Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ հունիսի 2025 թվականի                                                     N ______-Ն

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

  1. Ստեղծել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունների, պետական այլ գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական գործուն համագործակցությունը խթանելու, ինչպես նաև ոլորտի օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենսդրական դրույթների իրականացմանն աջակցելու ու դրանց կիրառումն ապահովելու նպատակով:
  2. Հաստատել՝

1) Հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի,

2) Հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշմամբ հաստատված Հանձնաժողովի կազմում ներառված անձանց արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու ընթացքում նրանց Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները ժամանակավորապես փոխանցվում են նրանց փոխարինող պաշտոնակատարներին, իսկ վերջինիս բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից գրավոր կարգով ներկայացվում է մասնակցության իրավունք ունեցող թեկնածուի տվյալները (անուն-ազգանունը, փոխարինման ժամկետը և այլ տվյալներ):
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հանձնաժողովի քարտուղար:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2025 թվականի

հունիսի ____-ի N ____-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

                                                    Արդարադատության նախարարի տեղակալ

                                                             (Հանձնաժողովի նախագահ)

 

                                                    Առողջապահության նախարարի տեղակալ

                                                                    (համաձայնությամբ)

 

                                                    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի            

                                                                   տեղակալ համաձայնությամբ

 

                                                   Ներքին գործերի նախարարի տեղակալ

                                                                    (համաձայնությամբ)

 

                                                   Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

                                                                    (համաձայնությամբ)

 

                                                   Գլխավոր դատախազի տեղակալ

                                                              (համաձայնությամբ)

 

                                                  Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

                                                                          (համաձայնությամբ)

 

                                                  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի

                                                         ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

                                                  Փաստաբանական պալատի ներկայացուցիչ

                                                                      (համաձայնությամբ)

 

                                                 Քրեակատարողական ծառայության պետ

 

                                                 Պրոբացիայի ծառայության պետ

 

                                                Իրավական կրթության և վերականգնողական

                                                     ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն


 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2025 թվականի

հունիսի ____-ի N ____-Ն որոշման

 

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն աշխատակարգով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և պետական այլ գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական արդյունավետ համագործակցության խթանման նպատակով ստեղծված պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:
  3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Քրեակատարողական օրենսգրքով, Պրոբացիայի մասին օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
  2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որը պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությամբ ապահովում է նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության գործնականում կիրառման արդյունքում արձանագրված խնդիրների վերհանման և գույքագրման, ինչպես նաև ոլորտի օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենսդրական դրույթների իրականացմանն աջակցելու ու դրանց կիրառումն ապահովելու նպատակով:
  3. Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը՝ իրավակիրառ գործունեության ընթացքում վերհանվող խնդրահարույց իրավիճակների և բացերի, պրակտիկայում ի հայտ եկած տարբեր խնդիրների լուծման, ինչպես նաև շարունակական ի հայտ եկող այլ կարիքների բացահայտման արդյունքում անհրաժեշտ ոլորտային փոփոխությունների իրականացման միջոցով:
  4. Հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Հանձնաժողովի նախագահը, Հանձնաժողովի գործունեությանը մասնակցում են հասարակական հիմունքներով:
  5. Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքը.

2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը կամ նիստերի վարումը հանձնարարում է Հանձնաժողովի անդամներից մեկին.

3) հաստատում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

4) զեկուցում է Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը կամ դրանց զեկուցումը հանձնարարում է Հանձնաժողովի քարտուղարին.

5) իրականացնում է Հանձնաժողովի գործառույթից և սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

2) ներկայացնում է առաջարկություններ՝ Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) իրականացնում է Հանձնաժողովի գործառույթից և սույն աշխատակարգից բխող իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի նիստերին ավելի, քան երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չմասնակցելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետին է դիմում Հանձնաժողովի անդամի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությամբ:
  2. Հանձնաժողովն իր գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում տարեկան հաշվետվությունները՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա 1-ին եռամսյակի ավարտը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք դռնփակ են և հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
  2. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի և խնդիրների լուծման համար` Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/2-ի առաջարկությամբ:
  3. Հանձնաժողովի նիստի օրակարգը՝ նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, էլեկտրոնային եղանակով ներկայացվում է անդամներին նիստից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար գումարվող Հանձնաժողովի արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նիստի օրակարգը Հանձնաժողովի նախագահին և անդամներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ անհնարինության դեպքում՝ գումարված նիստի ընթացքում:
  4. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝

1) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցով զեկուցողի անունը, ազգանունը:

  1. Նիստերին կարող են հրավիրվել դատավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, գիտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
  2. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնաժողովի կազմի առնվազն 2/3-ը:
  3. Հանձնաժողովն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք ստորագրում է Հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
  4. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է որոշմանը:
  5. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի նիստի արձանագրումն իրականացվում է համակարգչային եղանակով համառոտագրման կամ պարզ թղթային արձանագրման ձևով: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա անդամները և Հանձնաժողովի քարտուղարը:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
  2. Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
  3. Նախարարությունը՝

1) ապահովում է հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

3) կատարում է Հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված այլ գործողություններ:

 

  • Քննարկվել է

    06.06.2025 - 30.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1483

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Vahe Sargsyan

17.06.2025

Առաջարկում եմ ստեղծվող պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովում ընդգրկել նաև վոլորտների շահառուներին, նրանց ներկայացուցիչներին, քանի որ գործնականում կիրառման արդյունքում իհայտ եկած խնդիրների արձանագրող ամենա շահագրգիռ և մշտապես չլսված կողմն են։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: