ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1087.1-ին հոդվածի՝
1) 7-րդ մասում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ, ներառյալ՝ վերջինիս վերաբերյալ տվյալ հարթակի օգտատերերի մեկնաբանություններում, ապա հեռացնել վիրավորանք պարունակող արտահայտություն(ներ)ը՝ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.».
բ. լրացնել նոր 4-րդ և 5-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ կամ մասնակի.
5) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:»:
2) 8-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ (այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ) կամ լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ հրապարակած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով կամ առցանց հարթակում (համացանցում) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, կամ առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ մասնակի կամ ամբողջությամբ հեռացնել զրպարտություն պարունակող տեղեկատվությունը («Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով): Հերքման ձևը և պատասխանը, ինչպես նաև նաև հեռացման ենթակա՝ զրպարտություն համարվող փաստացի տեղեկատվության ծավալը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ընդ որում, դատարանը լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակում (համացանցում) հրապարակած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության հերքման ձևը և պատասխանը հաստատելիս ևս ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որքանով այն կիրառելի է նշված դեպքի նկատմամբ.»:
3) 9-րդ մասում՝ «ներկայացնողը» բառից հետո «, իսկ եթե այն» բառերը փոխարինել «:Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը» բառերով, «ապա» բառից հետո լրացնել «պատասխանատվություն է կրում» բառերը, «իրականացնողը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «, իսկ եթե այն ներկայացվել է առցանց հարթակում (համացանցում), ապա հրապարակող սուբյեկտը՝ օգտատերը:» բառերով:
4) 10-րդ մասում «պահանջը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «, ինչպես նաև այն դեպքում, երբ առցանց հարթակում (համացանցում) վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկատվություն հրապարակած անձը հրապարակայնորեն հերքել է վիրավորանք կամ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել է դրանց վերաբերյալ պատասխանը կամ հեռացրել է դրանք:» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հերքման և պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8.Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները».
2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաև պահանջել հեռացնելու դրանք,» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով.
3) 1-ին մասի չհամարակալված պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Հեռացման պահանջը կարող է վերաբերել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութին։
1.2. Հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման։
1.3. Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը:».
5) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին:».
6) 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Հեռացումը կատարվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ:».
7) 4-րդ մասում «տեղեկատվության հերքումը» բառերից հետո լրացնել «կամ տեղեկատվության հեռացումը» բառերով, իսկ «ապա հերքումը» բառերից հետո լրացնել «կամ հեռացումը» բառերով.
8) 7-րդ մասում «հրապարակման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հեռացման» բառերով.
9) 8-րդ մասում «հրապարակման» բառից հետո լրացնել «կամ հեռացման» բառերով.
10) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ հեռացնել հրապարակումը կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու կամ հրապարակումը հեռացնելու հայցով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: