Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-- ------------- 2025 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378-Ն որոշման 1-ին կետով սահմանված` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Դիմող անձ` անձ, որը դիմում է Նոր միացման համար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում Դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը.»,
2) Կանոնների 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Մատակարարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելով, կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե Կանոններով տեղեկությունների փոխանակման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:».
3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.
«15.1. Կանոնների 15-րդ կետով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով ուղարկված տեղեկությունը Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից ցանկացած պատճառով չստանալու դեպքում Մատակարարը ծանուցումն իրականացնում է թղթակցությունը պատշաճ հասցեով պատվիրված նամակով ուղարկելու կամ այն առձեռն հանձնելու միջոցով:».
4) Կանոնների 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Նոր միացումն իրականացվում է Դիմող անձի դիմումի (սույն բաժնում այսուհետ՝ Դիմում) հիման վրա, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, մատուցվելիք Ծառայությունների տարածքի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, մատուցվելիք Ծառայությունների տարածքի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը,
2) ֆիզիկական անձի դեպքում` մատուցվելիք Ծառայությունների տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի դեպքում` մատուցվելիք Ծառայությունների տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը,
3) կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը` 1:500 և 1:2000 մասշտաբով,
4) արտադրական կամ հասարակական գործունեության դեպքում, եթե Ծառայությունների մատուցումը չի իրականացվելու բացառապես խմելու և տնտեսական նպատակներով՝ 20 մմ տրամագծով խողովակով՝ միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը, պահանջվող ջրաքանակի հաշվարկն ու հեռացվելիք ջրի (մաքրվելիք կեղտաջրերի) քանակը և բաղադրությունը,
5) բազմաբնակարան շենքերի դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շենքերի ճարտարապետական նախագիծը,
6) Դիմող անձին Ծառայության մատուցումն այլ Բաժանորդի Ներքին ցանցով իրականացվելու դեպքում այն Բաժանորդի գրավոր համաձայնությունը, ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը։».
5) Կանոնների 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին կետով.
«36.1. Գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ հողամասին Ծառայությունների մատուցման նպատակով առաջադրվում են Տեխնիկական պայմաններ կամ ներկայացվում է Միացման պայմանագրի կնքման առաջարկ, եթե նշված հողամասի վրա առկա է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած շինություն կամ իրավասու մարմնի կողմից փաստված է, որ Դիմող անձը փաստացի բնակվում է տվյալ հողամասում։».
6) Կանոնների 29-րդ, 90-րդ, 109-րդ և 110-րդ կետերում «դատական կարգով» բառերից հետո լրացնել «կամ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերը.
7) Կանոնների 138-րդ կետից հանել «135-րդ,» բառը.
8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 173-175-րդ կետերով.
«173.Կանոնների 15-րդ կետի համաձայն՝ Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Մատակարարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու եղանակով տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից հեռախոսահամարը Մատակարարին տրամադրվել է 2020 թվականի հունվարի 1-ից հետո:
174.Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի կառուցապատման նպատակով Մատակարարը առաջադրում է Տեխնիկական պայմաններ հետևյալ պայմաններով՝
1) Տեխնիկական պայմաններով ամրագրվում է, որ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի Ջրամատակարարման ապահովման նպատակով գործող շինարարական նորմատիվների հիման վրա հաշվարկված ջրաքանակը Մատակարարի կողմից կապահովվի տվյալ օբյեկտի ավարտական ակտի (շահագործման թույլտվության) տրամադրման ամսաթվից՝ պայմանով, որ կառուցապատողի կողմից սահմանված ժամկետում իրականացված կլինեն Նոր համակարգի կառուցման աշխատանքները, իսկ իրավասու անձի կողմից՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի` 2025 թվականի հուլիսի 16-ին կնքված թիվ 57 համաձայնագրով նախատեսված՝ ջրաքանակի ավելացմանն ուղղված աշխատանքները,
2) Մինչ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտը, շինարարության ընթացքը չխոչընդոտելու նպատակով Մատակարարը կառուցապատողին ապահովում է կառուցապատման համար անհրաժեշտ նվազագույն հասանելի ջրաքանակով` հաշվարկված ժամային առավելագույն ելքի և բնակարանների թվի արտադրյալով:
175.Կանոնների 174-րդ կետով նախատեսված կարգավորումներով պայմանավորված 2026-2028 թվականների ընթացքում Մատակարարը կարող է տվյալ տարվա մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Ջրամատակարարումն իրականացնել Կառավարության կողմից լիազորված մարմնի հետ նախապես համաձայնեցված Ջրամատակարարման գրաֆիկով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ
ք. Երևան
-- --------------------- 2025թ.
-
Տևողություն
12.12.2025 31.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 248
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: