Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքը լրացնել նոր 34.1.-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ

   «Հոդված 34.1.    Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալների ուղղումը

1. Կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալ համարվում է այնպիսի անհամապատասխանությունը, որն առաջացել է անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ այդ միավորի փաստացի իրավիճակի հետ չհամապատասխանելու (բացառությամբ սխալ հողօգտագործման դեպքերի) կամ պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում արտացոլված տվյալներին չհամապատասխանելու հետևանքով և որը հանգեցնում է անշարժ գույքի միավորի գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի, կադաստրային քարտեզում տեղադրված չլինելուն կամ սխալ տեղադիրքով տեղադրված լինելուն, նպատակային և գործառնական նշանակությունների, ինչպես նաև սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվության սխալ արտացոլման:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված սխալները կարող են լինել ինչպես կադաստրային քարտեզներում, այնպես էլ իրավունքի պետական գրանցման տվյալներում:

3. Պետական գրանցման տվյալներում առկա սխալների ուղղումը կատարվում է սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, իսկ կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորների սխալները՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի միավորի սխալներն ուղղվում են Կադաստրի կոմիտեի կողմից վարչական վարույթ հարուցելու և եզրափակելու միջոցով, որի վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

5 Սույն օրենքով սահմանված անշարժ գույքի միավորների՝ գծային չափերի, մակերեսի, երկրաչափական տեսքի, կադաստրային քարտեզում տեղադրված չլինելու կամ սխալ տեղադիրքով տեղադրված լինելու հետ կապված սխալների ուղղման վարչական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսանում սեփականատիրոջ կամ իրավատիրոջ անունից չափագրողի կողմից ներկայացված ուղղում կատարելու մասին դիմումը և համապատասխան փաստաթղթերի փաթեթը: Փաթեթի մեջ ներառվում են՝

   1) դիմում՝ անշարժ գույքի միավորի սխալների ուղղում կատարելու և սեփականատիրոջ կամ իրավատիրոջ կողմից լիազորություն ունենալու մասին նշումով.

     2)  չափագրման փաթեթ և իրադրության հատակագիծ՝ համադրված օրթոֆոտոլուսանկարների հետ.

     3)  արձանագրություն:

 6 Սույն հոդվածի 5-րդ մասում նշված սխալների հետ կապված ուղղման դիմումի փաթեթը կազմվում է չափագրողի կողմից: Փաթեթը կազմելուց առաջ չափագրողը պարտավոր է իրականացնել հարցումներ (Կադաստրի կոմիտե, ազգային արխիվ, համայնք և այլն) և ստանալ անհրաժեշտ ելակետային տվյալներ՝ ուղղումն իրականացնելը հիմնավորելու համար: Այս փաստաթղթերը պարտադիր ներառվում են ուղղման փաթեթում:

7. Անշարժ գույքի միավորի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված սխալների ուղղման նպատակով չափագրողը չափագրման գործընթացը փաստացի իրականացնելիս սահմանների նշահարման փուլում նշահարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ պարտավոր է ապահովել բոլոր այն անշարժ գույքերի սեփականատերերի, սեփականության իրավունքի իրավատերերի, գրավատուների ծանուցված լինելը, որոնց անշարժ գույքի սահմանները կարող են առնչվել չափագրված տարածքի նշահարվող սահմանների հետ (այդ թվում՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի): Ծանուցումն իրականացվում է բոլոր հնարավոր միջոցներով՝ փոստ, էլ. փոստ, հեռախոսակապ, անձամբ և այլն, ընդ որում՝ ծանուցմանն ուղղված բոլոր գործողությունները պետք է փաստագրվեն:

 8. Չափագրման ընթացքի վերաբերյալ չափագրողը պարտավոր է կազմել արձանագրություն, այդ թվում՝ արձանագրելով ծանուցված և չծանուցված անձանց (սուբյեկտների) մասին տվյալներ և չծանուցման պատճառներ: Եթե ծանուցված անձանցից որևէ մեկը չի ներկայացել, ապա արձանագրության մեջ չափագրողը ներառում է այդ անձանց տվյալները: Ծանուցված, սակայն չափագրմանը չներկայացած անձինք համարվում են համաձայնություն տված օրենքի ուժով: Արձանագրությունով փաստագրվում են նաև չափագրման գործընթացին առնչվող բոլոր հանգամանքները։ Չծանուցված անձանց մասով Կադաստրի կոմիտեն իրավունք ունի վարույթի ընթացքում օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կամ այլ միջոցներով իրականացնելու կրկնակի ծանուցում, ընդ որում՝ ծանուցման մեջ ներառելով նաև իրադրության հատակագիծը՝ համադրված օրթոֆոտոլուսանկարների հետ:

 9. Չափագրված անշարժ գույքի միավորի իրադրության հատակագիծը պետք է ստորագրվի սույն հոդվածում նշված բոլոր անձանց կողմից, իսկ անհամաձայնությունների դեպքում՝ գրավոր նշվեն անհամաձայնության պատճառները, հիմնավորումները: Վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար: Եթե կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի և շինությունների սահմանի հետ, ապա այդ հանգամանքը համարվում է բավարար ապացույց կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար և կադաստրային քարտեզում այդ սահմանի ուղղումը կատարվում է առանց փոփոխվող սահմանակից հողամասի սեփականատերերի համաձայնության։ Սույն մասով նախատեսված դեպքերում կադաստրային քարտեզը ենթակա է ուղղման օրթոֆոտոհատակագծերի հետ համադրման և ակնադիտական ուսումնասիրության արդյունքում տվյալների (սահմանների) անհամապատասխանությունների բացակայության պարագայում։

  10. Կադաստրային քարտեզում չարտացոլված կամ սխալ տեղադիրքով արտացոլված անշարժ գույքի նույնականացման համար իրադրության հատակագիծը պետք է ստորագրվի հարևան հողամասերի սեփականատերերի կամ իրավատերերի կողմից՝ իրադրության հատակագծում արտացոլված հողամասի տեղադիրքի համապատասխանության նշումով։ Սույն մասով նշված իրադրության հատակագիծը ոչ բոլոր գույքային միավորների սեփականատերերի և իրավատերորի կողմից ստորագրված լինելը խոչընդոտ չի հանդիսանում անշարժ գույքի նույնականացման համար, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար:

 11. Անշարժ գույքի միավորի՝ սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի հարուցման համար չափագրողի կողմից ներկայացված տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են որակավորված անձինք:

 12 Կադաստրի կոմիտեի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացված եզրափակիչ վարչական ակտը հիմք է իրավունքի պետական գրանցման տվյալներում և/կամ կադաստրային քարտեզում համապատասխանաբար ուղղումներ կատարելու կամ չկատարելու համար։

 13. Համապատասխան լիազորություն ունենալու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական վարույթ կարող է հարուցվել նաև միմյանց հետ փոխկապակցված գույքային միավորների՝ գծային չափերի, մակերեսի և երկրաչափական տեսքի, կադաստրային քարտեզում սխալ տեղադիրքով տեղադրված լինելու սխալների ուղղում կատարելու համար, որի համար որպես ապացույց հանդիսանում են բարձր լուծաչափով (մինչև 10 սմ) օրթոֆոտոհատակագծերը, որոնք պետք է կազմված լինեն դիմում ներկայացնելու օրվան նախորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է որակավորում ունեցող անձը։ Նշված դեպքում, եթե կադաստրային քարտեզի ուղղումը չի առաջացնում այլ անշարժ գույքի միավորների գծային չափերի, երկրաչափական տեսքի կամ մակերեսի փոփոխություն, ապա այն կատարվում է առանց այդ հողամասերի սեփականատերերի համաձայնության:

 14. Սույն հոդվածով սահմանված անշարժ գույքի միավորների սխալների ուղղման վարչական վարույթի ընթցաքում լիազորված մարմինն իրավասու է նաև անդրադարձ կատարելու անշարժ գույքի միավորի նպատակային և գործառնական նշանակությունների, ինչպես նաև սուբյեկտի վերաբերյալ սխալների ուղղման հարցին: Հողամասի նպատակային և/կամ գործառնական նշանակության ուղղումները կատարվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 2.

1.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։

 

 

Հանրապետության նախագահ                                                         Վ. Խաչատուրյան

                  ՀՕ- 

Երևան, 2025 թ

  • Քննարկվել է

    07.11.2025 - 27.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1480

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: