Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2018 թվականի N __ -Ն

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ  ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

        Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
  2. Հաստատել՝
  • որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
  •  որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների թեմաների ցանկը   հաստատելու մասին»  հրամանը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2018 թվականի

  _____________   -ի N ___-Ն որոշման

 

 ԿԱՐԳ

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ  ԱՆՑԿԱՑՄԱՆ 

  1. Սույն կարգով կարգավորվում են որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների (այսուհետ՝ դասընթաց) անցկացման հետ կապված հարաբերությունները: 
  2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված իմաստով:
  3. Որդեգրել ցանկացող անձանց համար դասընթացները կազմակերպվում են որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության  համար անհրաժեշտ՝ որդեգրող ծնողի գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման, որդեգրման առաջավոր փորձի ներկայացման, ինչպես նաև դրանք որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության ընթացքում կիրառելու նպատակով:
  4. Որդեգրել ցանկացող անձինք դասընթացներ անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացությունը ստանալուց հետո: Երեխա որդեգրելու հնարավորության մասին բացասական եզրակացություն ստացած քաղաքացիները դասընթացներին չեն մասնակցում:
  5. Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել դասընթացներին:
  6. Դասընթացն իրականացվում է Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից:
  7. Կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է դասընթացի ողջ գործընթացը (դասընթացի ծրագրի մշակում, մասնակիցների հրավիրում, դասընթացավարների ընտրություն, դասընթացի վարում, լրացուցիչ դասընթացին մասնակցելու ցանկը կազմելու նպատակով որդեգրել ցանկացող անձանց կարողությունների գնահատում, հավաստագրերի տրամադրում և այլն):
  8. Դասընթացն իրականացվում է տեսական դասընթացների և գործնական պարապմունքների անցկացման միջոցով:
  9. Հիմնական դասընթացի տևողությունը նվազագույնը քսանչորս ակադեմիական ժամ է: Հաշվի առնելով որդեգրման ենթակա երեխայի խնամքի առանձնահատկությունները` դասընթացը կազմակերպվում է 2 խմբով՝ ընդհանուր և մասնագիտացված:
  10. Դասընթացի անցկացման ժամանակացույցը, թեմաները և ուսումնական նյութերը հաստատում է լիազոր պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարը, որոնք տեղադրվում են լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) պաշտոնական կայքէջերում: 
  11. Լիազոր մարմինը՝ ըստ կենտրոնացված հաշվառման հերթականության, կազմում է որդեգրել ցանկացող անձանց դասընթացի մասնակիցների ցանկը (այսուհետ՝ մասնակիցների ցանկ) և դասընթացը սկսելու օրվանից առնվազն քսան օր առաջ փոխանցում է կազմակերպությանը՝ դրան կցելով այդ անձանց անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները:
  12. Կազմակերպությունը դասընթացի անցկացման մասին որդեգրել ցանկացող անձանց անհատական ձևով պատշաճ ծանուցում է ոչ ուշ, քան դասընթացը սկսելու օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ:
  13. Սույն կարգի 12-րդ կետում նշված անհատական ծանուցումը և հայտարարությունը պետք է ներառեն դասընթացի անցկացման վայրի, սկզբի, տևողության, դասընթացին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին տվյալներ:
  14. Դասընթացի մասնակիցների գրանցումը կատարում է կազմակերպությունը դասընթացի առաջին օրը կամ առաջին օրը չներկայացման դեպքում՝ հաջորդող ներկայացման օրը: Գրանցման համար մասնակիցը պետք է ներկայացնի անձնագիր կամ նույնականացման քարտ:
  15. Դասընթացի ընթացքում կազմակերպության կողմից վարվում է մասնակիցների հաճախումների մատյան, որտեղ յուրաքանչյուր օրվա համար կատարվում են նշումներ՝ մասնակիցների հաճախումների վերաբերյալ:
  16. Դասընթացի ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում, անձը համարվում է դասընթացը չանցած: Դասընթացը չանցած մասնակիցը, ընդհանուր հիմունքներով մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համադրման գործընթացում ընդգրկվելը, կարող է մասնակցել հաջորդող որևէ  դասընթացի: 
  17. Դասընթացն ավարտելուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպությունը լիազոր մարմնին է ներկայացնում դասընթացի անցկացման հաշվետվություն՝ ներառելով դասընթացն անցած մասնակիցների անվանական ցանկը՝ յուրաքանչյուրի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հաճախումները  և լրացուցիչ այլ տվյալներ:
  18. Լիազոր մարմինը, հավաստագիր ստացած մասնակիցների ցանկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում՝ հանրապետական մակարդակում, մուտքագրում է որդեգել ցանկացող անձի՝ դասընթացն անցած լինելու մասին համապատասխան տեղեկատվություն, որը մուտքագրման պահից, առցանց՝ դիտման իրավասությամբ (դիտողի կարգավիճակով) հասանելի է Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանին), ընդ որում, յուրաքանչյուր մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) դիտման իրավասությամբ հասանելի են միայն այն անձանց մասին տվյալները, որոնք, որպես  որդեգրել ցանկացող անձ են հաշվառվել տվյալ մարզում (Երևան քաղաքում):
  19. Դասընթացի հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության  2018 թվականի

  _____________   ի N ___Ն որոշման

 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հայաստանի Հանրապետությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության որոտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքը երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է՝ խնամքի հաստատությունից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալության (հոգաբարձության) կամ որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու և այլընտրանքային ծառայությունների տրամադրման միջոցով:
  3. 2. Վերոհիշյալ քաղաքականությունից ելնելով կարևորվում է որդեգրել ցան­կա­­ցող անձանց համար դասընթացի կազմակերպումը, ինչը թույլ կտա զարգացնել որդեգրել ցանկացող անձանց ծնողավարման հմտությունները, ձեռք բերել բավարար ունակություններ ու հնարավորություններ՝ ապահովելու համար երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:
  4. Դասընթացի անցկացման պահանջի սահմանումը ՀՀ ընտանեկան օրենսգրքում պայմանավորված է միջազգային դրական և հաջողված փորձով: Եվրոպական այն երկրներում, որտեղ իրականացվում են դասընթացներ, դիտարկումները ցույց են տվել, որ այդ դասընթացներն անցած որդեգրել ցանկացող անձինք ծնողական հատուկ բարդությունների և փոփոխությունների հարցում շատ ավելի բավարարված են իրենց ծնողական դերով և ավելի ամուր հոգևոր կապ են հաստատում իրենց երեխաների հետ, քան նրանք, ովքեր չեն անցել դասընթացներ: Որքան ավելի իրատեսական են որդեգրողների պատկերացումները ապագա երեխայի և այն բարդությունների մասին, որոնք կապված են օտար երեխայի դաստիարակության հետ, այնքան ավելի ամուր է այն հոգևոր կապը, որ նրանք ձևավորում են ընտանիքում: 
  1. ՆՊԱՏԱԿԸ
  2. Ծրագրի նպատակն է՝ նպաստել որդեգրողների ընտանիքներում որդեգրված երեխայի նկատմամբ որակյալ խնամքի և դաստիարակության տրամադրմանը և նրանց  օրինական շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը: 
  • ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
  1. Դասընթացի ուղղություններն են՝ հոգեբանական, մանկավարժական, խորհրդատվական-մեթոդական, տեղեկատվական-կրթական և սոցիալական պաշտպանության.

1)   հոգեբանամանկավարժական ուղղությունը ներառում է երեխայի բանավոր և գրավոր խոսքի ուղղման և զարգացման կանխարգելիչ աշխատանքները, երեխայի ճանաչողական գործունեության ուղղման և զարգացման, գիտելիքների բացերի վերացման, դպրոցական առարկաների և հանձնարարությունների կատարման հմտությունների ուսուցման, ժամանակի կազմակերպման, սոցիալական հարմարվողականությանն ուղղված գիտելիքների ձեռքբերման աշխատանքներ.

3) սոցիալական պաշտպանության ուղղությունը ներառում է երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման, երեխայի սոցիալական վարքի հմտությունների, սոցիալական իրավասությունների և իրավական վարքագծի ձեռքբերմանն ուղղված աշխատանքներ.

4) խորհրդատվական մեթոդական ուղղությունը ներառում է որդեգրողներին բժշկական, սոցիալական և իրավական հարցերում մեթոդական օգնության տրամադրում, նրանց երեխաների, այդ թվում հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթական, դաստիարակչական, բժշկական, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աշախատանքներ.

5) տեղեկատվական կրթական  ուղղությունը ներառում է դասախոսությունների, քննարկումների, տպագիր նյութերի, թեմատիկ շնորհանդեսների միջոցով տեղեկատվության տիրապետման նպատակով աջակցության տրամադրման աշխատանքներ՝ պարզաբանել մասնակիցներին երեխայի, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի իրականացման գործընթացում ի հայտ եկած խնդիրները:

  1. Հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին որդեգրել ցանկացող անձանց դասընթացներն իրականացվում են համաձայն ընդհանուր և մասնագիտացված մոդուլների:
  2. Դասընթացի մեթոդներն են`
  • համառոտ դասախոսություններ՝ Power Point ծրագրային փաթեթով.
  • գործնական պարապմունքներ՝ վարժանքներ, դերային խաղեր.
  • ինտերակտիվ քննարկումներ և փորձի փոխանակում, հրավիրյալ խոսնակների կողմից ներկայացումներ (փորձառու խնամողներ՝ որդեգիր, խնամատար ծնող, խնամակալ (հոգաբարձու), հաստատության մասնագետներ)
  • Տեսանյութերի, գիտափորձերի դիտումներ:

 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Ծրագրից ակնկալվող արդյունքն է.

 երեխա որդեգել ցանկացող անձինք տիրապետում են ծնողի համար ծնողավարման մասին անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների, ձեռք են բերել բավարար ունակություններ և հմտություններ՝ երեխայի պատշաճ խնամքը, դաստիարակությունը, նրանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ 

  1. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ, ԾԱՎԱԼԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ  ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ 
  1. Դասընթացն իրականացվում է խմբային մեթոդով և լսարանային պայմաններում՝ անհատական խորհրդատվության, խմբային զրույցների, փորձառու որդեգիր ծնողների փորձի փոխանցման և այլ միջոցներով:
  2. Դասընթացի ավարտից հետո կազմակերպության կողմից մասնակիցներին տրվում է դասընթացին մասնակցելու մասին հավաստագիր:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7704

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

11.06.2018

Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե ինչ է տեղի ունենում այն պարագայում, երբ դասընթացների ընթացքում որդեգրել ցանկացող անձանց մոտ արտահայտվում է էապես այլ վարքագիծ, քան այն, ինչը բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից, ուստի առաջարկում ենք, որ նման դեպքերում երեխաների իրավունքների եւ օրինական շահերի ապահովման նպատակով համապատասխան դասընթացին մասնակցող անձանց համանման վարքագծի պարագայում լիազոր մարմնին տրամադրվի համապատասխան տեղեկատվություն։

Ստելլա Չանդիրյան

11.06.2018

Նախագծով որեւէ կարգավորում նախատեսված չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածով ամրագրված երեխայի որդեգրման գաղտնիքի պահպանման տեսանկյունից։ Չկան կարգավորումներ, որոնք նախատեսում են, որ համապատասխան կազմակերպություններն ու դասընթացներ իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում հայտնի դարձած որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պահպանել, ուստի առաջարկում ենք համապատասխան կարգավորումներ նախատեսել։

Տեսնել ավելին