Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:  

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 159-րդ հոդվածի 3-րդ մասում «կառուցելու» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու բառերը:
Հոդված 2. Օրենսգրքում 160-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 160. Բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցումը
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհա-տական բնակելի տուն կառուցելուն կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարները՝ բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը, փոխհատուցվում է տվյալ ֆիզիկական անձին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու դեպքերում,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կառուցապատողներից անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքերում,
3) Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ Երևան քաղաքի) անհատական բնակելի տուն կառուցելու դեպքերում:
Սույն մասով սահմանված՝ ֆիզիկական անձին փոխհատուցվող գումարը եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար չի կարող գերազանցել 150 հազար դրամը։ Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո չեն օգտվել (այդ թվում որպես համավարկառու) հիպոտեկային վարկի սպասարկման համար ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների փոխհատուցման կամ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից»:
Հոդված 3. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև բացառությամբ նույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքով սահմանված` փոխհատուցման ենթակա հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների 150 հազար դրամի սահմանաչափը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:

 

  • Քննարկվել է

    05.06.2017 - 20.06.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 21342

Տպել

Առաջարկներ`

Կարեն Մարտիրոսյան

20.06.2017

Առաջարկում եմ չկիրառել տոկոսագումարի վերադարձման սահմանաչափ կամ վերանայել նախատեսվող սահմանաչափը՝ ավելացնել մինչև 250.000 դրամ, հաշվի առնելով նորակառույց բնակարանների շուկայական գները և տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Սույն փոփոխությունից հետևում է, որ ամբողջությամբ կփոխհատուցվի միայն մինչև 13.000.000 դրամ վարկի տոկոսագումարները: Նույնիսկ հիմնվելով պետական ծրագրով իրականացվող Երազ բնակելի թաղամասի բնակարանների սակագների վրա, որն այսօր ամենամատչելի առաջարկն է, ամբողջությամբ կփոխհատուցվի մինչև 18000000 դրամ վարկի տոկոսագումարները: Նշված գումարի սահմաններում հնարավոր է գնել մինչև 56քմ մակերես ունեցող բնակարան, որը կազմում է ընդհանուր բնակարանների մոտ 15%-ը, սակայն չեմ կարծում, որ երիտասարդ ընտանիքի կողմից, օրինակ, 65քմ մակերեսով բնակարանի ձեռքբերումը հատում է <<շքեղության>> սահմանները, որը ինքնին անչափելի հասկացություն է: Նշեմ նաև, որ վերոնշյալ շեմի շրջանակներում միանշանակ ձեռնտու է դառնում <<Բնակարան երիտասարդ ընտանիքներին>> ծրագիրը: Ըստ էության այս երկու ծրագրերը դառնում են համանման, որոշ դեպքերում էլ փոխլրացնող և փաստացի ծառայելու են միևնույն շահառուների շրջանակին, որը չեմ կարծում, որ բխում է թե պետության, թե կառուցապատողների, թե վարկային կազմակերպությունների և վարկառուների շահերից:

Շուշանիկ Հովսեփյան

15.06.2017

Պետք է հիմնավորել, թե ինչու եք գտնում, որ 150000 դրամի չափով սահմանափակման կարիք կա։ Ես չեմ տեսնում որևէ թվային հիմնավորում, որևէ վիճակագրություն կամ բյուջեի վրա ազդեցության գնահատական, մինչդեռ վերջինս պարտադիր պահանջ է իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս։ Եվ իհարկե պետք չէ մոռանալ, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը կառավարությունն սկսել է շինարարության ոլորտը և բնակարանների վաճառքը խթանելու համար, այսինքն ձեր այս մոտեցումը ոչ մի կերպ չի համապատասխանում որդեգրած քաղաքականությանը։

Շուշանիկ Հովսեփյան

15.06.2017

Բացի այդ, ձեր կողմից առաջարկվող նոր խմբագրության Հոդված 2-ը հակասում է Հոդված 3-ին։ Առաջարկում եմ Հոդված 2-ը խմբագրել։

Տեսնել ավելին