Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության (քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պահպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների և ֆիզիկական անձանց լիազորությունները:


Հոդված 2. Oրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
2. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում են պետության կողմից:
3. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի («Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի) տեղեկությունների վրա, որոնք, թեև պարունակում են որևէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, սակայն սույն օրենքին համապատասխան չեն դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:

Հոդված 3. Oրենքում գործածվող հասկացությունները

1. Սույն օրենքում գործածվում են հետևյալ հասկացությունները.
1) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար,
2) ծառայողական գաղտնիք` սույն մասի առաջին կետով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,
3) պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրիչներ` (այսուհետ` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացի ձևով,
4) պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածում` այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստը,
5) հրապարակում` սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն,
6) հոսակորուստ` սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստը,
7) տեղեկությունների գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,
8) տեղեկությունների գաղտնազերծում` պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների վերացումն է,
9) պետական կամ ծառայողական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովմանը,
10) գաղտնիության աստիճան՝ գաղտնի տեղեկությունների կարևորության ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,
11) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրված թույլտվություն,
12) գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված տեխնիկական, ծածկագրային, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,
13) գաղտնիության դրոշմագիր` վավերապայմաններ, որոնք դրվում են տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում են տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,
14) գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը, պահպանումը փոխանցումը:

Հոդված 4. Գաղտնիության աստիճանները

1. Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում առաջացող հնարավոր հետևանքներից ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին պատճառված վնասների չափերից, ինչպես նաև այդ տեղեկությունների պահպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
1) «Հատուկ կարևորության»,
2) «Հույժ գաղտնի»,
3) «Գաղտնի»:
2. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է զգալիորեն ազդել պաշտպանության, տնտեսության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության շահերի վրա կամ ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակցող պետությունների և կազմակերպությունների համար:
3. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել պաշտպանության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության, պետության քաղաքական ու տնտեսական շահերին:
4. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:
5. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

Հոդված 5. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությունը

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 6. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:


Հոդված 7. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները

1. Հանրապետության նախագահը`
1) որոշում է Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
2) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է սույն օրենքի կատարումը,
2) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը,
3) մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը,
4) մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը,
5) ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պահպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և իր կողմից, սահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին,
6) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը,
7) սահմանում է պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարվելու կարգը,
8) հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը,
9) որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները,
10) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ լիազորություններ,
11) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումների գործունեության կարգը,
12) սահմանում է գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները,
13) սահմանում է տեղեկություններին գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը մշակելու և հաստատելու, գաղտնիության դրոշմագիր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը,
14) սահմանում է գաղտնի տեղեկակիրների պահպանելու, պահպանման ժամկետների երկարացնելու գաղտնազերծելու կարգը,
15) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում գաղտնի գործավարության կազմակերպման կարգը,
16) սահմանում է գաղտնի տեղեկությունների գործավարության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման, պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման կազմակերպման կարգը,
17) սահմանում է գաղտնի տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող կազմակերպություններում անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,
18) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
19) սահմանում է ծածկագրային մարմին չունեցող Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
20) սահմանում է տեղեկակիրների բազմացման ու պատճենահանման, գրադարանների կազմակերպման կարգը,
21) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, գործուղման ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
22) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,
23) սահմանում է գաղտնիության ռեժիմի խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,
24) սահմանում է մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող աշխատակիցներին տրվող արտոնությունների տեսակները, ձևերը, չափերն ու տրման կարգը:
3. Պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
1) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում,
2) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մասին,
3) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը,
4) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ լիազորություններ:
5. Սահմանադրական դատարանը, դատական, քննչական և դատախազական մարմիններն ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում:


Գ Լ ՈՒ Խ 2

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ

Հոդված 8. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները

1. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.
1) ռազմական բնագավառում`
ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման, աշխարհազորի կիրառման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության, ինչպես նաև ղեկավարման համակարգի միջոցների տարրերի ենթակառուցվածքային փոխդասավորության, գործունեության ալգորիթմների, համակարգի հասանելիության, ամբողջականության և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումների մասին,
բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին,
գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին,
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին,
ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
2. Արտաքին հարաբերությունների բնագավառում`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին,
2) օտարերկրյա պետությունների հետ ռազմական, գիտատեխնիկական ու այլ տեսակի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին:
3. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`
1) Հայաստանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ներկայացված տեղեկությունների,
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների օգտագործման մասին,
3) պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի (հանձնարարականների), սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և մատակարարումների, դրանց առկայության և արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին,
4) պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին,
5) քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին,
6) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության պետական պահուստների ու պաշարների, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին,
7) տիեզերական գործունեության մասին:
4. Հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեու-թյան բնագավառում`
1) հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,
2) հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին,
3) կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մասին,
4) գաղտնի տեղեկատվության պահպանության մեթոդների ու միջոցների մասին,
5) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության բնագավառում պետական ծրագրերի ու միջոցների մասին:

Հոդված 9. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները

1. Արգելվում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասել`
1) քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները,
2) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները,
3) քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները,
4) այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա,
5) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները:

Գ Լ ՈՒ Խ 3

ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 10. Գաղտնագրման սկզբունքները

1. Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքներին համապատասխան:
2. Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:
3. Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից:
4. Գաղտնագրման ժամանակին կատարումը տեղեկությունների ստացման (մշակման) պահից կամ նախապես դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:


Հոդված 11. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելը

1. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելն իրականացվում է ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության:
2. Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական այլ մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների վրա, որոնք ստացել (մշակել) են այդ տեղեկությունները:
3. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով` Կառավարության կողմից սահմանված կարգով:
4. Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մշակվում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաև տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները:
5. Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և այն ենթակա է հրապարակման:
6. Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`
1) պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք,
2) ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:
7. Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից:
8. Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Տեղեկությունների գաղտնագրումը

1. Տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով:
2. Պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից ստացված (մշակված) տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին:
3. Ստացված (մշակված) տեղեկությունները գործող ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ ներկայացնելու անհնարինության դեպքում պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և տասնհինգօրյա ժամկետում առաջարկություններ ուղարկել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձի հասցեով` ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու վերաբերյալ:
4. Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել ստացված առաջարկությունների կամ իրենց կողմից ստացված (մշակված) և նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և որոշում ընդունել գործող ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ: Գաղտնագրված տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվում են անհրաժեշտ և կարող են կատարվել լրացուցիչ նշումներ, որոնց տեսակները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Տեղեկատվության նկատմամբ Հայաստանի Հանրապետության հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականության իրավունքի սահմանափակումը

1. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք իրավասու են հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող տեղեկատվության գաղտնագրման մասին որոշումներ ընդունել, եթե այդ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկատվության գաղտնագրումն իրականացվում է տեղեկատվության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից, որի չափը որոշվում է տեղեկատվության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի պաշտպանության տակ անցնում է այդ տեղեկատվությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկատվության սեփականատիրոջ պարտավորությունը` տեղեկատվությունը չտարածելու վերաբերյալ:
2. Պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկատվության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
3. Տեղեկատվության սեփականատերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել պաշտոնատար անձի գործողությունները:
4. Տեղեկատվության գաղտնագրման պահից դրանում ընդգրկված տեղեկության սեփականատերը համարվում է պետությունը:
Գ Լ ՈՒ Խ 4

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

Հոդված 14. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման ժամկետները

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են`
1) «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ,
2) «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի:
2. Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը և այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության` նախկինում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր անգամ 5 տարի ժամկետով:
3. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանվում են սույն օրենքով պետական և ծառայողական գաղտնիքի համար նախատեսված առավելագույն ժամկետով, եթե դրանց համար առանձին ժամկետներ սահմանված չեն:


Հոդված 15. Տեղեկությունների գաղտնազերծումը

1. Տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`
1) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
2) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:
2. Սույն օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են ըստ անհրաժեշտության:
3. Գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
4. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:
5. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծելու, դրանք պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Գաղտնազերծված տեղեկություններ պարունակող իրավական ակտերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 


Գ Լ ՈՒ Խ 5

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 16. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից փոխանցվել այլ շահագրգիռ մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները:
2. Պետական մարմինները, հիմնարկները և կազմակերպությունները մինչև պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող պետական մարմինները, հիմնարկները և կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գաղտնիության համապատասխան աստիճանի տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեն, իսկ ֆիզիկական անձինք` դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն ունեն:
3. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինները, հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործառնությունները, սեփականության ձևը փոխելու, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու կամ վերացնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի տեղեկակիրները սահմանված կարգով վերացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`
1) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի, հիմնարկի կամ կազմակերպության իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու լիազորություններ ունի,
2) պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները,
3) պետական այլ մարմնին, հիմնարկին կամ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 17. Համատեղ և այլ աշխատանքների կատարումը

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական մարմնի, հիմնարկի կամ կազմակերպության և համատեղ աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական հիմնարկի կամ կազմակերպության, ինչպես նաև ֆիզիկական անձի միջև կնքվում են համատեղ աշխատանքներ կատարելու մասին պայմանագիր:
2. Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ նախատեսվում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները (ինչպես աշխատանքների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո), պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, ինչպես նաև սահմանվում են փոխանցվող տեղեկությունների պահպանության ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման պայմանները:
3. Կողմերի կնքած պայմանագրի դրույթներին համապատասխան` համատեղ և այլ աշխատանքներ իրականացնելու ընթացքում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության նկատմամբ վերահսկողության կազմակերպման պատասխանատուն այդ աշխատանքների պատվիրատուն է:
4. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ 6

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության կազմակերպումը

1. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովումն իրականացնում են այդպիսի գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, հիմնարկները և կազմակերպությունները` իրենց իրավասության սահմաններում և իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան:
2. Պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:
3. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ կատարվող աշխատանքների ծավալից կախված` պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կողմից ստեղծվում են պետական ու ծառայողական գաղտնիքի պահպանության կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործառնությունները որոշում են նշված ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` հաշվի առնելով իրենց կողմից տարվող աշխատանքների առանձնահատկությունները:
4. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պահպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ապահովումից հետո:


Հոդված 19. Պետական կամ ծառայողական գաղտնիքին առչվելու երաշխավորված իրավունքը

Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական կամ ծառայողական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտնում նրանց ընտրվելուց անմիջապես հետո:

Հոդված 20. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալը

1. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվել կարող են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա,
2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պարտավորագիրը կնքելու միջոցով:
3. Քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Համապատասխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պարտավորագրում նախատեսվում են`
1) իրեն վստահված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև քաղաքացու պարտավորությունը,
2) սույն օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր սահմանափակումների կիրառման պայմանները,
3) պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին քաղաքացու իրազեկ լինելը,
4) կողմերի իրավունքները և պարտականությունները,
5) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը,
6) պարտավորագրի գործողության ժամկետը:
5. Աշխատանքային պարտավորագրում կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու երեք ձևի թույլտվություն`
1) հատուկ կարևորության տեղեկություններին,
2) հույժ գաղտնի տեղեկություններին,
3) գաղտնի տեղեկություններին:
6. Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:
7. Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց առնչվելու թույլտվության ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 21. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու մերժման հիմքերը

1. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք քաղաքացուն չի տրվում, եթե`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ նրա կողմից կատարված արարքը համարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ,
2) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորյալ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելուն,
4) ձևակերպում է փաստաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար,
5) ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող գործողություններ կամ ստացվել են հավաստի տվյալներ նրա կողմից այդպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ,
6) խուսափում է ստուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ:

Հոդված 22. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցման հիմքերը

1. Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացու առնչվելու իրավունքը դադարեցվում է, եթե`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պարտավորագիրը,
2) առաջացել է սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
2. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:
3. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի որոշմանը համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գանգատարկել այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


Հոդված 23. Իրավունքների ժամանակավոր սահմանափակումները

1. Սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքները կարող են ժամանակավորապես սահմանափակվել:
2. Սահմանափակումները կարող են վերաբերել`
1) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու իրավունքին,
2) պետական և ծառայողական գաղտնիք կազմող հայտնագործությունները և ստեղծագործություններն օգտագործելու իրավունքին,
3) «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց պաշտոնավարումից հետո որոշակի ժամանակահատվածի ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, որոշակի պետություններ մեկնելու, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում որոշակի պետություններ այցելելու (այդ թվում` արձակուրդի նպատակով) իրավունքին:
3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվում են քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք տալու պահից, գործում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչև սույն օրենքին համապատասխան նշված տեղեկությունների գաղտնազերծումը:

Հոդված 24. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալը

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն այդպիսի գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող քաղաքացիները` միայն համապատասխան պետական մարմնի, հիմնարկի կամ կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի թույլտվությամբ:
2. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին քաղաքացիների ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողությունը

1. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:
2. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացնում է ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
3. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնօրինելու լիազորություններով օժտված պետական կառավարման համակարգի մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր հիմնարկներում և կազմակերպություններում:
4. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերում, Սահմանադրական դատարանում, դատական, քննչական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը կազմակերպում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան մարմինների ղեկավարները` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի աջակցությամբ:

 


Հոդված 26. Ստուգողական աշխատանքները

Գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ որոշակի հաճախականությամբ կարող են իրականացվել ստուգողական աշխատանքներ, ինչպես նաև դրանց կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ:

Հոդված 27. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության դադարեցման առանձնահատկությունները

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվության դադարեցման դեպքում, եթե պաշտոնի անձնագրում (աշխատատեղի նկարագրում) պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու վերաբերյալ պահանջ է առկա, վերջիններիս ծառայությունից արձակվում են կամ, հնարավորության դեպքում, նրանց համաձայնությամբ տեղափոխվում են այլ պաշտոնի:

Հոդված 28. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը

1. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնում են պետական մարմինները, բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության կառուցվածքային ստորաբաժանումները` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ սույն օրենքին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող ոչ պետական սուբյեկտները` իրենց միջոցների հաշվին:
2. Պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությանն ուղղված միջոցառումների անցկացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարները, ինչպես նաև այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները: Եթե վերահսկողության իրականացումը կապված է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու հետ, ապա նշված անձինք պետք է ունենան համապատասխան գաղտնիության աստիճանի տեղեկություններին առնչվելու իրավունք:

Հոդված 29. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական կամ կարգապահական պատասխանատվություն:

Գ Լ ՈՒ Խ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 30. Եզրափակիչ մաս

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հանրապետության
նախագահ Ա. Սարգսյան

 

  • Քննարկվել է

    23.03.2021 - 07.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 933

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

11. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում https://bit.ly/2PSZgjQ ):

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

10. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում https://bit.ly/2PSZgjQ ) : • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

9. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասն, ինչպես և գործող օրենքը սահմանում է, որ օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը: Ստացվում է, որ հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ են հանձնվում «ըստ անհրաժեշտության», թե ինչ է արվում դրանք չհանձնելու դեպքում՝ նախագիծը չի մասնավորեցնում (դրանք մնում են արխվացված համապատասխան պետական մարմնի մոտ կամ կրկին ոչնչացվում են): Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում https://bit.ly/2PSZgjQ):

Տեսնել ավելին