Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  »  «          » 2025 թվականի                                                   N «    -Ն»

 

ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Սահմանել տեսահսկման համակարգերին հասանելիության  տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2 Հայաստանի Հանրապետության պետական մարմինները (բացառությամբ պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության ծառայության և պետական պահպանության ծառայության), ազգային անվտանգության ծառայությունը՝ միայն պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերի մասով, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունները ու հիմնարկները, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնները, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմինները և օդանավակայանները պարտավոր են ապահովել շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին օպերատիվ և շարունակական մուտք և տրամադրել տեսագրություններ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը։

  1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը եռամսյա ժամկետում ապահովում է համապատասխան ծրագրատեխնիկական ընթացակարգերի ներդրումը՝ սույն որոշման պահանջների իրականացման նպատակով։

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված  ծրագրատեխնիկական ընթացակարգերի ներդրման պահից։

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                                                                                                                              Ն. Փաշինյան

                                                                                                                                                                                                       ք Երևան

  • Քննարկվել է

    18.08.2025 - 02.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություն, Տեղեկատվության ազատություն ապահովման, Հանրային կառավարում, Վարչական իրավախախտում, Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1352

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

1. «Տեսահսկման համակարգերին հասանելիության  տրամադրման եւ տեսահսկման իրականացման կարգը» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման հավելվածով սահմանվող կարգի (այսուհետ նաեւ՝ Կարգ) 2-րդ կետի 1-ին երթակետը սահմանում է տեսահսկման համակարգի հասկացությունը՝ որպես տեխնիկական եւ ծրագրային համալիր, որը ներառում է տեսախցիկներ, տեսագրող սարքեր, սերվերներ եւ ծրագրային ապահովում, որոնք նախատեսված են տեսանյութերի առցանց դիտման, ձայնագրման, պահպանման, որոնման եւ ներբեռնման համար: Կարգում նման տեխնիկական եւ սահմանափակ սահմանում նախատեսելը տեխնոլոգիական հասկացության համար ռիսկեր է ստեղծում, օրինակ • որոշ դեպքերում տեսաձայնագրող տեխնիկական միջոցն ինքը կարող է հանդիսանալ որպես սերվեր, DVR/NVR սարքերը կարող են միաժամանակ կատարել եւ տեսագրող սարքի եւ սերվերի դեր, տվյալները կարող են պահպանվել ամպային տարածությունում՝ առանց տեղական ֆիզիկական սերվերի առկայության, ըստ այդմ, նման համակարգերի որոշ ճարտարապետական լուծումներ կարող են առհասաարակ չպահանջել տեղական ֆիզիկական սերվերի առկայություն, • տեսահսկումը կարող է իրականացվել միայն edge-computing սարքերով, կամ կարող են սերվերների փոխարեն օգտագործվող peer-to-peer ցանցեր, • նման սահմանումը հիմնվում է տեխնիկական բաղադրիչների վրա, ինչը կարող է տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման սահմանումը դարձնել ժամանակավրեպ, • իրավական անորոշության եւ թյուրըմբռնումների տեղիք է տալիս, երբ, օրինակ, տեղային ֆիզիկական սերվեր չունեցող տեսահսկման համակարգը դուրս կմնա Կարգի, հետեւաբար նաեւ օրենքի կարգավորման դաշտից: Առաջարկում ենք տեսահսկման համակարգի հասկացությունը սահմանել հիմնվելով որ թե տեխնիկական/տեխնոլոգիական բաղադրիչների, այլ գործառութային (ֆունկցիոնալ) հատկանիշների վրա, օրինակ՝ «Տեսահսկման համակարգ՝ տեխնիկական եւ ծրագրային միջոցների համակցություն, որն ապահովում է տեսանյութերի հավաքագրում, դիտում, ձայնագրում, պահպանում, ինչպես նաեւ տեսանյութերին հասանելիություն (ներառյալ դիտման, բեռնման, արտահանման հնարավորություն)՝ անկախ տվյալ հնարավորությունների իրականացման տեխնոլոգիական լուծումներից:»։

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

2. Կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հասկացությունում կիրառվող «տեսախցիկ»-ն ու «տեսագրող սարք»-ը առերեւույթ նույն սարքն են: Ավելին, «տեսագրող սարք» եզրույթը Կարգում հետագայում այլեւս չի կիրառվում: Թյուըմբռնումներից խուսափելու համար առաջարկում ենք Կարգում կիրառել «Ոստիկանության մասին» օրենքի տերմինաբանությանը, օրինակ, 22-րդ հոդվածի տերմինաբանությանը համապատասխան Կարգում առաջին անգամ «տեսախցիկ»/«տեսագրող սարք» բառերի փոխարեն կիրառել «տեսաձայնագրող տեխնիկական միջոց» բառերը, իսկ այդուհետ նշելով որպես «տեսախցիկ»:

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

3. Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը որպես տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն է նախատեսում ի թիվս այլնի տեսանյութեր որոնելու հնարավորությունը: Տեսանյութերի որոնումը որոշ դեպքերում ինքնըստնիքյան ենթադրվող գործողություն է, որը առերեւույթ նախորդելու է տեսանյութերի դիտմանը կամ բեռնմանը կամ արտահանմանը, սակայն որոնումը նշված դրույթում այլ գործողությունների շրջանակում շեշտադրելը խնդրահարույց է այնքանով, որքանով տեսանյութերի որոնումը սահմանված չէ որպես առանձին գործողություն «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածում: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «տեսանյութեր որոնելու,» բառերը հանել:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: