Добавить в избранное

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 2-ի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը, բուժումն և մոնիթորինգն իրականացնում են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական  կազմակերպությունները (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ):»: 

Հոդված 2. Օրենքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Բժշկական կազմակերպությունում խտրականության արգելումը

  1. Յուրաքանչյուր ոք անկախ ՄԻԱՎ-ի կարգավիճակից ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
  2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:»: 

Հոդված 3. Օրենքի հոդված 8-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքով գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները սահմանում է առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը:»: 

Հոդված 4. Օրենքի հոդված 10-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «Հոդված 10. Բժշկական հետազոտությունների իրականացումը

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար իրավունք ունեն բժշկական, այդ թվում լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների (այսուհետ՝ բժշկական հետազոտություններ):
  2. ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով իրականացվող բժշկական հետազոտությունները իրականացվում են սույն օրենքի և առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերին և կլինիկական ուղեցույցներին համապատասխան:
  3. ՄԻԱՎ հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտությունները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակեպություններում:
  4. ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կրկնակի բժշկական հետազոտություն տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունում:
  5. ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտություններն անվճար են՝ երաշխավորված պետության կողմից, անանուն են և կամավոր՝ բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
  6. Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն կամ արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ կամ փոխպատվաստեն օրգաններ կամ հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:
  7. ՄԻԱՎ-ի կարգավիճակի պարզմանն ուղղված բժշկական հետազոտությունը զուգորդվում է բժշկական կազմակերպության կողմից տրամադրվող նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվությամբ:
  8. Մինչև 14 տարեկան երեխաների բժշկական հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով`

«10.1 Ինքնաթեսթավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի հայտնաբերման մատչելիությունը ապահովելու նպատակով կարող է օգտագործվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման ինքնաթեսթավորման հավաքածու, որը կարող է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված դեղատնային գործունեություն իրականացնող կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններից:
  2. ՄԻԱՎ վերջնական ախտորոշումը կատարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություններում սույն օրենքով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1 ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց վերաբերյալ  բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա  փոխանցմանը ներկայացվող պահանջները

  1. ՄԻԱՎ հայտնաբերելու կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու մասին, ինչպես նաև  բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում պարզված տվյալները համարվում են բժշկական գաղտնիք:
  2. ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետոզոտության արդյունքը, ինչպես նաև ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից կարող է տրամադրվել.

1) հետազոտվող անձին.

2) մինչև 14 տարեկան հետազոտվող անչափահասի ծնողին կամ օրինական ներկայացուցչին,  14-ից բարձր անձանց դեպքում` հետազոտվողին:

  1. ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում անձը, բժշկական կազմակերպության բժշկի կողմից գրավոր տեղեկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման կանխարգելման կանոնների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև այլ անձին ՄԻԱՎ-ով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխաատվության վերաբերյալ:
  2. ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում բժշկական կազմակերպության բժիշկը խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտման կարևորության և բժշկական հետազոտություն անցնելու ուղղությամբ` տրամադրելով առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմնի կողմից հաստատված ձևի իրազեկման թերթիկ:
  3. ՄԻԱՎ դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում այդ կարգավիճակի մասին բժշկական կազմակերպության բժիշկը կարող է ՄԻԱՎ վարակակրի ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնել հետևյալ դեպքերում`

1) երբ ՄԻԱՎ վարակակիրը ինքը չի ցանկանում հայտնել ամուսնուն կամ զուգընկերոջը և գրավոր կարգով տալիս է ամուսու կամ զուգընկերոջ կոնտակտային տվյալներ, ինչպես նաև համաձայնություն իր կարգավիճակի բացահայտումով կամ առանց բացահայտման, տեղեկացնել ամուսնուն կամ զուգընկերոջը կարգավիճակի կամ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին,

2)  երբ ՄԻԱՎ վարակակրի և բժշկական կազմակերպության բժշկի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ ամուսնուն կամ զուգընկերոջը որոշված տեղեկացման ժամկետը ավարտվել  է և ՄԻԱՎ վարակակրի ամուսինը կամ զուգընկերը չի ներկայանում ՄԻԱՎ կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու  համար, ապա բժիշկը, ըստ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի կողմից ներկայացված կոնտակտային տվյալների,  տվյալ անձին և ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման,

3) երբ բժիշկը, ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձի գրավոր  համաձայնությամբ, ուղեկցում է տվյալ անձին իր ամուսնուն կամ զուգընկերոջը տվյալ անձի կարգավիճակը բացահայտելու և ամունուն կամ  զուգընկերոջը պատշաճ մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու ու ամուսնու կամ  զուգընկերոջ ՄԻԱՎ կարգավիճակը բացահայտելու համար հետազոտություն անցնելու վերաբերյալ:

  1. 6. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) բժշկական գաղտնիքը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կամ օրենքով չնախատեսված դեպքերում բժշկական գաղտնիքի ապօրինի փոխանցումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

          ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքը (այսուհետ` Օրենսգիրք)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.15-րդ հոդվածով.

«Հոդված 47.15. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը.

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի  չափով.

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն  հոդվածով նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 123. Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելը

  1. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

  1. Անձը ազատվում է սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից, եթե՝

1) ՄԻԱՎ-ով վարակված անձին նախապես՝ մինչև վարակելուն ուղղված գործողության կատարումը  նախազգուշացրել է   իր մոտ այդ հիվանդության առկայության մասին և  այդ անձը կամավոր համաձայնվել է կատարել վարակման վտանգ ստեղծած գործողություն, կամ

2)  ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կանխարգելիչ միջոցառումները:»:

    

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    04.03.2019 - 19.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1666

Принт

Предложения

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ

19.03.2019

Գնահատելով Նախագծում առաջարկվող փոփոխությունների կարևորությունը, գտնում ենք, որ այն չի կարող բերել զգալի փոփոխությունների ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը բացառելու գործում, քանի դեռ չի ընդունվել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն: Մասնավորապես. 1. Նախագծի 2-րդ հոդվածով կարգավորվում է Բժշկական կազմակերպությունում խտրականության արգելումը, սակայն թե Նախագծում, թե որևէ այլ իրավական ակտում ներկայումս բացակայում է խտրականության հասկացությունը: 2. ՀՀ վարչական իրավախախումների մասին օենսգրքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու վերաբերյալ հոդված է առաջարկվում ներառել, սակայն Նախագծով չի կարգավորվում, թե որ պետական մարմինն է իրավասու լինելու վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու այս իրավախախտման համար: Կարծում ենք, որ այս Նախագծով առաջարկվող փոփոխություններն ամբողջական կդառնան, երբ կունենանք ձևավորված հավասարության մարմին, ով էլ իրավասու կլինի և կունենա բավարար գիտելիքներ և գործիքակազմ՝ խտրականության առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Մասնավորապես, պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության առանձնահատկությունները ներկայումս թույլ չեն տալիս կիրառել խտրականության բացահայտման համար այնպիսի անհրաժեշտ և առանձնահատուկ մեխանիզմներ, ինչպիսին ապացուցման բեռի փոխանցումն է խտրականություն կիրառած անձի նկատմամբ:

Լուսինե Միրզոյան

19.03.2019

Կարծում եմ անհնար կլինի պոլիկլինիկաներում համապատասխան ներուժի ապահովումը եւ ծառայությունների որակի ապահովումը, ինչպես դա արվում է ՁԻԱՀ-ի կենտրենում։ Չեմ կարծում նաեւ, որ բնակիչները կգնան տեղամասային առողջության կենտրոններ հետազոտվելու։

<<Դրական մարդկանց հայկական ցանց>>

19.03.2019

Հոդված 1-ի փոփոխությամբ մի շարք խնդիրներ կառաջանան, ինչը որ կա սեռավարակների, կամ հեպատիտների վիճակագրության ոլորտում, սա առաջին հերթին։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ), որը 1989-ից սկսած պատշաճ կերպով վարում է ամենամսյա վիճակագրություն և իրականացնում է համակարգված մոնիթորինգ՝ տվյալները հավաքելով բոլոր բուժհաստատություններից։ Այս փոփոխությամբ անհասկանալի է դառնում նաև, թե ով պետք է իրականացնի մոնիթորինգը և ինչպես հավաքագրվի տեղեկատվությունը բոլոր տեղերից։ Բացի այդ կարևոր մոնիտորինգի մաս է հանդիսանում ներկայումս իրականացվող միասնական դեղերի պատվերի ձևավորումը, որը ևս իրականացնում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, այսինքն բուժում ստացող հիվանդների կանխատեսումը ըստ բացարձակ թվի, և տարբեր սխեմաների, դա 2005թ.-ից սկսած մինչ օրս հնարավորություն է տվել ապահովել դեղերի անխափան մատակարարումը, որը նաև շատ կարևոր է այսօրվա «բուժումը նաև կանխարգելում է» ռազմավարության համար։ Կարծում ենք տարիների փորձ ու մշակված մեխանիզմի փոփոխությունը այս առումով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել դեղերի ընդհատումների հետ կապված, ինչը ցույց է տալիս նաև Ռուսաստանի փորձը, որտեղ ներկայումս հիվանդները լուրջ խնդիրներ են ունենում դեղերի մատակարարման ընդհատումների հետ կապված։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կազմակերպությունը 2007թ.-ից սկսած աշխատում է, և խնամք ու աջակցություն է տրամադրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այսինքն քաջատեղյակ լինելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրության խնդիրներին, վստահաբար կարող ենք ասել, որ ելնելով հատկապես մարզերում տիրող խտրական վերաբերմունքից (այդ թվում բժշկական գաղտնիության չպահպանումը), և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ վախի զգացողության առկայությունից, նրանք ապահով չեն զգա, նույնիսկ իրենց տարածքային պոլիկլինիկայից դեղեր ստանալու առումով, քանի դեռ առկա է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ։ Եվս մի կարևոր փաստարկ։ Կանխարգելում և մոնիտորինգ գործառույթները չեն հանդիսանում լիցենզիա պահանջող գործառույթներ։ Ավելին, 2003թ.-ից սկսած ՀՀ-ում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում իրականացնում են հասարակական կազմակերպությունները, ընդ որում իրականացնում են բավականին բարձր արդյունավետությամբ, ինչի մասին վկայում են թե ձեռք բերված ցուցանիշները, և թե միջազգային տարբեր գնահատականներ։ Այս կազմակերպությունները շարունակում են ակտիվ գործել և արդյունքներ գրանցել ոչ միայն կանխարգելման, այլև վաղ հայտնաբերման առումով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից դեղերի ընդունման պարտաճանաչության ապահովման առումով, և պետական և հասարակական սեկտորի նման համակարգված աշխատանքներն են, որ թույլ են տալիս մինչ օրս արյունավետ հակազդել համաճարակին և հասնել երկրի առաջ դրված ցուցանիշներին։ Հոդված 2. Բժշկական գաղտնիքի պահպանումը կարգավորվում է նաև այլ օրենքներով, կարծում ենք այս փոփոխությունը ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, նմանատիպ խնդիրներ ունենում են նաև տուբերկուլոզով հիվանդները, կամ օրինակ խոցելի խմբերի պատկանող մարդիկ, այս դեպքում, արդյոք նրանք պաշտպանված չե՞ն լինելու։ Կան նաև մի շարք տեխնիկական հարցեր, որ լավ կլիներ քննարկել իրավաբանների հետ մասնավորապես 6.1 հոդվածը, որի առաջին կետը հանդիսանում է սահմանադրական իրավունք և ամրագրված է ՀՀ սահմանադրությունում, իսկ նույն հոդվածի երկրորդ կետը հանդիսանում է քրեական օրենսգրքի հատված (ընդ որում նաև հղում չկա, թե որ օրենքի մասին է խոսքը), ինչքանո՞վ է ճիշտ այսպիսի ձևակերպումը կանխարգելման մասին օրենքում։ Հոդված 5. Ինքնաթեստավորման հետ կապված` եթե վերջնական ախտորոշում կարող է տալ ցանկացած բուժհաստատություն, ինչ է լինում հետո հիվանդի հետ, ով է վարում։ Կարծում ենք, որ այստեղ ևս ակտուալ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից ներկայումս իրականացվող գործառույթները հիվանդների վարման առումով, քանի որ այս գործելաոճը տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների մասով. այս փոփոխությունը շատ կարևոր է, բայց թերի է, այն առումով որ ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, քանի որ ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են բախվում այս խնդրին, այլև տուբերկուլոզով, հեպատիտներով հիվանդները, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչները, կամ սոցիալապես անապահով մարդիկ, այս խնդիրներին մենք բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում։

Узнать больше