ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՎՃԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանվում են հանրային տեղեկությունների տրամադրման և դրանց հասանելիության ապահովման կարգավորումները։ «Հանրային տեղեկությունների մասին» և «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքներով սահմանվում են հանրային տեղեկությունների հասանելիության և գրադարանների գործունեության ընդհանուր կարգավորումները, սակայն պետական և համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով հանրային տեղեկություններից անվճար օգտվելու ապահովման միասնական ընթացակարգ ներկայումս սահմանված չէ։ Գործող իրավակարգավորումների պայմաններում գրադարաններում ինտերնետ հասանելիության կազմակերպումը և հանրային տեղեկություններից օգտվելու պայմանները կարող են տարբեր կերպ կիրառվել՝ կախված գրադարանի տեսակից կամ տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ՝ ՏԻՄ) մոտեցումներից, ինչի արդյունքում բացակայում է միասնական և հստակ կարգավորումը։ Միաժամանակ, հանրային ծառայությունների թվայնացման և պետական ու ՏԻՄ մարմինների կողմից տեղեկատվության առցանց տրամադրման պայմաններում քաղաքացիների համար կարևոր է ապահովել համընդհանուր և հավասար հասանելիություն այդ տեղեկատվությանը։ Հատկապես այն անձանց համար, ովքեր սոցիալ-տնտեսական կամ տարածքային պատճառներով չունեն ինտերնետային հասանելիություն իրենց բնակության վայրում, պետական և համայնքային գրադարանները կարող են հանդիսանալ անհրաժեշտ միջավայր հանրային տեղեկատվությանը հասանելիության համար։ Սակայն այդ գործընթացի կազմակերպման, համակարգչային աշխատատեղերի օգտագործման, սեանսների տրամադրման, օգտատերերի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև արգելված գործողությունների վերաբերյալ միասնական կարգի բացակայությունը կարող է առաջացնել գործնական խնդիրներ և իրավական անորոշություն։ Վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու «Պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու ապահովման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքից։ Նախագծով սահմանվում են պետական և համայնքային գրադարաններում ինտերնետ հասանելիության ապահովման, համակարգչային աշխատատեղերի օգտագործման, նախնական ամրագրման, սեանսների տևողության, օգտատերերի իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև գրադարանի իրավասությունների և արգելված գործողությունների վերաբերյալ հստակ կարգավորումներ։ Այդպիսով, նախատեսվում է ապահովել հանրային տեղեկությունների հասանելիության միասնական մոտեցում, իրավական որոշակիություն և գործընթացների թափանցիկություն։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 14-րդ կետով։
2․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի պետական և ՏԻՄ մարմինների կողմից տրամադրվող հանրային տեղեկությունների հասանելիության բարձրացմանը, պետական և համայնքային գրադարաններում ինտերնետ հասանելիության միասնական և հստակ կարգավորման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների՝ տեղեկատվության ազատ և հավասար հասանելիության իրավունքի իրացման արդյունավետության բարձրացմանը։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Գրադարանների վերաբերյալ տեղեկատվության ամփոփումից հետո կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն՝ համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տվյալների կառավարման և փոխգործելիության թիմի հետ համատեղ։