ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Քրեակատարողական և պրոբացիայի համակարգերը յուրաքանչյուր իրավական պետության իրավունքի իրականացման և արդարադատության կայունության հիմնասյուններից են: Նշված ոլորտների արդյունավետ գործունեությունն ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավախախտումների կանխարգելմանը, ինչպես նաև հանրության անվտանգության ապահովմանը:
Վերջին ժամանակների հասարակական, քաղաքական և իրավական զարգացումներով մեկնարկվեց քրեական արդարադատության համակարգում հիմնարար բարեփոխումների նոր փուլ: Իրականացված բարեփոխումները պահանջում են շարունակական հետևողականություն, շահագրգիռ կողմերի համակարգված և փոխկապակցված քաղաքականության մշակում, մշտադիտարկում և գնահատում: Հաշվի առնելով, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտները ներառում են տարբեր պետական մարմիններին առնչվող գործառույթներ և քրեական արդարադատության համակարգը ենթարկվել է հիմնարար բարեփոխումների՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով), որը կդառնա հաղորդակցման հարթակ՝ նպաստելով միասնական քաղաքականություն ձևավորմանը, բազմակողմանի համագործակցության հնարավորություն ընձեռելով ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոլորտային մասնագետների միջև, աջակցելով ոլորտների լավարկմանը, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի արդիականացմանն ու հանրային վստահության բարձրացմանը:
Այս առումով, միջազգային փորձի Նիդեռլանդներ, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում միջգերատեսչական համագործակցությունը համարվում է հաջողության հիմնական բաղադրատարրերից մեկը, ինչպես նաև վկայում է, որ նմանօրինակ հանձնաժողովների ստեղծումը ոչ միայն արդյունավետ գործիք է համակարգի բարելավման համար, այլև անհրաժեշտ պայման արդյունավետորեն արձագանքելու համակարգային խնդիրներին և ոլորտներում իրականացնելու արդյունավետ և կայուն բարեփոխումներ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
Հանձնաժողովի ստեղծումը պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությամբ կապահովի նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության գործնականում կիրառման արդյունքում արձանագրված խնդիրների վերհանում և հավաքագրում, կարիքների գույքագրում՝ ոլորտի օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենսդրական դրույթների իրականացմանն աջակցելու ու դրանց կիրառումն ապահովելու նպատակով:
Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է լինելու արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը՝ իրավակիրառ գործունեության ընթացքում վերհանվող խնդրահարույց իրավիճակների և բացերի, պրակտիկայում ի հայտ եկած տարբեր խնդիրներին արագ արձագանքման և լուծման, ինչպես նաև շարունակական ի հայտ եկող այլ կարիքների բացահայտման արդյունքում անհրաժեշտ ոլորտային փոփոխությունների իրականացման միջոցով:
Հանձնաժողովը կունենա խորհրդատվական որոշումների կայացման լիազորություն և իր գործունեությամբ կնպաստի համակարգային բարելավումներին, կխթանի Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության և պետական այլ գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական գործուն համագործակցությանը, կդառնա մասնագիտական մտքերի փոխանակման կարևոր հարթակ:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցների լրացուցիչ ծախս չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները: