Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Համայնքների բնապահպանական հիմնախնդիրների լուծումը, համայնքներում մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի ապահովումը շարունակական գործընթաց է։ Համայնքային բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման արդյունավետության բարձրացումը, դրանցում պետության ակտիվ և գործնական աջակցությունը էական նշանակություն ունեն շրջակա միջավայրի պահպանության գործընթացում։

          Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  կարգավորումների՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Սակայն՝ նշված մեխանիզմը բավարար չափով ֆինանսական միջոցներ չի գեներացնում առկա հիմնախնդիրների անհրաժեշտ չափով մեղմման համար՝ հաշվի առնելով վերը նշված բնապահպանական հարկի ցածր դրույքաչափերը, ինչի հետևանքով համայնքների կողմից վերոնշյալ օրենքի շրջանակներում իրականացվող բնապահպանական ծրագրերը (որոնք կարող են ներառել նաև առողջապահական միջոցառումներ) համարժեք չեն հասցված վնասին։ Էական է նաև այն հանգամանքը, որ որոշ ընդերքգտագործողներ արդեն իսկ բացված հանքում ներկայումս չեն իրականացնում արդյունահանում, ինչի հետևանքով չեն հաշվարկում բնապահպանական հարկի գումարներ (կամ շատ փոքր չափով են հաշվարկում)։ Արդյունքում՝ համայնքի կամ հարակից տարածքներում կարևորվում է շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը։

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ ևս սահմանված են մեխանիզմներ, որոնց միջոցով իրականացվում է համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրումը։ Սակայն դրանց ծրագրային ոլորտներից մի քանիսն են առնչվում շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանությանը։ Արդյունքում՝ որոշ առանցքային ոլորտներ (անտառնտկում և անտառվերականգնում, էլեկտրական շարժունակության մեծացում, աղբի տեսակավորում և վերամշակում) դուրս են մնում վերոնշյալ սուբվենցիաների իրականացման շրջանակներից։

          Հարցը քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում, որտեղ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հանձնարարվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ համատեղ քննարկել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում հավաքագրվող գումարներից զատ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված մեխանիզմներին համահունչ մեխանիզմներ սահմանելու հնարավորության հարցը, համաձայն որի՝ պետությունը ևս մասնակցություն կունենա բնապահպանական ծրագրերի իրականացմանը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է.

          ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում, համայնքներին բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը, կապահովվի դրանցում պետության գործուն մասնակցությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում.

          - ազդակիր համայնքների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն առավել մեծամասշտաբ բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման համար,

          - բնապահպանական ծրագրերը կդառնան ավելի համայնքահենք և հասցեական,

          - էականորեն կմեծանան մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերի քանակը և ընդգրկման շրջանակները,

          - պետական համաֆինանսավորման շնորհիվ կապահովվի բնապահպանական ծրագրերի պլանավորման, մշակման ու իրականացման կայունությունն ու շարունակականությունը։

          Նախագծով ամրագրվել են նաև պետական բյուջեից համայնքներին տրամադրվող Բնապահպանական սուբվենցիաների ծրագրային ուղղությունները և չափաբաժինները, որոնց հաշվարկման համար հիմք են հանդիսացել շրջակա միջավայրի ոլորտում պետության առաջնահերթությունները, համայնքների կայուն զարգացման համար ծրագրի կարևորությունը, նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հնարավոր չափերը և համայնքների կողմից համաֆինանսավորման ու այլ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունները, ծրագրերի իրականացման արդյունքում հնարավոր ֆինանսական օգուտների ստացման հնարավորությունը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

          Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում փոփոխություններ չեն սպասվում։ Համայնքների բավարար իրազեկման, համայնքներում շրջակա միջավայրի  խնդիրների վերհանման, համայնքների կողմից բնապահպանական ծրագրերի մշակման ու իրականացման  աշխատանքների արդյունավետ իրականացման դեպքում հնարավոր է պետական բյուջեի կապիտալ ծախսերի ավելացում առավելագույնը 2 մլրդ դրամի չափով (հիմք ընդունելով Նախագծի հավելվածի 8-րդ կետի կարգավորումը և «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն 2023 և 2024 թվականների համար համայնքների համար հաշվարկված մասհանման չափերը)։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2021-2026թթ. ծրագրի» 4.10-րդ «Շրջակա միջավայրի պահպանություն» և 6.6-րդ «Տարածքային կառավարում և ինքնակառավարում» կետերի դրույթներից։

  • Քննարկվել է

    13.06.2023 - 04.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2266

Տպել