատակի նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 2.


ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ
ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4 Սահմանադրական երաշխիքներն ու ներդրումներ իրականացնելու ազատությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությանը համապատասխան երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը և սեփականության, այդ թվում` մտավոր սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը:
  2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և պայմաններով կատարվող ներդրումների ազատությունը։ Սույն երաշխիքը չի բացառում օրենքով ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ լիցենզավորման, որոշակի պահանջների կամ այլ թույլտվությունների սահմանումը, որոնք չպետք է ներդրողի համար ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք աննպատակահարմար են դարձնում ներդրման կատարումը կամ շարունակականությունը։
  3. Հայաստանի Հանրապետությունում որոշակի ոլորտներում, աշխարհագրական տարածքներում կամ կազմակերպություններում ներդրումների ազատությունը կարող է սահմանափակվել կամ արգելվել բացառապես հանրային առողջության, շրջակա միջավայրի պահպանման, Հայաստանի Հանրապետության հանրային կարգը, ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունն ապահովելու գերակա նպատակներով՝ բացառապես օրենքով։ Նման սահմանափակումները և արգելքները պետք է լինեն որոշակի, ոչ խտրական և համարժեք: 

 

Հոդված 5  Խտրականության բացառումը 

  1. Օտարերկրյա ներդրողների և իրենց ներդրումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում ու երաշխավորվում է ազգային ռեժիմը (National Treatment): Ազգային ռեժիմի ներքո օտարերկրյա ներդրողները նմանատիպ պայմաններում ու իրենց ներդրումների (այդ թվում` դրանց կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ ձևով տնօրինման) հետ կապված ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Օտարերկրյա ներդրողների իրավական երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան տեղացի ներդրողների իրավական երաշխիքները։
  2. Օտարերկրյա ներդրողների և իրենց ներդրումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում ու երաշխավորվում է առավել բարենպաստության ռեժիմը (Most Favoured Nation): Առավել բարենպաստության ռեժիմի ներքո Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա ներդրողների ու նրանց ներդրումների (այդ թվում` դրանց կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ ձևով տնօրինման) նկատմամբ նմանատիպ պայմաններում երաշխավորում է ոչ պակաս բարենպաստ պայմանների կիրառում, քան կիրառվում են որևէ այլ պետությունների ներդրողների կամ նրանց ներդրումների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, որոնք բխում են մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի և այլ միջազգային պայմանագրերից:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է որոշել չկիրառել սույն օրենքով սահմանված ազգային ռեժիմը և (կամ) առավել բարենպաստության ռեժիմը այն օտարերկրյա ներդրողների կամ նրանց ներդրումների նկատմամբ, որոնք այնպիսի պետության կամ վերպետական միավորման քաղաքացիներ կամ կազմակերպություններ են, որոնք Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների կամ կազմակերպությունների նկատմամբ բացահայտ թշնամական կամ խտրական գործողություններ են իրականացրել կամ պատրաստվում են իրականացնել:

 

Հոդված 6   Կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը 

  1. Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց անհարկի ձգձգումների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրել, առաքել, ներմուծել և Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ: Ընդ որում, փոխադրվող, առաքվող, ներմուծվող կամ արտահանվող արժութային արժեքների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆինանսական համակարգի կայունության պահպանման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճակագրական նպատակներով սահմանված կարգերը և պայմանները, ինչպես նաև հայտարարագրման ռեժիմը:
  2. Ներդրողներն իրավունք ունեն փոխանակել իրենց արժութային արժեքները իրենց նախընտրած ազատ փոխարկելի արտարժույթով` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
  3. Ներդրողներն իրավունք ունեն ազատորեն ու առանց անհարկի ձգձգումների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրել, առաքել, ներմուծել և Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրել, առաքել, արտահանել քաղաքացիական շրջանառությունից չհանված ու օրենքով չարգելված գույք: Ընդ որում, փոխադրվող, առաքվող, ներմուծվող կամ արտահանվող գույքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային, հարկային, բնապահպանական, առողջապահական, անվտանգային ընթացակարգերն ու պահանջները:
  4. Սույն հոդվածով սահմանված ազատություններն ու երաշխիքները կարող են օրենքով կամ օրենքով սահմանված կարգով սահմանափակվել սնանկության, քրեական, վարչական, դատական և հարկային կամ մաքսային վարչարարության վարույթների շրջանակներում:

 

Հոդված 7   Ներդրումների պաշտպանությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ներդրողների կատարած ներդրումների պաշտպանությունը ազգայնացումից և ուղղակի կամ անուղղակի էքսպրոպրիացիայից:
  2. Կատարված ներդրումների ուղղակի էքսպրոպրիացիա կարող է տեղի ունենալ հանրային գերակա շահի ապահովման կամ արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմների շրջանակներում` օրենքով սահմանված հիմքերով ու կարգով, ոչ խտրական ձևով, արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ:
  3. Համարժեք փոխհատուցումը տրվում է հետևյալ սկզբունքների պահպանմամբ.
  • ներդրողի և հանրության շահերի հաշվեկշռումը,
  • էքսպրոպրիացիայի նպատակի օրինականությունը,
  • գույքի շուկայական արդար արժեքի փոխհատուցումը խելամիտ ժամկետներում,
  • գույքի շուկայական արդար արժեքի որոշումը` հաշվի առնելով ներդրման կատարման, ձեռքբերման, շահութաբերության, օգտագործման պատմությունը ու ներկա վիճակը, ներդրման կատարման ժամանակահատվածը: Ընդ որում, ներդրման փոխհատուցման մեջ չեն ներառվում բաց թողնված օգուտը և այլ վնասները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ներդրողի հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրով այլ բան սահմանված չէ:
  1. Հայաստանի Հանրապետությունում անուղղակի էքսպրոպրիացիան արգելվում է, իսկ եթե այն տեղի է ունեցել, ապա ներդրողը իրավունք ունի ստանալ սույն օրենքով, միջազգային կամ այլ պայմանագրերով սահմանված համարժեք փոխհատուցում:
  2. Ռեզոլուցիոն գործողությունների ներքո ֆինանսական կազմակերպությունների ազգայնացման ռեժիմը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 8. Ներդրողների պաշտպանությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունում ներդրողներն օգտվում են հետևյալ իրավական պաշտպանության միջոցներից.

1) արդարադատության մատչելիության իրավունքից` քրեական, քաղաքացիական կամ վարչական և այլ դատական վարույթներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով սահմանված վեճերի լուծման արտադատական միջոցներից.

2) դատական, արտադատական և վարչական վարույթներում օրենքով սահմանված ընթացակարգերի պատշաճ կիրառման իրավունքից, որն, ի թիվս այլոց, ներառում է որոշումների կայացման էական ձգձգումների բացառումը, ինչպես նաև դատական և վարչարարական որոշումների և ընթացակարգերի թափանցիկության ապահովումը,

3) դատական և վարչարարական որոշումներում որևէ խտրականության կամ կամայականության բացառումից,

4) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ներդրողների նկատմամբ ճնշումների, անօրինական հարկադրանքի, սպառնալիքի բացառումից,

5) ֆիզիկական պաշտպանվածությունից և անվտանգությունից, որը ներառում է իրավասու մարմինների պարտավորությունը՝ ձեռնարկելու ողջամիտ միջոցներ՝ կանխելու և արձագանքելու բռնության, վանդալիզմի կամ երրորդ կողմերի կողմից իրականացվող անօրինական միջամտության գործողություններին, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ներդրմանը կամ վտանգել ներդրողի անձնական անվտանգությունը։

 

Հոդված 9   Հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները 

  1. Ներդրողները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան կարող են Հայաստանի Հանրապետությունում հողի նկատմամբ ունենալ սեփականության կամ այլ գույքային իրավունքներ:

 

Հոդված 10. Աշխատողներ վարձելու իրավունքը 

  1. Ներդրողները Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաև միգրացիոն օրենսդրությանը համապատասխան կարող են Հայաստանի Հանրապետությունում վարձել ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի աշխատողներ:

 

Հոդված 11. Ներդրողների պարտականությունները 

  1. Ներդրողները պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, առողջապահական ու անվտանգային նորմերը և կորպորատիվ կառավարման կանոնները, հարգել մշակույթն ու մշակութային արժեքները, գործարար ու այլ սովորույթները, աշխատողների իրավունքները, հոգատարությամբ վերաբերվել շրջակա միջավայրին, պատշաճ կատարել հարկային ու այլ պարտադիր վճարումները և հետևել հակակոռուպցիոն քաղաքականություններին ու օրենսդրությանը:

 

Հոդված 12. Վեճերի լուծման մեխանիզմների հասանելիությունը 

  1. Ներդրողները Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան իրավունք ունեն օգտվելու վեճերի լուծման դատական և արտադատական պաշտպանության բոլոր միջոցներից:
  2. Հայաստանի Հանրապետությունը կարող է իր համաձայնությունը տալ միջազգային արբիտրաժին՝ համաձայն գործող օրենքների, ներդրումային համաձայնագրերի, միջազգային կամ այլ պայմանագրերի, որոնց կողմ է հանդիսանում։ Նման համաձայնությունը պետք է լինի գրավոր և հստակ։
  3. Այն դեպքում, երբ ներդրողի և Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջև ներդրման հետ կապված առաջանում է վեճ, ապա վեճի կողմերը պարտավոր են մինչև իրավասու դատարան կամ արբիտրաժային տրիբունալ դիմելը փորձել վեճը խելամիտ ժամկետում լուծել բանակցությունների միջոցով: Վեճի կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի մյուս կողմին առաջարկել վեճը լուծել հաշտարարության միջոցով:

 

Հոդված 13  Ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը և կայունությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ներդրողների և ներդրումների նկատմամբ կիրառելի իրավական ակտերի դրույթները լինեն թափանցիկ, հանրամատչելի, որոշակի և մեկնաբանվեն դրանց հիմքում ընկած պետական քաղաքականության նպատակներին համապատասխան։
  2. Սույն օրենքով կարգավորվող ներդրումային երաշխիքները, ներդրողների իրավունքները, դրանց սահմանափակումները, իրավական ուժն ու կիրառելիությունը չեն կարող վերացվել, փոփոխվել կամ սահմանափակվել այլ օրենքներով՝ բացառությամբ սույն օրենքը լրացնող, փոփոխող կամ դրա ուժը դադարեցնող օրենքների։
  3. Սույն օրենքով սահմանված երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ սույն օրենքով սահմանված երաշխիքներով՝ անկախ սույն օրենքով սահմանված երաշխիքների ծավալում կատարված փոփոխություններից կամ դրանց վերացումից՝ այդպիսի փոփոխությունից կամ վերացումից հետո՝ հինգ տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված ներդրողի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրով։
  4. Այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտի ընդունումը պայմանավորված չէ արտակարգ իրավիճակով կամ հիմնավորված անհետաձգելի անհրաժեշտությամբ, ապա ներդրողների կամ դրանց որոշակի խմբի վիճակը վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են այնպես, որ ներդրողները ողջամիտ ժամանակ ունենան հնարավոր փոքր ծախսերով և կորուստներով համապատասխանեցնել իրենց գործունեությունն ու վարքը ընդունված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 3.

 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽԹԱՆՆԵՐ (ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 Հոդված 14  Ներդրումային խթանների (արտոնությունների) նպատակը, բնույթը և սկզբունքները 

  1. Հայաստանի Հանրապետությունը տնտեսության որոշակի ոլորտներում կամ տարածաշրջաններում ներդրումները խրախուսելու նպատակով կարող է սահմանել ներդրումային խթաններ (արտոնություններ):
  2. Ներդրումային խթանները կարող են լինել ֆիսկալ (հարկային, մաքսային, ինչպես նաև պետական պարտադիր այլ վճարների գծով), ֆինանսական աջակցության, պետական կարգավորման, պարզեցված վարչարարության, ենթակառուցվածքային (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ պետական կամ պետական հսկողության ներքո գտնվող կազմակերպությունների ենթակառուցվածքային նշանակության գույքից կամ հողամասերից օգտվելու արտոնյալ պայմաններ), հողամասի ձեռքբերման աջակցություն (մասնավորապես՝ պետական կամ համայնքային հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառքի միջոցով, վարձակալության, կառուցապատման տրամադրման, գույքի օտարման ձևով, հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով), ենթակառուցվածքի կառուցում կամ զարգացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խթաններ։
  3. Ներդրումային խթանները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության ընդունած ներդրումային միջնաժամկետ կամ երկարաժամկետ քաղաքականության նպատակներից:
  4. Ներդրումային խթանները սահմանվում են՝ հետևյալ սկզբունքները հաշվի առնելով․
  • 1) ոլորտում կամ տարածաշրջանում գործող ներդրողների նկատմամբ խտրականության բացառումը․
  • տնտեսական մրցակցության վրա նվազագույն բացասական ազդեցությունը․
  • խթանի համաչափությունը թիրախավորված արդյունքին (այն է՝ խթանը պետք արդյունավետ միջոց հանդիսանա դրա նպատակին հասնելու և միևնույն ժամանակ պետական ֆինանսների և երրորդ անձանց շահերի վրա բացասական ազդեցություն ունենալու տեսանկյունից)․
  • խթանների արդյունքների չափելիությունը՝ խթանի գործողության ողջ ժամանակահատվածում․
  • խթանից օգտվող ներդրողի և խթանները վերահսկող և վարչարարություն իրականացնող պետական մարմինների հրապարակային հաշվետվողականությունը։

 

Հոդված 15  Ներդրումային խթանների տրամադրման իրավական հիմքերը 

  1. Ներդրումային խթանները սահմանվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով։
  2. Երկարաժամկետ (5 տարի և ավել) կամ անժամկետ ներդրումային խթանները սահմանվում են օրենքով։
  3. Ֆիսկալ բնույթի խթանները սահմանվում են հարկային օրենսդրությամբ կամ համապատասխան պետական պարտադիր վճարը կամ տուրքը սահմանող օրենքներով։

 

Հոդված 16  Ներդրումային խթանների վարչարարությունը 

  1. Եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան խթանը սահմանող օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով, ապա ներդրումային խթանների համար դիմելու, դրանք ստանալու, ինչպես նաև հաշվետվողականության չափանիշները պահպանելու ընթացակարգերի վարչարարությունը, վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մեթոդաբանությամբ գնահատումն ու մշտադիտարկումն իրականացնում է Լիազոր մարմինը։
  2. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ներդրումային խթանների հրապարակային ռեեստրը։

 

ԳԼՈՒԽ 4.

 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՇՐՋԱՆԱԿԸ 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինները 

  1. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը մշակում և իրականացնում են հետևյալ մարմինները.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունների շրջանակներում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (սույն օրենքում` Լիազոր մարմին)` օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված իր լիազորությունների շրջանակներում.
  • Ներդրումների աջակցման կենտրոնը (սույն օրենքում` Կենտրոն)` օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 
  • Հայաստանի Հանրապետությունում ապահովում է ներդրումային բարենպաստ միջավայրը և ներդրումների խթանումը.
  • հաստատում է ներդրումների ներգրավման և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը․
  • հավանություն է տալիս այն ներդրումային ծրագրերին, որոնք ունեն պետական աջակցության կարիք․
  • հաստատում է պետական աջակցության կարիք ունեցող ներդրումային ծրագրերին ներկայացվող պահանջները և Լիազոր մարմնին ներկայացման կարգը, չափանիշներն ու պայմանները.
  • հաստատում է ներդրումների, այդ թվում՝ ներդրումային խթանների մշտադիտարկման և գնահատման համակարգի մեթոդաբանությունը․
  • հաստատում է ներդրողներին ուղղված ներդրումային քաղաքականության ամփոփագիրը (Investment Policy Statement).
  • հաստատում է պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմը․
  • իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: 

 

Հոդված 19. Վարչապետի  լիազորությունները 

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետը`
  • ստեղծում է ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատում է դրա անհատական կազմը․
  • ստեղծում է միևնույն տարածքի համար դիմած մեկից ավելի ներդրումային ծրագրերն ուսումնասիրող և գնահատող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատում է դրա կազմը և աշխատակարգը ․
  • իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

  

Հոդված 19. Լիազոր մարմնի լիազորությունները 

  1. Լիազոր մարմինը` 
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ներդրումների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը․
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում ներդրումների ոլորտի օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը.
  • մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ներդրումային քաղաքականության ամփոփագիրը, ապահովելով դրա պարբերական թարմացումը.
  • իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 20. Կենտրոնն ու դրա լիազորությունները 

  1. Կենտրոնի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրն ու գրավչությունը: Կենտրոնի այլ նպատակներն են այլ մարմինների հետ համատեղ խթանել արտահանումը և Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացումը:
  2. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնադրած հիմնադրամ է, որն «Մեկ պատուհանի» սկզբունքով, իրականացնում է սույն օրենքով ու իր կանոնադրությամբ սահմանված գործառույթները:
  3. Կենտրոնն ունի հոգաբարձուների խորհուրդ և իր կանոնադրութամբ սահմանված կառավարման այլ մարմիններ:
  4. Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
  • խորհրդատվության տրամադրում ներդրումային միջավայրի և օրենսդրության, գործարար հնարավորությունների, գործող ընթացակարգերի, պետական խթանների, համաֆինանսավորման աղբյուրների և գործընկերների վերաբերյալ.
  • ներդրումային ծրագրերի և ներդրումային նախաձեռնությունների սպասարկում և ուղեկցում.
  • Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա ներդրմամբ կամ օտարերկրյա խմբի անդամ կազմակերպությունների հետներդրումային սպասարկում.
  • իր կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21 Եզրափակիչ և անցումային դրույթներ   

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո։
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի օգոստոսի 4-ի թիվ ՀՕ-115 օրենքը:
  3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո կատարված ներդրումների վրա:
  4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից իննամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ընդունի սույն օրենքից բխող իրավական ակտերը:
  5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ կատարված ներդրումների վրա տարածվում է սույն օրենքը` սույն հոդվածի 6-րդ մասի հաշվառմամբ:
  6. Այն դեպքում, երբ «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի օգոստոսի 4-ի թիվ ՀՕ-115 օրենքի գործողության ժամանակ կատարված ներդրման վերաբերյալ այդ օրենքը ներդրողի համար սահմանել է ավելի բարենպաստ պայման, քան սույն օրենքը, ապա ներդրողի ցանկությամբ վերջինիս կամ իր ներդրման նկատմամբ գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994 թվականի օգոստոսի 4-ի թիվ ՀՕ-115 օրենքի համապատասխան բարենպաստ պայմանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում:

 

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2814

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

16.05.2025

Կրկնվող դրույթներ – Օրենքում ամրագրված շատ իրավունքներ (սեփականության պաշտպանություն, շահույթի արտահանում, անուղղակի էքսպրոպրիացիայի արգելք, խտրականության արգելք) արդեն գոյություն ունեն ՀՀ Սահմանադրությամբ, քաղաքացիական օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։ Կայունության երաշխիքների անբավարարություն – Սահմանված է միայն ընդհանուր 5-ամյա ժամկետ, ինչը ոչ բավարար է երկարաժամկետ ներդրումների համար։ Բացակայում են խոշոր ներդրումային նախագծերի կայունության հատուկ պայմանագրեր։ Արտոնությունների չկիրառվող բնույթ – Օրենքում ներդրումային խթանները նշվում են ընդհանուր առմամբ՝ առանց ուղղակի գործող արտոնությունների (օրինակ՝ հարկային արձակուրդներ, ֆինանսական սուբսիդիաներ) ամրագրելու։ Իրավական երաշխիքների կիրարկելիության մեխանիզմների բացակայություն – Օրենքը չունի գործնական մեխանիզմներ՝ երաշխիքների իրականացման եւ պաշտպանության համար։ Միջազգային ներդրողի համար գրավչության պակաս – Օրենքը չի առաջարկում ներդրողին նոր իրավական կամ ինստիտուցիոնալ առավելություններ՝ համեմատելի այլ երկրների փորձի հետ: Պետական կառույցների թերապրակտիկ դերը – «Մեկ պատուհանի» սկզբունքը մնում է դեկլարատիվ. Enterprise Armenia-ի դերը օրենքում նշված է, սակայն գործառնական լիազորությունները սահմանափակ են: III. առաջարկություններ Օրենսդրական կայունության երկարաժամկետ երաշխիքներ – Խոշոր ներդրումների դեպքում ներդնել օրենքով պաշտպանված կայունության համաձայնագրեր՝ 10-15 տարվա կանխատեսելի իրավական եւ հարկային միջավայրի ապահովմամբ։ Արտոնությունների կոնկրետացում – Օրենքով հստակ ամրագրել հարկային եւ մաքսային արտոնություններ որոշակի ներդրումային շեմից բարձր ծրագրերի համար՝ օրինակ շահութահարկի ազատում, արագացված մաշվածություն, համաֆինանսավորում։ Պայմանագրերի պաշտպանություն – Օրենսդրորեն ամրագրել, որ պետության հետ կնքված ներդրումային պայմանագրերն ենթակա չեն միակողմ փոփոխման կամ չկատարման՝ առանց ներդրողի համաձայնության։ Վեճերի լուծման բարելավում – Հստակ ամրագրել ներդրողի իրավունքը միջազգային արբիտրաժին (ICSID/UNCITRAL) դիմելու՝ առանց տեղական դատական ատյանները նախ սպառելու։ Ստեղծել ներդրումային վեճերի արագացված ընթացակարգեր։ «Մեկ պատուհանի» լիազորության ուժեղացում – Enterprise Armenia-ն վերածել իրական միջգերատեսչական օպերատորի՝ ներդրողի փոխարեն ընթացակարգերն իրականացնելու լիազորությամբ։ Հակակոռուպցիոն եւ դատական պաշտպանություն – Սահմանել ներդրողների օմբուդսմենի ինստիտուտ, ներդնել ներդրումային նախագծերի միջգերատեսչական հանձնաժողովներ, բարելավել դատական համակարգի արագագործությունն ու վստահելիությունը։ Նպատակային խթաններ – Նախատեսել հատուկ աջակցություն բարձր տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության եւ արտահանման ուղղվածություն ունեցող ծրագրերի համար։ Եզրակացություն Ներկայիս նախագիծը հիմնականում կառուցված է հռչակագրային սկզբունքների վրա եւ չի առաջարկում օտարերկրյա ներդրողների համար մրցակցային նոր իրավական կամ տնտեսական պայմաններ։ Վերոնշյալ առաջարկությունների ընդունումը կարող է օրենքը դարձնել գործնականում արդյունավետ գործիք՝ ուղղված ներդրումային միջավայրի իրական բարելավմանը։

Meri Batikyan

14.05.2025

1. Նախագծով սահմանված չեն ներդրումների տեսակները և ներդրումների իրականացման ձևերը, ինչը խնդրահարույց է իրավական հստակության տեսանկյունից: Այդ նպատակով առաջարկում ենք Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի 3-4 հոդվածներով սահմանված կարգավորումները Նախագծում ինկորպորացնել (անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարելով):

Meri Batikyan

14.05.2025

2. Անհասկանալի է Նախագծի 8-րդ հոդվածի նպատակահարմարությունը, քանի որ առանց դրա առկայության էլ ոչ միայն ներդրողները, այլ առհասարակ բոլոր անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են այդ հոդվածով սահմանված պաշտպանության հնարավորությունից: 3. Նույն պատճառաբանությամբ անհասկանալի է նաև Նախագծի 5-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների նպատակահարմարությունը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: