Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՎՃԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56

1) Նախագծի «Ընդհանուր դրույթներ» բաժնում, որպես հիմնական հասկացություն սահմանվում է հետևյալը՝ ծնող ‒ անչափահասի խնամակալական իրավունք ունեցող կամ հոգաբարձու»։

 

Առաջարկում ենք հիմնական հասկացությունների մեջ «ծնող» եզրույթի փոխարեն ներառել «օրինական ներկայացուցիչ» տերմինը, որ ըստ ՀՀ օրենսդրության ունի առավել լայն հասկացություն։ Նշված փոփոխությունը նպատակահարմար է կատարել նաև նախագծի այն բոլոր դրույթներում, որտեղ կիրառվում է «ծնող» եզրույթը՝ իրավական որոշակիության և միատեսակ կիրառման ապահովման նպատակով։

Ընդունվել է:

2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56

2) Նախագծով սահմանվում է, որ պլանշետը նախատեսված է ինչպես գրադարանի տարածքում օգտագործման համար, այնպես էլ կարող է գրադարանային աշխատողի կողմից սույն կարգով նախատեսված նպատակներով օգտագործման հասանելիության տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց՝ գրադարանի տարածքից դուրս։ Պլանշետի օգտագործման վայրը նախապես համաձայնեցվում է գրադարանային աշխատողի հետ։ Օգտագործումն ավարտելուց հետո օգտատերը պարտավոր է պլանշետը վերադարձնել գրադարանային աշխատողին։

 

Առաջարկում ենք լրացուցիչ սահմանել գրադարանի տարածքից դուրս՝ պլանշետի օգտագործման առավելագույն ժամկետը, հաշվի առնելով, որ նման կարգավորման բացակայությունը կարող է հանգեցնել իրավական անորոշության, ինչպես նաև գործնականում առաջացնել վերահսկողության և պատասխանատվության հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, գրադարանի աշխատողի հետ համաձայնեցնելը ռիսկային է, ինչու՞ գրադարանի (տնօրինության վրա) չի դրվում նման պարտավորություն։

Ընդունվել է։

3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56

3) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 6-րդ կետով սահմանվում է, որ ինտերնետ հասանելիությունը գրադարաններում պետք է լինի չսահմանափակված՝ օգտագործելով անվտանգ տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովում։ Իսկ «Արգելված գործողություններ» բաժնում սահմանվում է, համակարգչային աշխատատեղի ոչ նպատակային օգտագործումը, այդ թվում՝ համակարգիչը միացնելն ու անջատելը, համակարգչային կամ տեսախաղեր խաղալը և ֆիլմերի դիտումը, մուտքը սոցիալական ցանցեր:

 

Առաջարկում ենք ի սկզբանե հստակեցնել վերոնշյալ 2 դրույթների փոխհարաբերությունները, սահմանելով, որ «ապահովվի ինտերնետ հասանելիություն՝ սահմանված օգտագործման նպատակներին համապատասխան սահմանափակումներով»: 

Բացի այդ, հարց է առաջանում, իսկ գրադարանի տարածքից դուրս պլանշետի օգտագործման պարագայում այդ արգելքն ինչպես է վերահսկվելու։

Ընդունվել է։

4 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56

4) Նախագծի 32-րդ կետի 7 և 8 ենթակետերով սահմանվում է՝

«Սույն կարգով կամ գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջները առաջին անգամ չկատարելու դեպքում օգտատիրոջ նկատմամբ սահմանել համակարգչային աշխատատեղից օգտվելու արգելք՝ երկու շաբաթից մինչև վեց ամիս ժամկետով»։

«Սույն կարգով կամ գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջների կրկնակի խախտման դեպքում սահմանել համակարգչային աշխատատեղից օգտվելու անժամկետ արգելք»։  

 

Առաջարկում ենք  նախ սահմանել խախտումների դասակարգում, ապա գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջներն առաջին անգամ օգտատիրոջ կողմից չկատարման դեպքում նրա նկատմամբ սահմանել նախազգուշացում։ Հաշվի առնելով հաջորդիվ կատարած խախտումները, ինչպես նաև դրանց բնույթը, սահմանել աշխատատեղից օգտվելու արգելք՝ որոշակի ժամանակահատվածով։ 

Միաժամանակ առաջարկում ենք չսահմանել անժամկետ արգելք, քանի որ այն չի համապատասխանում համաչափության սկզբունքին և փաստացի կարող է հանգեցնել տեղեկատվության հասանելիությունից օգտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակման։

Ընդունվել է։

5 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետական և համայնքային գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելիությունն ապահովում են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

 

Այդ դրույթն առարկայազուրկ է այնքանով, որքանով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների եւ վերոնշյալ պարտականությունը, եւ վերոնշյալ ժամկետը արդեն իսկ սահմանված են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ՀՏ օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասով։

 

Առաջարկում եմ Որոշման 2-րդ կետը հանել։

Ընդունվել է։

6 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 2-րդ կետով

  • սահմանվում է սպասարկման ստորաբաժանումը՝ որպես գրադարանի բաժին կամ մասնաճյուղ - այս հասկացությունը սահմանելու նպատակն առհասարակ հասկանալի չէ այնքանով, որքանով «գրադարանի բաժին կամ մասնաճյուղ»-ն արդեն իսկ բավարար հստակ եւ կարճ արտահայտություն է,
  • սահմանվում է անչափահասի հասկացությունը - այս հասկացությունն անհրաժեշտ չէ, քանի որ նախ, դուրս է ՀՏ օրենքի կարգավորման առարկայից եւ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակից, բացի այդ ամբողջությամբ կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածով,
  • սահմանում է ծնողի հասկացությունը - այս հասկացությունն անհրաժեշտ չէ, քանի որ նախ, դուրս է ՀՏ օրենքի կարգավորման առարկայից եւ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակից, բացի այդ Որոշման Հավելվածում կիրառվում է միայն մեկ անգամ՝ 34-րդ կետի 7-րդ ենթակետում, եւ ավելին, շեղվում է ներպետական վերաբերելի օրենսդրության տերմինաբանությունից (առավել ընդունելի է «օրինական ներկայացուցիչ»-ը (տես՝ Քաղաքացիական օրենսգիրքը կամ Ընտանեկան օրենսգիրքը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ԱՏՊ օրենք) 9-դ հոդվածի 9-րդ մասը եւ այլն))

 

Առաջարկում եմ առհասարակ ձեռնպահ մնալ կառավարության որոշմամբ այնպիսի հասկացություններ սահմանելուց, որոնք դուրս են լիազորող օրենքների կարգավորման առարկայից։ Ինչպես նաեւ առաջարկում եմ Նախագծում կիրառել ներպետական օրենսդրության տերմինաբանությանը համադրելի եզրույթներ (օրինակ, «ծնող»-ի փոխարեն «օրինական ներկայացուցիչ»)։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

7 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի

  • 2-րդ կետով սահմանվում են սեանսի եւ լրացուցիչ սեանսի հասկացությունները՝ որպես 60 րոպե տևողությամբ ժամանակահատված, որի ընթացքում օգտատերը կարող է օգտագործել համակարգչային աշխատատեղը - նման ժամային սահմանափակումը հակասում է ՀՏ օրենքի 10-րդ հոդածի 1-ին մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը չի լիազորել կառավարությանը նախատեսելու գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու իրավունքի ժամային սահմանափակումներ։
  • 7-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված է գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու հնարավորությունից բացառություն – նման բացառություն նախատեսելն ինքնին հակասում է ՀՏ օրենքի 10-րդ հոդածի 1-ին մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը չի լիազորել կառավարությանը նախատեսելու գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու իրավունքի սահմանափակումներ։
  • 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերը վերաբերում են համակարգչային աշխատատեղի օգտագործման սեանսների հնարավոր եւ առավելագույն թույլատրելի տեւողությանը – ՀՏ մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը չի նախատեսում գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու նման ժամային սահմանափակում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը չի լիազորել կառավարությանը նախատեսելու գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու իրավունքի ժամային սահմանափակումներ։ Ըստ այդմ, Հավելվածի այս դրույթներն հակասում են ՀՏ օրենքին, իսկ գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու հնարավորությունը պետք է առկա լինի գրադարանի մասնաճյուղի գործելու ժամերի ամբողջ ընթացքում։

 

Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին հակասող վերոնշյալ սահմանափակումները հանել։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

8 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 8-րդ կետով սահմանվում է, որ Եթե տեղեկատվություն ստանալ ցանկացողների թիվը գերազանցում է գրադարանի սպասարկման հնարավորությունները, գրադարանը կազմակերպում է նախնական գրանցում։ Առերեւույթ ենթադրվում է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե գրանցման, այլ հերթագրման մասին է։

 

Հետեւաբար առաջարկում եմ Հավելվածի 8-րդ կետում «գրանցում» բառը փոխարինել «հերթագրում» բառով։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

9 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 9-րդ կետում առաջարկում եմ «տեղեկատվությունը» բառը փոխարինել «տեղեկությունը» կամ «տեղեկությունները» բառով (տես՝ ՀՏ օրենքի տերմինաբանությունը եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածում «տեղեկություն» հասկացությունը)։

Ընդունվել է:

10 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 10-րդ կետը սահմանում է անձի՝ որպես օգտատեր գրանցվելը - որպես օգտատեր անձի գրանցումը ենթադրում է անձնական տվյալների մշակում։ Միաժամանակ, ՀՏ մասին օրենքի չի նախատեսում հանրային տեղեկություններին ծանոթանալու համար գրանցման պայման, որպես օգտատեր անձի գրանցումը, ըստ այդմ նաեւ գրանցման նպատակով անձնական տվյալների մշակումը սահմանված չէ ՀՏ օրենքով։ ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե ի թիվս այլնի ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Արդյունքում, որպես օգտատեր գրանցվելու պահանջն առերեւույթ անհիմն է, իսկ այդ համատեքստում անձնական տվյալների մշակումն առերեւույթ կհակասի ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների մշակման օրինականությանը։

 

Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող, ինչպես նաեւ ԱՏՊ օրենքին հակասող անձնական տվյալների մշակում ենթադրող գրանցում վերոնշյալ պահանջ սահմանող դրույթները հանել։

 

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

11 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 11-րդ կետում նշվում է օգտատերերի տվյալների բազայի մասին - նման բազան նախատեսված չէ ՀՏ օրենքով։ Իսկ նման բազայում անձնական տվյալների մշակումն առերեւույթ կհակասի ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների մշակման օրինականությանը։

 

Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող, ինչպես նաեւ ԱՏՊ օրենքին հակասող անձնական տվյալների մշակում ենթադրող տվյալների բազա նախատեսող դրույթները հանել։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

12 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային գրադարանից օգտվելու ժամանակ հաշվառվում են սեանսների, վիրտուալ այցելությունների եւ ներբեռնված փաստաթղթերի քանակները - սա ըստ էության օգտատիրոջ վարքագծի վերահսկողություն է, որը սահմանված չէ ՀՏ օրենքով, ըստ այդմ նաեւ սահմանված չեն նման դեպում էլեկտրոնային գրադարանից օգտվողների անձնական տվյալների պաշտպանության իրավունքնի ապահովման երաշխիքներ։ 

 

Առաջարկում եմ Որոշման Հավելվածի 15-րդ կետը հանել։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

13 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի

  • 22-րդ կետով սահմանվում է օգտատիրոջ պարտականությունը՝ սեանսն ավարտելուց և համակարգչային աշխատատեղից հեռանալուց առաջ համակարգչից (պլանշետից) ջնջելու իր կողմից պահպանված բոլոր ֆայլերը – օգտատիրոջ նման պարտականությունը սահմանված չէ ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը չի լիազորել կառավարությանը նախատեսելու նման պարտականություն
  • 22-րդ կետով սահմանվում է օգտատիրոջ պարտականությունը՝ սեանսի ավարտից առաջ դուրս գալ բոլոր առցանց հարթակներից, կայքէջերից և օգտահաշիվներից - օգտատիրոջ նման պարտականությունը սահմանված չէ ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը չի լիազորել կառավարությանը նախատեսելու նման պարտականություն։
  • 4-րդ կետով սահմանվում է օգտատիրոջ պարտականությունը՝ էլեկտրոնային նույնականացման միջոցի օգտագործումն ավարտելուց հետո օգտատերը պարտավոր է համակարգչից հեռացնել իր նույնականացման տվյալները և ապահովել օգտահաշվից լիարժեք դուրս գալը – ինչպես նշվեց նախորդ դիտողություններում՝ նույնականանալու եւ օգտահաշիվ գրանցելու պահանջը սահմանված չէ ՀՏ օրենքով, իսկ անձնական տվյալների մասով՝ հակասում է տվյալների մշակման օրինականության սկզբունքին։ Ըստ այդմ, իրավաչափ չէ նաեւ օգտատիրոջ համար նման պարտականություն սահմանելը։

 

Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքով չնախատեսված պարտավորություններ նախատեսող վերոնշյալ դրույթնեը հանել։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

14 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Խնդրահարույց են Որոշման Հավելվածի 32-րդ հոդվածով սահմանված՝ գրադարանային աշխատողի մի շարք իրավունքներ, մասնավորապես․

  • ավարտել սեանսը, եթե օգտատերը չի պահպանում սույն կարգով, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքով կամ գրադարանի ներքին կանոնակարգով սահմանված պահանջները կամ չի ենթարկվում գրադարանային աշխատողի հրահանգներին – ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է կառավարութանը սահմանել ոչ թե գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու այլ օգտվելու ապահովման կարգ։ Հետեւաբար այս կարգով չեն կարող սահմանվել պահանջներ անձի համար։ ՀՏ օրենքով սահմանված չէ նաեւ գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու իրավունքը սահմանափակելու լիազորություն։ Բացի այդ, անորոշ են իրավունքի սահմանափակման հիմքերը, օրինակ, պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում գրադարարի աշխատողի հրահանգին չենթարկվելը՝ ո՞ր հրահանգներին, արդյո՞ք յուրաքանչյուր, այդ թվում այնպիսի հրահանգների, որոնք կապված չեն հանրային տեղեկություններից անվճար օգտվելու իրավունքի հետ (օրինակ, օգտատիրոջ հագուստի պատշաճության վերաբերյալ հրահանգը) եւ այլն։ Նաեւ, այս դրույթը խնդրահարույց է առհասարակ սեանսը որպես իրավունքի ժամանակային սահմանափակում նախատեսելու տեսանկյունից։
  • հրաժարվել օգտատիրոջը 60 րոպեից ավելի տևողությամբ ամրագրում տրամադրելուց, եթե համակարգիչը չի օգտագործվում նույն կարգի 16-րդ կետով սահմանված նպատակներով – ՀՏ օրենքի 10-րդ հոդվածը հստակ սահմանել է գրադարաններում ինտերնետից անվճար օգտվելու նպատակները, հետեւաբար ենթադրվում է, որ համակարգիչը պետք է այլ նպատակով ընդհանրապես չօգտագործվի, այլ ոչ թե 60 րոպեից ավելի։ Այլ կերպ ասած՝ պետք է բացառվի համակարգիչը ՀՏ օրենքի 10-րդ հոդվածով չնախատեսված ցանկացած այլ նպատակով ցանկացած ժամկետով օգտագործելը
  • արգելափակել ինտերնետը օգտատիրոջ համար և հեռացնել նրան ցանցից, եթե նրա գործողությունները խոչընդոտում են այլ օգտատերերին կամ ինտերնետ ցանցի աշխատանքին - չափազանց ընդհանուր է, սուգյեկտիվ գնահատման ենթակա, ինչպես նաեւ եւ անհասկանալի, թե ի՞նչ չափանիշներով պետք է չափվի «խոչընդոտելը»,
  • կարգով կամ գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջները առաջին անգամ չկատարելու դեպքում օգտատիրոջ նկատմամբ սահմանել համակարգչային աշխատատեղից օգտվելու արգելք՝ երկու շաբաթից մինչև վեց ամիս ժամկետով, ինչպես նաեւ կարգով կամ գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջների կրկնակի խախտման դեպքում սահմանել համակարգչային աշխատատեղից օգտվելու անժամկետ արգելք - սա ըստ էության ու սահմանափակում է, եւ պատասխանատվություն, որը սահմանված չէ ՀՏ օրենքով։

 

Առաջարկում եմ Որոշման Հավելվածի 32-րդ կետով սահմանված՝ գրադարանային աշխատողի մի շարք իրավունքները խմբագրել, բացառել ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքով չնախատեսված պարտավորություններ, պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսող, ինչպես նաեւ անորոշ դրույթները։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

15 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 33-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գրադարանը պատասխանատվություն չի կրում համակարգչային աշխատատեղից օգտվելու ընթացքում տվյալների չարտոնված արտահոսքի կամ փոփոխման հետևանքով օգտատիրոջը պատճառված վնասների համար – նախ անհասկանալի է, թե տվյալների ինչ արտահոսքի մասին է խոսքը, երբ հանրային տեղեկություններից օգտվելն ինքնին չի ենթադրում անձնական տվյալների մշակում։ Միաժամանակ, եթե խոսքը համակարգիչն օգտագործելիս օգտատիրոջ սեփական գործողությունների արդյունքում (օրինակ, այս կամ այն հարթակ, էլ փոստ մուտքի եւ այլն) ռիսկերի մասին է, ապա առաջարկում եմ այս դրույթը «ընթացքում» բառից հետո լրացնել «օգտատիրոջ գործողությունների հետեւանքով» բառերով, քանի որ գրադարանը պատասխանատվություն կրելու է իր սեփական գործողությունների կամ անգործության հետեւանքով անձնական տվյալների նկատմամբ իրականացված անօրինական գործողությունների կամ անգործության արդյունքում տվյալների սուբյեկտին պատճառված վնասի համար այնքանով, որքանով վերաբերելի կլինի ԱՏՊ օրենքի 17-րդ հոդվածը (օրինակ, եթե գրադարանը չի իրականացրել համակարգչի անվտանգության ապահովման ծրագրի/ծրագերի տեղադրման կամ թարմացման պարտականությունը)։

Ընդունվել է:

16 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշման Հավելվածի 35-րդ կետը սահմանում է գրադարանում արգելված գործողությունները․

  • նախ, 35-րդ կետի նման ձեւակերպումը՝ ուղղված օգտատիրոջ համար արգելքներ սահմանելուն, չի բխում ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից, քանի որ այն լիազորում է կառավարութանը սահմանել ոչ թե գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու այլ օգտվելու ապահովման կարգ։ Հետեւաբար այս կարգով չեն կարող սահմանվել ուղղակի պահանջներ/արգելքներ անձի համար։
  • գրադարանի ներքին կանոնակարգերի խախտելու արգելքը - դուրս է ՀՏ օրենքի կարգավորման առարկայից եւ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակից,
  • սոցիալական ցանցեր մուտքի արգելքը - սոցիալական ցանց մուտքի փաստն ինքնին չի կարող դիտվել որպես արգելված գործողություն առնվազն այնքանով, որքանով սոցիալական ցանցերը ունեն օգտագործման տարբեր նպատակներ եւ գործիքներ/ծառայություններ, այդ թվում՝ համադրելի էլեկտրոնային փոստին (օրինակ, ներբեռնած տեղեկությունը սոցիալական ցանցի մեսենջերով ինքն իրեն կամ ուրիշին ուղարկելն, ինչն առերեւույթ ամբողջությամբ տեղավորվում է հանրային տեղեկություններից օգտվելու շրջանակներում)
  • համակարգչային աշխատատեղին միացված սարքերի ինքնակամ միացման արգելքը – քանի որ նշվում է, որ խոսքն արդեն միացված սարքի մասին է, ապա անհասկանալի է, թե ի՞նչպես պետք է միացվի արդեն իսկ միացված սարքը
  • համակարգչային աշխատատեղը արտաքին ծառայությունների հետ (այդ թվում՝ Microsoft և այլ ծառայություններ) կապակցելու արգելքը – իրավունքը կիրառող միջին օգտատիրոջ տեսանկյունից անհասկանալի է, թե ինչի՞ մասին է խոսքը։ Օրինակ, արդյո՞ք խոսքը SaaS գործիքների մասին է, թե՞ արգելվում է նաեւ ամպային ծառայությունների օգտահաշիվ մուտք գործելը՝ ներբեռնված տեղեկությունը դրանում պահելու համար, կամ արգելվու՞մ է, օրինակ, Microsoft-ի Outlook-ի փոստարկղ մուտք գործելն ու ներբեռնված տեղեկությունն ինքն իրեն կամ ուրիշին ուղարկելը, ինչը առերեւույթ ամբողջությամբ տեղավորվում է հանրային տեղեկություններից օգտվելու շրջանակներում։
  • համակարգչային աշխատատեղի անմիջական հարևանությամբ սնվելը կամ խմելու արգելքը – նախ, նման արգելքը/իրավունքի սահմանափակումը նախատեսված չէ ՀՏ օրենքով, ըստ այդմ հակասում է ՀՏ օրենքի 10-րդ հոդածի 1-ին մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը չի լիազորել կառավարությանը նախատեսելու գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու իրավունքի նման սահմանափակում։ Բացի այդ պարզ չէ, թե ո՞րն է անմիջական հարեւանությունը, ինչպես սնվելու կամ խմելու սահմանը (կոնֆետ ուտելը հանարվու՞մ է նույն ձեւի սնվել է, ինչ համակարգչի մոտ ապուրով ճաշելը, կամ, կարո՞ղ է օգտատերը սուրճով լիքը բաժակը դնել ստեղնաշարի կողքին, բայց ընդհանրապես չխմել)։ Նման հարցերը ողջամիտ կլինի, եթե կարգավորվեն գրադարանային գործի մասին վերաբերելի ընդհանուր օրենսդրությամբ, ոչ թե հանրային տեղեկություններից օգտվելու ապահովման կարգով։
  • ատելություն, դաժանություն կամ բռնություն քարոզող, ինչպես նաև պոռնոգրաֆիկ բովանդակություն պարունակող վեբկայքերի այցելության արգելքը – սա անհրաժեշտ չէ, քանի որ ՀՏ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված նպատակից դուրս ցանկացած այլ նպատակով օգտագործելն ինքնին խնդրահարույց է, անգամ օրինական բովանդակությաբ կայք այցելելը։ Ավելին, այս արգելքն արդեն իսկ ներառվում է Հավելվածի 35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ համակարգչային աշխատատեղի ոչ նպատակային օգտագործման արգելքում։
  • 500 մեգաբայթից ավել ծավալ ունեցող ֆայլերի վերբեռնման կամ ներբեռնման միջոցով գրադարանի տվյալների փոխանցման ցանցը ծանրաբեռնելը – սա հիմնավորված արգելք չէ նախ այն պատճառով, որ եթե խոսքը 500 մեգաբայթից ավել ծավալ ունեցող հանրային տեղեկության մասին է, ապա ՀՏ օրենքի 10-րդ հոդվածը չի նախատեսում այդ տեղեկությանը ծանոթանալու իրավունքի սահմանափակում՝ կախված տեղեկության ծավալից։ Այլ կերպ ասած, եթե հանրային տեղեկության շրջանակներում առկա է 500 մեգաբայթից ավել ծավալ ունեցող ֆայլ, ապա ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օգտատերը պետք է գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար օգտվելու հնարավորություն ունենա նաեւ հանարային տեղեկություն ներառող նման մեծ ծավալի ֆայլից։ Եթե խոսքը հանրային տեղեկության մասին չէ, ապա նման տեղեկությունից օգտվելը, այդ թվում՝ ներբեռնելը, այսպես թե այնպես պետք է բացառվի Հավելվածի 35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ համակարգչային աշխատատեղի ոչ նպատակային օգտագործման շրջանակներում՝ անկախ ֆայլի ծավալից։ Տվյալ դեպքում առհասարակ անհասկանալի է ֆայլերի վերբեռնման մասին նշումն այնքանով, որքանով պարզ չէ, թե ո՞ր դեպքում է հանարային տեղեկությունից օգտվելը/տեղեկությանը ծանոթանալը ենթադրում օգտվողի/տեղեկությանը ծանոթացողի կողմից որեւէ ֆայլի վերբեռնում (ՀՏ օրենքի 10-րդ հոդվածը վերաբերում հանրային տեղեկություններից օգտվելուն, այլ ոչ թե օրենքով նախատեսված ծառայությունների ստացմանը, որի դեպքում գործնականում հնարավոր կարող է լինել ծառայություն ակնկալողի կողմից որեւէ նիշքի վերբեռնումը)։

 

 

Առաջարկում եմ Որոշման Հավելվածի 35-րդ կետը խմբագրել՝ հանել ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքով չնախատեսված կամ անորոշ կամ չհիմնավորված կամ ոչ անհրաժեշտ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսող, դրույթները։

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։

17 Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30

Որոշումը բազմաթիվ դրույթների դեպքում դուրս է գալիս ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակից, նախատեսում է ՀՏ օրենքից չբխող, ՀՏ մասին օրենքով չնախատեսված պարտավորություններ, պահանջներ կամ սահմանափակումներ, անձնական տվյալների մշակման սկզբունքներին առերեւույթ հակասող կարգավորումներ, ինչպես նաեւ գործնականում թյուըմնբռնումների տեղիք տվող, անորոշ, ոչ անհրաժեշտ կամ չհիմնավորված կանոններ։

 

Դեռեւս ՀՏ մասին օրենքի նախագծի նախնական տարբերակների վերաբերյալ ներկայացված դիտողություններով եւ առաջարկություններով նշել էինք, որ գրադարաններում հանրային տեղեկություններից ինտերնետի միջոցով անվճար օգտվելու վերաբերյալ էստոնական համադրելի օրենքից փոխառված դրույթը անհրաժեշտ չէ, իսկ ուղղակիորեն փոխառված նման կարգավորումներն իրենց էությամբ կիրառելի չեն հայաստանյան իրավական պրակտիկայում։ Վերոնշյհալ դիտողությունները եւ առաջարկությունները վկայում են ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի կապակցությամբ նախկինում արտահայտած մտահոգության արդարացիությունը։ Օրինակ, հիմնավորված չի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսներ, գրադարանների լրացուցիչ պարտականություններ նախատեսող իրավական այս նոր կառուցակարգերի արդիականությունը եւ դրական ազդեցությունը (քանի հոգի հանրային տեղեկություններին ծանոթանալու անհրաժեշտություն կունենա, միաժամանակ չի ունենա համացանցին սեփական հասանելիություն, չի ունենա այլոց միջոցով համացանցին հասանելիության հնարավորություն, փոխարենը կունենա գրադարանից օգտվելու ընթացակարգեր անցնելու հանրավորություն եւ այլն)։

 

Այս համատեքստում առաջարկում եմ չեղարկել այս նախագիծը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՏ մասին օրենքի 10-րդ հոդվածը։

 

Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: