«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) դատարանը կայացրել է դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու մասին որոշում.»։
Հոդված 2. Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կիրառվում է մեղադրյալի հետ տեսակապով հաղորդակցության դադարեցման միջոցով՝ մինչև տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը։»։
Հոդված 3. Օրենսգրքի 272-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
«1.1. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով)՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ վարույթի մասնավոր մասնակցի հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման նպատակով։
1.2. Տեսակապի միջոցով դատական նիստին մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝
1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.
2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.
3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։
1.3. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝
1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.
2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է մեղադրյալը։
1.4. Եթե սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է մեղադրյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում։
1.5. Դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնկացությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը։»։
Հոդված 4. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում, եթե մեղադրյալն ունի մեկից ավելի պաշտպան, պաշտպաններից մեկը կարող է դատական նիստին մասնակցել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից։»։
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա։
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
«____»__________2025թ.
ք․ Երևան
-
Քննարկվել է
11.04.2025 - 26.04.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1107
Տպել