ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՍԴՈ-1752 որոշման (այսուհետ՝ ՍԴՈ-1752 որոշում) համաձայն՝ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:
ՍԴՈ-1752 որոշման համատեքստում հարկ է անդրադառնալ Սահմանադրության, ինչպես նաև Օրենսգրքի այն կարգավորումներին, որոնց հաշվառմամբ Օրենսգրքի համապատասխան նորմը ճանաչվել է հակասահմանադրական: Այսպես՝
Սահմանադրության Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Մարդու արժանապատվությունը ենթակա է բացարձակ պաշտպանության, ինչն արտացոլված է Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Սահմանադրի կողմից ամրագրված են նաև սույն արժեքների նկատմամբ հարգանք և պաշտպանություն ապահովող կարգավորումները (Սահմանադրության 42-րդ հոդված):
Միևնույն ժամանակ, Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Այս համատեքստում հարկ է նշել, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգն ու պայմանները նախատեսված են Օրենսգրքի 1087.1-ին հոդվածով, որի համապատասխան մասերի համաձայն՝
« (…)
7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը: (…):
Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի բովանդակային կարգավորումներից հետևում է նաև, որ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, իսկ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոնշյալից հետևում է, որ ինչպես վիրավորող, այնպես էլ զրպարտող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, ինչը ենթադրում է, որ կոնկրետ անձի վերաբերյալ որպես վիրավորանք հրապարակային արտահայտության տարածման և իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների հրապարակային ներկայացման դեմ պաշտպանության միջոցները պետք է ուղղված լինեն անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանը՝ անորոշ թվով անձանցից:
Նշվածից բխում է, որ ՍԴՈ-1752 որոշմամբ արձանագրված հակասությունների կարգավորման առնչությամբ առկա է համապատասխան կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտություն՝ ելնելով պատվի, արժանապատվության և գործարար համբավի սահմանադրաիրավական բովանդակությունից, որպես վիրավորանքի և զրպարտության դեմ առավել արդյունավետ պաշտպանության միջոց՝ նախատեսելով այնպիսի հատուկ իրավական միջոցներ, ինչպիսիք են զրպարտության դեպքում անկախ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը հրապարակած սուբյեկտից՝ զրպարտություն պարունակող տեղեկատվության հերքումը, պատասխանի հրապարակումը, զրպարտության և վիրավորանքի դեպքում՝ դրանց հեռացումը: Մինչդեռ, առկա պայմաններում օրենսդիրը գործող նորմերում զրպարտություն հանդիսացող տեղեկատվության դեպքում անձին վերապահված՝ հերքման և պատասխանի իրավունքի իրացումը հնարավոր է համարել բացառապես այն պարագայում, եթե հրապարակումը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ՝ նախատեսելով, որ միայն այդ դեպքում անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է, կարող է լրատվության համապատասխան միջոցով (որով տարածվել են զրպարտություն համարվող տվյալները) հրապարակայնորեն հերքում և (կամ) զրպարտություն համարվող փաստացի տվյալների վերաբերյալ իր պատասխանի հրապարակում պահանջել: Ինչ վերաբերում է հեռացման իրավունքին՝ ապա տարածված տեղեկատվության մեջ տեղ գտած վիրավորանքը կամ զրպարտությունը հեռացնելու հնարավորություն առհասարակ սահմանված չէ:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՍԴՈ-1752 որոշման պահանջները համադրելով գործող օրենսդրական կարգավորումների հետ՝ ակնհայտ է դառնում, որ զրպարտություն համարվող տվյալների հերքումը, դրանց վերաբերյալ պատասխանի հրապարակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության շրջանակներում, ինչով պայմանավորված՝ ստացվում է մի իրավիճակ, որ եթե նման տեղեկությունը տարածվել է անձնական օգտահաշվի կամ լրատվական գործունեություն չիրականացնող անձի համացանցային կայքի միջոցով, ապա առկա չէ իրավական հնարավորություն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքման, դրա վերաբերյալ պատասխանի հրապարակման պահանջների վերաբերյալ: Ինչ վերաբերում է հեռացման իրավունքին՝ ապա տարածված տեղեկատվության մեջ տեղ գտած վիրավորանքը կամ զրպարտությունը հեռացնելու հնարավորություն առհասարակ սահմանված չէ:
Միևնույն ժամանակ, չենք կարող խուսափել այն արձանագրումից, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց մարդկանց կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հարցեր տեղափոխվել են համացանցային հարթակ, այսինքն՝ ստեղծվել ու ամեն օր շատ արագ զարգանում է համացանցային այլ իրականություն: Նման պայմաններում օրենքները դինամիկորեն պետք է արտացոլեն ժամանակակից իրականությունում տեղ գտած խնդիրները, որպեսզի զարգացող թվային աշխարհը դառնա առավել պաշտպանված և մարդկանց համար ստեղծվեն ավելի ապահով հրապարակային հարթակներ, ինչին ուղղված է նախատեսվող փոփոխություններում նաև «համացանցի դերակատարման» լրացումը:
Վերոնշյալի հաշվառմամբ և ղեկավարվելով ՍԴՈ-1752 որոշման պահանջներով, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի, իսկ վերջինում արտացոլված նորմերի պատշաճ կիրառման համար՝ նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համապատասխան հոդվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որպիսի պայմաններում էլ մշակվել են «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ նաև Նախագծեր): Մասնավորապես, նախատեսվել է վիրավորանք կամ զրպարտություն համարվող տվյալների հեռացման գործիքակազմի ներդրում, ինչը նախկին կարգավորումների պարագայում բացակայել է: Չնայած նրան, որ ՍԴՈ-1752 որոշմամբ անդրադարձ է կատարվել միայն զրպարտություն համարվող տվյալներին, Նախագծերով լրացումներ են նախատեսվել նաև վիրավորանքի համատեքստում՝ օրենսդրական բացերից խուսափելու և միասնական մոտեցում դրսևորելու նպատակով: Այսպես, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասում 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ և լրացվել են նոր մասեր՝ այդպիսով ապահովելով վիրավորանքի հեռացման իրավական հնարավորությունը: Մասնավորապես, նախատեսվում է, որ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ՝ ներառյալ վերջինիս վերաբերյալ տվյալ հարթակի օգտատերերի մեկնաբանություններում, ինչպես նաև, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա բացի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասում արդեն իսկ առկա պաշտպանության միջոցներից, անձը կարող է դատական կարգով պահանջել նաև հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ, իսկ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, այդպիսով՝ բացի լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության դեպքից հնարավորություն ստեղծելով անդրադառնալու նաև վերջինիս առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ տեղ գտած զրպարտության դեպքերին, ինչպես նաև լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ հրապարակված տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության դեպքերին՝ նախատեսելով նաև համապատասխանաբար զրպարտությունը հերքելու կամ դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելու կամ մասնակի կամ ամբողջությամբ հեռացնելու վերաբերյալ գործուն կարգավորումներ: Բացի այդ, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է նաև 1087.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերում փոփոխությունների կատարում՝ այդպիսով համապատասխան կարգավորումներ սահմանելով նաև վիրավորելիս կամ զրպարտելիս պատասխանատվություն կրող սուբյեկտների կազմի վերաբերյալ:
Նույնաբովանդակ կառուցակարգեր են նախատեսվել նաև ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով: Մասնավորապես, օրենքի կարգավորման առարկան լրացվել է՝ ընդգրկելով նաև տարածված տեղեկատվության հեռացման իրավունքը, իսկ օրենքի 8-րդ հոդվածը, որն առնչվում է հերքման և պատասխանի իրավունքները կարգավորող հարաբերություններին՝ լրացվել է հեռացմանն առնչվող դրույթներով, նույն հոդվածում նախատեսվել են որոշակի դրույթներ նաև հեռացման և հերքման պահանջների միաժամանակյա ներկայացման բացառման առնչությամբ, նախատեսվել են դրույթներ այն մասին, որ հեռացման պահանջը կարող է վերաբերել նաև առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութին, ինչպես նաև սահմանվել է հեռացման կատարման պահանջի ժամկետ: Նույն հոդվածի 9-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ այդպիսով սահմանելով, որ եթե լրատվական գործունեություն իրականացնողը նաև հրաժարվում է հեռացնել հրապարակումը կամ խախտում է հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, այս դեպքում ևս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հրապարակումը հեռացնելու հայցով՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով մինչ դատական գործընթացները կարգավորելու առաջացած խնդիրները, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նոր միայն ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը դատական կարգով:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար՝ նկատի ունենալով, որ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համատեքստում կսահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ ապահովելու համար Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության լիարժեքությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ վիրավորանքի, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող, նրա պատիվն, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու, դրանց վերաբերյալ պատասխան հրապարակելու, հեռացնելու իրավական հնարավորություն, քանի որ անձի՝ իր հերքման և պատասխանի իրավունքներից օգտվելը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի սուբյեկտի կողմից է նախկինում հրապարակվել զրպարտություն համարվող տեղեկատվությունը, ինչպես նաև վիրավորանքի և զրպարտության դեպքում հեռացման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը բխում են Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 5.2-րդ կետով սահմանված՝ մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում նախատեսված բարեփոխումներից, մասնավորապես՝ Ծրագրի 5.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների վերականգնումը և, որ ամենակարևորն է, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը: Գիտակցելով Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ Կառավարության քաղաքականությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին թիրախային լուծումներ տալուն, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով լրացուցիչ երաշխիքներ ամրագրելուն: Կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել կատարելագործելու օրենսդրությունը բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխություն ապահովելու նպատակով: Այս կարգավորումները որևէ կերպ չեն սահմանափակելու խոսքի, կարծիքի արտահայտման, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը:
Բացի այդ, Նախագծերն ուղղված են ապահովելու ՍԴՈ-1752 որոշմամբ արձանագրված հակասությունների վերացումը: