Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունման համար հիմք է հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ (հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը) կետը, ինչպես նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1․1-ին մասի (Սույն օրենքով նախատեսված` պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը)։
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով:
Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ և 41.1-ին կետերին և Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2․1, գործողություն 11):
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար:
Դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։
Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների թվին են դասվում այն փառատոները, մրցույթներն ու մրցանակաբաշխությունները, որոնք ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների (ասոցիացիաների)՝ ինչպես օրինակ, Թատերարվեստի համաշխարհային կազմակերպությունը (ՎԱՊԱ (WAPA)), Եվրոպական փառատոնային ասոցիացիա (ԻՖԱ (EFA)), Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՊՖ (FIAPF)) և այլոց կողմից։
Հավելվածի աղյուսակում ընդգրկված փառատոների, մրցույթների և մրցանակաբաշխությունների ցանկը ձևավորվել է վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաստատված ցանկից։
Միջազգային հեղինակավոր մրցույթները, փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին․ միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։
Այսպես, օրինակ՝ 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՊՖ-ի) կողմից հաստատված հեղինակավոր Ա դասի կինոփառատոների շարքին են դասվում 51 կինոփառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագիտացված փառատոներ: Ա դասի կինոփառատոների շարքին դասվելու համար, ըստ ՖԻԱՊՖ-ի, անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ չափորոշիչներին՝ միջազգային ձևաչափ, ամենամյա անցկացում, ցուցադրվող ֆիլմերի պրեմիերաներ, միջազգային ժյուրի և պետական աջակցություն: Այս պայմաններն ապահովելու պարագայում, կինոփառատոնը ստանում է ՖԻԱՊՖ-ի հավաստագիր:
Մշակույթի ասպարեզում ոչ բոլոր ոլորտներն ունեն մեծ և միասնական միջազգային ոլորտային կազմակերպություններ/ասոցիացիաներ։ Մեծերի կողքին կան նաև բազմաթիվ փոքր ասոցիացիաներ, որոնց կազմում ներառված են սահմանափակ թվով անդամներ։ Պարբերաբար ծնվում են նոր մրցույթներ և մյուս կողմից դադարեցնում են իրենց գործունեությունը հները։ Առաջարկվող ցանկը կազմվել է ՀՀ ոլորտային ստեղծագործական միությունների և ուսումնական հաստատությունների հետ քննարկման և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող միջազգային փառատոների համադրման արդյունքում։
Նույն սկզբունքը գործում է նաև մյուս ոլորտային միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների դեպքում։
Ներկայացված ցանկում ընդգրկված են նաև մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը նշյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի։ Մասնավորապես, հայկական ֆիլմերի ընդգրկումը Օսկարի մրցանակաբաշխության ֆիլմերի կարճ ցանկում (շորթ լիստ), մասնակցությունը Էդինբուրգի, Ավինյոնի և Զալցբուրգի փառատոներին արդեն իսկ համարվում է հաղթանակ, քանի որ դա նշանակում է, որ ֆիլմերը կամ ներկայացումները, կամ արտիստները անցել են նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում։
Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:
Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։
Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում Որոշման կից ներկայացվող Հավելվածի աղյուսակում նշված գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի:
Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը (ՀՀ կառավարության 02.06.2020 թ. N 1096-Ն որոշում)։ Այս համադրության մեջ ամսեկան 660 հազ․ դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։
Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։
Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։
Դրամական խրախուսման հատկացումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
Ներկայումս գործում է Հայաստանի Հանրապետության կառավարություն 2024 թվականի փետրվարի 29-ի N 305Լ որոշմամբ հաստատցած «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ծրագիրը, և 2024 թվականից ի վեր, գործում է լիարժեք և արդեն իսկ արձանագրել է փաստացի կիրառություն։ Հիմնված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրված տվյալների վրա՝ ծրագրի շրջանակում դիմել է 20-ից ավելի դիմորդ, որոնցից մի մասը ներկայացնում է իրավաբանական անձինք (ՍՊԸ-ներ, ՀԿ-ներ, ՊՈԱԿ-ներ), իսկ մյուս մասը՝ անհատ ստեղծագործողներ:Մասնավորապես՝ խրախուսման ծրագրին դիմել են և առնվազն մասնակցության կամ մրցանակի հիմքով դիտարկվել են կինոարվեստի ոլորտի (Մոտ 7 մասնակից՝ վավերագրական և խաղարկային ֆիլմերի հեղինակներ, կինոընկերություններ՝ ներկայացվել են հեղինակավոր միջազգային կինոփառատոններ, այդ թվում՝ Գոա, Կահիրե, Վենետիկ, Տամպերե, Մար դել Պլատա, IFFK (Կերալա), և Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխություն), թատերարվեստի ոլորտի (3 կազմակերպություն և անհատ՝ թատերախմբեր, անկախ կատարողներ` մասնակցություն Չեխովյան, Ավինյոնի և այլ միջազգային հեղինակավոր փառատոների), պարարվեստի ոլորտի (3 անհատ մասնակից՝ դասական և ժամանակակից պարի ոլորտում) և Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում(1 «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն, որն հաղթող է ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո գործող «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունում):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված ուսումնասրիության արդյունքներով, արձանագրվել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր, մասնավորապես՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, նկատվում է աճ՝ միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին դիմող մասնակիցների քանակի մեջ։
Որոշման հաստատման դեպքում ֆինանսավորման աղբյուրները կհստակեցվեն, հատկապես, որ պահանջվող միջոցները մեծածավալ չեն։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական գնահատականի համաձայն, պետության կողմից դրամական խրախուսման գումարը հատկացնելու համար տարեկան կպահանջվի 85 800 հազ․ դրամ գումար և այդ ֆինանսավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում՝ չառաջացնելով բյուջետային ծախսերի ավելացում։
Որոշմամբ կանոնակարգվում են նաև դրամական խրախուսման դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Դրամական խրախուսման թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքագրման և դրամական խրախուսման թեկնածուների հետագա առաջադրման նպատակով նախարարի հրամանով հաստատվում է հանձնաժողովի կազմը: Այն բաղկացած է լինելու 11 անդամներից՝ մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալի գլխավորությամբ: Կազմում ընդգրկված են լինելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և ֆինանսաբյուջետային վարչությունների, ինչպես նաև երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, մշակութային ժառանգության և գրականության ոլորտների մասնագետներից ներկայացուցիչներ, որոնք առաջադրվում են տվյալ ոլորտում գործող Միությունների (ՀԿ) կողմից (կոմպոզիտորների միություն, գրողների միություն, կինոգործիչների միություն և այլն, որոնց վարչության խորհրդի կազմերում ընդգրկված են նաև ուսումնական հաստատությունների մասնագետները): Նշված խորհրդի նիստերի արդյունքում Միությունները Նախարարությանը պետք է տրամադրեն համապատասխան թեկնածու՝ հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար: Հանձնաժողովը ուսումնասիրելու է դրամական խրախուսման թեկնածուների հայտադիմումները և ընտրված թեկնածուների վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացվելու նախարարի հաստատմանը:
Նախարարության կողմից ստեղծվելու է դրամական խրախուսում ստացած մշակույթի գործիչների էլեկտրոնային շտեմարան, որը մշտապես համալրվելու է։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կարժևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, մշակույթի գործիչների և ինքնազբաղ արվեստագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր, որը կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ (Մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործական ծրագրերի աջակցություն՝ դրամաշնորհների հատկացման բաց-մրցութային համակարգի միջոցով, ինչպես նաև դեբյուտային ստեղծագործական ծրագրերի և արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսում) և 41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետերին և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2․1 (Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում), գործողություն 11 (Մշակույթի և ստեղծարար ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ձևավորում):