Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի                                                   N  

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 8-րդ և 15-րդ կետերը, 2-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 

  1. Հաստատել «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։
  3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
    • մեկամսյա ժամկետում հաստատել կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը.­
    • երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 10-ը։

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                                       Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

2025   թվականի                                     -ի N ----- -Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություններ) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով.
  • արտադրությունում կառավարման համակարգերի ներդրման նպատակով մատուցված խորհրդատվական ծառայության և արտադրությունում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման սխեմայի (մոդուլի) հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստանում է Ծրագրով նախատեսված սերտիֆիկատը,
  • Գլոբալ Գ․Ա.Փ․ (այսուհետ՝ Global G.A.P.), «հալալ», «օրգանական», «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացման սխեմայի (մոդուլի) և Ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ.»-ից «լ.» պարբերություններով սահմանված սերտիֆիկատների հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստացել է Ծրագրով նախատեսված սերտիֆիկատը։
  1. Ծրագրի իմաստով կիրառվող հասկացություններն ունեն հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստը՝

 1) շահառու՝ պետական ռեգիստրում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ, բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, որը՝

ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում, հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող,

բ. դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ և որի նկատմամբ Ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չի ենթարկվել օրինական ուժի մեջ մտած վարչական ակտով սահմանված պատասխանատվության,

գ․ չի գտնվում սնանկության, լուծարման գործընթացում,

դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում ներառված գործունեություն (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» դասերում ներառված գործունեության).

2) սերտիֆիկատ՝

ա. Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum», այսուհետ՝ IAF) Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից կամ Հայաստանի Հանրապետւթյան «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից հավատարմագրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից ISO 22000, FSSC 22000, ISO 9001 կամ ISO 14001 ստանդարտներից որևէ մեկին համապատասխան տրամադրած սերտիֆիկատ,

բ. Օրգանական հավատարմագրման միջազգային ծառայության («International Organic Accreditation Service»՝ «IOAS»), Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum» - «IAF») Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի (EU) կողմից հավատարմագրված ԵՄ օրգանական /EU Regulation 2018/848/, կամ ԱՄՆ ՆՕՊ կողմից հավատարմագրված /USDA National Organic Program, 7 CFR 205/, կամ Ճապոնիայի անտառային, գյուղատնտեսության ու ձկնային տնտեսության կողմից հավատարմագրված Ճապոնիայի (Ճապոնիայի գյուղատնտեսական ստանդարտ- Japan Agricultural Standards (JAS)) JAS օրգանական (Organic) ստանդարտին համապատասխանության գնահատման մարմնի օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Շվեյցարիայի Դաշնության կողմից ճանաչված ու օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ, IAF-ի կամ IHAF-ի («Հալալ» հավատարմագրման միջազգային ֆորում-«International Halal Accreditation Forum») բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված «Global G.A.P.», «Հալալ» արտադրանքի սերտիֆիկատ,

գ․ «Ամֆորի» (Amfori) ձեռնարկությունների ասոցիացիայի կողմից տրված բիզնես-սոցիալական համապատասխանության ապահովման «BSCI» «Business Social Compliance Initiative»՝ սերտիֆիկատ,

դ․ SAI (Social Accountability International) կազմակերպության կողմից տրված՝ ընկերության աշխատանքային պայմանների, սոցիալական պատասխանատվության համապատասխանությանն ուղղված «Social Accountability 8000»՝ «SA8000» սերտիֆիկատ,

ե․ «Համաշխարհային պատասխանատու հավատարմագրված արտադրություն» ընկերության («WRAP»՝ («Worldwide Responsible Accredited Production») կողմից տրված արտադրության սոցիալական, էթիկական, բնապահպանական չափանիշների համապատասխանությունը հավաստող «WRAP» սերտիֆիկատ,

          զ․ Մատակարարների էթիկական տվյալների փոխանակում («Supplier Ethical Data Exchange»՝ «SEDEX») կազմակերպության կողմից տրված արտադրանքի մատակարարման շղթայի թափանցիկությանն ու սոցիալական, էթիկական պայմանների համապատասխանությանն ուղղված  «SEDEX» սերտիֆիկատ,

          է․ OEKO-TEX® կազմակերպության կողմից տրված արադրանքի՝ մարդու առողջության համար վնասակար նյութեր չպարունակելու հավաստումը փաստող OEKO-TEX Standard 100 սերտիֆիկատ,

          ը․ տեքստիլ արտադրանքի օրգանական նյութերից պատրաստված լինելու դրանց արտադրության գործընթացների բարձրագույն էկոլոգիական և սոցիալական չափանիշներին համապատասխանության ապահովման GOTS (Global Organic Textile Standard) սերտիֆիկատ,

          թ․ օգտագործվող բամբակի համապատասխանությունը հավաստող BCI (Better Cotton Initiative) սերտիֆիկատ,

          ժ․ Fairtrade International-ի կողմից տրվող տեքստիլ արտադրանքի ողջ արտադրական գործընթացի՝ սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ (այն անցնում է անկախ ստուգումներ և աուդիտներ, որոնք երաշխավորում են, որ այն ստեղծվել է սոցիալապես արդար և շրջակա միջավայրի համար պատասխանատու եղանակով),

          ժա․ արտադրանքի բարձր էկոլոգիական չափանիշներին համապատասխանությունը հավաստող EU Ecolabel սերտիֆիկատ,

          ժբ․ արտադրանքի կամ ծառայության բարձրագույն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական չափանիշներին համապատասխանությունը հավաստող Cradle to Cradle (C2C) սերտիֆիկատ.

3) սերտիֆիկացման ծախս` ըստ սերտիֆիկատի` սույն կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «ժբ» պարբերություններում նշված սերտիֆիկացման մարմնի կողմից այդ պարբերություններում նշված սերտիֆիկատի տրամադրման համար այդ մարմիններին վճարվող գումարը (վճարումները հավաստող փաստաթղթերին համաձայն).

4) խորհրդատու՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ կամ կազմակերպություն, որն ունի աշխատակից, ով ունի սույն կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերությունում նշված ստանդարտներից մեկով աուդիտորի որակավորման վկայական, որը տրամադրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտին համապատասխան IAF-ի Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կամ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից և ունի կառավարման համակարգերի ներդրման խորհրդատվական ծառայության առնվազն երեք ապացուցված գործ.

5) խորհրդատվական ծառայություն՝ սերտիֆիկատի ստացմանն աջակցելու նպատակով խորհրդատուի կողմից շահառուին մատուցված ծառայություն՝ խորհրդատվությամբ։

  1. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պահանջը բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում հարկատուի կողմից միջոցառման պայմաններով սահմանված ժամանակահատվածների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկները։

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Ծրագրով նախատեսվում է մասնակի փոխհատուցել շահառուի կողմից՝
  • սերտիֆիկացման համար կատարված ծախսը՝ Ծրագրի 6-րդ կետով նախատեսված չափերով․
  • խորհրդատուի ծառայության համար կատարված ծախսը՝ Ծրագրի 6-րդ կետով նախատեսված չափերով։
  1. Ծրագրի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համար կատարված ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով՝
    • ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
    • ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 3 000 000 (երեք միլիոն) դրամ.
    • «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ․
    • Ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ»-ից «ժբ» պարբերություններով սահմանված սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 2 000 000 (երկու միլիոն) դրամ։
  2. Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել միայն սերտիֆիկացման ծախսի հատուցման համար, որի դեպքում սերտիֆիկացման ծախսը հատուցվում է սույն ծրագրի 6-րդ կետով սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցման համար սահմանված չափով, ինչի դեպքում չեն պահանջվում սույն ծրագրի 9-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Աջակցությունը տրամադրվում է, եթե՝
  • շահառուն բավարարում է Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանները.
  • շահառուն դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ստացել է Ծրագրի 6-րդ կետով նախատեսված սերտիֆիկատներից որևէ մեկը.
  • խորհրդատուի՝ կառավարման համակարգի ներդրման խորհրդատվական ծառայության դիմաց շահառուի կողմից կատարված վճարումների փոխհատուցման դեպքում շահառուն խորհրդատուից ստացել է խորհրդատվական ծառայություն և դրան համապատասխան սերտիֆիկատ․
  • շահառուն սերտիֆիկատի ստացման համար սերտիֆիկացնող մարմնին դիմել է սույն Ծրագրի ընդունվելուց հետո։
  1. Ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում աջակցություն ստանալու նպատակով շահառուն էլեկտրոնային տարբերակով (secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին) պետք է Լիազոր մարմնին ներկայացնի դիմում-հայտ՝ համաձայն Ձև N 1-ի, որում պետք է նշվի՝
  • շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը․
  • շահառուի և խորհրդատուի միջև կնքված խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագիրը, որը պետք է կնքված լինի դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մինչև 12 ամսվա ընթացքում․
  • խորհրդատուի կողմից մատուցված ծառայությունները հիմնավորող փաստաթուղթ (հաշվարկային փաստաթուղթը (հարկային հաշիվը) և այլն).
  • շահառուի կողմից խորհրդատուին խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի հիման վրա կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • շահառուի կողմից տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը Ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Լիազոր մարմնին տրամադրելու համար․
  • Ծրագրի 2-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակատերով նախատեսված սերտիֆիկատը և դրա պատճենը.
  • Ծրագրով նախատեսված սերտիֆիկացման ծախսը հիմնավորող փաստաթղթերը.
  • շահառուի կողմից սերտիֆիկացման ծախսի վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար շահառուն տրամադրել է խեղաթյուրված կամ կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության:
  1. Շահառուի կողմից հայտը պետք է ներկայացվի սերտիֆիկատը ստանալուց հետո, բայց ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում։ Ընդ որում՝ սերտիֆիկատը շահառուն պետք է ստացած լինի ոչ շուտ քան, սույն ծրագրի գործողության մեջ մտնելու օրվան հաջորդ օրը։
  2. Ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում աջակցություն ստանալու նպատակով շահառուն պետք է Լիազոր մարմին ներկայացնի`
  • դիմում-հայտ՝ համաձայն Ձև 2-ի․
  • շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը․
  • Շահառուի և համապատասխանության գնահատման մարմնի (սերտիֆիկացման մարմնի) միջև կնքված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման պայմանագիրը.
  • համապատասխանության գնահատման մարմնի կողմից շահառուին ներկայացված հաշվարկային փաստաթուղթը (հարկային հաշիվը և այլն).
  • Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա իրականացված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման համար կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • Ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սերտիֆիկատը.
  • շահառուի կողմից սերտիֆիկատի գրանցման վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` Ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Լիազոր մարմնին տրամադրելու մասով.
  • շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար շահառուն տրամադրել է խեղաթյուրված կամ կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության:
  1. Լիազոր մարմինը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին էլեկտրոնային եղանակով (դիմում-հայտում նշված էլեկտրոնային հասցեին) ծանուցում է դիմում-հայտում և դրան կից փաստաթղթերում հայտնաբերված թերությունների կամ ներկայացված տեղեկատվության ոչ ամբողջական լինելու կամ դիմում-հայտի մերժման մասին։
  2. Շահառուին ծանուցելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն վերացնում է թերությունները և Լիազոր մարմնին է ներկայացնում դիմում-հայտի և դրան կից փաստաթղթերի ուղղված տարբերակները կամ ներկայացնում է սույն ծրագրի շրջանակներում պահանջվող ամբողջական տեղեկատվությունը, իսկ սահմանված ժամկետում համապատասխան տեղեկատվություն չներկայացնելու դեպքում՝ Լիազոր մարմնին է ներկայացնում նոր դիմում-հայտ:
  3. Եթե շահառուն Լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթավորված հիմնավորումներ առ այն, որ թերությունների շտկումը պայմանավորված է երրորդ անձանց կամ պետական մարմնի գործողությունների և դրանց տևողության ժամկետի հետ, ապա 5 աշխատանքային օրվա ժամկետի բաց թողումը Լիազոր մարմինը հարգելի է համարում երրորդ անձի կամ պետական մարմնի գործողությունների տևողության ժամկետի չափով։
  4. Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից Լիազոր մարմնի secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի հիման վրա։
  5. Հայտատուի ներկայացրած դիմում-հայտում և դրան կից փաստաթղթերում թերություններ չհայտնաբերվելու դեպքում Լիազոր մարմինը հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` հայտատուի հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ չունենալու, 12 ամսվա ընթացքում օրինական ուժի մեջ մտած վարչական ակտով սահմանված պատասխանատվության ենթարկված չլինելու, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմին է ներկայացվում պահանջվող տեղեկատվությունը:
  6. Ծրագրի 16-րդ կետում նշված հարցումների պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտը հաստատվում կամ մերժվում է:
  7. Դիմում-հայտը մերժվում է, եթե`
  • դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները կեղծ են կամ ճշգրիտ չեն կամ չեն համապատասխանում Ծրագրի պահանջներին.
  • խախտվել են Ծրագրի 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված ժամկետները, եթե այդ ժամկետի բացթողումը Լիազոր մարմնի կողմից հարգելի չի համարվել.
  • Ծրագրի 19-րդ կետով սահմանված մշտադիտարկման ժամանակացույցին և սահմանված պահանջներին համապատասխան արդյունքները բացասական են:
  1. Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է Լիազոր մարմնի կողմից սահմանված Ծրագրի մշտադիտարկման ժամանակացույցին և սահմանված պահանջներին համապատասխան։
  2. Եթե տնտեսավարողը բավարարում է Ծրագրով սահմանված պահանջներին և Ծրագրի 19-րդ կետով սահմանված մշտադիտարկման արդյունքները դրական են, 7 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր՝ Լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան:
  3. Հիմք ընդունելով Ծրագրի 20-րդ կետով սահմանված մշտադիտարկման դրական արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը՝ աջակցության գումարը փոխանցվում է Շահառուի դիմում-հայտում նշված բանկային հաշվին` նույն կետով նախատեսված պայմանագրի կնքման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Շահառուին Ծրագրի շրջանակներում աջակցության ֆինանսավորում կտրամադրվի տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ Ծրագրի ներառման օրվան հաջորդող 60 աշխատանքային օրվա ընթացքում։
  5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  6. 23. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է Ծրագրի 22-րդ կետով սահմանված ժամանակահատվածից մինչև 2027 թվականի նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացված դիմում-հայտերի համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

----------------------------------------------------ից

                              Դիմողի տվյալները/անունը,ազգանունը,հայրանունը,

էլեկտրոնային փոստի հասցեն/

 

 

                                                                              ՀՎՀՀ` ------------------------------

 

                                                   ---------------------------------------------------------------------------

Կազմակերպության անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

 

                                           ---------------------------------------------------------------

Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/

 

20    թվականի_______________

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20   թվականի             N   -Ն որոշմամբ հաստատված «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի» շրջանակներում սերտիֆիկատի (խորհրդատվության) ստացման աջակցություն:

Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`

(ստանդարտի նշագիրը և անվանումը)

 

Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին:

           Պարտավորվում եմ կրելու օրենքով սահմանված պատասխանատվություն և 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար իմ կողմից տրամադրել է ոչ ամբողջական տեղեկատվություն կամ ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված կամ կեղծ կամ ոչ հավաստի է, որոնց դեպքում պատրաստ եմ ենթարկվելու օրենքով սահմանված պատասխանատվության:

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա        -----------------       (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, 12 ամսվա ընթացքում օրինական ուժի մեջ մտած վարչական ակտով սահմանված պատասխանատվության ենթարկված չլինելու, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնում եմ`

 

(կցվում են Ծրագրի 9-րդ կետով նշված փաստաթղթերը):

 

 

Դիմող` ------------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

---------------------------------------------------------------------ից

                                                           Դիմողի տվյալները/անունը,ազգանունը,հայրանունը,

էլեկտրոնային փոստի հասցեն/

 

 

 

                                                                              ՀՎՀՀ` ------------------------------

 

                                                                    ------------------------------------------------------------

                   Կազմակերպության անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

 

 

 

                                           ---------------------------------------------------------------

Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/

 

20_ թվականի_______________

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ

(«GLOBAL G.A.P.», «ՀԱԼԱԼ», «ՕՐԳԱՆԱԿԱՆ» ԵՎ «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ») ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20  թվականի                                               N    -Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն:

Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`

☐  _____________________________________________________________________________ ________________________________________ համապատասխանության գնահատման ծառայության («Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ) մասով:

Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին:

Պարտավորվում եմ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ՝

  • այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է ոչ ամբողջական տեղեկատվություն.
  • այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է խեղաթյուրված կամ կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվություն, որի համար պատրաստ եմ կրելու օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա                  -----------------                      (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, 12 ամսվա ընթացքում օրինական ուժի մեջ մտած վարչական ակտով սահմանված պատասխանատվության ենթարկված լինելու, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնում եմ`

            (կցվում են Ծրագրի 11-րդ կետով նշված փաստաթղթերը):

 

 

 

 

 

 

Դիմող` ------------------------------

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3142

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: