Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

  1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
    Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար:

Ըստ այդմ, մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունեն: Ավելին, սույն նախագծով սահմանված տեխնիկական միջոցների եւ դրանց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետեւ՝ Ոստիկանություն) հասանելիության՝ դրանք վերջինիս տեսադաշտում ներառման ապահովումն ու դրանց նկատմամբ ոստիկանության կողմից վերահսկողության հաստատումը, հասարակական անվտանգության ապահովման այլ միջոցների նկատմամբ ունի գործնական մեծ առավելություն, քանի որ այն իրական (ռեալ) հնարավորություն է տալիս Ոստիկանությանը արագ արձագանքելու դրանցով արձանագրված (ֆիքսված) հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին:

Մինչդեռ, օրինակ, Երեւան քաղաքում ներկայումս, վերոնշյալ ապահովման ու վերահսկողության բացակայության պայմաններում, տեղի ունեցած հանցագործությունների եւ մյուս հնարավոր իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում Ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Այդ տեսախցիկների տեսագրություններին հետեւելու ու դրանց համապատասխան հասանելիություն ապահովելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ վերջինիս ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության՝ նպաստելով նրանց կողմից համապատասխան տեղեկատվության արտահոսքի ու դրանով պայմանավորված խոչընդոտների առաձջացմանը, ինչն իր հերթին անհնարին է դարձնում կամ առնվազն դժվարացնում ու ձգձգում է համապատասխան դեպքերի «տաք հետքերով» հայտնաբերումն ու բացահայտումը: Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին եւ ժամերին:

Նշվածով պայմանավորված ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-65-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով լրացվող 19-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ»։ Հաշվի առնելով վերագրյալը մշակվել է «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել օրենքով սահմանված լիազորության իրացումը։

 

  1. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունումը հնարավորություններ կստեղծի նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար, միաժամանակ հնարավորություն կտա Ոստիկանությանը իրացնել օրենքով սահմանված լիազորությունները։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում կկարողանա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ կունենա հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7  ժամանակի ռեժիմով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. 5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. 6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    18.08.2025 - 02.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություն, Տեղեկատվության ազատություն ապահովման, Հանրային կառավարում, Վարչական իրավախախտում, Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1353

Տպել

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

1. «Տեսահսկման համակարգերին հասանելիության  տրամադրման եւ տեսահսկման իրականացման կարգը» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման հավելվածով սահմանվող կարգի (այսուհետ նաեւ՝ Կարգ) 2-րդ կետի 1-ին երթակետը սահմանում է տեսահսկման համակարգի հասկացությունը՝ որպես տեխնիկական եւ ծրագրային համալիր, որը ներառում է տեսախցիկներ, տեսագրող սարքեր, սերվերներ եւ ծրագրային ապահովում, որոնք նախատեսված են տեսանյութերի առցանց դիտման, ձայնագրման, պահպանման, որոնման եւ ներբեռնման համար: Կարգում նման տեխնիկական եւ սահմանափակ սահմանում նախատեսելը տեխնոլոգիական հասկացության համար ռիսկեր է ստեղծում, օրինակ • որոշ դեպքերում տեսաձայնագրող տեխնիկական միջոցն ինքը կարող է հանդիսանալ որպես սերվեր, DVR/NVR սարքերը կարող են միաժամանակ կատարել եւ տեսագրող սարքի եւ սերվերի դեր, տվյալները կարող են պահպանվել ամպային տարածությունում՝ առանց տեղական ֆիզիկական սերվերի առկայության, ըստ այդմ, նման համակարգերի որոշ ճարտարապետական լուծումներ կարող են առհասաարակ չպահանջել տեղական ֆիզիկական սերվերի առկայություն, • տեսահսկումը կարող է իրականացվել միայն edge-computing սարքերով, կամ կարող են սերվերների փոխարեն օգտագործվող peer-to-peer ցանցեր, • նման սահմանումը հիմնվում է տեխնիկական բաղադրիչների վրա, ինչը կարող է տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման սահմանումը դարձնել ժամանակավրեպ, • իրավական անորոշության եւ թյուրըմբռնումների տեղիք է տալիս, երբ, օրինակ, տեղային ֆիզիկական սերվեր չունեցող տեսահսկման համակարգը դուրս կմնա Կարգի, հետեւաբար նաեւ օրենքի կարգավորման դաշտից: Առաջարկում ենք տեսահսկման համակարգի հասկացությունը սահմանել հիմնվելով որ թե տեխնիկական/տեխնոլոգիական բաղադրիչների, այլ գործառութային (ֆունկցիոնալ) հատկանիշների վրա, օրինակ՝ «Տեսահսկման համակարգ՝ տեխնիկական եւ ծրագրային միջոցների համակցություն, որն ապահովում է տեսանյութերի հավաքագրում, դիտում, ձայնագրում, պահպանում, ինչպես նաեւ տեսանյութերին հասանելիություն (ներառյալ դիտման, բեռնման, արտահանման հնարավորություն)՝ անկախ տվյալ հնարավորությունների իրականացման տեխնոլոգիական լուծումներից:»։

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

2. Կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հասկացությունում կիրառվող «տեսախցիկ»-ն ու «տեսագրող սարք»-ը առերեւույթ նույն սարքն են: Ավելին, «տեսագրող սարք» եզրույթը Կարգում հետագայում այլեւս չի կիրառվում: Թյուըմբռնումներից խուսափելու համար առաջարկում ենք Կարգում կիրառել «Ոստիկանության մասին» օրենքի տերմինաբանությանը, օրինակ, 22-րդ հոդվածի տերմինաբանությանը համապատասխան Կարգում առաջին անգամ «տեսախցիկ»/«տեսագրող սարք» բառերի փոխարեն կիրառել «տեսաձայնագրող տեխնիկական միջոց» բառերը, իսկ այդուհետ նշելով որպես «տեսախցիկ»:

Գեւորգ Հայրապետյան

02.09.2025

3. Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը որպես տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն է նախատեսում ի թիվս այլնի տեսանյութեր որոնելու հնարավորությունը: Տեսանյութերի որոնումը որոշ դեպքերում ինքնըստնիքյան ենթադրվող գործողություն է, որը առերեւույթ նախորդելու է տեսանյութերի դիտմանը կամ բեռնմանը կամ արտահանմանը, սակայն որոնումը նշված դրույթում այլ գործողությունների շրջանակում շեշտադրելը խնդրահարույց է այնքանով, որքանով տեսանյութերի որոնումը սահմանված չէ որպես առանձին գործողություն «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածում: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «տեսանյութեր որոնելու,» բառերը հանել:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: