Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

… …  -ի 2020 թվականի  N … Ն

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում նոր, բարեփոխված քաղաքականություն իրականացնելու նպատակը կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված` պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

 

 

 

 

 

Հավելված

Կառավարության 2020 թվականի

..............Ն- որոշման

 

2021-2023  Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվում է ծրագրի գործողության ժամանակահատվածում պետական գույքի առանձին տեսակների համար իրականացվելիք միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանելու նպատակով` ապահովելով այս ոլորտում քաղաքականության միասնականությունը, շարունակականությունը և բարեփոխումների հետևողական իրականացումը:

  1. Ծրագիրը գործում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա մարտի 15-ը, ծրագրում անհրաժեշտության դեպքում համապատասխան վերադաս պետական մարմինների հիմնավորված առաջարկությունների դեպքում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նոր նկարագրությունը սահմանելու և փոփոխելու համար։
  2. Ծրագրում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել միայն կառավարության, պետական մարմինների ղեկավարների, մարզպետների կողմից պետական գույքի և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կտրվածքով սահմանված միջոցառումներում քանակական ցուցանիշների էական փոփոխություն կատարելու և ծրագրում նոր միջոցառումների ընդգրկման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու դեպքում:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Սույն ծրագրի գործողությունը տարածվում է`

1) պետական մարմիններին և մարզպետարաններին ամրացված գույքի վրա.

2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով և վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի վրա.

3) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) վրա.

4) պետությանը պատկանող գույքային իրավունքների (բացառությամբ պետությանը պատկանող պահանջի իրավունքի) վրա.

5) ինչպես նաև այն գույքի վրա, որի նկատմամբ դատական ակտով ճանաչվել է պետության սեփականության իրավունքը։

 

  1. Սույն ծրագրի գործողությունը չի տարածվում`

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենք, շինություններով զբաղեցված և դրա սպասարկման համար հատկացված հողամասերի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաև կենտրոնական բանկի գույքի և կենտրոնական բանկի կողմից հիմնադրված կամ կենտրոնական բանկի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վրա,

2) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված կամ հանձնման ենթակա պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար,

3) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով պետությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի վրա,

4) հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունների վրա։

  1. Առևտրային կազմակերպություններում մինչև 50 տոկոս բաժնետոմսերը (բաժնեմասերը) պետական սեփականություն հանդիսանալու դեպքում այդպիսի կազմակերպություններում իրականացվող միջոցառումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են համապատասխան կազմակերպական-իրավական տեսակի առևտրային կազմակերպության գործունեությունը կանոնակարգող օրենսդրությանը համապատասխան։
  2. Ծրագրի նպատակներն են`
  • պետական գույքի կառավարման բնագավառում միասնական, բարեփոխված քաղաքականության մշակումը և իրականացումը,
  • պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության շարունակական բարձրացումը,
  • պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման շնորհիվ ՀՀ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը,
  • պետական գույքի պարբերական գույքագրումը և ամբողջական հաշվառման իրականացումը, հաշվառման տվյալների թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման շնորհիվ շահույթի ծավալի ավելացումը,
  • պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և համագործակցության նոր ձևաչափի ներդրումը,
  • պետական գույքային հարաբերությունների կանոնակարգումը և շարունակական բարեփոխումը,
  • հանրությանը պետական գույքի կառավարման գործընթացին մասնակից դարձնելը,
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման միասնական և արդյունավետ համակարգի ձևավորումը,
  • պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի արդյունավետ իրականացումը,
  • պետական գույքի արդյունավետ օգտագործման ճանապարհով տնտեսության իրական հատվածում ներդրումների ներգրավման ապահովումը։

 

  1. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`
  • պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման յուրաքանչյուր խոշոր միջոցառման ծրագրային կառավարման իրականացումը,
  • պետական գույքի մասնավորեցման, օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության գործընթացում արդիական գործիքակազմի կիրառումը, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի պարզեցումը, հավասար պայմանների սահմանումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
  • պետական գույքի գրավչությունը և վաճառքի խթանումն ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը,
  • չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը,
  • պետության գործառույթների համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը,
  • պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրումը և հանրությանը հաշվառման տվյալները հասանելի դարձնելը, ինչպես նաև հաշվառման տվյալների հիման վրա պետական անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացումը և անշարժ գույքի օգտագործման նկատմանբ գործուն վերահսկողական համակարգի ներդրումը,
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը՝ կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնելու ճանապարհով,
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով, այդ կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով պատասխանատվության և կատարված աշխատանքի խրախուսման բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը,
  • պետական գույքի մասնավորեցման բնագավառում առավել արդյունավետ մասնավորեցման ձևերի կիրառում, մասնավորապես, ֆոնդային բորսայի միջոցով պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի կազմակերպում,
  • պետական ծախսերի կրճատման և հանրությանը մատուցված ծառայությունների մատուցման որակի բարելավման համար պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման հնարավորություններն ուսումնասիրելը և առաջարկություններ ներկայացնելը,
  • պետական գույքի տարանջատում ըստ հետևյալ կառուցվածքային խմբերի`

ա. պետական մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գույք (այսուհետ պետական առաջնահերթ կարիքների բավարարման համար անհրաժեշտ գույք), որի միջոցով իրագործվում են պետության ռազմավարական, սահմանադրական և օրենսդրական գործառույթները,

բ. շահույթ ստանալու նպատակ հետապնդող գույք, որի   միջոցով ուղղակիորեն պետության կողմից լուծվում են տնտեսական աճի որոշակի խնդիրները։

 

 

  III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն ծրագրի իրականացման հիմքում դրված են պետական գույքի կառավարման հետևյալ սկզբունքները՝

1) պետական գույքի` կառավարման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) ծրագրային ժամանակահատվածի համար կառավարման նպատակի (նպատակների) սահմանում և ամրագրում,

2) կառավարման արդյունավետության շարունակական ապահովում, որը պարտադիր է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության գնահատման ժամանակ,

3) պետական գույքի կառավարման տարբեր մակարդակներում կառավարիչների, գործադիր տնօրենների աշխատանքների գնահատման համակարգի հստակ սահմանում,

4) կառավարման ոլորտում մասնակիցների շահերի ներդաշնակության ապահովում,

5)պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպություններում միջազգային լավագույն փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման ուղղությամբ նոր գործիքակազմի ներդրում,

6) պետական-մասնավոր համագործակցության պարզեցված պայմանների ներդրում։

  1. Պետական գույքի կառավարման ընդհանուր գերակայություններն են`

1) գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ապահովումը,

2) գույքի որակական հատկանիշների պահպանումը,

3) պետական կարիքների բավարարման համար անհրաժեշտ գույքի գերակայությունը, ընդ որում, եթե միևնույն գույքը կարող է ունենալ նաև շահույթ ստանալու հնարավորություն, այնուամենայնիվ, այն դասվում է պետական կարիքները բավարարող գույքի խմբին,

4) պետական կարիքները բավարարող գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման,

5) պետական գույքի նշանակությունը ենթակա է պարբերական վերանայման (օրինակ` յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ),

6) պետական գույքի համալրման նախապատվելի եղանակը պետական գնումներն են, այդ թվում՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գույքի ձեռքբերումը՝ նախնական համարժեք փոխանակությամբ։

  1. Պետական գույքի կառավարման գերակայություններն են` կախված գույքի նշանակությունից.

1) պետական կարիքների բավարարման նպատակով սահմանված գույքի կառավարման համար`

ա. պետության սահմանադրական և օրենսդրական գործառույթների, ռազմավարական նշանակության և վարչական նպատակների կատարման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ հիմնական պահանջներին նրանց լիակատար համապատասխանությունը,

բ. այս պահանջները բավարարող տարբերակներից առավել մատչելի և ռեսուրսախնայողի ընտրությունը,

2) շահույթ ստանալու նպատակ հետապնդող պետական գույքի կառավարման համար` օգտագործման այլընտրանքային տարբերակներից նախապատվությունը տրվում է այն տարբերակներին, որոնք առավել նպաստում են տնտեսական աճի ապահովմանը, մասնավոր հատվածում օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավմանը, շուկայական մրցակցության խթանմանը, արտահանման խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը, պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, պետության այլ գործառույթների կատարմանը։

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

  1. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է՝ հստակեցնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գույքի կազմն ու կառուցվածքը և միաժամանակ, օպտիմալացնել այդ կազմակերպությունների քանակը, ինչի հետ կապված իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) մասնավորեցնել.

ա. պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունները, որոնց կողմից իրականացվող գործառույթները ոչ պետական առևտրային կազմակերպություններն իրականացնում են ավելի արդյունավետ և այդ ոլորտները կարիք ունեն զգալի ներդրումների,

բ. պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում անընդհատ աշխատել են աճող վնասով և թույլ են տրվել կուտակված վնասի ծավալի ավելացում և ունեն ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում զարգացման հեռանկար,

2) լուծարել.

 ա. մասնավորեցման ծրագրում չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները համաձայն հավելվածի ցանկ N 1-ի,

բ. ներկայացնել լուծարման այն առևտրառևտրային կազմակերպությունները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում անընդհատ աշխատել են աճոող վնասով, թույլ են տվել կուտակված վնասի ծավալի ավելացում և չունեն զարգացման հեռանկար,

3) վերակազմակերպել 100 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունները ոչ առևտրային կազմակերպությունների, եթե պետական բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունները իրենց գործունեության բնույթով շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, և անհրաժեշտ է պահպանել պետության կողմից տվյալ գործառույթների իրականացումը՝ համաձայն հավելվածի ցանկ N 2-ի,

4) կոնցեսիոն և հավատարմագրային կառավարմանը հանձնել պետական գույքի և տարեկան կտրվածքով վնասով կամ ցածր շահութաբերությամբ աշխատող 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերով հավաստված իրավունքները՝ համաձայն հավելվածի ցանկ N 3-ի,

5) սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունների գործունեությունը գնահատող հիմնական ֆինանսատնտեսական և ոչ ֆինանսատնտեսական նոր նպատակային տեսանկյունից կիրառելի ցուցանիշները և այդ ցուցանիշների համաձայն կազմել կազմակերպությունների հեռանկարային զարգացման ծրագրերը և այդ ցուցանիշների ծրագրավորված աճը.

ա. յուրաքանչյուր պետական մարմին պետք է հսկողություն սահմանի իր համակարգում գործող կազմակերպությունների համար հաստատված գործարար ծրագրերի կատարման ընթացքի նկատմամբ, իսկ լիազոր մարմինը՝ մոնիտորինգի համակարգի միջոցով պետք է ամփոփի կազմակերպությունների հեռանկարային զարգացման ծրագրերի կատարման արդյունքները և առաջարկություններ ներկայացնի տեղ գտած թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ,

բ. իրականացնել առևտրային կազմակերպությունների ժամկետանց կրեդիտորական պարտավորությունների մոնիտորինգը, պարտավորությունների առաջացման գործոնների վերլուծությունը,

գ. մշակել և իրականացնել կուտակված վնասի շարունակաբար նվազեցում ապահովող և ցածր շահութաբերությամբ աշխատող առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական առողջացման և շահութաբերության մակարդակի պարբերական բարձրացումն ապահովող զարգացման ծրագրեր, այդ թվում՝ վնասով աշխատող կազմակերպությունների համար հաստատել ֆինանսական ուղղության կոնկրետ միջոցառումների երկամյա ժամանակացույց,

6) վերադաս կառավարման մարմինների նախաձեռնությամբ իրենց ենթակայության առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրի մշակման և ներդրման համար համապատասխան աշխատանքների իրականացում` անհրաժեշտ է ներդնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման արդիական, փորձարկված և լավագույն մեթոդներն ու ձևերը, մասնավորապես՝

ա. սահմանել պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված անձանց (գործադիրի, տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր ներկայացուցիչների) աշխատանքի պատասխանատվություն սահմանող և խրախուսման ենթարկող այնպիսի ձևեր ու մեխանիզմներ, որոնք կախված կլինեն նրանց գործունեության վերջնական արդյունքներից,

7) ստեղծել պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված անձանց որակավորման բարձրացման և ատեստավորման արդյունավետ համակարգ` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից անհրաժեշտ է, մասնավորապես՝

ա. բարեփոխել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից գույքի (անշարժ և շարժական) օգտագործման արդյունավետության ցուցանիշների համակարգը, այն դարձնելով չափելի, հստակ և համեմատելի,

բ. իրականացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից գույքի (անշարժ և շարժական) օգտագործման արդյունավետության պարբերական ուսումնասիրություններ,

8) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառվող, կազմակերպությունների բնականոն գործունեության համար ոչ անհրաժեշտ գույքն օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել կազմակերպությունների կազմից և հանձնել լիազոր մարմնի տնօրինությանը, ինչի արդյունքում՝ առևտրային կազմակերպությունների ակտիվների նվազումը կհանգեցնի դրանց ըստ ակտիվների շահութաբերության մակարդակի բարձրացմանը և պետությանը հանձնված գույքը կտնօրինվի ավելի արդյունավետ և նպատակային` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կազմակերպել վերադաս պետական կառավարման մարմնի կողմից փորձաքննություն անցած և հաստատված հեռանկարային զարգացման ծրագրի հիման վրա, մասնավորապես՝

ա. կազմակերպություններում քննարկել և հաստատել սահմանված օրինակելի ձևին համապատասխան ոչ թե ձևական, այլ իրատեսական գործարար ծրագրեր,

9) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդնել գործունեության արդյունավետության որոշման և տնօրենների աշխատանքը գնահատող գործուն համակարգ՝ արդյունավետության որոշման և աշխատանքի գնահատման հիմնական չափանիշ սահմանելով ըստ ակտիվների շահութաբերության ցուցանիշը։ Ընդ որում, շահութաբերության ցուցանիշի գնահատման համար անհրաժեշտ է սահմանել բոլոր կազմակերպությունների համար շահութաբերության ցուցանիշի նվազագույն սահմանային շեմ և ըստ ոլորտների նաև ճյուղային շահութաբերության նվազագույն շեմ։ Շահութաբերության նվազագույն սահմանային շեմը առաջարկվում է ընդունել ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման վերջին երեք տարիների միջին դրույքաչափը։ Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեությունը խթանելու և շահութաբերության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկվում է կիրառել խթանող հետևյալ համակարգը.

ա. շահութաբերության ճյուղային և ընդհանուր նվազագույն շեմը գերազանցելու դեպքում ձեռք բերված զուտ շահույթի ավելի մեծ մասը թողնել կազմակերպությանը՝ զուտ շահույթի բաշխման պրոգրեսիվ սանդղակին համապատասխան (ներկայումս գործող կարգի համաձայն 50 տոկոս և ավելի մասնակցությամբ կազմակերպություններում զուտ շահույթի 50 տոկոսը մնում է կազմակերպությանը, իսկ մնացած 50 տոկոսը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե),

բ. եթե կազմակերպության շահութաբերության մակարդակը գերազանցում է ճյուղային սահմանային շեմը, ապա այս դեպքում շահութաբերության ճյուղային սահմանային շեմին համապատասխանող գումարը բաշխվում է 50 ։ 50 համամասնությամբ՝ պետության և կազմակերպության միջև սահմանային շեմը գերազանցող գումարը կարող է բաշխվել 75 ։ 25 հարաբերակցությամբ՝ հօգուտ կազմակերպությանը,

գ.եթե կազմակերպության շահութաբերության մակարդակը գերազանցում է ընդհանուրի համար սահմանված նվազագույն շեմը, ապա գերազանցող գումարի 90%-ը թողնվում է կազմակերպությանը։ Առաջարկվող միջոցառումների իրականացման համար լրացուցիչ ֆինանսավորման միջոցներ չեն պահանջվում և դրանց մեծ մասը կարելի է իրականացնել լիազոր մարմնի և վերադաս կառավարման մարմինների գործառույթների շրջանակներում և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ձևավորվող ֆինանսական միջոցների հաշվին։

  1. Պետական գույքի առանձին օբյեկտների օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1)  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը հանձնել չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքը` հավելվածի համաձայն N 4 ցանկի,

2)  պետական մարմինների և մարզպետարանների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (շենք, շինություններ) (որոնք ունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեի տնօրինությանը հանձնել համաձայն ՀՀ կառավարության 25.06.2020թ.-ի թիվ 1079-Ն որոշման հավելված 1-ի,

3) պետական մարմինների և մարզպետարանների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (շենք, շինություններ) (որոնք չունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեի տնօրինությանը հանձնել գրանցման աշխատանքները կատարելուց հետո, իսկ գույքի (շենք, շինությունների) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքներ իրականացնել և ավարտին հասցնել համաձայն ՀՀ կառավարության 25.06.2020թ.-ի թիվ 1079-Ն որոշման հավելված N 2-ի։

  1. Ապահովել հավելվածի ցանկ N 10-ում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ծրագրավորված տնտեսական ցուցանիշների կատարումը, մասնավորապես, ապահովել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում շահույթի ծավալի շարունակական ավելացում։
  2. Իրականացնել հսկողություն հավելվածի ցանկ N 9-ում ընդգրկված՝ մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների նկատմամբ։

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ

 

  1. Մասնավորեցման ծրագրում ընդգրկված և մինչև սույն ծրագիրն ուժի մեջ մտնելը չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման կամ լուծարման առաջարկելու ժամկետները սահմանվում են սույն ծրագրով` համաձայն հավելվածի ցանկ N 5-ի ։
  2. Սույն ծրագրի հավելվածի ցանկ N 5-ում ընդգրկված առևտրային կազմակերպությունները և այլ օբյեկտները մասնավորեցվում կամ լուծարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։
  3. Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և այն անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց, կազմը սահմանվում է` համաձայն հավելվածի ցանկ N 6-ի ։
  4. Սույն ծրագրի շրջանակներում օտարման ենթակա օբյեկտների շարքին դասվում են նաև ՀՀ կառավարության 27.06.2019թ-ի Պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը, ինչպես նաև օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող, օտարման ենթակա, վարձակալության տրամադրման ենթակա, օտարման եվ վարձակալության տրամադրման ոչ ենթակա պետական անշարժ գույքի ցանկերի օրինակելի ձևերը հաստատելու մասին N 949 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից տվյալ որոշմամբ հաստատված կարգի համաձայն մեկ մլրդ դրամից ավել գնահատված արժեքով ներդրումային հավանական հետաքրքրություն ներկայացնող հանձնաժողովի որոշմամբ ընդունված օտարման ենթակա պետական սեփականություն համարվող անշարժ գույքը, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.06.2020թ-ի Օտարման ենթակա պետական անշարժ գույքն առանց գնային առաջարկների վաճառքը կազմակերպելու մասին N 1037-Ն որոշմամբ սահմանված կարգով օտարման ենթակա անշարժ գույքը:
  5. Սույն ծրագրի գործողության ժամանակահատվածում Կոմիտեի կողմից անցկացված գույքի օգտագործման վիճակի ուսումնասիրության արդյունքում անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներկայացված առաջարկությունների հիման վրա կարող են օտարման առաջարկվել հավելվածի ցանկ N 6-ում չներառված այլ անշարժ գույք:
  6. Պետական գույքի վարձակալությունից ծրագրավորված մուտքերի ապահովումը ներկայացված է համաձայն հավելվածի ցանկ N 7-ի ։
  7. Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձավճարների սպասվելիք մուտքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է համաձայն հավելվածի ցանկ N 8-ի:

 

  1. ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

  1. Պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական այլ գույքի նկատմամբ իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնց արդյունքում անհնար կդառնա պետական գույքի նկատմամբ սույն ծրագրով սահմանված միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես, պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն ծրագրում ընդգրկված ընկերություններին թույլ չտալ իրականացնել ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես, բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատողների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող՝ սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ։
  2. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով։

 

VII. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. 50 տոկոս և ավելի պետական սեփականությամբ բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեությանն առնչվող` սույն ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնում են կառավարության անունից այդ կազմակերպությունների՝ կառավարության կողմից լիազորված մարմինները։
  2. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից։
  3. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման և միջոցառումների իրականացման աստիճանը որոշելու նպատակով ծրագրի կատարման մասին մշակվում է տարեկան հաշվետվություն, որը Վարչապետի աշխատակազմ է ներկայացվում մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը։

 

 

  • Քննարկվել է

    27.08.2020 - 15.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5877

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ