Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 2023 թվականի  __________  «____»  N        -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

          1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.

          «5) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված բնապահպանական ծրագրերում ներառվող միջոցառումների իրականացման համար նախատեսված մասհանումներից բացի՝ Հայաստանի Հանրապետության բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվող բնապահպանական սուբվենցիաների հայտերի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի»,

          2) Որոշումը լրացնել նոր 5-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

______ «___» -ի N ____ - Ն որոշման

 

 

«                                                                                              Հավելված N 5

ՀՀ կառավարության 2006 թվականի

նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻՑ ԲԱՑԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով սահմանված ազդակիր համայնքներին Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման համար կատարվող մասհանումներից բացի՝ պետական բյուջեից համայնքներին բնապահպանական սուբվենցիայի (այսուհետ՝ Բնապահպանական սուբվենցիա) տրամադրման հետ կապված հարաբերությունները։
  2. Բնապահպանական սուբվենցիաներն ուղղված են համայնքների վարչական տարածքներում շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման ծրագրերի (այսուհետ՝ Ծրագրեր) իրականացմանը։
  3. Պետական բյուջեից համայնքներին տրամադրվող Բնապահպանական սուբվենցիաների ծրագրային ուղղությունները և չափաբաժինները ներկայացված են սույն կարգի Աղյուսակ N 1-ում։ Նշված ծրագրային ուղղություններին չհամապատասխանող ծրագրերը չեն դիտարկվում։
  4. Բնապահպանական սուբվենցիաների տրամադրման գործընթացում դիտարկվում են այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների ստեղծմանը (ձեռքբերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը։
  5. Բնապահպանական սուբվենցիայի գումարները մասհանվում են համայնքի ֆոնդային բյուջեներ։ Հատկացված գումարի և դրա փաստացի կատարողականի դրական տարբերությունը հետ է վերադարձվում պետական բյուջե։
  6. Բնապահպանական սուբվենցիայի հայտը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից՝ հիմք ընդունելով շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը, հասցված վնասի վերականգնմանը, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումները և տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերը կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը կամ շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները, ղեկավարվելով Օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված՝ շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը և մարդու առողջությանը հասցված վնասի վերականգնմանը կամ վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումներով։
  7. Բնապահպանական սուբվենցիայի հայտը ներառում է.
  • համայնքի բնապահպանական խնդիրները (անհրաժեշտության դեպքում՝ ըստ բնակավայրերի),
  • Բնապահպանական սուբվենցիայի նպատակը,
  • Բնապահպանական սուբվենցիայի միջոցով իրականացվելիք միջոցառման մանրամասն նկարագրությունը,
  • Բնապահպանական սուբվենցիայի շահառուները,
  • Բնապահպանական սուբվենցիայով նախատեսված միջոցառումների կատարողականի կանխատեսումը (ըստ քանակական և որակական ցուցանիշների),
  • Բնապահպանական սուբվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացումից ակնկալվող արդյունքները (կարճաժամկետ և երկարաժամկետ),
  • տեղեկատվություն՝ Բնապահպանական սուբվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացմանը պետական կառավարման համակարգի մարմինների կամ այլ կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) մասնակցության և համաֆինանսավորման վերաբերյալ,
  • տեղեկատվություն՝ մատուցվող ծառայությունների՝ համայնքի բնակչությանը հասանելի լինելու վերաբերյալ,
  • տեղեկատվություն՝ Բնապահպանական սուբվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտը համայնքային բյուջե մուտքագրելու և այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղելու վերաբերյալ,
  • տեղեկատվություն՝ ներկայացված բնապահպանական խնդրի լուծման ուղղությամբ նախկինում իրականացված միջոցառումների վերաբերյալ (անկախ ֆինանսավորման աղբյուրից),
  • տեղեկատվություն Բնապահպանական սուբվենցիայի ֆինանսական արժեքի վերաբերյալ։ Բնապահպանական սուբվենցիայի ֆինանսական արժեքը գնահատվում է նախատեսվող միջոցառումների նախահաշվային արժեքի հաշվարկման միջոցով: Նախահաշվային արժեքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի և տվյալ տարվա բյուջետային ծախսերի հաշվարկման համար ֆինանսների ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված՝ պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան:
  1. Յուրաքանչյուր համայնքի համար Բնապահպանական սուբվենցիայի հայտը պետական բյուջեից ֆինանսավորվում է առավելագույնը համայնքի՝ նախորդ տարվա բյուջեի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծախսերի հնգապատիկի և նախորդ տարում Օրենքի շրջանակներում փաստացի տրամադրված մասհանումների հաշվին իրականացված բնապահպանական միջոցառումների գումարի հանրագումարի չափով։
  2. Բնապահպանական սուբվենցիա ստանալու նպատակով՝ համայնքի ղեկավարը մինչև ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա մայիսի 1-ը Բնապահպանական սուբվենցիայի հայտը տարածքային կառավարման մարմինների միջոցով, Բնապահպանական սուբվենցիայի հայտին հավանություն տալու վերաբերյալ համապատասխան մարզպետի ուղեկցող գրությամբ համաձայնեցման է ներկայացնում շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմին (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝:
  3. Բնապահպանական սուբվենցիայի հայտը Լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը այն հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ դրանք հրապարակվում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։
  4. Համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձինք Բնապահպանական սուբվենցիայի հայտի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնoրյա ժամկետում։
  5. Լիազոր մարմինը Բնապահպանական սուբվենցիայի հայտը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում ներկայացնում է ոլորտային լիազոր մարմինների քննարկմանը։
  6. Պետական կառավարման ոլորտային լիազոր մարմինները Բնապահպանական սուբվենցիայի հայտը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Լիազոր մարմին են ներկայացնում դիրքորոշում Բնապահպանական սուբվենցիայի հայտի վերաբերյալ։
  7. Լիազոր մարմինը Բնապահպանական սուբվենցիայի հայտի վերաբերյալ ոլորտային լիազոր մարմինների դիրքորոշումներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում.

1)   Բնապահպանական սուբվենցիայի հայտով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տալիս է համաձայնություն (Ձև 1 ձևաչափին համապատասխան),

2)  դիտողություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում Բնապահպանական սուբվենցիայի հայտը վերադարձնում է համապատասխան համայնքի ղեկավարին՝ լրամշակման։

  1. Լիազոր մարմնի կողմից սույն կարգով սահմանված ժամկետում համաձայնություն չտալու, դիտողություններ կամ առաջարկություններ չներկայացնելու դեպքում Բնապահպանական սուբվենցիայի հայտը համարվում է Լիազոր մարմնի կողմից համաձայնեցված։
  2. Համայնքի ղեկավարը, ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված Բնապահպանական սուբվենցիայի հայտը 10-օրյա ժամկետում ներկայացնում Լիազոր մարմին։ Համայնքի ղեկավարի կողմից 10-օրյա ժամկետում լրամշակված Բնապահպանական սուբվենցիայի հայտը կամ դիտողությունների և առաջարկությունների չընդունման կամ մասամբ ընդունման վերաբերյալ հիմնավորումները Լիազոր մարմին չներկայացնելու դեպքում Բնապահպանական սուբվենցիայի հայտը համարվում է վերադարձված։
  3. Լիազոր մարմնի կողմից ներկայացված դիտողություններին և առաջարկություններին համապատասխան լրամշակված Բնապահպանական սուբվենցիայի հայտի ներկայացման կամ դիտողությունների և առաջարկությունների չընդունման կամ մասամբ ընդունման հիմնավորումների ընդունելի լինելու դեպքում Լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում Բնապահպանական սուբվենցիայով նախատեսվող միջոցառումների և Բնապահպանական սուբվենցիայի հայտի վերաբերյալ տալիս է համաձայնություն, իսկ ներկայացված դիտողություններին և առաջարկություններին ոչ համապատասխան լրամշակված Բնապահպանական սուբվենցիայի հայտի կամ  դիտողությունների և առաջարկությունների չընդունման կամ մասամբ ընդունման անբավարար հիմնավորումների դեպքում՝ վերադարձնում է Բնապահպանական սուբվենցիայի հայտը։
  4. Սույն կարգին համապատասխան Բնապահպանական սուբվենցիայով նախատեսվող միջոցառումների և Բնապահպանական սուբվենցիայի հայտի վերաբերյալ Լիազոր մարմնի համաձայնությունը ստանալուց հետո համայնքի ղեկավարը կազմում է Բնապահպանական սուբվենցիայի փաթեթը։
  5. Բնապահպանական սուբվենցիայի փաթեթը ներառում է.
  • Բնապահպանական սուբվենցիայի հայտը,
  • Բնապահպանական սուբվենցիայի հայտով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ Լիազոր մարմնի համաձայնությունը,
  • Բնապահպանական սուբվենցիայի հայտի հաստատման վերաբերյալ ավագանու որոշումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավագանի չի ձևավորվել,
  • տեղեկատվություն Բնապահպանական սուբվենցիայով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ հանրային քննարկումների վերաբերյալ,
  • Բնապահպանական սուբվենցիայով նախատեսվող շինարարական միջոցառումների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներով ամրագրված փաստաթղթերը,
  • Բնապահպանական սուբվենցիայով նախատեսվող անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների դեպքում՝ անտառապատման կամ անտառվերականգնման իրականացման նախագծերը,
  • Բնապահպանական սուբվենցիայով նախատեսվող միջոցառումներով մեքենասարքավորումների, տեխնիկայի կամ այլ հիմնական միջոցների ձեռքբերման դեպքում՝ դրանց տեխնիկական բնութագրերը, ֆինանսական գնահատականները և առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումները, ինչպես նաև համայնքի ղեկավարի երաշխավորագիրը` առնվազն 10 տարի ժամկետով դրանց շահագործման, սպասարկման ու պահպանման ծախսերը հոգալու և այդ ծախսերը համայնքային բյուջեներում նախատեսելու վերաբերյալ,
  • տեղեկանք՝ սուբվենցիայի ծրագրի իրականացման համար ֆոնդային բյուջեում նախատեսվող գումարի մասին,
  • այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության։
  1. Համայնքի ղեկավարը Բնապահպանական սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին իրավասու է բնապահպանական ծրագիրը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները վերադարձնելու համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում դրանց լրամշակման նպատակով:
  2. Համայնքի ավագանու հաստատած և տարածքային կառավարման մարմինների միջոցով համայնքի ղեկավարի ներկայացրած բնապահպանական սուբվենցիայի փաթեթը Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Լիազոր մարմինը ներկայացնում է ֆինանսների ոլորտի լիազոր մարմին:
  3. Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով՝ ֆինանսների ոլորտի լիազոր մարմինը, սույն կարգի համաձայն ստացված բնապահպանական սուբվենցիայի փաթեթի հիման վրա կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:
  4. Բնապահպանական սուբվենցիայի իրականացման տարվա պետական բյուջեի ընդունումից հետո 30-օրյա ժամկետում Լիազոր մարմնի և համայնքի միջև կնքվում է Բնապահպանական սուբվենցիայի տրամադրման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)։ Պայմանագրով ամրագրվում են նաև Բնապահպանական սուբվենցիաների իրականացման հսկողության, մշտադիտարկման և փաստագրման հարաբերությունները։
  5. Համայնքներին տրամադրված Բնապահպանական սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական բյուջեով նախատեսված Բնապահպանական սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմինը։
  6. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն կարգով համայնքի բյուջե մուտքագրված Բնապահպանական սուբվենցիաների չափով։

 

 

 

Աղյուսակ N 1

 

Պետական բյուջեից համայնքներին տրամադրվող Բնապահպանական սուբվենցիաների ծրագրային ուղղությունները և չափաբաժինները

 

Հ/Հ

Բնապահպանական սուբվենցիայով նախատեսված միջոցառման ոլորտը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող

սուբվենցիայի չափաբաժինը

(տոկոս)

1.

Էլեկտրական շարժիչով հասարակական տրանսպորտային միջոցների ձեռքբերում, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի (կայանների) կառուցում

50

2.

Կենսավառելիքի (բրիկետ, պելլետ, կենսամեթան) արտադրությունների հիմնում

70

3.

Համայնքային կազմակերպությունների ջեռուցման համակարգերի կառուցում կամ վերակառուցում՝ կենսավառելիքի էներգիայի հիմքի վրա

70

4.

Ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի և միացությունների արտահոսքերի կանխարգելման և վնասազերծման համակարգերի կառուցում, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի, կեղտաջրերի մաքրման կայանների (այդ թվում՝ կենսաբանական) կառուցում, դրանց հետագա գործունեության ապահովում

60

5.

Կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի և դրա աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանների ստեղծում, դրանց հետագա գործունեության ապահովում

70

6.

Աղբի տեսակավորված հավաքի, տեսակավորված աղբի, համայնքի տարածքում գոյացող այլ թափոնների վերամշակման, օգտահանման (այդ թվում՝ կենսաքայքայվող թափոնների կոմպոստացման), վնասազերծման, անվտանգ պահման կամ տեղադրման համար ենթակառուցվածքների ստեղծում

60

7.

Համայնքային անտառների հիմնում (անտառապատում կամ անտառվերականգնում) և հետագա խնամք

70

8.

Բնակավայրերի կանաչ գոտիների ավելացում

70

9.

Քաղաքաշինության, ընդերքօգտագործման, թափոնների տեղադրման կամ պահման և այլ գործունեության, ինչպես նաև բնական աղետների հետևանքով խախտված հողերի վերականգնում

70

10.

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի, մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի, հողային ծածկույթի մոնիթորինգի դիտակետերի ստեղծում, դրանց հետագա գործունեության ապահովում

70

 

ՁԵՎ 1

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

_______________________________ ՀԱՄԱՅՆՔԻ

______________   ____________________________

 (ստորագրություն,           անուն ազգանուն)

 

20___  ԹՎԱԿԱՆԻ

«_____» ________________ 20___  Թ.

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻ

 

 

 

_______________________________ ՀԱՄԱՅՆՔԻ 20___ ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հ/Հ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ

(հազար դրամ)

1.

 

 

2.

 

 

3.

 

 

......

 

 

  • Քննարկվել է

    13.06.2023 - 04.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2265

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ