Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Դավիթ Ասատրյան 22.08.2025 14:24:50 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) Հոդված 6-ը նախատեսում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի որոշ փոփոխություններ։ Նշված փոփոխություններից խնդրահարույց է 54-րդ հոդվածի 18-րդ կետը, որը սահմանում է հետևյալ կարգավորումը․ «Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո դիստրիբյուտորը, ինչպես նաև այն ցանցային օպերատորը, որն օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր»: Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից բխում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում՝ տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու պարագայում, դիստրիբյուտորը, ինչպես նաև ցանցային օպերատորը պարտավորվում են ներկայացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Նշված տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել միայն այն պարագայում, երբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր։ Փաստացի, դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վրա դրվում է պարտականություն՝ պահպանելու տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները մինչև 30 օր։ Նախագծի նման իրավակարգավորումը խնդրահարույց է հետևյալ պատճառաբանություններով․ • «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր են համարվում․ «Հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք»։ Նշված հոդվածից բխում է, որ դիստրիբյուտորը միայն փոխանցում է ծրագրի իրավատիրոջ վերահեռարձակման իրավունքը օպերատորին։ Հեռարձակման և ձայնագրման լիազորություն դիստրիբյուտորը իրավատիրոջ հետ կնքվող պայմանագրով չի ստանձնում։ Դիստրիբյուտորը փաստացի հանդիսանում է իրավատիրոջ հեղինակային իրավունքի պահպանման երաշխավոր և տեսալսողական ծրագրերի անմիջական հեռարձակման, դրա տեսաձայնագրության պահպանման հետ որևէ առնչություն և պարտականություն չունի։ • «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 30-օրյա տեսագրությունների կամ ձայնագրությունների պահպանման պահանջը ենթադրում է դիստրիբյուտորների համար խոշոր ֆինանսական միջոցների ներդրում։ Դիստրիբյուտորը չի տիրապետում տեսաձայնագրություներ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների, չունի հասանելիություն կապուղիներին ու ենթակառուցվածքներին, ընդ որում օրենսդրությունը դիստրիբյուտորի համար նման պահանջ չի նախատեսում: Տեսալսողական ծրագրերի վերահաղորդման թույլտվություն տալու իրավունքը դիստրիբյուտորները ստանում են դրանց իրավատերերից և այն փոխանցում են ցանցային օպերատորներին, ինչից ակնհայտ է, որ դիստրիբյուտորները տեսալսողական ծրագրերի ֆիզիկական հեռարձակման, դրա տեսաձայնագրության պահպանման հետ կապված որևէ գործառույթ չեն իրականացնում, ուստի ապահովված չեն նաև այդ գործառութը իրականացնելու համար համապատասխան սարքավորումներով։ Ավելին, միջին դիստրիբյուտորի դեպքում սա կարող է նշանակել տարեկան միլիոնավոր դրամների ներդրում (սերվերներ, պահեստավորման ծրագրեր, էլեկտրաէներգիա, անձնակազմ)։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի ապահովել նաև անվտանգության և մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմներ։ • Հայաստանյան հեռահաղորդակցության շուկան փոքր է, լիցենզավորված օպերատորները և դիստրիբյուտորները գործում են սահմանափակ շահույթով։ Նման լրացուցիչ ծախսը կարող է դրդել միջազգային իրավատերերին՝ դադարեցնել հայաստանյան շուկայում ներկայությունը՝ շուկան դարձնելով ոչ գրավիչ և ծախսատար։ • Օրենսդրական նոր կարգավորմամբ տեսագրությունների և ձայնագրությունների պահպանման պարտականություն դրվում է և՛ օպերատորների, և՛ դիստրիբյուտորների վրա։ Եթե տեսագրությունները և ձայնագրությունները ստանալու նպատակը պետության վերահսկողական նպատակների իրականացումն է, ապա բավարար է ունենալ մեկ օրինակը։ Քանի որ օպերատորները ունեն տեխնիկական հնարավորություններ, ամենաարդյունավետ լուծումն է ձայնագրության պահպանումը դնել հենց նրանց վրա։ Դիստրիբյուտորների ներգրավումը նույն պահանջով իր բնույթով անհամաչափ է և անհարկի բարդացնում է համակարգը։ Ավելին, տեսաձայնագրությունների դիտման մեկ այլ հնարավորություն կա նախատեսված, որը պրակտիկայում կիրառվում է խոշոր ցանցային օպերատորների կողմից catch up համակարգի միջոցով։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս համակարգի օգտագործման պարագայում նախատեսվում են ավելի կարճ պահպանման ժամկետներ և 30-օրյա պահպանման ժամկետը անհամեմատ երկար է։ Նախագծի Հոդված 7-ով առաջարկվում է փոփոխություն իրականացնել նաև Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի Հոդված 54.1-ի 2-րդ կետում՝ նախատեսելով հետևյալ կարգավորումը․ «Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը, ինչպես նաև այն ցանցային օպերատորը, որը հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա վերահաղորդում է իրականացնում, կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելը առաջացնում է տրամադրված թույլտվության դադարեցում»։ Փաստորեն, կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու պարագայում նախատեսվում է տրամադրված թույլտվության դադարեցում։ Այս կարգավորւմը իր բնույթով նույնպես անհամաչափ է, քանզի․ • Նշված ժամկետում տեսագրության ու ձայնագրության չտրամադրելը դեռևս չի նշանակում, որ խախտում եղել է։ • Հնարավոր են տեխնիկական խափանումներ՝ ինտերնետի, արբանյակային կապի կամ էլեկտրամատակարարման խնդիրներ, որոնք կարող են հանդիսանալ չտրամադրման հիմք։ Առաջարկներ 1. Ձայնագրությունների պահպանումը ավելի նպատակահարմար է դնել ցանցային օպերատորների վրա։ Նրանք ունեն տեխնիկական առումով ավելի զարգացած ենթակառուցվածք և կարող են ապահովել այդ պահանջը։ Ավելին, վերջիններիս կողմից catch up համակարգի միջոցով տեսաձայնագրությունների պահպանումը, որի իրականացվում է անհամեմատ կարճ ժամկետներով, տարածված պրակիկա է։ 2. 30-օրյա ժամկետի փոխարեն անհրաժեշտ է սահմանել համաչափ ժամկետ ՝ հաշվի առնելով ոլորտի հայաստանյան շուկայի զարգացվածությունը, ֆինանսական հնարավորությունները, սարքավորումներով հագեցվածությունը։ 3. Կարգավորող պետական մարմնի պահանջով տեսագրությունն ու ձայնագրությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու պարագայում նախատեսվում է տրամադրված թույլտվության դադարեցում։ Նման պատասխանատվությունը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատասխանատվության միջոցներով, օրինակ՝ տուգանք կամ նախազգուշացում, քանի որ տվյալների չտրամադրումը կարող է հետևանք լինել տարբեր խնդիրների՝ կապի կամ էլեկտրամատակարարման։ Չի ընդունվել: Նախագծի վերաբերյալ այն առաջարկությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են տեսաձայնագրությունները 30 օր պահպանելու պարտականությունը դիստրիբյուտորների վրա դնելն անընդունելի կամ ոչ իրատեսական, ինչպես նաև այն պնդումը, ըստ որի դիստրիբյուտորները չեն կարող իրավատերերից ստանալ և իրավասու մարմնին փոխանցել տեսալսողական ծրագրերի տեսաձայնագրությունները, այդ առնչությամբ հարկ է նշել հետևյալը. Ծրագրի իրավատիրոջ հետ կնքվող պայմանագրերում կարող են և պետք է ամրագրվեն դրույթներ, որոնցով դիստրիբյուտորը պարտավորվում է ապահովել կարգավորող մարմնի համար անհրաժեշտ հասանելիությունը, այդ թվում՝ տեսաձայնագրությունների տրամադրումը։ Այսինքն՝ նշված պահանջները պետք է ներառվեն դիստրիբյուտորների կողմից կնքվող պայմանագրերի մեջ՝ որպես պարտադիր պայման, այլ ոչ թե դիտարկվեն որպես Հանձնաժողովի կողմից առաջադրված ոչ տրամաբանական պահանջ: Միաժամանակ, Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկվող փոփոխությունների կարևոր նպատակներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությանն ուղղված սպառնալիքների նվազեցումն է։ Այս անհրաժեշտությունը, ի թիվս այլնի, բխում է նաև այն հանգամանքից, որ տեսալսողական մեդիայի ոլորտը բավարար չափով պաշտպանված չէ օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե հեռահաղորդակցության ոլորտը փոքր շուկա է և նման պահանջները կարող են ՀՀ տարածքում տեսալսողական ծրագրերի հեռարձակումը դարձնել ոչ նպատակահարմար, ապա այդ տեսակետը չի համապատասխանում իրականությանը և չի կարող արդարացում համարվել Օրենքով նախատեսված պարտավորություններից խուսափելու համար։ Տեսալսողական ծրագրերի տեսաձայնագրությունների պահպանման վերաբերյալ հայտնում եմ. Գործող օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ 1. Լիցենզիա ստացած Հեռարձակողները պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան և պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքերի: Այսպիսով, օրենսդիրը արդեն իսկ սահմանել է մասնավոր կազմակերպությունների՝ Հեռարձակողների համար պարտականություն՝ պահպանելու հեռարձակված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները։ Օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են միայն սահմանել նմանատիպ պարտականություն նաև դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների համար։ Ինչ վերաբերում է նրան, որ դիստրիբյուտորները չունեն անհրաժեշտ ենթակառուցվածք կամ սերվերներ և օրենսդրությունը չի նախատեսում նման պահանջ, ապա հայտնում ենք այս Նախագծով օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է նման պահանջ, իսկ դիստրիբյուտորները պարտավոր են ապահովել կարգավորող մարմնի համար անհրաժեշտ հասանելիությունը և կատարել օրենքով սահմանված պարտականությունները։ Ձեր կողմից նշված հաջորդ պնդման վերաբերյալ, ըստ որի փոփոխությունները չեն ենթադրում հիմնավորում՝ տեսալսողական ծրագրերը 30 օր պահպանելու պարտականություն նախատեսելու համար, քանի որ օպերատորները կարող են ապահովել դրանց հասանելիությունը «catch up» համակարգի միջոցով, հայտնում ենք, որ ոչ բոլոր ցանցային օպերատորներն են տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնում IPTV կամ OTT համակարգերով, իսկ «catch up» համակարգի գործառույթներն ինքնին սահմանափակ են և չեն ապահովում պարտադիր պահպանման պահանջի լիարժեք իրականացումը:
2 Գեւորգ Հայրապետյան 22.08.2025 15:51:19 Նախագիծն առնվազն տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք սահմանող դրույթի մասով չի բխում Նախագծի հիմնավորումից: Այսպես, հիմնավորմամբ իրավական որոշակիության ապահովման, անորոշություններից խուսափելու նպատակով ըստ էության առաջարկ է արվում գործող բլանկետային նորմերի փոխարեն սահմանել կոնկրետ/ինքնաբավ նորմեր: Սակայն նախագիծը այդպես էլ չի սահմանում կոնկրետ եւ ինքնաբավ կանոններ, քանի որ ամբողջությամբ պահպանում է բլանկետայնությունը Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանելով, որ արգելվում է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Ավելին, անգամ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի տարբեր դրույթներով նախատեսված ոչ բոլոր տեղեկություններն են, որ կոնկրետ են, դրանցից որոշների (օրինակ՝ բռնության կամ քրեական ենթամշակույթի քարոզի) բովանդակությունը բացահայտելու համար նույնպես անհրաժեշտ է դիմել այլ իրավական ակտերի: Այս համատեքստում տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերի հստակեցման փորձը հակառակը, թյուրըմբռնումների եւ տարընթերցումների տեղիք է տալիս: Օրինակ, անհասկանալի է Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի եւ նույն հոդվածի 4-րդ մասի (պահպանվել է գործող օրենքի ձեւակերպումը) հարաբերակցությունը: Պարզ չէ, թե ինչու՞ է մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը արգելվում, մեկ այլ դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որը նույնպես քրեորեն պատժելի եւ օրենսդրությամբ արգելվող արարքի կոչ է իր էությամբ, միայն ենթարկվում ժամային սահմանափակման: Անորոշությունների այլ օրինակներ տես հաջորդ առաջարկներում: Նման պայմաններում գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի առաջարկվող խմբագրությունը չի բխում Նախագծի հիմնավորումից, թյուրըմբռնումների եւ տարաձայնությունների տեղիք է տալիս, ըստ այդմ կարող է արտահայտվելու ազատության ոչ իրավաչափ միջամտության առիթ հանդիսանալ, ուստի անհրաժեշտ չէ կամ պետք է ամբողջությամբ վերախմբագրվի: Ներկայացված առաջարակությունը ներկայումս քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ:
3 Գեւորգ Հայրապետյան 22.08.2025 15:51:19 Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում անորոշ է եւ պարզ չէ, թե Նախագիծը «նման նպատակ»-ի ներքո բռնություն և դաժանություն քարոզելու նպատակի կամ նույն մասի վերջին կետով նշված քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելու մեջ չներառվող ինչ նպատակ նկատի ունի: Եթե հնարավոր չէ հստակեցնել նման այլ նպատակները, ապա առաջարկում ենք նշված դրությում «կամ նման նպատակ» բառերը հանել, իսկ եթե նման այլ նպատակները հնարավոր է հստակեցնել, ապա առաջարկում ենք առնվազն «նման» բառից հետո ավելացնել «այլ» բառը: Ընդունվել է, կատարվել է համապատասխան փոփոխություն:
4 Գեւորգ Հայրապետյան 22.08.2025 15:51:19 Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արգելվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչու են նախատեսվում միայն խտրականության մի քանի դրսեւորումներ՝ անտեսելով խտրականության այլ դրսեւորումները (տես՝ Սահմանադրության 29-րդ հոդվածը): Նախագծով նախատեսված խտրականության դրսևորումներով չի սահմանափակվում դրանց շրջանակը, հաշվի առնելով, որ Նախագծում նշվում է ՝ «... սոցիալական բնույթի այլ հատկանիշներով..... »: Տվյալ պարագայում «այլ» եզրույթը ենթադրում է Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված խտրականության մնացած դրսևորումները:
5 Գեւորգ Հայրապետյան 22.08.2025 15:51:19 Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ (Նախագծի հրապարակված տարբերակում թվագրումը խախտված է, 4-րդի փոխարեն նշված է 3-րդ) մասոով (պահպանվել է Օրենքի գործող կարգավորումը) ժամային սահմանափակում է նախատեսում ի թիվս այլնի ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակման համար: Նշված դրույթը հատկապես Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով հստակեցվող դեպքերի առկայության համատեքստում խնդրահարույց եւ անորոշ է այնքանով, որքանով «բռնություն» եզրույթը ներպետական օրենսդրությամբ ունի չափազանց լայն եւ տարբեր բովանդակություն եւ ներառում է ինչպես ֆիզիկական կամ սեռական բռնությունը, այնպես էլ հոգեբանական բռնությունը, տնտեսական բռնությունը եւ անտեսումը (տես՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը): Նման պարագայում գրեթե բոլոր ֆիլմերը եւ հաղորդումները, մասնավորապես դրամաների, մելոդրամաների, թրիլլերների, դետեկտիվների ժանրերի ֆիլմերը կամ սոցիալական թոք-շոուները/հաղրոդումները ենթակա կլինեն հեռարձակման ժամային սահմանափակման, ինչը ողջամիտ չէ: Այս դիտարկումն արվում է այն համատեքստում, որ ի տարբերություն Օրենքի գործող կարգավորման, որով  կարգավորող պետական մարմինը սահմանում է նման հաղորդումների որոշման չափորոշիչները, Նախագծով նշված հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի շրջանակներում կարգավորող պետական մարմինը իրավասու է սահմանելու միայն տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները, բայց ոչ բացառել կամ ներառել այս կամ այն բռնության տեսակը: Նշվածի համատեքստում խնդրահարույց է դառնում նաեւ «պարունակող» եզրույթն այնքանով, որքանով բռնության որոշ տեսակների առկայությունը ֆիլմում կամ հաղորդումներում կարող է պայմանավորվել հենց սյուժեով՝ անկախ բռությունն ուղղակիորեն ցուցադրել-չցուցադրելու հանգամանքից: Առաջարկում ենք հստակեցնել, թե նշված դրությում ինչ բռնության մասին է խոսքը, ինչպես նաեւ ըստ այդմ ըստ անհրաժեշտության հստակեցնել «պարունակող» եզրույթի բովանդակությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 28-ի թիվ 74-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանվել են բռնություն քարոզող տեսալսողական հաղորդումների չափորոշիչները:
6 Գեւորգ Հայրապետյան 22.08.2025 15:51:19 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ (Նախագծի հրապարակված տարբերակում թվագրումը խախտված է, 7-րդի փոխարեն նշված է 6-րդ) մասում (պահպանվել է Օրենքի գործող ձեւակերպումը) «արհեսականակ» բառը հանել կամ փոխարինել այլ, օրինակ «տեխնիկական եւ ծրագրային» բառերով այնքանով, որքանով նման արգելքների նկատմամբ առերեւույթ կիրառելի չեն «արհեսականակ» կամ «բնական» եզրույթները: «Արհեսականակ» բառը «տեխնիկական կամ ծրագրային» բառով փոխարինելու դեպքում անհրաժեշտ կլինի նույն դրույթում «ներդրման» բառից հետո նշված «տեխնիկական» բառը հանել: Առաջարկում ենք նույն դրույթում փակագծերում նշված «կոդի» բառը (պահպանվել է Օրենքի գործող ձեւակերպումը) հանել կամ լրացնել «գրանցման կամ հաղորդման հասանելիության համադրելի այլ նախապայմանների» բառերով, քանի որ հաղորդման կամ բովանդակության հասանելիությունը միայն որոշ պայմանների դեպքում տրամադրելու մեխանիզմները (Conditional Access Systems) չեն սահմանափակվում միայն կոդով: Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն:
7 Գեւորգ Հայրապետյան 22.08.2025 15:51:19 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում, ինչպես նաեւ Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող Օրենքի 58.1-րդ հոդվածի 3-րդ (Նախագծի հրապարակված տարբերակում թվագրումը խախտված է, 3-րդի փոխարեն նշված է 2-րդ) մասի 3-րդ կետում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով, քանի որ նշված դեպքերում առերեւույթ խոսք է գնում ոչ թե «տեղեկատվության» (տեղեկությունը փնտրելու և ստանալու, տեղեկությունը տրամադրելու գործընթացի), «տեղեկության» (անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ ստացված կամ ձևավորված տվյալների) մասին (տե՛ս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ըստ այդմ «տեղեկատվություն տարածել» արտահայտությունը կրկնաբանություն է եւ ճիշտ չէ): Չի ընդունվել, հաշվի առնելով, որ գործող՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում օգտագործվում է «տեղեկատվություն» բառը և հասկացությունների բաժնում սահմանվում է «տեսալսողական տեղեկատվություն» հասկացությունը: Միաժամանակ, Նախագծի համարակալումը շտկված է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: