Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի (այսուհետև նաև՝ թվային հարթակ) ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքել աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային հարթակից օգտվելու իրավասություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուկայական հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկան, սոցիալ-տնտեսական իրավիճակը, միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջների և չափանիշների շրջանակի աստիճանական ընդլայնումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների միջև կայացած հարաբերությունների զարգացումը վեր են հանում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության մի շարք բացթողումներ և խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայից բխող հրամայականները։

Գործատուներն աշխատանքային պայմանագրի պարտադիր առկայությունը կամ դրա տրամադրումը աշխատողներին երբեմն համարում են ոչ կարևոր։ Բացի դրանից, եթե նույնիսկ կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա հաջորդ խնդիրն է դրա բովանդակությունը կամ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն պայմանների արտացոլումը (օրինակ՝ աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը, վարձատրությունը և այլն)։ Ըստ գործող օրենսդրության՝ աշխատանքային պայմանագրում (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում) հստակ նախատեսվում են պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) և այն որոշելու ձևը (ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ), աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) և շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի) և այլն, սակայն գործնականում աշխատողներից փաստացի պահանջվում է իրականացնել աշխատանքային պայմանագրով չնախատեսված գործառույթներ՝ պայմանագրում նշված աշխատավարձի չափից տարբերվող չափով, չեն տրամադրվում հավելումները, հավելավճարները, լրավճարները, չեն պահպանվում աշխատաժամանակի ու հանգստի ժամանակի տևողությունը և այլն։ Միաժամանակ, աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չի տրամադրվում՝ վերջիններիս աշխատանքային գործունեությունը հարկային մարմնում չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափով գրանցելու համար, ինչպես նաև պայմանագրերի պայմանները խախտելու դեպքում աշխատողի կողմից գործատուին կամ վերահսկող մարմնին հասցեագրված դիմում-բողոքներից զերծ մնալու նպատակով։ Ավելին, հաճախ գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի փոխարեն աշխատողների հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն ու երաշխիքները շրջանցելու նպատակով։ Մեկ այլ խնդիր է, երբ անձն ընդունվում է աշխատանքի՝ իրականացնելով գործատուի կողմից պահանջվող, իր մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, սակայն աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ փաստացի իրականացվող աշխատանքի փոխարեն այլ պաշտոնի (հաստիքային միավորի) համար կնքված պայմանագրում փաստացի իրականացվող աշխատանքից տարբերվող աշխատանքային պարտականություններ նախատեսված լինելու պատճառով հետագայում չի կարողանում հիմնավորել, որ իր կողմից իրականացվել է մասնագիտական աշխատանք, չի ստանում օրենքով նախատեսված ինչպես հավելավճարները, այնպես էլ սոցիալական այլ երաշխիքներ: Օրինակ՝ անձը փաստացի իրականացնելով մասնագիտական աշխատանք, որը միաժամանակ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկում, համապատասխան ընկերությունում գործատուի կողմից գրանցվում է այլ պաշտոնի (հաստիքի)՝ օրենքով նախատեսված հավելումներ չվճարելու, նշված աշխատանքների համար նախատեսված սոցիալական այլ երաշխիքներ չտրամադրելու համար, իսկ հետագայում նշված աշխատանքն իրականացրած անձը զրկվում է ինչպես իր կատարած մասնագիտական աշխատանքը մասնագիտական ստաժում հաշվարկելու հնարավորությունից, այնպես էլ իրեն հասանելի գույքային և պետության կողմից նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից:

Վերոգրյալ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում մարզերում և փոքր համայնքներում, սակայն Երևան քաղաքում ևս տեսչական ստուգումների ընթացքում պարբերաբար վերհանվում են համանման խնդիրներ: Հիմնականում տուժող խմբերի մեջ կարող ենք առանձնացնել սոցիալապես անապահով, իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող, առաջարկվող պայմաններից տարբերվող այլ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեցող և հանրային ոլորտում ցածր պաշտոններ (հաստիքային միավորներ) զբաղեցնող անձանց:

Գործնականում աշխատանքային ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետև՝ Տեսչական մարմին) հաճախ է հանդիպում չգրանցված կամ ստվերային տնտեսությունում աշխատողների ներգրավման դեպքեր, ինչն ինքնին ևս հանգեցնում է վերջիններիս աշխատանքային իրավունքների խախտմանը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

«Տեսչական մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 1.2-րդ կետերի համաձայն՝ տեսչական մարմինը՝ նույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որին ՀՀ կառավարության կողմից վերապահվում են համապատասխան օրենքներով սահմանված ոլորտ կամ ոլորտներ, որոնց նկատմամբ վերջինս իրականացնում է վերահսկողություն։

Օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված է, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

ՀՀ կառավարությունը աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել Տեսչական մարմնին:

Հարկ է նշել, որ գործատուների կողմից աշխատանքային իրավունքի ոլորտում թույլ տրվող խախտումները հայտնաբերելու և բացահայտելու համար Տեսչական մարմինը այս պահին չունի բավարար ներուժ, քանի որ չունի անհրաժեշտ գործիքակազմ՝ աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները տեղում՝ թվային եղանակով, կամ նախքան վերահսկողական բուն գործառույթներին անցնելը ստանալու հնարավորություն:

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է վերոնշյալ բնույթի բազմաթիվ խնդիրների բացահայտումը թե՛ օրենսդրության, թե՛ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում՝ օրենսդրական դաշտը զարգացնելու, աշխատանքային իրավունքի իրացմանը նպաստելու և այդպիսով քաղաքացիների համապատասխան իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային հարթակի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը)՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով

Թվային հարթակի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները, վերհանված խնդիրների արդյունքներով առավել արդյունավետ գնահատել ու որոշել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող գործատուներին՝ ստուգումների տարեկան ծրագրում վերջիններիս ընդգրկելու նպատակով: Բացի այդ, հարթակի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձևավորված պրակտիկան:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ թվային հարթակի առկայությունը մի կողմից հնարավորություն կտա Տեսչական մարմնին իրականացնել պատշաճ պետական վերահսկողություն  իրեն վերապահված վերոնշյալ ոլորտում (առավել թափանցիկ, հաշվետու  և իրավունքահեն), ինչի արդյունքում աշխատողներն ու գործատուները հստակ պատկերացում կկազմեն, թե ինչ է ենթադրում աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից թվային հարթակը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը և զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից։

Այս նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ: Մյուս կողմից, թվային հարթակի միջոցով աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում գործատուից չի պահանջվի կատարել կրկնակի գործողություններ, մասնավորապես՝ էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրերի օրինակները թվային հարթակի տվյալների բազա են մուտքագրվելու ինքնաշխատ եղանակով, իսկ Տեսչական մարմնին աշխատանքային պայմանագրի թղթային տարբերակը ներկայացնելու անհրաժեշտությունը կվերանա:

Հարկ է նշել, որ թվային հարթակի կառավարումը իրականացվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ Տեսչական և հարկային մարմինները ունենալու են հասանելիություն հարթակին՝ պետական վերահսկողության և հարկային հսկողության մասով:

Հաշվի առնելով, որ թվային հարթակի ներդրումն ու դրա կիրառումը նոր գործիք է և որոշակի ժամանակահատված կպահանջվի դրա բնականոն գործունեությունը բոլոր կողմերի համար ապահովելու նպատակով, նախատեսվում է խախտումներ արձանագրելու դեպքում կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տույժերը: Հետագայում, ըստ անհրաժեշտության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կնախատեսվեն առանձին կարգավորումներ։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:

5. Ակնկալվող արդյունք.

 Թվային հարթակի ներդրման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվեն մարդկային գործոնի դերն ու ռիսկերն աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում: Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, թվային հարթակի միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կկարողանա հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից: 

6. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Թվային հարթակի ներդրման ծրագիրը նախատեսված է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրով, մասնավորապես՝ «1. Սոցիալական իրավունքներ և պաշտպանություն» գլխի 10-րդ հանձնառությամբ՝ «10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար»: Այսինքն՝ Թվային հարթակը նախատեսվում է ներդնել նշված ծրագրի շրջանակներում և ակնկալվում է, որ այս մասով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի: Ինչ վերաբերում է հետագա սպասարկմանը, ապա այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.      

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ փոխվարչապետ Մ.Գրիգորյանի գրասենյակի ցանկի 11-րդ կետի պահանջներից:

 

  • Քննարկվել է

    06.09.2023 - 22.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2265

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

22.09.2023

Կարծում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորումն արդարացված չէ և գիտահեն չէ՝ որևէ ապացույց, որ աշխատանքային պայմանագրի տեղադրումը թվային հարթակում բարելավելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը գոյություն չունի։ Օրենսդրությունը խախտելու, աշխատողների չգրանցելու կամ օրենսդրության պահանջները ոչ պատշաճ կերպով ներդնելու հակում ունեցող գործատուները, անկախ այս նախագծով առաջարկվող փոփոխությունից, շարունակելու են ապօրինի գործելակերպը։ Աշխատանքային պայմանագիրը թղթայինից թվային դարձնելը այդ վարքագծում որևէ իմաստալից փոփոխություն չի ենթադրի։ Արված չէ նաև միջազգային նմանատիպ փորձի վերլուծություն և հետազոտված չէ թվայնացված աշխատանքային պայմանագրի կապը օրենսդրության վերահսկման բարելավման հետ։ Մեր տվյալներով, բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր միայն թվային հարթակում կնքելու պահանջ դեռևս որևէ պետությունում գոյություն չունի։ Աշխատանքային պայմանագրերը թվային հարթակում պահելը խնդրահարույց է նաև տվյալների գաղտնիության և կիբեր-անվտանգության տեսանկյունից։ Օրինակ, աշխատողի որոշ պարտականությունների կամ որոշ պայմանների մասին տեղեկությունը միշտ չէ, որ ընդունելի է դարձնել թափանցիկ վերահսկող մարմինների համար, մասնավորապես՝ առևտրային գաղտնիքի նկատառումներով։ ՀՀ տեղեկատվական համակարգերի ոչ այդքան բարձր անվտանգային ստանդարտներն էլ ենթադրում են, որ աշխատանքային պայմանագրերը ապահովագրված չեն լինելու տվյալների արտահոսքից։ Բացի այդ հասկանալի չէ, ինչպես է պետությունը պատրաստվում ապահովել, որ ընդամենը մեկուկես տարուց բոլոր աշխատողներն ունենան թվային հարթակներից օգտվելու և թվային ստորագրություններ կիրառելու հմտություններ և կարողություններ, եթե այժմ այդպիսի քաղաքացիները փոքրաթիվ են։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք թվային ստորագրություն կիրառելու համար պահանջվող համակարգչային ծրագրերի, սարքավորումների, նույնականացման քարտերի, և համապատասխան վճարների և դրա հետ կապված տեխնիկական գիտելիքների անհրաժեշտությունը, նշված թվային տեխնոլոգիաների կիրառումը նույնիսկ պետության կողմից չի ապահովվում․ այդ ոլորտում առկա է հետընթաց։ Վերջին տարվա ընթացքում նույնիսկ ֆունկցիոնալ (էլեկտրոնային պահոցով) նույնականացման քարտեր այլևս չեն տրամադրվում, և Կառավարությանից ստացված տեղեկության համաձայն հայտնի չէ, թե քանի տարի հետո է համակարգը լիարժեք գործարկվելու։ Այդպիսով, նախագծով առաջարկվող փոխությունը, կարծես թե, հիմնված է ֆիզիկական իրավահարաբերությունները զուտ թվայնացնելու գերնպատակի վրա, առանց հաշվի առնելու աշխատանքային հարաբերություններում գործնական և իրական իրավիճակը։ Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է առայժմ չընդունվի, փոխարենն անցկացվեն լիարժեք և համապարփակ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի ու փորձագետների հետ, անցկացվի միջազգային փորձի վերլուծություն, և այնուհետև օրենսդրության վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը կատարել ըստ այդ ստացված գիտելիքների։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

22.09.2023

06.09.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերը կնքելու պահանջի հետ մեկտեղ, սակայն, Նախագիծը որևէ արտոնություն չի սահմանում առնվազն աշխատողների համար՝ էլեկտրոնային ստորագրությունները ակտիվացնելու համար «Էկենգ» ՓԲԸ կողմից տարեկան գանձվող ծառայության վճարների մասով։ Թեև ստորագրության ակտիվացման համար տարեկան գանձվող գումարը 3000 դրամ է, այնուամենայնիվ, այն, ըստ էության, պետության կողմից սահմանվող լրացուցիչ բեռ է, որը կարող է էական լինել առաջին հերթին աշխատողների և հատկապես ցածր աշխատավարձ ստացող աշխատողների համար։ Հիմք ընդունելով նշվածը, բացառելու համար նոր համակարգի ներդրման պարագայում աշխատողների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելը՝ առաջարկում ենք Նախագծով և, ըստ գնահատված անհրաժեշտության, համապատասխան իրավական այլ ակտերի լրացուցիչ նախագծով սահմանել էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար գանձվող վճարների մասով արտոնություն աշխատողների համար՝ աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար։

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն

20.09.2023

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը դեմ է ,, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, ՀՀ օրենքի նախագծին, նկատի ունենալով ստորև բերված առարկությունները. ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները տեսանելի կապ չունեն ԱՄԿ կոնվենցիաների, միջազգային աշխատանքային նորմերի կիրառման հետ: Առաջարկվող փաթեթում , փաստորեն պետք է գնահատական տալ միայն գլուխ 13.1-ին, քանի որ առաջարկվող մնացած փոփոխություններն ու լրացումները բխում են 13.1-րդ գլխի կարգավորումներից: Համոզիչ չե Օրենքի նախագծի ընդունման Հիմնավորումը: Հիմնավորման մեջ բացակայում է իրական վիճակի վերլուծությունը, այն փոխարինված է ընդհանուր դատողություններով իրավակիրառ պրակտիկայում հնարավոր բացթողումների մասին: Բացակայում են Տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, թերությունների պատճառները, չկա որևէ տեղեկատվություն այս հարցում տարածաշրջանի կամ այլ պետությունների փորձի մասին: Անհիմն է այն պնդումը, թե ,, աշխատողը ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանված լինելու հանգամանքը և զերծ մնալու անօրինական աշխատանքներում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից,, , քանի որ աշխատողների որոշակի մասի համար թվային հարթակից օգտվելու համար անհրաժեշտ միջոցները հասանելի չեն, հատկապես հեռավոր բնակավայրերում: Այն, որ թվային հարթակի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն /հոդ.102.2/ արդեն նշանակում է, որ դա կապ չունի աշխատողների իրավունքների պաշտպանության հետ, ինչպես նշվում է Հիմնավորման մեջ: Թվային հարթակի միջոցով չի կարելի վերահսկել աշխատանքային պայմանագրերի կիրառումը: Տեսչական մարմինը նախագծով չի օժտվում որևէ լրացուցիչ իրավունքով, հնարավորություններով, ինչը կարող էր նպաստել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դեմ ենք նախագծի ընդունմանը:

Տեսնել ավելին