Հիշել նախագիծը
«Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 1. «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման եւ տեսահսկման իրականացման կարգը» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման հավելվածով սահմանվող կարգի (այսուհետ նաեւ՝ Կարգ) 2-րդ կետի 1-ին երթակետը սահմանում է տեսահսկման համակարգի հասկացությունը՝ որպես տեխնիկական եւ ծրագրային համալիր, որը ներառում է տեսախցիկներ, տեսագրող սարքեր, սերվերներ եւ ծրագրային ապահովում, որոնք նախատեսված են տեսանյութերի առցանց դիտման, ձայնագրման, պահպանման, որոնման եւ ներբեռնման համար: Կարգում նման տեխնիկական եւ սահմանափակ սահմանում նախատեսելը տեխնոլոգիական հասկացության համար ռիսկեր է ստեղծում, օրինակ • որոշ դեպքերում տեսաձայնագրող տեխնիկական միջոցն ինքը կարող է հանդիսանալ որպես սերվեր, DVR/NVR սարքերը կարող են միաժամանակ կատարել եւ տեսագրող սարքի եւ սերվերի դեր, տվյալները կարող են պահպանվել ամպային տարածությունում՝ առանց տեղական ֆիզիկական սերվերի առկայության, ըստ այդմ, նման համակարգերի որոշ ճարտարապետական լուծումներ կարող են առհասաարակ չպահանջել տեղական ֆիզիկական սերվերի առկայություն, • տեսահսկումը կարող է իրականացվել միայն edge-computing սարքերով, կամ կարող են սերվերների փոխարեն օգտագործվող peer-to-peer ցանցեր, • նման սահմանումը հիմնվում է տեխնիկական բաղադրիչների վրա, ինչը կարող է տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման սահմանումը դարձնել ժամանակավրեպ, • իրավական անորոշության եւ թյուրըմբռնումների տեղիք է տալիս, երբ, օրինակ, տեղային ֆիզիկական սերվեր չունեցող տեսահսկման համակարգը դուրս կմնա Կարգի, հետեւաբար նաեւ օրենքի կարգավորման դաշտից: Առաջարկում ենք տեսահսկման համակարգի հասկացությունը սահմանել հիմնվելով որ թե տեխնիկական/տեխնոլոգիական բաղադրիչների, այլ գործառութային (ֆունկցիոնալ) հատկանիշների վրա, օրինակ՝ «Տեսահսկման համակարգ՝ տեխնիկական եւ ծրագրային միջոցների համակցություն, որն ապահովում է տեսանյութերի հավաքագրում, դիտում, ձայնագրում, պահպանում, ինչպես նաեւ տեսանյութերին հասանելիություն (ներառյալ դիտման, բեռնման, արտահանման հնարավորություն)՝ անկախ տվյալ հնարավորությունների իրականացման տեխնոլոգիական լուծումներից:»։ | ||||
| 2 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 2. Կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հասկացությունում կիրառվող «տեսախցիկ»-ն ու «տեսագրող սարք»-ը առերեւույթ նույն սարքն են: Ավելին, «տեսագրող սարք» եզրույթը Կարգում հետագայում այլեւս չի կիրառվում: Թյուըմբռնումներից խուսափելու համար առաջարկում ենք Կարգում կիրառել «Ոստիկանության մասին» օրենքի տերմինաբանությանը, օրինակ, 22-րդ հոդվածի տերմինաբանությանը համապատասխան Կարգում առաջին անգամ «տեսախցիկ»/«տեսագրող սարք» բառերի փոխարեն կիրառել «տեսաձայնագրող տեխնիկական միջոց» բառերը, իսկ այդուհետ նշելով որպես «տեսախցիկ»: | ||||
| 3 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 3. Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը որպես տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն է նախատեսում ի թիվս այլնի տեսանյութեր որոնելու հնարավորությունը: Տեսանյութերի որոնումը որոշ դեպքերում ինքնըստնիքյան ենթադրվող գործողություն է, որը առերեւույթ նախորդելու է տեսանյութերի դիտմանը կամ բեռնմանը կամ արտահանմանը, սակայն որոնումը նշված դրույթում այլ գործողությունների շրջանակում շեշտադրելը խնդրահարույց է այնքանով, որքանով տեսանյութերի որոնումը սահմանված չէ որպես առանձին գործողություն «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածում: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «տեսանյութեր որոնելու,» բառերը հանել: | ||||
| 4 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 4. Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորությունները նկարագորղ գործողությունները նկարագրում է որպես «ըստ ծառայողական անհրաժեշտության» իրականացվող, ինչը խնդրահարույց է այնքանով, որքանով «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածը սպառիչ թվարկում է տեսահսկման համակարգերի միջոցով իրականացվող տվյալների մշակման նպատակները: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «՝ ըստ ծառայողական անհրաժեշտության» բառերը հանել կամ փոխարինել ««Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված նպատակներին հղմամբ: կամ * Հասկացության առաջարվող ավելի պարզ տարբերակ՝ «տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն` իրավասու աշխատակցին տեսահսկման համակարգ մուտք գործելու, տեսախցիկների աշխատանքը դիտարկելու (LIVE և արխիվային ռեժիմներով), բեռնելու, արտահանելու կամ դիտելու համար տրամադրվող լիազորություններ և տեխնիկական հնարավորություն:»: | ||||
| 5 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 5. Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով առերեւույթ փորձ է արվել խիստ նույնականացման հասկացությունը ձեւակերպել այնպես, որ տեղավորվի ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված խիստ նույնականացման հասկացության շրջանակում, սակայն Կարգով առաջարկվող ձեւակերպումը փոքր-ինչ անհստակ է եւ թյուրըմբռնումների տեղիք տվող: Օրինակ, նույնականացումը գործիք չէ, գործընթաց է: Նաեւ ի տարբերություն N 572-Ն որոշման, որը նախատեսում է անձի ինքնության նույնականացում հավաստագրի հետ՝ Կարգում պահպանվել է N 572-Ն որոշման ձեւակերպումը, բայց պարզ չէ, թե անձի ինքնությունն ինչի հետ է նույնականացվելու: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը վերաշարադրել, ինչպես նաեւ «գործիք» բառը փոխարինել «գործընթաց» բառով: | ||||
| 6 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 6. Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետում առերեւույթ տրված է ոչ թե լոգավորման, այլ լոգի հասկացությունը: Այսպես, լոգավորումը գործողությունը կամ գործընթացն է, որի արդյունքում լոգ է ստեղծվում, իսկ լոգը ստեղծված գրառումը/տվյալն է: Առաջարկում ենք Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը վերաշարադրել, «որը ֆիքսում է» բառերը փոխարինել «որով ամրագրվում են» բառերով, ինչպես նաեւ «լոգավորում» բառը փոխարինել «լոգ» բառով: | ||||
| 7 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 7. Կարգի 3-րդ կետը սխալմամբ թվագրված է 2, հաջորդ կետերի համար թվագրման սխալը պահպանվում է, ինչպես նաեւ 4-ի փոխարեն 3 թվագրված կետում հղում է արվում Կարգի 2-րդ կետին, այնինչ առերեւույթ հղումը պետք է լիներ 3-րդ կետին: | ||||
| 8 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 8. Կարգի 3-րդ (սխալ թվագրմանբ՝ 2-րդ) կետի ենթակետերը կրկնում են օրենքի դրույթներըբ եւ կարգավորման որեւէ բեռ չունեն: Դրանք նաեւ չեն կարող որեւէ կերպ սահմանազանցել օրենքի համադրելի կարգավորումը: Թյուրըմբռնումներից եւ Օրենքի եւ ենթաօրենսդրական ակտի կրկնություններից (այդ թվում՝ Օրենքի համապատասխան դրույթում հնարավոր հետագա փոփոխության դեպքում Կարգը փոփոխելու անհրաժեշտությունից) խուսափելու համար առաջարկում ենք Կարգի 3-րդ կետի ենթակետերը հանել, փոխարենը «իրենց» բառից հետո առաջ կարելի է հղում անել Օրենքի 19-րդ հոդվածի համապատասխան մասին/դրույթին: | ||||
| 9 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 9. Կարգի 5-րդ եւ 7-րդ ու 8-րդ (սխալ թվագրմամբ 4-րդ եւ 6-րդ ու 7-րդ) կետերն առերեւույթ իրար հակասում են այնքանով, որքանով 5-րդ կետում նշված է միջանկյալ ծրագրով ինչպես ցանցի, այնպես էլ համացանցի միջոցով տեսահսկման համակարգերին միանալու մասին, այնինչ 7-րդ եւ 8-րդ կետում նշվում է միայն ցանցի միջոցով տեսահսկման համակարգերին միանալու մասին: Առաջարկում ենք Կարգի 7-րդ կետում լրացնել համացանցի միջոցով տեսահսկման համակարգերին միանալու հնարավորությունը, կամ եթե Կարգի 5-րդ կետում եւ 7-րդ ու 8-րդ կետերում տարբեր ցանցերի մասին է խոսքը, ապա հստակեցնել: | ||||
| 10 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 10. Կարգի 9-րդ (սխալ թվագրմամբ 8-րդ) կետում առաջարկում ենք «անհարկի ձգձգումների» բառերը փոխարինել «ողջամիտ ժամկետում» բառերով, ինչն ավելի համադրելի է ներպետական օրենսդրությունում կիրառվող տերմինաբանությանը: | ||||
| 11 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 11. Կարգի 10-րդ (սխալ թվագրմամբ 9-րդ) կետի 1-ին նախադասությամբ Կարգի 1-ին կետով նախատեսված մարմինների (կազմակերպությունների) համար սահմանվում է ժամկետով սահմանափակված պարտականություն, այնինչ նման պարտականություն ու հատկապես պարտականության կատարման ժամկետն առերեւույթ չեն բխում Օրենքից: Առաջարկում ենք Կարգի 10-րդ կետի 1-ին նախադասությունը հանել, փոխարենը նախատեսել նոր տեսահսկման համակարգերի մասին տեղեկացման՝ օրենքից բխող այլ կարգ (օրինակ՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական մարմինների փոխադարձ օգնության շրջանակներում կամ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված միջնորդագրերի ու առաջարկությունների շրջանակում եւ այլն (որն առավել վերաբերելի է)): | ||||
| 12 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 12. Վերեւի` 11-րդ առաջարկությունը վերաբերում է նաեւ Կարգի 11-րդ եւ 15-րդ (սխալ թվագրմամբ 10-րդ եւ 14-րդ) կետերին, որով համապատասխան մարմնի (կազմակերպության) համար կրկին սահմանվում է ժամկետով սահմանափակված այնպիսի պարտականություն, որի իրավական հիմքը պարզ չէ: Առաջարկում ենք Կարգի 11-րդ եւ 15-րդ կետերը վերախմբագրել: | ||||
| 13 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 13. Կարգի 12-րդ (սխալ թվագրմամբ 11-րդ) կետում նշվում է Կարգի 1-ին կետով նախատեսված մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների մասին, այնինչ Կարգի նախորդ բոլոր կետերում կիրառվում էր «մարմին (կազմակերպություն)» ձեւը՝ առանց հիմնարկների մասին նշելու: Առաջարկում ենք Կարգում Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված մարմինների մասին նշել միասնական ձեւաչափով: | ||||
| 14 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 14. Կարգի 13-րդ (սխալ թվագրմամբ 12-րդ) կետում պարզ չէ, թե ում է վերաբերում տեսագրությունների առանձնացման եւ կրիչների վրա մշտական հսկողությամբ պահպանման պարտականությունը: Ենթադրվում է, որ դա Ոստիկանության գործառույթն է, այնքանով, որքանով այլ մարմիններին (կազմակերպություններին) նկատի ունենալու դեպքում մի կողմից պարզ չի լինի այլ մարմինների համար նման գործառույթ/պարտականություն սահմանելու իրավական հիմքն Օրենքում, մյուս կողմից պարզ չի լինի, թե այլ մարմինների (կազմակերպությունների) ո՞ր ներկայացուցիչները/աշխատակիցները, ի՞նչ կարգավիճակով եւ ի՞նչ պայմաններով են տեսագրություններին միջամտելու նման գործառույթ իրականացնելու: Տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում ենք Կարգի 13-րդ կետում հստակեցնել, որ խոսքը Ոստիկանության իրավասու աշխատակիցների (ծառայողների) մասին է: | ||||
| 15 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 15. Կարգի 14-րդ (սխալ թվագրմամբ 13-րդ) կետը սահմանում է, որ Ոստիկանությունը պարտավոր է պահպանել տեսագրությունների անձնական տվյալների գաղտնիությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումն այլ անձանց, ինչպես նաեւ չի սահմանում այս կամ այն անձնական տվյալի՝ գաղտնիք լինելու կարգավիճակը: Նման դիրքորոշում արտահայտել է Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը թիվ N-006/01/19 վարչական գործով կայացրած որոշմամբ եւ վերահաստատել է այդ դիրքորոշումը մի շարք այլ գործերով կայացրած որոշումներով: Ըստ այդմ, Կարգի 14-րդ կետում տեսագրություններում անձնական տվյալների գաղտնիության պահպանման շրջանակում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին արված հղումը պատշաճ չէ, այնքանով, որքանով նշված օրենքը անձնական տվյալների գաղտնիության պահպանման կարգ չի նախատեսում: Առաջարկում ենք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին հղումը հանել, փոխարենն ըստ անհրաժեշտության հղում անել Օրենքի 19-րդ հոդվածի համապատասխան դրույթին: | ||||
| 16 | Գեւորգ Հայրապետյան 02.09.2025 19:29:40 | 16. Կարգի 19-րդ եւ 20-րդ (սխալ թվագրմամբ 18-րդ եւ 19-րդ) կետերում կիրառվում է «տեղեկատվություն» եզրույթն այն պարագայում, որ առերեւույթ խոսք է գնում ոչ թե «տեղեկատվության» (տեղեկությունը փնտրելու եւ ստանալու, տեղեկությունը տրամադրելու գործընթացի), այլ «տեղեկության» (անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ ստացված կամ ձևավորված տվյալների) մասին (տե՛ս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը): Ուստի, տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում ենք Կարգի նշված դրույթներում «տեղեկատվություն» բառերը «տեղեկություն» բառերով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւերով: Նաեւ Կարգում առկա են տառասխալներ եւ վրիպակներ: |