22.08.2025
Նախագիծն առնվազն տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք սահմանող դրույթի մասով չի բխում Նախագծի հիմնավորումից: Այսպես, հիմնավորմամբ իրավական որոշակիության ապահովման, անորոշություններից խուսափելու նպատակով ըստ էության առաջարկ է արվում գործող բլանկետային նորմերի փոխարեն սահմանել կոնկրետ/ինքնաբավ նորմեր: Սակայն նախագիծը այդպես էլ չի սահմանում կոնկրետ եւ ինքնաբավ կանոններ, քանի որ ամբողջությամբ պահպանում է բլանկետայնությունը Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանելով, որ արգելվում է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Ավելին, անգամ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի տարբեր դրույթներով նախատեսված ոչ բոլոր տեղեկություններն են, որ կոնկրետ են, դրանցից որոշների (օրինակ՝ բռնության կամ քրեական ենթամշակույթի քարոզի) բովանդակությունը բացահայտելու համար նույնպես անհրաժեշտ է դիմել այլ իրավական ակտերի: Այս համատեքստում տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերի հստակեցման փորձը հակառակը, թյուրըմբռնումների եւ տարընթերցումների տեղիք է տալիս: Օրինակ, անհասկանալի է Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի եւ նույն հոդվածի 4-րդ մասի (պահպանվել է գործող օրենքի ձեւակերպումը) հարաբերակցությունը: Պարզ չէ, թե ինչու՞ է մի դեպքում քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը արգելվում, մեկ այլ դեպքում քրեական ենթամշակույթի քարոզը, որը նույնպես քրեորեն պատժելի եւ օրենսդրությամբ արգելվող արարքի կոչ է իր էությամբ, միայն ենթարկվում ժամային սահմանափակման: Անորոշությունների այլ օրինակներ տես հաջորդ առաջարկներում: Նման պայմաններում գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի առաջարկվող խմբագրությունը չի բխում Նախագծի հիմնավորումից, թյուրըմբռնումների եւ տարաձայնությունների տեղիք է տալիս, ըստ այդմ կարող է արտահայտվելու ազատության ոչ իրավաչափ միջամտության առիթ հանդիսանալ, ուստի անհրաժեշտ չէ կամ պետք է ամբողջությամբ վերախմբագրվի: