Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն 13.09.2023 11:42:16 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ առաջարկում է. «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 102.2. հոդվածում ավելացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ. «Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմնին տրվում է թվային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերջինիս կողմից իրականացվող ոչ պետական վերահսկողության համար»: Առաջարկն ընդունվել է ի գիտություն, նախագծի լրամշակման փուլում առաջարկը կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ։
2 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա 15.09.2023 16:08:25 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան դեմ է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին` հաշվի առնելով ստորև նշված հիմնավորումները. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն է տրվում թվային հարթակի բազային հասանելիության միջոցով իրականացնել աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն: Մինչդեռ, աշխատողների ներկայացուցիչներին թվային հարթակի բազային հասանելիության միջոցով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված ոչ պետական վերահսկողության հնարավորություն տրված չէ: Հարկ ենք համարում նշել, որ թվային հարթակի բազային հասանելիության միջոցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողություն իրականացնելը չի նպաստի Նախագծի հիմնավորման մեջ նշված մարզերում և փոքր համայնքներում աշխատողների, ինչպես նաև «սոցիալապես անապահով, իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող, առաջարկվող պայմաններից տարբերվող այլ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեցող և հանրային ոլորտում ցածր պաշտոններ (հաստիքային միավորներ) զբաղեցնող անձանց» աշխատանքային իրավունքների խախտման վերացմանը և «չգրանցված կամ ստվերային տնտեսությունում աշխատողների ներգրավման դեպքեր»-ի բացահայտմանը: Մասնավորապես, թվային հարթակի բազային հասանելիության միջոցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողություն իրականացնելը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ԱՄԿ թիվ 81-րդ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջին՝ «Իրենց լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթեր ունեցող աշխատանքի տեսուչներն իրավունք ունեն. ա. առանց նախօրոք տեղեկացնելու՝ ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի մուտք գործել տեսչական ստուգման ենթակա ցանկացած ձեռնարկություն,»։ Այն, որ թվային հարթակի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն /հոդ.102.2/ արդեն նշանակում է, որ դա կապ չունի աշխատողների իրավունքների պաշտպանության հետ, ինչպես նշվում է Հիմնավորման մեջ: Նախագծով առաջարկվող էլեկտրոնային ստորագրության միջոցով աշխատանքային պայմանագրի կնքումը միանշանակ դժվարություններ է առաջացնելու աշխատողների համար, քանի որ էլեկտրոնային ստորագրության, ինչպես նաև թվային հարթակից օգտվելու համար անհրաժեշտ միջոցները ոչ բոլոր աշխատողների համար կարող են հասանելի լինել, որն էլ կարող է նպաստել ոչ ֆորմալ զբաղվածության ավելացմանը, հատկապես հեռավոր բնակավայրերում և փոքր համայնքներում, որտեղ բնակչությունը օբյեկտիվորեն չունի հնարավորություն թվային սարքավորումներից, ինտերնետ կապից օգտվելու համար: Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է իրական վիճակի վերլուծությունը, այն փոխարինված է ընդհանուր դատողություններով իրավակիրառ պրակտիկայում հնարավոր բացթողումների մասին: Բացակայում են Տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, թերությունների պատճառները, չկա որևէ տեղեկատվություն այս հարցում տարածաշրջանի կամ այլ պետությունների փորձի մասին: Առաջարկվում է նման Նախագիծ մշակելուց առաջ քարտեզագրել (դրա առկայության դեպքում՝ տրամադրել արդյունքները) ՀՀ քաղաքացիների՝ աշխատողների թվային տեխնոլոգիաներից օգտվելու, ինչպես նաև ֆինանսական հնարավորությունները (լիազոր մարմնի՝ Էկենգ-ի կողմից էլեկտրոնային ստորագրություն տրամադրելու և հետագայում դրա սպասարկման համար հրապարակային պայմանագրի համաձայն՝ քաղաքացիները պարտավոր են վճարել 3000 ՀՀ դրամ (https://www.ekeng.am/hy/payments)): Փաստորեն, ստացվում է, որ աշխատողները պարտավորված են լինելու վճարել հերթական պետական պարտադիր վճարը՝ «նոր հարկատեսակ»: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի ցանկի 11-րդ կետի պահանջներից: Թվային համակարգի ներդրումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագրով, մասնավորապես՝ «1. Սոցիալական իրավունքներ և պաշտպանություն» գլխի 10-րդ հանձնառությամբ՝ «10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար»: Միաժամանակ, Ձեր կողմից բարձրացված խնդիրները կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ նախագծի լրամշակման փուլում։
3 Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն 20.09.2023 14:27:13 Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը դեմ է ,, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, ՀՀ օրենքի նախագծին, նկատի ունենալով ստորև բերված առարկությունները. ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները տեսանելի կապ չունեն ԱՄԿ կոնվենցիաների, միջազգային աշխատանքային նորմերի կիրառման հետ: Առաջարկվող փաթեթում , փաստորեն պետք է գնահատական տալ միայն գլուխ 13.1-ին, քանի որ առաջարկվող մնացած փոփոխություններն ու լրացումները բխում են 13.1-րդ գլխի կարգավորումներից: Համոզիչ չե Օրենքի նախագծի ընդունման Հիմնավորումը: Հիմնավորման մեջ բացակայում է իրական վիճակի վերլուծությունը, այն փոխարինված է ընդհանուր դատողություններով իրավակիրառ պրակտիկայում հնարավոր բացթողումների մասին: Բացակայում են Տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, թերությունների պատճառները, չկա որևէ տեղեկատվություն այս հարցում տարածաշրջանի կամ այլ պետությունների փորձի մասին: Անհիմն է այն պնդումը, թե ,, աշխատողը ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանված լինելու հանգամանքը և զերծ մնալու անօրինական աշխատանքներում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից,, , քանի որ աշխատողների որոշակի մասի համար թվային հարթակից օգտվելու համար անհրաժեշտ միջոցները հասանելի չեն, հատկապես հեռավոր բնակավայրերում: Այն, որ թվային հարթակի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն /հոդ.102.2/ արդեն նշանակում է, որ դա կապ չունի աշխատողների իրավունքների պաշտպանության հետ, ինչպես նշվում է Հիմնավորման մեջ: Թվային հարթակի միջոցով չի կարելի վերահսկել աշխատանքային պայմանագրերի կիրառումը: Տեսչական մարմինը նախագծով չի օժտվում որևէ լրացուցիչ իրավունքով, հնարավորություններով, ինչը կարող էր նպաստել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դեմ ենք նախագծի ընդունմանը: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ` «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի ցանկի 11-րդ կետի պահանջներից: Թվային համակարգի ներդրումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագրով, մասնավորապես՝ «1. Սոցիալական իրավունքներ և պաշտպանություն» գլխի 10-րդ հանձնառությամբ՝ «10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական և մասնավոր հատվածի համար»: Անդրադառնալով Ձեր դիտարկմանը առ այն, որ «Թվային հարթակի միջոցով չի կարելի վերահսկել աշխատանքային պայմանագրերի կիրառումը: Տեսչական մարմինը նախագծով չի օժտվում որևէ լրացուցիչ իրավունքով, հնարավորություններով, ինչը կարող էր նպաստել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը» հարկ է նշել, որ գործատուների կողմից աշխատանքային իրավունքի ոլորտում թույլ տրվող խախտումները հայտնաբերելու և բացահայտելու համար Տեսչական մարմինը այս պահին չունի բավարար ներուժ, քանի որ չունի անհրաժեշտ գործիքակազմ՝ աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները տեղում՝ թվային եղանակով, կամ նախքան վերահսկողական բուն գործառույթներին անցնելը ստանալու հնարավորություն: Նախագծով տրվում է այդ լիազորությունը։
4 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 22.09.2023 14:44:20 06.09.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերը կնքելու պահանջի հետ մեկտեղ, սակայն, Նախագիծը որևէ արտոնություն չի սահմանում առնվազն աշխատողների համար՝ էլեկտրոնային ստորագրությունները ակտիվացնելու համար «Էկենգ» ՓԲԸ կողմից տարեկան գանձվող ծառայության վճարների մասով։ Թեև ստորագրության ակտիվացման համար տարեկան գանձվող գումարը 3000 դրամ է, այնուամենայնիվ, այն, ըստ էության, պետության կողմից սահմանվող լրացուցիչ բեռ է, որը կարող է էական լինել առաջին հերթին աշխատողների և հատկապես ցածր աշխատավարձ ստացող աշխատողների համար։ Հիմք ընդունելով նշվածը, բացառելու համար նոր համակարգի ներդրման պարագայում աշխատողների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելը՝ առաջարկում ենք Նախագծով և, ըստ գնահատված անհրաժեշտության, համապատասխան իրավական այլ ակտերի լրացուցիչ նախագծով սահմանել էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար գանձվող վճարների մասով արտոնություն աշխատողների համար՝ աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախատեսվում է շահագրգիռ կողմերի հետ քննարկում իրականացնել, որպեսզի թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրի կնքումը աշխատողի կողմից լինի ոչ թե ստորագրությամբ, այլ հաստատումով, որի պարագայում վճարելու անհրաժեշտություն չի լինի։ Աշխատողը, որպես աշխատանքային հարաբերությունների մյուս կողմ, պայմանագիրը թվային համակարգի միջոցով կհաստատի նույնականացման քարտով
5 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 22.09.2023 15:05:08 Կարծում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորումն արդարացված չէ և գիտահեն չէ՝ որևէ ապացույց, որ աշխատանքային պայմանագրի տեղադրումը թվային հարթակում բարելավելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը գոյություն չունի։ Օրենսդրությունը խախտելու, աշխատողների չգրանցելու կամ օրենսդրության պահանջները ոչ պատշաճ կերպով ներդնելու հակում ունեցող գործատուները, անկախ այս նախագծով առաջարկվող փոփոխությունից, շարունակելու են ապօրինի գործելակերպը։ Աշխատանքային պայմանագիրը թղթայինից թվային դարձնելը այդ վարքագծում որևէ իմաստալից փոփոխություն չի ենթադրի։ Արված չէ նաև միջազգային նմանատիպ փորձի վերլուծություն և հետազոտված չէ թվայնացված աշխատանքային պայմանագրի կապը օրենսդրության վերահսկման բարելավման հետ։ Մեր տվյալներով, բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր միայն թվային հարթակում կնքելու պահանջ դեռևս որևէ պետությունում գոյություն չունի։ Աշխատանքային պայմանագրերը թվային հարթակում պահելը խնդրահարույց է նաև տվյալների գաղտնիության և կիբեր-անվտանգության տեսանկյունից։ Օրինակ, աշխատողի որոշ պարտականությունների կամ որոշ պայմանների մասին տեղեկությունը միշտ չէ, որ ընդունելի է դարձնել թափանցիկ վերահսկող մարմինների համար, մասնավորապես՝ առևտրային գաղտնիքի նկատառումներով։ ՀՀ տեղեկատվական համակարգերի ոչ այդքան բարձր անվտանգային ստանդարտներն էլ ենթադրում են, որ աշխատանքային պայմանագրերը ապահովագրված չեն լինելու տվյալների արտահոսքից։ Բացի այդ հասկանալի չէ, ինչպես է պետությունը պատրաստվում ապահովել, որ ընդամենը մեկուկես տարուց բոլոր աշխատողներն ունենան թվային հարթակներից օգտվելու և թվային ստորագրություններ կիրառելու հմտություններ և կարողություններ, եթե այժմ այդպիսի քաղաքացիները փոքրաթիվ են։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք թվային ստորագրություն կիրառելու համար պահանջվող համակարգչային ծրագրերի, սարքավորումների, նույնականացման քարտերի, և համապատասխան վճարների և դրա հետ կապված տեխնիկական գիտելիքների անհրաժեշտությունը, նշված թվային տեխնոլոգիաների կիրառումը նույնիսկ պետության կողմից չի ապահովվում․ այդ ոլորտում առկա է հետընթաց։ Վերջին տարվա ընթացքում նույնիսկ ֆունկցիոնալ (էլեկտրոնային պահոցով) նույնականացման քարտեր այլևս չեն տրամադրվում, և Կառավարությանից ստացված տեղեկության համաձայն հայտնի չէ, թե քանի տարի հետո է համակարգը լիարժեք գործարկվելու։ Այդպիսով, նախագծով առաջարկվող փոխությունը, կարծես թե, հիմնված է ֆիզիկական իրավահարաբերությունները զուտ թվայնացնելու գերնպատակի վրա, առանց հաշվի առնելու աշխատանքային հարաբերություններում գործնական և իրական իրավիճակը։ Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է առայժմ չընդունվի, փոխարենն անցկացվեն լիարժեք և համապարփակ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի ու փորձագետների հետ, անցկացվի միջազգային փորձի վերլուծություն, և այնուհետև օրենսդրության վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը կատարել ըստ այդ ստացված գիտելիքների։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գործատուներն աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պարտադիր առկայությունը կամ դրա տրամադրումը աշխատողներին երբեմն համարում են ոչ կարևոր։ Բացի այդ, եթե նույնիսկ կնքվում է աշխատանքային պայմանագիր (ընդունվում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ), ապա հաջորդ խնդիրն է դրա բովանդակությունը կամ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն պայմանների արտացոլումը՝ (օրինակ՝ աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը, վարձատրությունը և այլն)։ Միաժամանակ, աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) երբեմն աշխատողներին չի տրամադրվում՝ վերջիններիս աշխատանքային գործունեությունը հարկային մարմնում չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պայմանները խախտելու դեպքում աշխատողի կողմից գործատուին կամ տեսչական մարմնին հասցեագրված դիմում-բողոքներից զերծ մնալու նպատակով։ Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման արդյունքում տեսչական մարմինը հնարավորություն կունենա ավելի օպտիմալ ռեսուրսներով ապահովվել պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում, կընձեռի պետական վերահսկողությունն իրականացնել առանց տնտեսավարող սուբյեկտներ այցելելու, վերհանել աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը մշտադիտարկումների միջոցով։