Հայաստանի անցումը ցածրածխածնային տնտեսության և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացման առավել բարդանում է դեպի ծով ելք չունենալու իրողությունից, փակ սահմաններից և ներմուծվող հանածո վառելիքից ունեցած բարձր կախվածությունից (2023 թվականին էներգիայի 73.5%-ն ստացվել է ներմուծված հանածո վառելիքից)։ Այս կախվածությունը սահմանափակում է ոչ միայն երկրի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, այլ նաև համայնքներում ջեռուցման մատչելի տարբերակները: Չնայած ջերմոցային գազերի (ՋԳ) գլոբալ արտանետումներում ունեցած ընդամենը 0.02% մասնաբաժնին՝ Հայաստանը հանձնառու է կրճատել ՋԳ արտանետումները՝ միաժամանակ ամրապնդելով հարմարվողականության կարողությունները՝ հաղթահարելու երկրի կլիմայական խոցելիությունը։ Հայաստանի արտանետումների կրճատման նպատակները սահմանվել են ոչ պայմանական և պայմանական միջոցառումներին համապատասխան։ Ոչ պայմանական են այն միջոցառումները, որոնք Հայաստանը հանձնառու է իրականացնել՝ օգտագործելով ներքին և միջազգային նույնականացված ռեսուրսները՝ գործող ազգային և ոլորտային ռազմավարությունների, քաղաքականությունների և նախատեսված ներդրումների շրջանակներում: Պայմանական միջոցառումներն ուղղված են 2035 թվականի արտանետումների կրճատման առավել հավակնոտ նպատակի ապահովմանը, որն անհնար է իրականացնել առանց լրացուցիչ միջազգային միջոցների ներգրավման:
Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն արտացոլում է երկրի կլիմայական հավակնությունների զգալի առաջընթացը։ Տնտեսության ողջ ծավալի ընդգրկումով՝ այն 2035 թվականի համար նախատեսում է ՋԳ արտանետումների կրճատում 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ոչ պայմանական 44% և պայմանական 52% չափով (Աղյուսակ 1)։ Առաջնորդվելով ազգային և միջազգային առաջնահերթություններով՝ ԱՍՀ 3.0-ն ներառում է մեղմման միջոցառումներ հիմնական ոլորտներում, ինչպես նաև հարմարվողականության միջոցառումներ՝ ուղղված կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կայուն զարգացման ապահովմանը։
Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների իրականացման ծրագիրը (Ծրագիր) սահմանում է մեղմման և հարմարվողականության հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են ԱՍՀ 3.0 թիրախներն ապահովելուն։ Հաշվի առնելով Հայաստանի կլիմայական հանձնառությունները՝ Ծրագիրը ներկայացնում է ոլորտային միջոցառումներ, վերջիններիս իրականացման ժամկետները, ինստիտուցիոնալ պատասխանատվությունները, ծախսերի գնահատականները, ինչպես նաև իրականացնելու մեխանիզմներն ու ֆինանսավորման աղբյուրները։ Այն ներառում է կարիքների գնահատում՝ ներառյալ կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման, չափումների, հաշվետվողականության և հավաստագրման մեխանիզմների վերաբերյալ: Ծրագիրը նպատակ ունի ուղղորդել պետական կառավարման համակարգի մարմիններին, մասնավոր հատվածին, միջազգային գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ գործողությունները համակարգելու, ռեսուրսների ներգրավմանն աջակցելու և ցածր արտանետումների ու կլիմայակայուն տնտեսական և սոցիալական զարգացման նպատակներին հասնելու համար։