ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում՝
1) վերնագրում «և էլեկտրոնային ստորագրությունը» բառերը փոխարինել «, էլեկտրոնային ստորագրությունը և աշխատանքային օրակարգը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.
«9. Յուրաքանչյուր դատավոր ունի աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։
- Դատարանների գործունեության թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատավորների աշխատանքային օրակարգը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում։ Դատավորների աշխատանքային օրակարգի կառուցվածքը, օրակարգում ներառվող տեղեկատվության ցանկը, դրա հրապարակման կարգը և ժամկետները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։»։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
«____»__________2025թ.
ք․ Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 151-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.6-րդ մասերով.
«3.1. Սույն գլխով և սույն օրենսգրքի 30-րդ գլխով նախատեսված բանավոր ընթացակարգով վարույթի դեպքում դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով)՝ դատապարտյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումն ապահովելու նպատակով։
3.2. Տեսակապի միջոցով դատական նիստին դատապարտյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝
1) դատական նիստին ներկայացած անձինք և դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.
2) դատապարտյալը և նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.
3) դատապարտյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալու գործի նյութերին։
3.3. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող դատապարտյալը դատական նիստին մասնակցելու նպատակով գործածում է մասնավոր տեխնիկական միջոցներ։ Այդ դեպքում սույն հոդվածի 3.2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հաղորդակցությունն իրականացնելու նպատակով փաստաբանը և դատապարտյալը գործածում են մասնավոր տեխնիկական միջոցներ։ Սույն հոդվածով նախատեսված մասնավոր տեխնիկական միջոցների գործածման կարգը սահմանում է Կառավարությունը։
3.4. Դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝
1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.
2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը կամ դատախազը.
3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է դատապարտյալը։
3.5. Եթե սույն հոդվածի 3.4-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է դատապարտյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում։
3.6. Դատական նիստին տեսակապի միջոցով դատապարտյալի մասնակացությունը և դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում և քրեակատարողական հիմնարկներում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։».
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Տեսակապի միջոցով դատական նիստին դատապարտյալի մասնակցության դեպքում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է։ Փաստաբանը կարող է դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում կամ տեսակապի միջոցով՝ դատապարտյալի գտնվելու վայրից։»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա։
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
«____»__________2025թ.
ք․ Երևան