Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրվել է արդար դատաքննության իրավունքը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

Այս իրավունքն ամրագրվել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածով, որով, ի թիվս այլնի, նախատեսվել է, որ հանցանքի կատարման մեջ մեղադրվող ցանկացած անձ իրավունք ունի պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած իրավական պաշտպանության միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում է մեղադրյալի՝ դատաքննությանն արդյունավետ մասնակցության իրավունքը։ Այս իրավունքը, ի թիվս այլնի, ներառում է մեղադրյալի իրավունքը՝ ներկա գտնվելու դատաքննության ընթացքում, ինչպես նաև լսելու և հետևելու դատական նիստի ընթացքին։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ այս իրավունքներն առանցքային նշանակություն ունեն և բխում են նաև 6-րդ հոդվածով նախատեսված մի շարք իրավունքներից, որոնք են անձամբ իրեն պաշտպանելու, իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու, թարգմանչի անվճար օգնությունից օգտվելու իրավունքները[1]։ 

Միաժամանակ, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով իրականացնելը համահունչ է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կարգավորումներին։

Այսպես, մի շարք գործերով Եվրոպական դատարանը նշել է, որ տեսակապի միջոցով դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային, եթե տեսակապի գործածումը հետապնդում է իրավաչափ նպատակ և նման պայմաններում ապացույցների ներկայացման ընթացակարգը համահունչ է պատշաճ վարույթի պահանջներին։ 

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնելու դեպքում որպես իրավաչափ նպատակ կարող են ծառայել անկարգությունների կանխումը, հանցավորության կանխումը, տուժողների և վկաների կյանքի, ազատության և անվտանգության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև վարույթի ողջամիտ ժամկետի պահանջի պահպանումը[2]։  

Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանն իրավաչափ է համարել տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցության ապահովումը, որը մեղադրվում էր հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ՝ նշելով, որ անվիճելի է, որ նշված անձի տեղափոխումը կալանավորներին զրկելու վայրից դատական նիստերի դահլիճ ենթադրում է անվտանգության հատկապես խիստ միջոցների անհրաժեշտություն և փախուստի կամ հարձակման ռիսկեր։ Բացի այդ, նշվել է, որ դա կարող է մեղադրյալին հնարավորություն տալ վերականգնելու իր կապերը հանցավոր կազմակերպությունների հետ։ Եվրոպական դատարանը նշել է նաև, որ հաշվի առնելով նշված անձի ենթադրյալ առնչությունը մաֆիային՝ դատական նիստերի դահլիճում նրա ներկայությունն ինքնին կարող էր ճնշող ազդեցություն ունենալ վկաների վրա[3]։

Նշված գործով Եվրոպական դատարանը իրավաչափ նպատակ է համարել նաև ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովումը` նկատի ունենալով, որ տեսակապի միջոցով դատական նիստին մասնակցությունը կիրառվել է նաև մեղադրյալի տեղափոխումների արդյունքում գործի քննության ձգձգումներից խուսափելու նպատակով։

Եվրոպական դատարանն իրավաչափ է համարել նաև տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հանրային առողջության պաշտպանության նպատակով։[4]

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը (CEPEJ) դատական վարույթների ընթացքում տեսակապի գործածման վերաբերյալ ուղեցույցում (այսուհետ՝ Ուղեցույց) նշել է, որ այն դեպքում, երբ օրենսդրությունը տեսակապի գործածման համար չի պահանջում մեղադրյալի համաձայնությունը, դատարանի որոշումը պետք է ծառայի իրավաչափ նպատակին։ Իրավաչափ նպատակ կարող են հանդիսանալ հասարակական կարգի, հանրային առողջության պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը, ինչպես նաև հանցագործությունների վկաների և տուժողների անձնական ազատության իրավունքի և անվտանգության ապահովումը։

Միաժամանակ, ինչպես Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, այնպես էլ Ուղեցույցի համաձայն՝ տեսակապի գործածման դեպքում դատական քննությանը մեղադրյալի արդյունավետ մասնակցության երաշխավորման համար պետք է ապահովվեն հետևյալ նվազագույն պայմանները՝

1) մեղադրյալը և վարույթի այլ մասնակիցները պետք է հնարավորություն ունենան տեսնել և հստակ լսել միմյանց` առանց տեխնիկական խափանումների[5],

2) պաշտպանի հետ խորհրդապահական հաղորդակցությունը դատական նիստի ընթացքում և դրանից առաջ։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ մեղադրյալի իրավունքը՝ երրորդ անձանց լսելիությունից դուրս հաղորդակցվելու իր պաշպանի հետ, բխում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներից։ Եթե պաշտպանը զրկված է իր պաշտպանյալի հետ խորհրդապահական կարգով և առանց հսկողության հաղորդակցվելու իրավունքից, նրա աջակցությունը կկորցնի իր օգտակարությունը[6]։ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ մեղադրյալի պաշտպանության իրավունքն առանձնակի կարևորություն է ստանում այն դեպքում, երբ մեղադրյալը նիստին մասնակցում է տեսակապի միջոցով[7] և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է արձանագրել այն դեպքում, երբ տեսակապով դատական նիստին մասնակցող մեղադրյալը չի ունեցել պաշտպան։[8]

Մարչելլո Վիոլան ընդդեմ Իտալիայի և Աշիուտտոն ընդդեմ Իտալիայի գործերով Եվրոպական դատարանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ մեղադրյալի պաշտպաններից մեկը գտնվել է դատական նիստերի դահլիճում, իսկ մյուսը՝ մեղադրյալի հետ ազատությունից զրկված անձանց պահման վայրում։

Սախնովսկին ընդդեմ Ռուսաստանի և Մեդվեդևն ընդդեմ Ռուսաստանի[9] գործերով Եվրոպական դատարանը ոչ իրավաչափ է համարել այն հանգամանքը, որ դատական նիստերի դահլիճում գտնվող պաշտպանի և տեսակապով դատական նիստին մասնակցող՝ կալանավորված մեղադրյալի միջև դատական նիստի ընթացքում հաղորդակցությունն ապահովվել է պետության կողմից ներդրված և գործածվող տեսակապի համակարգի միջոցով, որի գաղտնիությունը երաշխավորված չէր։ Ըստ այդմ, կարևոր է, որ պետությունը կա¢մ թույլ տա դատական նիստի ընթացքնում պաշտպանի և մեղադրյալի միջև հաղորդակցությունն իրականցնել մասնավոր հաղորդակցության ուղիներով, կա¢մ ապահովի պաշտպանի և մեղադրյալի գործածման համար նախատեսված՝ պետական հաղորդակցության համակարգի գաղտնիությունը՝ բացառելով այլ անձանց կողմից դրան հասանելիության կամ վերահսկման հնարավորությունը։ 

Ուղեցույցի համաձայն՝ տեսակապով մասնակցության պարագայում մեղադրյալի կողմից պաշտպանի հետ հեռահաղորդակցության միջոցներով հաղորդակցվելիս պետք է բացառվի մեղադրյալի հետ նույն սենյակում այլ անձանց ներկայությունը։

Ուղեցույցի նաև նշվել է, որ դատարանը պետք է արձագանքի տեխնիկական խնդիրների վերաբերյալ մեղադրյալի կողմից հայտնելու դեպքերին։ Մինչև տեսակապով դատական նիստի անցկացումը մեղադրյալը պետք է իրազեկվի նշված դեպքերի վերաբերյալ նիստը նախագահողին հայտնելու ընթացակարգի մասին։ Ուղեցույցով նաև նշվել է, որ մեղադրյալի շարունակական ոչ պատշաճ վարքագծի դեպքում դատարանը պետք է մեղադրյալին զգուշացնի տեսակապով հաղորդակցությունն ընդհատելու կամ կասեցնելու կամ ձայնն անջատելու իր իրավասությունների վերաբերյալ՝ մինչև նշված սանկցիաների կիրառումը։

Վերոգրյալից ելնելով՝ կարող ենք արձանագրել, որ մի շարք պետություններում (Իտալիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Ռուսաստան, Վրաստան և այլն) քրեական դատավարությունում կիրառվող մոտեցում է դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելը։ Սա նպաստում է առանձին իրավիճակներում, համաճարակների կամ մեղադրյալի կողմից շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ այլոց վարակելու ռիսկի դեպքում հանրային առողջության պաշտպանությանը։ Բացի այդ, նման գործիքակազմի կիրառումը նպաստում է նաև հասարակական անվտանգության պաշտպանությանը, հանցագործությունների կանխմանը, վկաների և տուժողների իրավունքների պաշտպանությանը այն դեպքերում, երբ դատական նիստերի դահլիճում մեղադրյալի ներկայությունը վերջիններիս նկատմամբ կարող է ճնշող ազդեցություն ունենալ և ազդել նրանց ցուցմունքների արժանահավատության վրա, կամ երբ մեղադրյալը հանցավոր կազմակերպության ղեկավար կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է և այլն։

Տեսակապի կիրառումը նաև կարող է նվազեցնել ողջամիտ ժամկետում դատական քննություն իրականացնելու որոշ խոչընդոտներ։ Այսպես, ինչպես նշվեց, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ տեսակապով մեղադրյալի մասնակցությունը կարող է ուղղված լինել նաև կալանավորված մեղադրյալների ուղեկցումների չիրականացմամբ պայմանավորված դատական նիստերի հետաձգումը կանխելուն։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալից ելնելով՝ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում՝ նախատեսելով դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցության հնարավորությունը։ Ընդ որում, նախատեսվում է, որ տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը կարող է ապահովվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ հետևյալ իրավաչափ նպատակներով՝ հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանություն, հանցագործությունների կանխում, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովում, վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովում։

Ապահովելու համար Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով և Ուղեցույցով սահմանված երաշխիքները՝ Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ տեսակապի միջոցով դատական նիստին մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝

1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց,

2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան,

3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։

Նախագծով առաջարկվում է նախատեսել նաև, որ նման եղանակով մեղադրյալի մասնակցությունը չի իրականացվում, եթե վերջինս առարկում է։ Միաժամանակ, նշված առարկությունը պետք է լինի փաստարկված՝ հիմնավորելով, որ տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չի լինի ապահովել մեղադրյալի արդյունավետ մասնակցությունը դատական քննությանը։

Ընդ որում, եթե արդյունավետ մասնակցության հետ կապված խնդիրները ծագում են այն բանից հետո, երբ դատարանը կայացրել է մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշում, ապա մասնակցությունը շարունակվում է ընդհանուր կարգով։ Այս կարգավորումը պայմանավորված է նրանով, որ հնարավոր է՝ դատական նիստերից մեկի ընթացքում առաջանան տեսակապի հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնք մինչ այդ առկա չէին։ Նման դեպքում դատարանը պետք է ունենա պատշաճ գործիքակազմ՝ խնդրին արձագանքելու և մեղադրյալի արդյունավետ մասնակցությունը երաշխավորելու համար։

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ պաշտպանի մասնակցությունը քրեական վարույթին պարտադիր է, եթե դատարանը կայացրել է դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու մասին որոշում։

Առաջարկվում է նաև նախատեսել, որ դատական նիստերի դահլիճից հեռացման սանկցիան տեսակապով մասնակցության պարագայում կիրառվում է մեղադրյալի հետ տեսակապով հաղորդակցության դադարեցման միջոցով՝ մինչև տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը, քանի որ տվյալ դեպքում գործնականում դատական նիստերի դահլիճից այլ կերպ մեղադրյալին հեռացնել հնարավոր չի լինի։

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել Կառավարությանը լիազորող նորմ՝ տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանելու համար։

Հարկ է նկատել, որ Նախագծի ընդունման դեպքում տեսակապի միջոցով դատական նիստին կարող են մասնակցել ինչպես ազատության մեջ գտնվող, այնպես էլ տնային կալանքի տակ գտնվող կամ կալանավորված մեղադրյալները։ Ընդ որում, տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը կարող է ապահովվել ոչ միայն դատաքննության, այլ նաև դատական երաշխիքների վարույթի ընթացքում։ Ըստ այդմ, տեսակապի միջոցով դատական նիստին կարող են մասնակցել նաև ձերբակալված մեղադրյալները՝ դատարանի կողմից խափանման միջոցների կիրառման վարույթի ընթացքում։

Նախագծի կիրարկման համար անհրաժեշտ է դատական նիստերի դահլիճները, քրեակատարողական հիմնարկները, ձերբակալվածներին պահելու վայրերը կահավորել համապատասխան տեխնիկական միջոցներով, որոնք թույլ կտան միջազգային չափանիշներին համահունչ ապահովելու մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով։ Բացի այդ, Նախագծի դրույթների պատշաճ կիրառման համար կարևոր է նաև դատավորների վերապատրաստումը՝ ապահովելու համար համապատասխան տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ կարողությունների առկայությունը։

Ըստ այդմ, առաջարկվում է նախատեսել, որ Նախագծի գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա, ինչը թույլ կտա բավարար ժամանակ ընձեռել դատական համակարգին, Արդարադատության և Ներքին գործերի նախարարություններին՝ համապատասխան տեխնիկական ապահովումը և անհրաժեշտ վերապատրաստումներն իրականացնելու համար։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին մեղադրյալների մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության կամ վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում ծախսերի ավելացում, որոնց չափը գտնվում է ճշգրտման փուլում։

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

[1] Տես, օրինակ, Սթենֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության (Stanford v. the United Kingdom) գործով 1994 թվականի փետրվարի 23-ի վճիռը, դիմում no. 16757/90, § 26   

[2] Տես Մարչելլո Վիոլան ընդդեմ Իտալիայի (Marcello Viola v. Italy) գործով 2006 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, դիմում no. 45106/04, § 67, Բիվոլարուն ընդդեմ Ռումինիայի (Bivolaru v. Romania (N2)) գործով 2018 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, դիմում no. 66580/12, § 138, Աշիուտտոն ընդդեմ Իտալիայի (Asciutto v. Italy) ԳՈՐԾՈՎ 2007 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, դիմում no. 35795/02, § 68  

[3] Տես Մարչելլո Վիոլան ընդդեմ Իտալիայի (Marcello Viola v. Italy) գործով 2006 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, դիմում no. 45106/04, §§ 69-71

[4] Տես Ալպպին ընդդեմ Ֆինլանդիայի (Alppi v. Finland) գործով 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը, դիմում no. 15736/22

[5] Սախնովսկին ընդդեմ Ռուսաստանի (ՄՊ) (Sakhnovskiy v. Russia[GC]) 2010 թվականի նոյեմբերի 1-ի վճիռը, դիմում no. 21272/03, § 98

[6] Տես Աշիուտտոն ընդդեմ Իտալիայի (Asciutto v. Italy) ԳՈՐԾՈՎ 2007 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, դիմում no. 35795/02, § 60, Մարչելլո Վիոլան ընդդեմ Իտալիայի (Marcello Viola v. Italy) գործով 2006 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, դիմում no. 45106/04, §§  61, 73, Սախնովսկին ընդդեմ Ռուսաստանի (ՄՊ) (Sakhnovskiy v. Russia[GC]) 2010 թվականի նոյեմբերի 1-ի վճիռը, դիմում no. 21272/03, § 97    

[7] Տես Գրիգորյավսկիխն ընդդեմ Ռուսաստանի (Grigoryevskikh v. Russia) գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռը, դիմում no. 22/03, § 92   

[8] ՏԵս Շուլեպովն ընդդեմ Ռուսաստանի (Shulepov v. Russia) գործով 2008 spականի հունիսի 26-ի վճիռը, դիմում no. 15435/03, §§ 35-36   

[9] Տես Մեդվեդևն ընդդեմ Ռուսաստանի (Medvedev v. Russia) գործով 2017 թվականի հունիսի 27-ի վճիռը, դիմում no. 5217/06, § 30    

  • Քննարկվել է

    11.04.2025 - 26.04.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1156

Տպել