Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՎՃԱՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Իրավական ակտի ընդունման համար հիմք է հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ (հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը) կետը, ինչպես նաև «ՀՀ բյուջետային համա­կարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1․1-ին մասի (Սույն օրենքով նախա­տեսված` պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը)։

Որոշման անհրաժեշտությունը պայմանա­վորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով:

 Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ և 41.1-ին կետերին և Հայաստանի Հանրապետության մշակույթի պահ­պանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավա­րությանը (գերակա նպատակ 2․1, գործողություն 11):

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Որոշման նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել  մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշ­խու­թյունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար:

Դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։

Մի­ջազգային հեղինա­կավոր փառատոների և մրցանակաբաշ­խությունների թվին են դասվում այն փա­ռատոները, մրցույթներն ու մրցանակաբաշխությունները, որոնք ցանկը հաստատվում է ոլոր­տային միջազգային կազմակերպություննե­րի (ասոցիա­ցիաների)՝ ինչպես օրինակ, Թատե­րարվեստի համաշխարհային կազմա­կերպությունը (ՎԱՊԱ (WAPA)), Եվրոպական փառա­տոնային ասոցիացիա (ԻՖԱ (EFA)), Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՊՖ (FIAPF)) և այլոց կողմից։

Հավելվածի աղյուսակում ընդգրկված փառատոների, մրցույթների և մրցանակաբաշխու­թյունների ցանկը ձևավորվել է վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաստատված ցանկից։

Միջազգային հեղինակավոր մրցույթները, փառատոները պետք է պարտադիր համա­պատասխանեն հետևյալ չափորոշիչներին․ միջազգային ձևաչափ, պարբերական անցկա­ցում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։

Այսպես, օրինակ՝ 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացի­աների միջազգային ֆեդերա­ցիա­յի (ՖԻԱՊՖ-ի) կողմից հաստատված հեղինակա­վոր Ա դա­սի կինոփառատոների շարքին են դասվում  51 կինոփառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագի­տացված փառա­տոներ: Ա դասի կինոփառատոների շարքին դասվելու համար, ըստ ՖԻԱՊՖ-ի, անհրաժեշտ է  համապատասխանել հետևյալ չափորոշիչներին՝ միջազգային ձևաչափ, ամենամյա անց­կա­ցում, ցուցադրվող ֆիլմերի պրեմիերաներ, միջազգային ժյուրի և պետական աջակ­ցու­թյուն: Այս պայմաններն ապահովելու պարագայում, կինոփառատոնը ստանում է ՖԻԱՊՖ-ի հավաստագիր:

Մշակույթի ասպարեզում ոչ բոլոր ոլորտներն ունեն մեծ և միասնական միջազգային ոլորտային կազմակերպություններ/ասոցիացիաներ։ Մեծերի կողքին կան նաև բազմաթիվ փոքր ասոցիացիաներ, որոնց կազմում ներառված են սահմանափակ թվով անդամներ։ Պարբերաբար ծնվում են նոր մրցույթներ և մյուս կողմից դադարեցնում են իրենց գործունեությունը հները։ Առաջարկվող ցանկը կազմվել է ՀՀ ոլորտային ստեղծագործական միությունների և ուսումնական հաստատությունների հետ քննարկման և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող միջազգային փառատոների համադրման արդյունքում։ 

Նույն սկզբունքը գործում է նաև մյուս ոլորտային միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների դեպքում։

Ներկայացված ցանկում ընդգրկված են նաև մրցանակաբաշխություններ կամ փառա­տոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը նշյալ փառատոնին արդեն իսկ հա­վասարազոր է հաղթանակի։ Մասնավորապես, հայկական ֆիլմերի ընդգրկումը Օսկարի մրցանակաբաշխության ֆիլմերի կարճ ցանկում (շորթ լիստ), մասնակցությունը Էդինբուրգի, Ավինյոնի և Զալցբուրգի փառատոներին արդեն իսկ համարվում է հաղթանակ, քանի որ դա նշանակում է, որ ֆիլմերը կամ ներկայացումները, կամ արտիստները անցել են նախըն­տրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում։  

Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի Հանրա­պետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:

Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։

Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում Որոշման կից ներկայացվող Հավելվածի աղյուսակում նշված գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժա­նացել է մրցանակի:

Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը (ՀՀ կառավա­րության 02.06.2020 թ. N 1096-Ն որոշում)։ Այս համադրության մեջ ամսեկան 660 հազ․ դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։

Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։

Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծա­գործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։

Դրամական խրախուսման հատկացումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

 

Ներկայումս գործում է  Հայաստանի Հանրապետության կառավարություն 2024 թվականի  փետրվարի 29-ի N 305Լ որոշմամբ հաստատցած «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ծրագիրը, և 2024 թվականից ի վեր, գործում է լիարժեք և արդեն իսկ արձանագրել է փաստացի կիրառություն։ Հիմնված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքագրված տվյալների վրա՝ ծրագրի շրջանակում դիմել է 20-ից ավելի դիմորդ, որոնցից մի մասը ներկայացնում է իրավաբանական անձինք (ՍՊԸ-ներ, ՀԿ-ներ, ՊՈԱԿ-ներ), իսկ մյուս մասը՝ անհատ ստեղծագործողներ:Մասնավորապես՝ խրախուսման ծրագրին դիմել են և առնվազն մասնակցության կամ մրցանակի հիմքով դիտարկվել են կինոարվեստի ոլորտի (Մոտ 7 մասնակից՝ վավերագրական և խաղարկային ֆիլմերի հեղինակներ, կինոընկերություններ՝ ներկայացվել են հեղինակավոր միջազգային կինոփառատոններ, այդ թվում՝ Գոա, Կահիրե, Վենետիկ, Տամպերե, Մար դել Պլատա, IFFK (Կերալա), և Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխություն), թատերարվեստի ոլորտի (3 կազմակերպություն և անհատ՝ թատերախմբեր, անկախ կատարողներ` մասնակցություն Չեխովյան, Ավինյոնի և այլ միջազգային հեղինակավոր փառատոների), պարարվեստի ոլորտի (3 անհատ մասնակից՝ դասական և ժամանակակից պարի ոլորտում) և Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում(1 «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն, որն հաղթող է ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո գործող «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունում):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված ուսումնասրիության արդյունքներով, արձանագրվել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր, մասնավորապես՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, նկատվում է աճ՝ միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին դիմող մասնակիցների քանակի մեջ։

Որոշման հաստատման դեպքում ֆինանսավորման աղբյուրները կհստակեցվեն, հատկա­պես, որ պահանջվող միջոցները մեծածավալ չեն։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական գնահա­տականի համաձայն, պետության կողմից դրամական խրախուսման գումարը հատկացնելու համար տարեկան կպահանջվի 85 800 հազ․ դրամ գումար և այդ ֆինանսավորումը կարող է իրակա­նացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոց­ների շրջանակներում՝ չառաջացնելով բյու­ջետային ծախսերի ավելացում։

Որոշմամբ կանոնակարգվում են նաև դրամական խրախուսման դիմելու ժամկետները, ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Դրամական խրախուսման թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքագրման և դրամական խրախուսման թեկնածուների հետագա առաջադրման նպատակով նախարարի հրամանով հաստատվում է հանձնաժողովի կազմը: Այն բաղկացած է լինելու 11 անդամներից՝  մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալի գլխավորությամբ: Կազմում ընդգրկված են լինելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության և ֆինանսաբյուջետային վարչությունների, ինչպես նաև երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, մշակութային ժառանգության և գրականության ոլորտների մասնագետներից ներկայացուցիչներ, որոնք առաջադրվում են տվյալ ոլորտում գործող Միությունների (ՀԿ) կողմից (կոմպոզիտորների միություն, գրողների միություն, կինոգործիչների միություն և այլն, որոնց վարչության խորհրդի կազմերում ընդգրկված են նաև ուսումնական հաստատությունների մասնագետները): Նշված խորհրդի նիստերի արդյունքում Միությունները Նախարարությանը պետք է տրամադրեն համապատասխան թեկնածու՝ հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար: Հանձնաժողովը ուսումնասիրելու է դրամական խրախուսման թեկնածուների հայտադիմումները և ընտրված թեկնածուների վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացվելու նախարարի հաստատմանը:

Նախարարության կողմից ստեղծվելու է դրամական խրախուսում ստացած մշակույթի գործիչների էլեկտրոնային շտեմարան, որը մշտապես համալրվելու է։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման ընդունմամբ կարժևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, մշակույթի գործիչների և ինքնազբաղ արվես­տագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր, որը կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 

«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի սպասվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 

«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հան­րապետության կառա­վարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ (Մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործական ծրագրերի աջակցություն՝ դրամաշնորհների հատկացման բաց-մրցու­թային համակարգի միջոցով, ինչպես նաև դեբյուտային ստեղծագործական ծրագրերի և արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսում) և 41.1-րդ (Ինքնազբաղ/ անկախ ստեղծագործողների գործունեության խթանում) կետերին և ՀՀ մշակույթի պահ­պանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավա­րությանը (գերակա նպատակ 2․1 (Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում), գործողություն 11 (Մշակույթի և ստեղծարար ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ձևավորում):

 

 

  • Discussed

    10.06.2025 - 25.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1403

Print

Suggestions

Սերգեյ Հովսեփյան

18.06.2025

Առաջարկում եմ հավելվածի 4 կետում, որը սկսվում է «Ոչ անհատական (խմբային) արդյունքի...» նախադասությունով ավելացնել նոր նախադասություն կամ առանձին կետ՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտում «մշակույթի գործիչ» հասկացության ներքո ընդգրկվում են նաև ֆիլմի պրոդյուսերները՝ որպես ստեղծագործական գործընթացի հեղինակակիցներ և ֆիլմի միջազգային ներկայացման, փառատոնային տարածման և ռազմավարական զարգացման պատասխանատու անձինք։ Նրանց մասնակցությունը համարվում է ստեղծագործական ներդրում՝ խրախուսման իրավունքի տեսանկյունից»։

Սերգեյ Հովսեփյան

18.06.2025

«Ստեղծագործական» եզրույթի սահմանման բացակայություն Նախագծում բազմիցս օգտագործվում է «ստեղծագործական խումբ», «մշակույթի գործիչ» / «деятель культуры» տերմինաբանությունը, սակայն չկան հստակ սահմանումներ, թե որ մասնագիտությունները համարվում են ստեղծագործական։ Միևնույն ժամանակ նման տերմինաբանություն բացակայում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում: «Նորմատիվ իրավական ակտրեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:» Այս բացակայությունը հնարավորություն է տալիս որոշող հանձնաժողովին մերժել պրոդյուսերին՝ հղումով ոչ կոնկրետ չափանիշների վրա, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։

Սերգեյ Հովսեփյան

18.06.2025

Ծրագիրը խախտում է հավասարության սկզբունքը ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածի համաձայն բոլորը օրենքի առաջ հավասար են։ Արգելվում է որևէ խտրականություն։ Երբ ռեժիսորն ու դերասանը կարող են ստանալ խրախուսում նույն նախագծից, իսկ պրոդյուսերը՝ ոչ, սա կարող է դիտարկվել որպես անմիջական կամ անուղղակի խտրականություն մասնագիտական պատկանելության հիմքով։ Այս դռսևորումը գոյություն ունի նաև Հայաստանի կինոյի հիմնադրամում, քանի որ պրոդյուսերները դրամաշնորհային ֆինանսավորում չեն ստանում, թեև դրամաշնորհը դա ոլորտային խրախոսանք է, այլ ոչ թե բանկային պարտավորություն: Ստացվում է, որ պետականորեն կինոարտադրության հիմնական դերակատարին «նեղում են», ու ակնկալում են, որ նա պետք է իր ուժերով երիտասարդներին ճանապարհ տա ի վնաս իրեն՝ մի երկրում, որտեղ կինոն ամեն օր արժեզրկվում է: Գուցե կոպիտ է հնչում, բայց սա ցավալի իրականությունն է և բառի բուն իմաստով մասնագիտության խտրականություն: Պետությունը, ի դեմս կրթության նախարարության պետք է վերջ տա պրոդյուսերի կարծրատիպային պատկերացմանը և սահմանի չափորոշիչ և կոմպետենցիաներ՝ սա իր ուղղակի տիրույթում է:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: