Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1087.1-ին հոդվածի՝

1) 7-րդ մասում՝

        ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «3) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ, ներառյալ՝ վերջինիս վերաբերյալ տվյալ հարթակի օգտատերերի մեկնաբանություններում, ապա հեռացնել վիրավորանք պարունակող արտահայտություն(ներ)ը՝ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.».

        բ. լրացնել նոր 4-րդ և 5-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

    «4) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ կամ մասնակի.

        5) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:»:

        2) 8-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ (այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ) կամ լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ հրապարակած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով կամ առցանց հարթակում (համացանցում) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, կամ առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ մասնակի կամ ամբողջությամբ հեռացնել զրպարտություն պարունակող տեղեկատվությունը («Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով): Հերքման ձևը և պատասխանը, ինչպես նաև նաև հեռացման ենթակա՝ զրպարտություն համարվող փաստացի տեղեկատվության ծավալը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ընդ որում, դատարանը լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակում (համացանցում) հրապարակած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության հերքման ձևը և պատասխանը հաստատելիս ևս ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որքանով այն կիրառելի է նշված դեպքի նկատմամբ.»:

      3) 9-րդ մասում՝ «ներկայացնողը» բառից հետո «, իսկ եթե այն» բառերը փոխարինել «:Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը» բառերով, «ապա» բառից հետո լրացնել «պատասխանատվություն է կրում» բառերը,  «իրականացնողը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «, իսկ եթե այն ներկայացվել է առցանց հարթակում (համացանցում), ապա հրապարակող սուբյեկտը՝ օգտատերը:» բառերով:

     4) 10-րդ մասում «պահանջը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «, ինչպես նաև այն դեպքում, երբ առցանց հարթակում (համացանցում) վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկատվություն հրապարակած անձը հրապարակայնորեն հերքել է վիրավորանք կամ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել է դրանց վերաբերյալ պատասխանը կամ հեռացրել է դրանք:» բառերով:

       Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հերքման և պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:

     Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

     1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «Հոդված 8.Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները»

     2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաև պահանջել հեռացնելու դրանք,» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով.

     3) 1-ին մասի չհամարակալված պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

     4) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

     «1.1. Հեռացման պահանջը կարող է վերաբերել առանձին արտահայտությունների,  նախադասությունների կամ ամբողջ նյութին։

      1.2. Հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման։

      1.3. Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը:».

     5) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «2. Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին:».

     6) 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

      «3.1. Հեռացումը կատարվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ:».

      7) 4-րդ մասում «տեղեկատվության հերքումը» բառերից հետո լրացնել «կամ տեղեկատվության հեռացումը» բառերով, իսկ «ապա հերքումը» բառերից հետո լրացնել «կամ հեռացումը» բառերով.

      8) 7-րդ մասում «հրապարակման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հեռացման» բառերով.

      9) 8-րդ մասում «հրապարակման» բառից հետո լրացնել «կամ հեռացման» բառերով.

      10) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «9. Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ հեռացնել հրապարակումը կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու կամ հրապարակումը հեռացնելու հայցով:»:

       Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    30.04.2025 - 16.05.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Информационные технологии

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2836

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

08.05.2025

Նույն Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասում առաջարկվում է լրացնել նոր 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «5) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:»։ Փոխհատուցման չափն անհամեմատ բարձր է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն փոխհատուցելու է լրատվական գործունեություն չիրականացնող անձը (ֆիզիկական անձ) կամ հասկանալի չէ թե ինչու՞ են ֆիզիկական անձն ու լրատվամիջոցը հավասարեցվել միմյանց։ Սահմանված շեմը առանց հստակ չափորոշիչների սահմանման և որոշակիացման, կարող է դառնալ մարդու իրավուքների խախտման, անհավասարության պատճառ։ Առաջարկում ենք փոխհատուցման չափը սահմանելուն զուգահեռ նաև հստակ չափորոշիչներ սահմանել, հաշվի առնելով փոխհատուցում տրամադրողի կարգավիճակը՝ ֆիզիկական անձ է, թե՞ լրատվական միջոց, հանրային անձ է, թե՞ ոչ, նրա գրառման տարածվածության չափն ու ծավալը, հասցեատիրոջ վնասի աստիճանը և այլ կարևոր հանգամանքներ։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

08.05.2025

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով, ըստ որի՝ «եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ կամ մասնակի»։ Այս ձևակերպումը խնդրահարույց է այնքանով, որքանով նախատեսում է հեռացնել միայն վիրավորանք պարունակող այն գրառումը, որը որպես առանձին միավոր է (ոչ մեկնաբանություն) հրապարակվել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում։ Մինչդեռ, ներկայումս առցանց հարթակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համացանցի օգտատերերը (այդ թվում հատուկ այդ նպատակով ստեղծված կեղծ օգտատերերը) հաճախ վիրավորանք և զրպարտություն պարունակող տարբեր գրառումներ են կատարում իրենց կամ այլ օգտատերերի հրապարակած (առանձին միավոր հանդիսացող) հրապարակումների մեկնաբանությունների դաշտում։ Անառարկելի է, որ առցանց հրպարակումների մեկնաբանությունների դաշտում արված գրառումներն ունեն նույն տարածվածությունը (անորոշ թվով անձանց հասանելիությունը) ինչը բուն հրապարակումն է։ Հետևաբար երկուսն էլ ունենում են նույն արդյունքը, և կարող են առաջանալ, եթե այդ գրառումները հրապարակվեին օգտատիրոջ առանձին միավոր հանդիսացող հրապարակումների դաշտում։ Այսպիսով, համացանցի միջոցով վիրավորանքի և զրպարտության տարածումը կանխելու ինչպես նաև օրենքում «լուսանցքներ» չթողնելու համար առաջարկում ենք Նախագծով Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի՝ 7-րդ մասում առաջարկվող լրացումը վերաձևակերպել հետևյալ կերպ. «Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր հանդիսացող գրառման կամ դրա մեկնաբանություն մեջ, ապա հեռացնել այդ գրառումը կամ մեկնաբանությունը՝ ամբողջությամբ կամ մասնակի»։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

08.05.2025

Սույն նախագծով սահմանվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, իսկ հեռացման պահանջը ստանալուց հետո՝ անհապաղ, պարտավոր է հերքման կամ հեռացման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու կամ հեռացում կատարելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը կամ հեռացումը մերժելու մասին: Հեռացումը կատարվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո անհապաղ: Առաջարկում ենք «անհապաղ» եզրույթը, որն ըստ էության պարունակում է իրավական անորոշություն, հստակեցնել և փոխարենը սահմանել հստակ ժամկետներ (օրինակ 24 կամ 48 ժամ կամ 2 աշխատանքային օրում):

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: