Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«» _____________ 2017 թվականի N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հաստատել՝

ա) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որոնցում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի:»,

2) որոշման  1-ին կետի  բ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գ ենթակետով.

«գ) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին հատկացվող դեղերի կողմնորոշիչ գների որոշման և փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմները, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 1 հավելվածի,

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 2 հավելվածի,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 01-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

«Հավելված 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 13-ի N 1717-Ն որոշման»

Ց Ա Ն Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

 

  1. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը տրվում են լրիվ փոխհատուցմամբ.

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,

2) հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),

3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),

5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,

7) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),

8) մինչև 7 տարեկան երեխաներ:

  1. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով.

1) 3-րդ խմբի հաշմանդամներ,

2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,

3) բռնադատվածներ,

4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,

5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,

6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

  1. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Վ. Ստեփանյան

 


 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

«Հավելված 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 13-ի N 1717-Ն որոշման»

 

Ց Ա Ն Կ 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

 

  1. Արժեքի լրիվ փոխհատուցմամբ դեղերը շահառուներին բժշկական հաստատությունների միջոցով հատկացվում են հետևալ հիվանդությունների դեպքում՝

1) Տուբերկուլոզ (հակատուբերկուլոզային դեղեր)

2) Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)

3) Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)

4) Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)

5) Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)

6) Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)

7) Պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր)

8) Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)

9) Մալարիա (հակամալարիային դեղեր)

10) Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)

11) Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)

12) Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)

13) Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր):

 

  1. Սույն հավելվածի 1-ին կետում նշված հիվանդությունների համար հատկացվող դեղերի ձեռքբերումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ կենտրոնացված գնումների մեխանիզմով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Վ. Ստեփանյան

 

Հավելված 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

-ի N -Ն որոշման

 

«Հավելված 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 13-ի N 1717-Ն որոշման»

 

 Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ 

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի միջոցների հաշվին սույն որոշման Հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ՝ Շահառու) հատկացվող դեղերի (այսուհետ՝ Դեղ) կողմնորոշիչ գների (այսուհետ՝ Գներ) որոշման և փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների առանձնահատկությունները, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների միջոցով (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն)  կամ վերջիններիս կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող Դեղատնից (այսուհետ՝ Դեղատուն) Դեղերը՝ դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:  
  1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ 
  1. ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է դեղերի գների ուսումնասիրություն, որի հիման վրա կատարում է վերլուծություն: Վերլուծության արդյունքում սահմանում է փոխհատուցվող Դեղերի Գները, որոնք հրապարակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
  2. ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է Դեղերի Գների ընթացիկ մոնիտորինգ:
  3. Դեղերի Գները կարող են վերանայվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեղերի՝ ընդհանուր շուկայական գների 5 տոկոսից ավելի տատանման դեպքում:
  4. Դեղերի գների որոշման աղբյուր կարող են հանդիսանալ`
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ նախարարության հանձնարարությամբ իրականացված «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն կազմակերպված մրցույթի արդյունքում արձանագրված ցուցանիշները կողմնորոշիչ են և հիմնված վիճակագրական տվյալների վրա,
  • դեղերի ներմուծման հաշիվ-ապրանքագրերի արժեքների վերաբերյալ, ՀՀ առողջապահության նախարարության ունեցած տեղեկատվությունը
  • ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված շուկաների ուսումնասիրությունների, մոնիթորինգների և այլ ուսումնասիրությունների արդյունքները,
  • օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված դեղերի գներին վերաբերվող տեղեկատվությունը:  
  • ՓԱՍՏԱՑԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ 
  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետական պատվերի պայմանագրի շրջանակներում ստացված գումարներով Դեղերի փոխհատուցումը կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշվում պլանավորվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածի ներքո:
  2. ԱԱՊ կազմակերպության կողմից իրականացված փոխհատուցումների մասով հաշվետվությունները և դեղատոմսերի պատճենները ներկայացվում են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն (այսուհետ՝ ՊԱԳ) տվյալ ԱԱՊ կազմակերպության հետ կնքված պետական պատվերի պայմանագրով սահմանված կարգով: 
  1. ԱԱՊ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
  2. Շահառուներին Դեղերով ապահովումն իրականացնում են ԱԱՊ կազմակերպությունները իրենց կամ Դեղատների միջոցով:
  3. Դեղերի հատկացումը Շահառուներին իրականացվում է ԱԱՊ կազմակերպության կողմից դուրս գրած դեղատոմսի հիման վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում Շահառուի ամբուլատոր բժշկական քարտում:
  4. Դեղ ստանալու համար Շահառուն ԱԱՊ կազմակերպություն կամ Դեղատուն է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական կամ հատուկ խմբի պատկանելությունը հաստատող փաստաթուղթ, իսկ Դեղատուն` դեղատոմսը և անձը հաստատող փաստաթուղթ:
  5. Դեղի դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
  6. ԱԱՊ կազմակերպության կողմից դուրս գրած բնօրինակ դեղատոմսը տրվում է Շահառուին Դեղը ԱԱՊ կազմակերպությունից կամ Դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում:
  7. ԱԱՊ կազմակերպությունը կամ Դեղատունը դեղատոմսի հիման վրա Դեղը հանձնում է Շահառուին:
  8. Բնօրինակ դեղատոմսերը պահվում են Դեղը հատկացնող կազմակերպությունում (Դեղատուն կամ ԱԱՊ կազմակերպություն) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետով և ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  9. Շահառուն Դեղը ստանալիս, ԱԱՊ կազմակերպությունում կամ Դեղատանը դեղատոմսի ետևի մասում կատարում է նշում ստացած Դեղի և վճարած գումարիմասին:
  10. Դեղատունը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով (excel ֆայլի տեսքով) դեղատոմս դուրս գրած ԱԱՊ կազմակերպության հաստատմանն է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում փաստացի իրացված Դեղերի վերաբերյալ հաշվետվությունները և դեղատոմսերի պատճենները և հաշիվ-ապրանքագիրը: Հաշվետվությունների օրինակելի ձևերը հաստատվում են ՀՀ առողջապահության նախարարի անհատական հրամանով:
  11. Սույն կարգի 16-րդ կետում նշված հաշվետվությունները առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և միջազգային անվանումների, քանակների և փոխահատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
  12. Հաշիվ-ապրանքագրի և հաշվետվությունների հիման վրա դեղատոմս դուրս գրած ԱԱՊ կազմակերպությունը Դեղատանը վճարում է փաստացի հատկացված Դեղերի համար:  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Վ. Ստեփանյան

 

  • Քննարկվել է

    10.11.2017 - 27.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9312

Տպել

Առաջարկներ`

Շուշանիկ Խոնդկարյան

19.11.2017

Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները

Շուշանիկ Խոնդկարյան

19.11.2017

Պոլիկլինիկաներում սահմանափակել անվճար դեղերի բաժանումը,առանձնացնել պետսկան դեղատներ անվճար դեղերի համար,հատուկ ձևի դեղատոմսով,սահմանել խիստ հսկողություն և պատասխնատվություն անօրինակ ստացման համար,բացառել հատուկ ,առաջին խմբերի հաշմանդամներին անվճար դեղերի մերժումը..,դեղի բացակայության դեպքում ամպայման փոխհատուցում գումարի ձևով,անհրաժեշտ է ստեղծել անաչառ,կայուն մեխանիզմ անվճսր դեղերի ստացման համար

Շուշանիկ Խոնդկարյան

19.11.2017

Առանձնացնել հազվագյուտ հիվանդությունների խումբ,որի համար սահմանել միայն փոխհատուցում գումարի ձևով,սահմսնելով մաքսիմում գումարը տարվա համար

Տեսնել ավելին