Հիշել նախագիծը

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունն ունի լիակատար և բացառիկ ինքնիշխանություն Հայաստանի Հանրապետության օդային տարածքի նկատմամբ։»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 20-րդ հոդվածի 6-րդ մասի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «երկրի» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետության» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 2-րդ կետի «, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին: Սույն կետում նշված փաստաթղթերն ապահովվում են ԻԿԱՕ-ի կողմից՝ աշխատանքային ճանաչված անգլերենով կամ ռուսերենով» բառերը փոխարինել «՝ ԻԿԱՕ-ի կողմից ճանաչված՝ անգլերեն կամ ռուսերեն աշխատանքային լեզուներով, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին» բառերով.
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 3-րդ մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Ավիացիայի տեսակները

1․ Ավիացիայի տեսակներն են քաղաքացիական և պետական։

  1. Քաղաքացիական ավիացիան ներառում է առևտրային ավիացիան և ընդհանուր նշանակության ավիացիան:  
  2. Առևտրային ավիացիան առևտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղևորների, բեռի և փոստի կանոնավոր և/կամ ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար։

1)        Կանոնավոր առևտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթների համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ և վճարի դիմաց իրականացվող չերթներն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար` ներառյալ կանոնավոր չվերթների հետ կապված ուղևորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթները:  

2) Ոչ կանոնավոր առևտրային փոխադրումները ներառում են առևտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը և գործարարական ավիացիան.

  1. Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է.

1)    ոչ առևտրային գործարարական ավիացիա.

2)    ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիա․

3)   անձնական թռիչքներ․

4)    հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիա, ներառյալ գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, որոնողափրկարարական, պարեկային, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիա։

Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։

  1. Ընդհանուր նշանակության ավիացիա համարվում է նաև հետևյալ օդանավերով իրականացվող թռիչքները՝

1) փորձարարական օդանավեր, որոնք նախագծվել և վերափոխվել են հետազոտությունների, փորձարկումների կամ գիտական նպատակներով, և որոնք նախատեսվում է արտադրել սահմանափակ քանակությամբ,

2) օդանավեր, որոնց առնվազն 51 % ինքնաշեն կառուցված է անհատի կողմից, կամ անհատների ոչ առևտրային միավորման կողմից՝ իրենց անձնական ոչ-առևտրային նպատակների համար,

3) ոչ ավել քան երկու նստատեղ ունեցող ինքնաթիռներ, ուղղաթիռներ և  ուժային սարք ունեցող պարաշյուտներ՝ հետևյալ առավելագույն թռիչքային քաշով.

ա. մեկտեղանի ցամաքային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 300 կգ, կամ

բ. երկտեղանի ցամաքային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 450 կգ, կամ

գ. մեկտեղանի ջրային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 330 կգ, կամ

դ. երկտեղանի ջրային ինքնաթիռ կամ ուղղաթիռ՝ 495 կգ, այն պայմանով, որ երբ օգտագործվում է և որպես ջրային և որպես ցամաքային ինքնաթիռ կամ ուղղաթիռ, ապա կիրառվում են համապատասխանաբար երկու սահմանաչափերը,

ե. երկտեղանի ցամաքային ինքնաթիռ՝ իրանին ամրացված պարաշուտային համակարգով՝ 472,5 կգ,

զ. մեկտեղանի ցամաքային ինքնաթիռ՝ իրանին ամրացված պարաշուտային համակարգով՝ 315 կգ,

է. ինքնաթիռներ, որոնց կրիտիկական անկյան դեպքում նվազագույն արագությունը կամ վայրէջքի ժամանակ  կայուն թռիչքի նվազագույն արագությունը չի գերազանցում 65 կմ/ժ.

4) մեկ և երկտեղանի գիրոպլաններ՝ ոչ ավել քան 560կգ առավելագույն թռիչքային քաշով,

5) 80 կգ առավելագույն դատարկ քաշով մեկտեղանի կամ 100 կգ առավելագույն դատարկ քաշով երկտեղանի սավառնակներ՝  ներառյալ ոտքով գործարկվող սավառնակներ,

6) ցանկացած այլ տեսակի օդանավեր, որոնց առավելագույն դատարկ քաշը՝ ներառյալ վառելիքի առավելագույն քաշը, կազմում է ոչ ավել քան 70կգ:

Սույն մասում նշված օդանավերով ավիացիոն հատուկ աշխատանքներ, ինչպես նաև առևտրային փոխադրումներ չեն կարող իրականացվել:

  1. Սույն հոդվածի 3-ին և 4-րդ մասերում նշված նպատակներով օգտագործվող օդանավերը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր:
  2. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված օդանավերի հաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, տեխնիկական սպասարկման, օդանավերի անձնակազմերի անդամների ու ավիացիոն մասնագետների որակավորման, ապահովագրության, ավիացիոն իրադարձությունների քննության հետ կապված կանոնակարգումներն իրականացվում են այդ նպատակով ստեղծված հասարակական միավորումների կողմից, որոնց ավիացիոն գործունեության հիմնական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հայաստանի Հանրապետության ռազմական, մաքսային և ոստիկանության մարմիններում օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր, իսկ նշված օդանավերով իրականացվող ավիացիոն գործունեությունը համարվում է պետական ավիացիա:
  4. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեությունն իրականացվում է սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավերով: Ավիացիոն գործունեություն կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության պետական օդանավերով:
  5. Օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող քաղաքացիական օդանավերը կարող են թռչել կամ ավիացիոն գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օդային տարածքում միայն համապատասխան իրավունքներ նախատեսող միջազգային պայմանագրի (համաձայնագրի) առկայության դեպքում կամ սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Ավիացիայի բնագավառի լիազորված մարմինները

  1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմին է (այսուհետ՝ լիազորված մարմին), որն իրականացնում է օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և այդ նպատակով առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իրականացնում ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
  2. Լիազորված մարմնի լիազորություններն են՝

1) քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության պետական կառավարման իրականացումը.

2) օդային տրանսպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը.

3) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցությունների վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.

4) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը, դրանց ներդնումը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.

5) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի համաձայն առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի և թույլտվությունների տրամադրումը.

6) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրությունը, վերլուծությունը և իրականացումը.

7) քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը.

8) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և աերոնավիգացիոն սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջների սահմանումը, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

9) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացումն ու տեսչական գործառույթների անցկացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.

10) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ տալը` անհրաժեշտության դեպքում համապատասխան քննությունների, թեստերի անցկացման ու տեսչական գործառույթների իրականացման նպատակով փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

11) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը, թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.

12) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.

13) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով թռիչքային անվտանգության պետական ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը` հիմքում ունենալով Չիկագոյի կոնվենցիայի հավելված 19-ը և դրանում կատարվող փոփոխությունները.

14) օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.

15) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը.

16) իր սահմանած կարգով`

ա. ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և վկայականների տրամադրումը,

բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:

  1. Լիազորված մարմինն օդանավակայանների ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը և տեսչական գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջների կատարումն ապահովելու համար:
  2. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` լիազորված մարմնի իրավասությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:
  3. Լիազորված մարմնի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Լիազորված մարմինն ունի արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած աղբյուրներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Լիազորված մարմնի արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, լիազորված մարմնի աշխատակիցների պարգևատրումը (այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների), ինչպես նաև սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:

  1. Լիազորված մարմինն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով`

1) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններն ապահովելու անհրաժեշտությունից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը` Հայաստանի Հանրապետության կողմից.

2) ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:

  1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է (այսուհետ՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:
  2. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերի կազմակերպումը, վարումը և վերահսկումը, քննության բոլոր մասնակիցների գործողությունների համակարգումն իրականացվում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կողմից ձևավորված մասնագիտական քննությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի կողմից։
  3. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազորված մարմնից և այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնի կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովի գործառույթներին: Իրենց գործառույթներն իրականացնելիս՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովը չեն ստանում և չեն ղեկավարվում որևէ այլ մարմնից ստացած ցուցումներով և ունեն Կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված լիազորություններ քննությունների անցկացման նկատմամբ:
  4. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կամ պատահարի կամ լուրջ միջադեպի քննության հանձնաժողովն իրավունք ունի `

1) անարգել մուտք գործել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավ.

2) հետազոտել պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավը, դրա կառուցվածքային մասերը, ներառյալ՝ օդանավային ինքնագրերը և օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները, պատահարի կամ միջադեպի ենթարկված օդանավում գտնվող կամ դրսից պատահարի կամ միջադեպի մեջ ներգրավված գույքը` անկախ այդ գույքի պատկանելությունից, ինչպես նաև օդանավերի թռիչքների ապահովման միջոցներն ու օբյեկտները և ստանալ անսահմանափակ հսկողություն դրանց նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ իրականացնել մանրամասն հետազոտություններ:

  1. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կազմակերպում է օդանավի, նրա մասերի և պատահարի կամ լուրջ միջադեպի վայրի պահպանությունը՝ տվյալ տարածքներ կողմնակի անձանց մուտքն ու հափշտակության դեպքերը կանխելու և օդանավի ու նրա մասերի ֆիզիկական վիճակի վատթարացումը կանխելու նպատակով:»:

Հոդված 8. Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կարգավորման լրազորված մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազորված մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով լիազորված մարմինը քաղաքացիական ավիացիայի բնագավառում իր իրավասության շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):

Վերահսկողության նպատակով լիազորված մարմինն իրականացնում է ուսումնասիրություններ և տեսչական գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության ստանդարտների, հարցաշարերի, մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների հիման վրա:  Վերահսկողությունը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգ սահմանված չէ:».

2) 2-րդ մասում՝

ա. 1-ին պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով.

բ. 2-րդ պարբերության «լիազորված մարմինների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով, իսկ «, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո» բառերը հանել:

Հոդված 10. Օրենքի 3-րդ գլխի վերնագրի «ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ» բառով:

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո:» նախադասությունը հանել.
  • 2-րդ մասի 1-ին պարբերության «օդային երթևեկության» բառերը փոխարինել «ավիացիայի» բառով, իսկ 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
  • 3-րդ մասի «օրենսդրությամբ սահմանված» բառերը փոխարինել «կառավարության սահմանած» բառերով.
  • 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աերոնավիգացիոն սպասարկումն ապահովող կապի, նավիգացիոն և դիտարկման միջոցներին ներկայացվող պահանջները սահմանում է լիազորված մարմինը:»:

Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածում՝

  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Աերոնավիգացիոն սպասարկումը».

  • 1-ին մասի 2-րդ պարբերության «կառավարվող» բառը հանել.
  • 2-րդ մասի « և (կամ) ներքին կանոնավոր առևտրային» բառերը հանել.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիազորված մարմինը սահմանում է աերոնավիգացիոն սպասարկման՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության, որոնողական և վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և սահմանում է ապահովության պահանջները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները։ Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության մատուցումն իրականացնում է լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն կարող է իրականացվել լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) այլ կազմակերպությունների կողմից: Սույն մասով նախատեսված կազմակերպություններին թույլտվություն տալու (կազմակերպությունների սերտիֆիկացման) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Լիազորված մարմինն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի, նավիգացիայի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության մատուցում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:».

  • 5-րդ մասի «ատեստավորման վկայականի» բառերը փոխարինել «վկայականի» բառով, իսկ «Հատկացված օդային տարածքներում բացառապես ռազմական օդանավերի թռիչքների կառավարում իրականացնող ռազմական կարգավարների ատեստավորումն իրականացվում է միասնական համակարգի գործունեության կարգը սահմանող պահանջների հիման վրա:» նախադասությունը հանել.
  • 6-րդ մասում՝

ա. 1-ին պարբերության «և այլ հարակից գործառույթների իրականացման», «կամ այլ համապատասխան մարմնի» և «և հարակից ծառայությունների մատուցման»  բառերը հանել, իսկ «երկրի» և «երկրներից» բառերը փոխարինել համապատասխանաբար «պետության» և «պետություններից» բառերով.

բ. 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում աերոնավիգացիայի օդերևութաբանական ծառայություններ կարող են մատուցել սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազորված մարմնի համապատասխան թույլտվություն ստացած կազմակերպությունները: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հաշվի առնելով տվյալ տարածքում սպասարկվելիք օդային երթևեկության տեսակները:».

  • 9-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հտևյալ խմբագրությամբ.

«Օդանավակայանների կառավարիչների կողմից սահմանվող սակագները կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, եթե այդպիսիք կան. Իսկ դրանց բացակայության դեպքում, ինչպես նաև աերոնավիգացիոն սակագները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:»:

Հոդված 13. Օրենքի 12-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ըստ փոխադրումների նշանակության՝ օդանավակայանները լինում են միջազգային և ներքին:».

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Միջազգային օդանավակայան է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր։ Միջազգային օդանավակայանների աերոդրոմները ենթակա են սերտիֆիկացման:

Ներքին օդանավակայան է համարվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը: Ներքին օդանավակայանների աերոդրոմները և (կամ) ուղղաթիռադաշտերը, պայմանավորված ուղևորների և բեռների փոխադրումների ծավալով, շահագործվում են սերտիֆիկատի կամ թույլտվության հիման վրա:».

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ աերոդրոմի սերտիֆիկատը կամ աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի շահագործման թույլտվությունը տրվում է լիազորված մարմնի կողմից։

Աերոդրոմների և (կամ) ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման և թույլտվությունների տրման կարգերը և շահագործման պայմանները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության մեջ նշված ծավալները սահմանում է լիազորված մարմինը։

Քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման կանոնները, ինչպես նաև աերոդրոմի տարածքում վթարափրկարարական ծառայության գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

  • 5-րդ մասի «Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջները:» նախադասությունը հանել.
  • 6-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմինն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն սերտիֆիկացված կամ շահագործման թույլտվություն ստացած աերոդրոմների և (կամ) ուղղաթիռադաշտերի, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ` բացառապես ԻԿԱՕ-ի, Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման վերահսկողությունը չպետք է խոչընդոտի օդանավակայանների կառավարիչների բնականոն գործունեությանը:».

  • 7-րդ մասը «սերտիֆիկատի» բառից հետո լրացնել «կամ շահագործման թույլտվության» բառերով, իսկ «օդանավակայանը» բառը փոխարինել «աերոդրոմը» բառով.
  • 8-րդ մասի 1-ին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
  • 10-րդ և 11-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Լիազորված մարմինն ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով կարող է սահմանել օդանավակայանի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ՝ բացառապես հիմնվելով ապահովության և անվտանգության վերաբերյալ ԻԿԱՕ-ի, Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վրա:

  1. Օդանավակայաններում իրականացվող բարեփոխումները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության բոլոր պահանջներին:».
  • 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները կարող են հանձնվլ հավատարմագրային կառավարման, որով համապատասխան կառավարչին փոխանցվում են հետևյալ իրավունքները.

1) օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը.

2) գործելու որպես օդանավակայանի կառավարիչ՝ սահմանելով և կիրառելով օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը.

3) շահագործելու օդանավակայանը և ստանալու շահույթ դրա շահագործումից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված լիազորությունների շրջանակում տրամադրելու թույլտվություններ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնելու համար կամ իրականացնելու այդ գործունեությունն ուղղակիորեն՝ հավատարմագրային կառավարման պայմանագրին համապատասխան:».

  • 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև հավատարմագրային կառավարման միջոցով:

Հավատարմագրային կառավարման միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Հավատարմագրային կառավարմամբ շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:

Հավատարմագրային կառավարման պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Օդանավակայանների հավատարմագրային կառավարման պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթահավատարմագրային կառավարման:

Ենթահավատարմագրային կառավարման պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի և (կամ) շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է համապատասխան վերահսկողություն օդանավակայանի հավատարմագրային կառավարչի գործունեության նկատմամբ՝ հավատարմագրային կառավարման պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով:».

  • 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Սույն օրենքի իմաստով աերոդրոմների և (կամ) ուղղաթիռադաշտերի վերգետնյա միջոցներ և ծառայություններ են համարվում աերոդրոմի և (կամ)  ուղղաթիռադաշտի շահագործողական վիճակի պահպանման, ուղևորների, ուղեբեռների, բեռների գրանցման և օդանավի կոմերցիոն (ուղևորների նստեցում/իջեցում, բեռնում/բեռնաթափում) և տեխնիկական (օդանավի կայանում, վառելիքալցավորում, էներգամատակարարում, հակասառցամշակում, կենցաղային սպասարկում) սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:»:

Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածում՝

  • 5-րդ մասը «սերտիֆիկացված» բառից հետո լրացնել «կամ թույլտվություն ստացած» բառերով.
  • 8-րդ մասի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով.
  • 9-րդ մասի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրը

  1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցումը, հաշվառումը, օդանավերի պետական ռեգիստրի (ռեեստրի) և դրա հավելվածի վարումը, օդանավերի ապագրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ իր սահմանած կարգով:
  2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում նշված օդանավերը ենթակա չեն գրանցման Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում: Դրանց հաշվառումն իրականացվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հասարակական միավորումների կողմից:»:

Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցվում է օդանավի, օդանավի սեփականատիրոջ և օդանավ ձեռք բերելու, օդանավը շահագործողի (եթե նա տարբերվում է սեփականատիրոջից), օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններին վերաբերող տեղեկությունները: Օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է ներկայացվել գրանցման «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) եթե օդանավին վերջին մեկ տարվա ընթացքում չի տրվել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը լիազորված մարմնի սահմանած ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը.».

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիազորված մարմինը սահմանում է օդանավերի ապագրանցման և արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված օդանավի արտահանման թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը:»:

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում՝

ա. 1-ին պարբերության «վկայականների» բառերը փոխարինել «սերտիֆիկատների» բառերով.

բ. 2-րդ պարբերության «տիպի թռիչքային պիտանիության վկայականների» բառերը փոխարինել «տեսակի հավաստագրերի» բառերով.

  • 4-րդ մասի «տիպի սերտիֆիկատը» բառերը փոխարինել «տեսակի հավաստագիրը» բառերով:

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում՝

ա. 1-ին պարբերության «վկայական» բառը փոխարինել «սերտիֆիկատ» բառով.

բ. 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օդանավի շահագործման հետ կապված լիազորված մարմնի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության սերտիֆիկատում:».

  • 3-րդ և 5-րդ մասերի «վկայականի» բառերը փոխարինել «սերտիֆիկատի» բառերով:

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածում՝

  • վերնագրի «վկայականի» բառը փոխարինել «սերտիֆիկատի» բառով.
  • 1-ին մասի «վկայականը» բառը փոխարինել «սերտիֆիկատի գործողությունը» բառերով.
  • 2-րդ մասի «դադարեցնում է» բառը փոխարինել «դադարեցնում կամ կասեցնում է» բառերով, իսկ «սերտիֆիկատը կամ կասեցնում է դրա» բառերը փոխարինել «սերտիֆիկատի» բառով.
  • 3-րդ մասի «վկայականը» և «վկայական» բառերը փոխարինել համապատասխանաբար «սերտիֆիկատը» և «սերտիֆիկատ» բառերով:

Հոդված 21. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 1-ին կետի «վկայականը, կամ երկարաձգվի» բառերը փոխարինել «սերտիֆիկատը կամ երկարաձգվի դրա» բառերով.
  • 2-րդ կետի «վկայական» բառը փոխարինել «սերտիֆիկատ» բառով:

Հոդված 22. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 23. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունում» բառերը հանել, իսկ «վկայական» բառերը փոխարինել «սերտիֆիկատ» բառերով:

Հոդված 24. Օրենքի 30-րդ հոդվածում․

1) 4-րդ մասի 3-րդ պարբերության «, ինչպես նաև նոր տիպի օդանավերի վրա վերապատրաստմանն ուղղված» բառերը փոխարինել «վերաբերյալ» բառով.

2) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«7. Վկայականը և դրա մեջ նշվող որակավորման նիշերը տրվում են որոշակի գործողության ժամկետով: Վկայականի, ինչպես նաև դրա մեջ գրառվող որակավորման նիշերը գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե անձն այդ պահին բավարարում է ատեստավորման համար ներկայացվող պահանջները: Օտարերկրյա քաղաքացիներին տրվող առևտրային օդայի փոխադրումների համար օգտագործվող ավիացիա օդաչուների վկայականները գործում են այնքան ժամկետով, որքան նրանք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմերի անդամ, բայց ոչ ավել քան դրամեջ նշված ժամկետով։»։

 Հոդված 25. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիազորված մարմինը կարող է կասեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը խախտումով է իրականացրել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման համար իրեն վերապահված լիազորությունները, կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով՝ յուրաքանչյուր դեպքի համար անցկացնելով քննություն: Վկայականի գործողությունը կասեցվում է մինչև քննության ավարտը և դրա վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:»:

Հոդված 26. Օրենքի 35-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասի «Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել տեխնիկական կարգավորման լիազորված մարմին։» նախադասությունը հանել.

         2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել․

         3)   5-րդ մասի «նշված ավիացիոն մասնագետներից» բառերը փոխարինել «օդաչուներից» բառով:

Հոդված 27. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով:

Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Առևտրային օդային փոխադրումներին ներկայացվող պահանջները

  1. Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել միայն սույն գլխով սահմանված կարգով՝ օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության կամ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման թույլտվության հիման վրա:»:

Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները

  1. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Համանման պայմանների կիրառմամբ օտարերկրյա պետության համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված օդանավ շահագործողի վկայականը ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում՝ միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համաձայն:
  2. Օդանավ շահագործողի վկայականը առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
  3. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց կառավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշիչ ձայների իրավունքը յուրաքանչյուր դեպքում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
  4. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է, եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, համապատասխան ապահովագրություն, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն ապահով և հուսալիորեն իրականացնելու համար:
  5. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է գործողության որոշակի ժամկետով, որում նշված են նաև կիրարկվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե վկայական ստացած անձը բավարարում է երկարաձգման պահին վկայական տալու համար ներկայացվող պահանջները:
  6. Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով՝ լիազորված մարմինը սույն հոդվածի 3-ին մասի պայմաններից կարող է կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավ շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:
  7. Օդանավ շահագործողի գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում:

Սույն օրենքի իմաստով գործունեության հիմնական վայր նշանակում է օդանավ շահագործողի գրանցման վայր, որտեղ օդանավ շահագործողն իրականացնում է իր հիմնական ֆինանսական գործառույթները, կատարում է կապիտալ ներդրումներ ֆիզիկական ենթակառուցվածքներում, հանդիսանում է եկամտահարկ վճարող և իրականացնում է գործառնական վերահսկողություն, ներառյալ՝ շարունակական թռիչքային պիանիության կառավարումը` իր կողմից շահագործվող օդանավերի նկատմամբ։ 

Այն դեպքում, երբ օդանավ շահագործողը թաց լիզինգային պայմանագրով, որը սույն օրենքի իմաստով նշանակում է օդանավի վարձակալության հանձնելը օդանավի անձնակազմի հետ միասին, վարձատուի տեխնիկական սպասարկմամբ, ապահովագրությամբ և վարձատուի օդանավ շահագործողի վկայականի ներքո, ցանկանում է օդանավը վարձակալության հանձնել այլ պետության օդանավ շահագործողի, ապա յուրաքանչյուր նման դեպքը ներկայացվում է լիազորված մարմնի հաստատմանը, որոնց ընթացակարգերը սահմանվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգում:

  1. Օդանավ շահագործողի վկայական ստացած անձը պարտավոր է լիազորված մարմնին ծանուցել օդանավ շահագործողի վկայական տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Օդանավ շահագործողի վկայական ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:»:

Հոդված 30. Օրենքի 44-րդ հոդվածում`

  • 1-ին մասում՝

ա. «քաղաքականության» և «հաղորդակցությունների» բառերը հանել.

բ. 1-ին կետի «տեխնիկական կարգավորման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով.

գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը բավարարում է շարունակական և հուսալի առևտրային փոխադրումներ իրականացնելու պահանջներին, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».

  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.

«3.1. Հավաստագրի տրամադրումը լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ:».

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե հավաստագիր ունեցողը դրա տրման օրվանից վեց ամսվա ընթացքում.

1) չի մեկնարկել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացումը երթուղով կամ երթուղիներից մեկով, կամ

2) պարբերաբար խախտում է հրապարակված չվացուցակի համաձայն իրականացման ենթակա չվերթների կանոնավորությունը,

ապա դադարում է երթուղով կամ երթուղիներից մեկով կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրավունքը:».

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հավաստագրի գործողությունը ենթակա է դադարեցման լիազորված մարմնի կողմից, եթե հավաստագիր ունեցողը չի համապատասխանում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին:».

  • 5-րդ և 6-րդ մասերի «քաղաքականության» բառերը հանել:

Հոդված 31. Օրենքի 45-րդ հոդվածում՝

  • 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 2-րդ մասի «ավիացիայի,» բառից հետո լրացնել «թռիչքային ուսուցման,» բառերը:

Հոդված 32. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի «լիազորված մարմիններն իրավասու են» բառերը փոխարինել «լիազորված մարմինն իրավասու է» բառերով:

Հոդված 33. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օդանավ շահագործողի վկայականով, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի, հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու, ինչպես նաև այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում պետական տուրքի գանձնման լիազորված մարմնի համապատասխան դիմումի հիման վրա՝ օդանավ շահագործողի վկայականի, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել լիազորված մարմնի կողմից մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները կամ կասեցման մյուս հիմքերը չեն վերացվել, ապա լիազորված մարմնի կողմից օդանավ շահագործողի վկայականի, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի և այլ թույլտվությունների գործողությունը կարող է դադարեցվել: Անվտանգության պահանջներից ելնելով՝ լիազորված մարմինը իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, օդանավ շահագործողի վկայականի և առևտրային օդային փոխադրումների իրականացման թույլտվության նկատմամբ կիրառելու սահմանափակումներ:»:

Հոդված 34. Օրենքի 48-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիազորված մարմինը կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, նշանակում է որպես կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

  • 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, քաղաքականության» բառերը փոխարինել «դեպի Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերով.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով նախատեսված թույլտվության տրամադրումը լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ:»:

Հոդված 35. Օրենքի 49-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասի «քաղաքականության» բառը հանել.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունների տրամադրումը լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ:»:

Հոդված 36. Օրենքի 51-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:

Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետության պաշտպանության, հանրային անվտանգության, ազգային անվտանգության, տնտեսության և առողջապահության ապահովմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է իրականացվել վտանգավոր բեռների փոխադրման՝ սահմանված կարգի ազատում:».

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ավիացիայի ոլորտում չկանխամտածված խախտումների մասին՝ մինչև այդ խախտումները հայտնաբերելը, կամավոր զեկույց ներկայացնելը չպետք է հիմք հանդիսանա զեկույցը ներկայացնող անձի կամ զեկույցում նշված անձանց նկատմամբ կարգապահական, վարչական կամ դատական վարույթի համար՝ համաձայն ԻԿԱՕ-ի հրապարակած միջազգային ստանդարտների, առաջարկվող գործելաձևերի, ընթացակարգերի և Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի դրույթների: Սույն դրույթը չի կիրառվում, երբ տեղի է ունեցել կանխամտածված խախտում, առկա ռիսկերի ակնհայտ անտեսում, լուրջ մասնագիտական անփութություն:»:

Հոդված 37. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 52. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը

  1. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը համալիր միջոցառումների համակարգ է, ինչպես նաև մարդկային և նյութական ռեսուրսներ, որոնք նախատեսված են ապահովելու քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից:
  2. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն իրականացվում է՝

1) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութերի և այլ վտանգավոր առարկաների ու նյութերի ապօրինի փոխադրումը բացառելու, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում՝ նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների կիրառման,

2) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի,օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների նախաթռիչքային զննման.

3) օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննման.

4) անհրաժեշտության դեպքում, ուղևորների անձնական զննման, ինչպես նաև օդանավում՝ օդանավի հրամանատարի պահանջով ուղևորների զննման.

5) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդանավակայանների, օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման.

6) ուղևորների, ուղեբեռների, բեռների հաշվառման և ձևակերպման համար կիրառվող ծրագրերի, օդանավակայանում օդանավերի շարժի, օդանավերի թռիչքների սպասարկման և օդային երթևեկության կառավարման համար oգտագործվող առանձնացված ծրագրային և կապի համակարգերի, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող ու փոխանցվող տեղեկատվությունների, կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումներ իրականացնող ծրագրային համակարգերի, ինչպես նաև համակարգչային տեղային ցանցերը կողմնակի անօրինական մուտքերից ու կիբեր վտանգներից պաշտպանվածության.

7) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերին հակազդելու միջոցառումների, այդ թվում նաև՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումների իրականացման միջոցով։

  1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի անխափան և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը և ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկում է ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնախնդիրները և իրականացնում է ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրություններ ու վերլուծություներ:
  3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում լիազորված մարմինը, որը՝
    • պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի, քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղեվորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնների, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգերի մշակման, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացման, դրանց ներդրման, իրականացման և պահպանման համար.
    • ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և այլ անձանց հետ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված խնդիրների համատեղ իրականացումը.
    • ապահովում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում անօրինական միջամտության ակտերով պայմանավորված արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ շտաբի գործունեությունը և մասնակցում օպերատիվ շտաբի աշխատանքներին․
    • քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով սահմանում է ավիացիոն անվտանգության դասընթացներ իրականացնող ուսումնական հաստատությունների և ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական, վերապատրաստման ծրագրերին և այդ ծրագրերով դասավանդող մասնագետներին ներկայացվող պահանջներն ու չափանիշները.
    • համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման և ավիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով․
    • քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը։ Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը հանդիսանում են օդանավակայանի աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի սերտիֆիկատի կամ թույլտվության տրամադրման նախապայման.
    • քննարկում և համապատասխանության եզրակացություն է տալիս դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերի վերաբերյալ,
    • ավիացիոն անվտանգության չափանիշների ապահովման նպատակով պետական կառավարման այլ լիազորված մարմինների հետ միասին քննարկում ու հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների տարածքներում նոր շենքերի և շինությունների կառուցման, հին շենքերի ու շինությունների վերանորոգման նախագծերը․
    • սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը:
  4. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ազգային անվտանգության, ոստիկանության, մաքսային, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
  5. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝
    • պատասխանատու են միջազգային և ներքին օդային փոխադրումները սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրերի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացման համար.
    • պատասխանատու են օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի, օդանավակայանների արտակարգ իրավիճակների կառավարման պլանների մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացման համար.
    • համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ՝ սահմանում են օդանավակայնների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում կիրառող ավիացիոն անվտանգության վերահսկողության միջոցառումները, որոնք ներառվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերում.
    • ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ և ապահովում են ավիացիոն անվտանգությունն օդանավակայաններում։
  6. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են՝
    • օդանավայանանների տարածքի, տարածքում գտնվող օբյեկտների, շենքերի, շինությունների և օդանավերի պահպանություն.
    • օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն.
    • ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննում․
    • օդանավակայաններում առաջացած ճգնաժամային իրավիճակների դեպքերում մասնակցում են դրանց կանխման ու հակզդման միջոցառումներին։
  7. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝
    • կրել և կիրառել ծառայողական զենք և հատուկ միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
    • կրել սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    • օդանավակայաներում սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների դեպքերում, խախտումներ կատարած անձանց պահել օդանավակայաններում դրա համար նախատեսված հատուկ վայրերում՝ իրավապահ մարմիններին հանձնելու նպատակով.
    • արգելել օդանավով փոխադրման համար արգելված առարակների և նյութերի փոխադրումը ուղեբեռներում և բեռում.
    • արգելել ուղևորների ձեռքի իրերում օդանավի ուղևորասրահում փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի փոխադրումը.
    • ուղևորների, օդանավի անձնակազմի և վերգետնյա ծառայություներերի աշխատողների կյանքին վտանգ սպառնալու դեպքերում կիրառել կանխարգելիչ միջոցառումներ:
  8. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները՝
    • մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայանում լիազորված մարմնի հաստատմանը.
    • մշակում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը, օդանավ շահագործողի արտակարգ իրավիճակների կառավարման պլանները և ներկայացնում լիազորված մարմնի հաստատմանը.
    • ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները և դրանց որակի հսկողության միջացառումները։
  9. Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունները՝
    • մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնում լիազորված մարմնի հաստատմանը.
    • մշակում են իրենց ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը, օդային երթևեկության սպասարկման ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակների կառավարման պլանները և ներկայանում լիազորված մարմնի հաստատմանը.
    • ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները.
    • Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է.

ա. կրել սահմանված ձևի համազգեստ,

բ. իրականացնել օդային երթևեկության կառավարման կենտրոն մուտք գործող անձանց զննում,

գ. ապահովել օդանավակայանների տարածքներում կամ օդանավակայանների տարածքից դուրս գտնվող և քաղաքացիական ավիացիայի անխափան գործունեության ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող աերոնավիգացիոն օբյեկտների, շենքերի, շինությունների և սարքավորումների պահպանությունը,

դ. օդային երթևեկության սպասարկման համար շահագործվող շենքերի, շինությունների, տարածքների և սարքավորումների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խատումների դեպքերում, խախտումներ կատարած անձանց պահել՝ իրավապահ մարմիններին հանձնելու նպատակով։

  1. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով լիազորված մարմնի կամ համապատասխան իրավապահ մարմինների պահանջով Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները ապահովում են տվյալ չվերթի ուղևորների վերաբերյալ նախնական և/կամ ամփոփ տեղեկատվության տրամադրումը:

Նույն տեղեկատվությունը կարող է տրամադրվել օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետությունից թռիչքներ իրականացնելու դեպքում օտարերկրյա լիազորված մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

  1. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից՝ զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի։
  2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվում են ավիացիոն  անվտանգության ապահովման համար նախատեսված զննման տեխնիկական սարքավորումներ, մուտքերի հսկողության ծրագրային համակարգեր, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգեր։ Օդանավակայաներում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվող սարքավորումների ընտրությունը կատարում են օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝ համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

Օդանավակայանների ուղևորային համալիրի մուտքերում կարող են տեղադրվել անձանց զննման համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ և կարող են իրականացվել օդանավակայանի ուղևորային համալիրների հասարակական գոտիներ մուտք գործող անձանց զննում՝ ելնելով համապատասխան լիազորված մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ռիսկերի գնահատման արդյունքներից: Տեխնիկական սարքավորումների տեղադրման և զննման գործընթացը սահմանվում են  քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով:

  1. Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորման տեխնիկական սպասարկումն իրականացվում է արտադրողի կողմից սերտիֆիկացված և լիազորված մարմնի կողմից ճանաչված կազմակերպության կողմից, արտադրողի սահմանած տեխնիկական սպասարկման և վերանորոգման չափանիշներիի համաձայն:
  2. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցների ընտրության նպատակով լիազորված մարմինը սահմանում է մասնագիտական, աշխատանքային փորձի և առողջական վիճակի վերաբերյալ պահանջներ:
  3. Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է ԻԿԱՕ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարեկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կողմից տրված և լիազորված մարմնի կողմից ճանաչված փաստաթղթով:
  4. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների՝ ուղևորների և ուղեբեռի զննման գործառույթներ իրականացնող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունները կարող են իրականացնել միայն լիազորված մարմնի կողմից տրված որակավորման սերտիֆիկատների հիման վրա, որի տրման կարգը սահմանում է լիազորված մարմինը։

Լիազորված մարմինը սահմանում է մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակական ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:

  1. Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ապահովման նպատակով լիազորված մարմինը կարող է սահմանել կանոնակարգեր:»:

Հոդված 38. Օրենքի 53-րդ հոդվածում՝

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական օդանավով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման, ինչպես նաև քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

  1. Քաղաքացիական օդանավի ուղևորասրահում զենքի և ռազմամթերքի տեղափոխումն արգելվում է, բացառությամբ, եթե այն գտնվում է այդ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված ծառայողական պարտականություններ կատարող անձի մոտ՝ այդ մասին նախապես տեղեկացնելով օդանավը շահագործողին և օդանավի հրամանատարին:».
  • 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 39. Օրենքի 54-րդ հոդվածում՝

  • 4-րդ մասի 1-ին պարբերության «, որի կիրարկումն ապահովող կանոնակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը» բառերը հանել, իսկ 2-րդ պարբերության «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով.
  • 5-րդ մասի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհրաժեշտության դեպքում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինը կարող է դիմել պատահարների և լուրջ միջադեպերի քննության այլ մասնագիտացված միջազգային կազմակերպություններին կամ օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններին՝ քննության անցկացմանը աջակցելու կամ այն վերջիններիս կողմից ամբողջովին անցկացնելու նպատակով:».

  • 6-րդ մասի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով.
  • 7-րդ մասի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով, իսկ «կարևոր տեղեկություններ,» բառերից հետո լրացնել «բացատրություններ վերցնել պատահարի կամ միջադեպի ականատեսներից,» բառերով.
  • հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով.

«8. Ենթակա չեն հրապարակման հետևյալ տեղեկատվություն պարունակող`

1) քննության ընթացքում քննությունը վարող լիազորված մարմիններին ուղղված բոլոր դիմումները.

2) օդանավի շահագործման հետ առնչվող անձանց միջև տեղի ունեցած ամբողջ գրագրությունը.

3) պատահարի կամ միջադեպի մասնակից անձանց վերաբերող բժշկական կամ անձնական տեղեկությունները.

4) օդանավային խոսակցական ինքնագրերի ձայնային գրանցումները և դրանց վերծանումը:

5) օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները և դրանց վերծանումները.

6) օդանավի գրանցող սարքերի թռիչքային անձնակազմի խցիկում տեսանելի իրադրության գրանցումները և այդպիսի գրանցումների ցանկացած մասը կամ դրանց վերծանումը.

7) վերլուծության ժամանակ արտահայտված կարծիքների մասին տեղեկատվությունը՝ ներառյալ օդանավային ինքնագրերի գրանցումները,

8) պատահարի կամ միջադեպի քննության վերջնական հաշվետվության նախագիծը։

Սույն մասում նշված տեղեկատվությունը քննության իրականացման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կարող է հրապարակել քննության նպատակներից բացի այլ նպատակներով, եթե տեղեկատվության հրապարակման կամ այլ կերպ օգտագործման կարևորությունը առավել գերակշռում է այն բացասական հետևանքներից պետության ներքին և միջազգային հանրության համար տվյալ կամ ապագա նման քննությունների ընթացքում: Հրապարակման կամ այլ կերպ օգտագործման վերաբերյալ որոշումը ընդունվում է հաշվի առնելով հետևյալ գործոնները.

1) տեղեկատվության/ձայնագրության ստեղծման նպատակը,

2) տեղեկատվության ստացման համար հարցում կատարողի կողմից տեղեկատվության օգտագործման նպատակը,

3) տեղեկատվության հրապարակման կամ օգտագործման հետևանքով անձանց կամ կազմակերպությունների իրավունքների կամ շահերի վրա հնարավոր ազդեցությունները,

4) անձանց կամ կազմակերպությունների համաձայնության առկայությունը՝ վերջիններիս վերաբերվող տեղեկատվության հրապարակման կամ այլ կերպ օգտագործելու մասին,

5) տեղեկատվության հետագա հրապարակման կամ օգտագործման սահմանափակումը ապահովող միջացառումների առկայությունը,

6) տեղեկատվության մեջ պարունակվող անձնական տվյալների հեռացման, տեղեկատվության ամփոփման հնարավորությունը,

7) տեղեկատվության զգայուն կամ սահմանափակ բնույթը,

8) տեղեկատվության վկայությունը այն մասին, որ պատահարի կամ միջադեպի պատճառ են հանդիսացել անփույթ կամ դիտավորյալ գործողությունները կամ հանցավոր նպատակները:

Սույն մասում նշված ձայնագրությունները կարող են ներառվել վերջնական հաշվետվության կամ դրա լրացման մեջ միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են ավիացիոն պատահարի կամ միջադեպի վերլուծությանը: Ձայնագրությունների այլ մասերը հրապարակման ենթակա չեն:

  1. Պատահարում կամ միջադեպում ներգրավված անձանց անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն:
  2. Ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմնում պահպանվող կամ վերջինիս տրամադրության տակ գտնվող տեղեկատվության վերաբերյալ հարցումները պետք է ուղղվեն տվյալ տեղեկատվության տնօրինող սկզբնական աղբյուրներին՝ եթե դրանք առկա են:»։

Հոդված 40. Օրենքի 55-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն` ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմինն օդանավերի պատահարների և լուրջ միջադեպերի մասին ծանուցում է ԻԿԱՕ-ին և պայմանավորվող պետություններին:».

2) 2-րդ մասի «համապատասխան ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական» բառը փոխարինել «ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության» բառերով:

Հոդված 41. Օրենքի 56-րդ հոդվածի «քննության մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական քննության» բառերով:

Հոդված 42. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 68-րդ հոդվածով.

«Հոդված 68. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-327 օրենքի հիման վրա գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին, և մինչ ի կատարումն սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նոր իրավական ակտերի ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 43. Անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված վկայականները, սերտիֆիկատները, թույլտվությունները գործում են դրանցում նշված գործողության ժամկետներով:

 

  • Քննարկվել է

    23.10.2017 - 07.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1414

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ