Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 4-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը։

Հոդված 2.  Օրենսգրքի 13-րդ հոդվածի՝

 

1) առաջին պարբերությունը համարակալել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն արտացոլվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի միջոցով։»։

 Հոդված  3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասից հանել «գրավոր» բառը.

2) 1.1-ին մասում «Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝» բառերը փոխարինել «Աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաև, եթե՝» բառերով։ 

 Հոդված 4.  Օրենսգրքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասում «և 1.2-րդ մասերին» բառերը փոխարինել «մասին» բառով։

 Հոդված  5.  Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «(կամ)» բառը, իսկ 3-րդ մասից՝ «գրավոր» բառը։

 Հոդված 6.  Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի միջոցով։ Աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։».

2) Ուժը կորցրած ճանաչել 1.1-1.3-րդ մասերը։

 Հոդված 7.  Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գրավոր» բառը։

 Հոդված 8.  Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 13.1

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ

Հոդված 102.1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակը և հարթակի կիրառման հիմնական սկզբունքները 

  1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակը (այսուհետև՝ թվային հարթակ) տվյալների ամբողջություն է, որն ապահովում է՝

1) գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաև դրանց անբաժանելի մաս հանդիսացող համաձայնագրերի օրինակների և դրանց վերաբերյալ տվյալների մուտքագրումը և օգտագործումը.

2) կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերի կնքումը.

3) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ պետական վերահսկողության իրականացումը:

  1. Թվային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝

1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը.

2) էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը.

3) անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների գաղտնիության ապահովումը: 

Հոդված 102.2. Թվային հարթակի կառավարումը, տվյալներին հասանելիությունը, տեխնիկական պահանջները և կառավարման կարգը

  1. Թվային հարթակի կառավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետև՝ Կոմիտե):
  2. Տեսչական մարմնին տրվում է թվային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում սույն օրենսգրքով նախատեսված՝ աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման նկատմամբ վերջինիս կողմից իրականացվող վերահսկողության համար:
  3. Կոմիտեին տրվում է թվային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաև աշխատողի համար հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի գումարների և կատարված սոցիալական ու այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար՝ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում:
  4. Թվային հարթակում գործատուին և աշխատողին տրվում է էլեկտրոնային տվյալներին հասանելիության պատուհան (անձնական էջ): Մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` էլեկտրոնային տվյալներին հասանելիությունը տրվում է ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին, ով ստորագրել է աշխատանքային պայմանագիրը:
  5. Թվային հարթակին ներկայացվող տեխնիկական պահանջները, կառավարման կարգը և թվային հարթակի տվյալներին հասանելիության առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 102.3. Թվային հարթակում տվյալների մուտքագրումը և օգտագործումը 

  1. Պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված, ինչպես նաև եթե աշխատողի աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված են որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություններ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տվյալ տեղեկությունները թվային հարթակ մուտքագրելու առանձնահատկություններ կամ բացառություններ:
  2. Աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուն պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել տվյալների թարմացումը (տեղեկությունների մուտքագրումը) թվային հարթակում:
  3. Թվային հարթակում տվյալների ու աշխատողի մասին անհատական տեղեկությունների մուտքագրման առանձնահատկություններն ու բացառությունները և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Հոդված 9.  Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում «ձևակերպվում է» բառից հետո լրացնել «թվային հարթակի միջոցով» բառերով։
Հոդված 10.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 20-ից:
  2. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութամսյա ժամկետում, թվային հարթակ են մուտքագրվում գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը՝ տվյալ պահին գործող պայմաններով։
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ ութամսյա ժամկետում:
  • Քննարկվել է

    06.09.2023 - 22.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2227

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

22.09.2023

Կարծում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորումն արդարացված չէ և գիտահեն չէ՝ որևէ ապացույց, որ աշխատանքային պայմանագրի տեղադրումը թվային հարթակում բարելավելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը գոյություն չունի։ Օրենսդրությունը խախտելու, աշխատողների չգրանցելու կամ օրենսդրության պահանջները ոչ պատշաճ կերպով ներդնելու հակում ունեցող գործատուները, անկախ այս նախագծով առաջարկվող փոփոխությունից, շարունակելու են ապօրինի գործելակերպը։ Աշխատանքային պայմանագիրը թղթայինից թվային դարձնելը այդ վարքագծում որևէ իմաստալից փոփոխություն չի ենթադրի։ Արված չէ նաև միջազգային նմանատիպ փորձի վերլուծություն և հետազոտված չէ թվայնացված աշխատանքային պայմանագրի կապը օրենսդրության վերահսկման բարելավման հետ։ Մեր տվյալներով, բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր միայն թվային հարթակում կնքելու պահանջ դեռևս որևէ պետությունում գոյություն չունի։ Աշխատանքային պայմանագրերը թվային հարթակում պահելը խնդրահարույց է նաև տվյալների գաղտնիության և կիբեր-անվտանգության տեսանկյունից։ Օրինակ, աշխատողի որոշ պարտականությունների կամ որոշ պայմանների մասին տեղեկությունը միշտ չէ, որ ընդունելի է դարձնել թափանցիկ վերահսկող մարմինների համար, մասնավորապես՝ առևտրային գաղտնիքի նկատառումներով։ ՀՀ տեղեկատվական համակարգերի ոչ այդքան բարձր անվտանգային ստանդարտներն էլ ենթադրում են, որ աշխատանքային պայմանագրերը ապահովագրված չեն լինելու տվյալների արտահոսքից։ Բացի այդ հասկանալի չէ, ինչպես է պետությունը պատրաստվում ապահովել, որ ընդամենը մեկուկես տարուց բոլոր աշխատողներն ունենան թվային հարթակներից օգտվելու և թվային ստորագրություններ կիրառելու հմտություններ և կարողություններ, եթե այժմ այդպիսի քաղաքացիները փոքրաթիվ են։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք թվային ստորագրություն կիրառելու համար պահանջվող համակարգչային ծրագրերի, սարքավորումների, նույնականացման քարտերի, և համապատասխան վճարների և դրա հետ կապված տեխնիկական գիտելիքների անհրաժեշտությունը, նշված թվային տեխնոլոգիաների կիրառումը նույնիսկ պետության կողմից չի ապահովվում․ այդ ոլորտում առկա է հետընթաց։ Վերջին տարվա ընթացքում նույնիսկ ֆունկցիոնալ (էլեկտրոնային պահոցով) նույնականացման քարտեր այլևս չեն տրամադրվում, և Կառավարությանից ստացված տեղեկության համաձայն հայտնի չէ, թե քանի տարի հետո է համակարգը լիարժեք գործարկվելու։ Այդպիսով, նախագծով առաջարկվող փոխությունը, կարծես թե, հիմնված է ֆիզիկական իրավահարաբերությունները զուտ թվայնացնելու գերնպատակի վրա, առանց հաշվի առնելու աշխատանքային հարաբերություններում գործնական և իրական իրավիճակը։ Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է առայժմ չընդունվի, փոխարենն անցկացվեն լիարժեք և համապարփակ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի ու փորձագետների հետ, անցկացվի միջազգային փորձի վերլուծություն, և այնուհետև օրենսդրության վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը կատարել ըստ այդ ստացված գիտելիքների։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

22.09.2023

06.09.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերը կնքելու պահանջի հետ մեկտեղ, սակայն, Նախագիծը որևէ արտոնություն չի սահմանում առնվազն աշխատողների համար՝ էլեկտրոնային ստորագրությունները ակտիվացնելու համար «Էկենգ» ՓԲԸ կողմից տարեկան գանձվող ծառայության վճարների մասով։ Թեև ստորագրության ակտիվացման համար տարեկան գանձվող գումարը 3000 դրամ է, այնուամենայնիվ, այն, ըստ էության, պետության կողմից սահմանվող լրացուցիչ բեռ է, որը կարող է էական լինել առաջին հերթին աշխատողների և հատկապես ցածր աշխատավարձ ստացող աշխատողների համար։ Հիմք ընդունելով նշվածը, բացառելու համար նոր համակարգի ներդրման պարագայում աշխատողների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ դնելը՝ առաջարկում ենք Նախագծով և, ըստ գնահատված անհրաժեշտության, համապատասխան իրավական այլ ակտերի լրացուցիչ նախագծով սահմանել էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար գանձվող վճարների մասով արտոնություն աշխատողների համար՝ աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար։

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն

20.09.2023

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը դեմ է ,, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,, ՀՀ օրենքի նախագծին, նկատի ունենալով ստորև բերված առարկությունները. ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները տեսանելի կապ չունեն ԱՄԿ կոնվենցիաների, միջազգային աշխատանքային նորմերի կիրառման հետ: Առաջարկվող փաթեթում , փաստորեն պետք է գնահատական տալ միայն գլուխ 13.1-ին, քանի որ առաջարկվող մնացած փոփոխություններն ու լրացումները բխում են 13.1-րդ գլխի կարգավորումներից: Համոզիչ չե Օրենքի նախագծի ընդունման Հիմնավորումը: Հիմնավորման մեջ բացակայում է իրական վիճակի վերլուծությունը, այն փոխարինված է ընդհանուր դատողություններով իրավակիրառ պրակտիկայում հնարավոր բացթողումների մասին: Բացակայում են Տեսչական մարմնի ստուգումների արդյունքները, թերությունների պատճառները, չկա որևէ տեղեկատվություն այս հարցում տարածաշրջանի կամ այլ պետությունների փորձի մասին: Անհիմն է այն պնդումը, թե ,, աշխատողը ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանված լինելու հանգամանքը և զերծ մնալու անօրինական աշխատանքներում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից,, , քանի որ աշխատողների որոշակի մասի համար թվային հարթակից օգտվելու համար անհրաժեշտ միջոցները հասանելի չեն, հատկապես հեռավոր բնակավայրերում: Այն, որ թվային հարթակի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն /հոդ.102.2/ արդեն նշանակում է, որ դա կապ չունի աշխատողների իրավունքների պաշտպանության հետ, ինչպես նշվում է Հիմնավորման մեջ: Թվային հարթակի միջոցով չի կարելի վերահսկել աշխատանքային պայմանագրերի կիրառումը: Տեսչական մարմինը նախագծով չի օժտվում որևէ լրացուցիչ իրավունքով, հնարավորություններով, ինչը կարող էր նպաստել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դեմ ենք նախագծի ընդունմանը:

Տեսնել ավելին