Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Խմելու ջրի բնագավառում սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով։ Նշված կանոններով, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև մատակարար կազմակերպության կողմից բաժանորդներին ծանուցման եղանակաները, և նոր կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման հարաբերությունները։
Հստակեցման կարիք ունեն պատշաճ ծանուցման իրականացման ձևերը և պատշաճ ծանուցումն առավել օպերատիվ իրականացնելու նպատակով առկա է նաև անհրաժեշտություն հստակ կարգավորել էլեկտրոնային փոստի կամ բաժանորդի և դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով պատշաճ ծանուցման հնարավորությունը։
Նոր միացումների մասով վերջին տարիներին կառուցապատման տեմպերի ավելացմամբ և ջրաղբյուրներում ջրի ծավալների նվազմամբ պայմանավորված առաջանում են խնդիրներ՝ առավելապես Երևան քաղաքում ջրամատակարարման գրաֆիկների ապահովման տեսանկյունից։ Նշված հարցի լուծման նպատակով, հաշվի առնելով, որ մատակարարի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը հիմնված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի վրա, այդ պայմանագրի՝ 2025 թվականի հուլիսի 16-ին կնքված թիվ 57 համաձայնագրով նախատեսվել են ջրաքանակի ավելացմանն ուղղված աշխատանքների իրականացման պարտավորություններ իրավասու մարմնի կողմից։ Հաշվի առնելով, որ նշված աշխատանքների իրականացումը բավականին ժամանակատար է լինելու, անհրաժեշտտություն է առաջացել հանձնաժողովի սահմանած կանններով կանոնակարգել այս անցումային ժամանակահատվածում մատակարարների և խոշոր սպառում ունեցող դիմող անձնանց՝ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի կառուցապատողների հարաբերությունները։
Մեկ այլ խնդիր էլ կապված է այն իրողության հետ, որ շատ դեպքերում գյուղատնտեսական նշանակությամբ հողամասերի սեփականատերերը դիմում են խմելու ջրի մատակարարմամբ ապահովման նպատակով, սակայն փաստացի այդ ջուրը օգտագործում են ոռոգման նպատակով, ինչը, կրկին հաշվի առնելով ջրաղբյուրների ջրատվության նվազումը, իր բացասական ազդեցությունն է ունենում այլ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վրա, և ըստ էության, այդ պատճառով բնակիչ բաժանորդները որոշակի չափով զրկվում են կենսական անհրաժեշտություն համարվող խմելու ջրից։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հետևյալը.
1. Սահմանվում է, որ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի դեպքում որպես միացման համար դիմող անձ հանդես է գալիս դրանց կառուցապատողը,
2. Հստակեցվել են պատշաճ ծանուցման իրականացման ձևերը և նախատեսվել է պատշաճ ծանուցումն առավել օպերատիվ իրականացնելու նպատակով ժամանակին համահունչ էլեկտրոնային տեղեկատվական միջոցների ներդրմամբ էլեկտրոնային փոստի կամ բաժանորդի և դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով պատշաճ ծանուցման հնարավորություն։ Ընդ որում, նախատեսվում է, որ նման ծանուցման եղանակը գործում է միայն այն բաժանորդների դեպքում, որոնք իրենց հեռախոսահամարները մատակարարին տրամադրել են վերջին 5 տարվա ընթացքում,
3. Հստակեցվում են նոր միացման դեպքում մատակարարին ներկայացվելիք փաստաթղթերը և տեղեկատվությունները,
4. Գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ հողամասերի մասով սահմանվում է, որ ծառայությունների մատուցման նպատակով առաջադրվում են տեխնիկական պայմաններ կամ ներկայացվում է միացման պայմանագրի կնքման առաջարկ, եթե նշված հողամասի վրա առկա է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած շինություն կամ իրավասու մարմնի կողմից փաստված է, որ դիմող անձը փաստացի բնակվում է տվյալ հողամասում,
5. Բազմաբնակարան շենքերի և թաղամասերի մասով սահմանվում է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ պահանջվող ջրաքանակը մատակարարի կողմից կապահովվի շենքի ավարտական փուլում՝ պայմանով, որ իրավասու մարմնի կողմից իրականացված կլինեն 2025 թվականի հուլիսի 16-ին կնքված թիվ 57 համաձայնագրով նախատեսված՝ ջրաքանակի ավելացմանն ուղղված աշխատանքները, իսկ կառուցապատողը ավարտած կլինի նոր համակարգի կառուցման աշխատանքները։ Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում կառուցապատողը կապահովվի կառուցապատման համար անհրաժեշտ նվազագույն հասանելի ջրաքանակով։
Միաժամանակ, կատարվել են նաև իրավական ճշգրտումներ՝ Կանոնների 29-րդ, 90-րդ, 109-րդ և 110-րդ կետերով սահմանված դրույթներում արտացոլելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված՝ նոտարական կարգով գումարի բռնագանձման հնարավորությունը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունմամբ բաժանորդների ծանուցումները կիրականացվեն էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, այլ ոչ թե թղթային եղանակով, ինչպես նաև կհստակեցվեն և ներկա իրողությունների պայմաններում կկանոնակարգվեն նոր կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը մատակարարի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համապատասխան համակարգերին միացման գործընթացները։
-
Տևողություն
12.12.2025 31.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 248
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: