Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գրիգորի Բաղդասարյան 06.06.2017 17:36:47 3 հարց: 1. Որպես նպատակ է նշվում անհատական տների ձեռքբերման համար հոդվածը կիրառելի դառձնելը, սակայն դա միայն 1 ին կետի նպատակն է: Անհրաժեշտ ակնհայտ շեշտել որ նպատակն է նաև 150000 դրամի սահմանափակում դնելը: 2. 150000 դա վերադարձվող գումարի ամսեկան չափն է, թե եռամսյակային: ՞ 3, 150000 վերաբերում է յուրաքանչյուր համավարկառուին, թե վարկին: նկատի ունեմ եթե վարկի ամսեկան տոկոսը 250000 դրամ է, և առկա են 2 համավարկառու, ապա նրանք գումարային հետ կստանան առավելագույնը ամսեկան 250000 թե երկուսով կստանան առավելագույնը ամսեկան 150000 Եվ վերջապես որքանով է իրավական օրենքը փոփոխել ի վնաս այն քաղաքացիներին, որոնք վարկով բնակարան ձեռբերելիս հիմնվել են եկամտահարկով ամբողջական տոկոսագումարի հետվերադարձման հաշվարկի վրա: Հաշվի առնվել է արդյոք այն ռիսկը, որ նախնական պայմանով արդեն իսկ վարկով ձեռք բերված բնակարանները մասսայականորեն կարող են հանվեն վաճառքի: Ընդունվել է ի գիտություն. Նախագծի հիմնավորմամբ նշվել է, որ նախագծի նպատակը եկամտային հարկի վերադարձման մեխանիզմը առավել թիրախային դարձնելն է: Այդ առումով 150 հազար դրամի սահմանաչափը այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է իրագործել նշյալ նպատակը: Ինչ վերաբերում է այն հարցը թե սահմանաչափը կիրառվում է արդյոք համավարկառուների նկատմամբ, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ այո այն կիրառվում է համավարկառուների նկատմամբ առանձին և Ձեր նշված օրինակում ամսական 250 հազար դրամ կազմող տոկոսի գումարները ամբողջությամբ վերադարձման ենթակա են: Միաժամանակ, նշենք, որ սահմանաչափը վերաբերում է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերին:
2 Գրիգորի Բաղդասարյան 07.06.2017 17:01:25 Հոդված 2-ը ում դրված 150000 դր սահմանաչափը վերաբերում է նաև 2014 նոյեմբերից հետո կնքված վարկերին, սակայն հոդված 3-րդում որտեղ ասվում է որ փոփոխությունը վերաբերում է միայն 2018.01.01 հետո տրված վարկերին: Առաջարկում եմ խմբագրել հոդված 2-ը , հակասությունները բացառելու նպատակով: Չի ընդունվել. Ըստ էության, նախագծի երկու հոդվածները ոչ թե հակասում են միմյանց այլ փոխլրացնում: Երկրորդ հոդվածը ուղղակի սահմանում է, թե որ դեպքերում է վերադարձվում գումարը, երրորդ հոդվածը, սահմանում է, որ սահմանաչափը կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի նկատմամբ:
3 Արտակ Սարգսյան 06.06.2017 18:58:09 Առաջակում եմ հանել«150 հազար դրամը» բառերը, այլապես նախագծի հիմնավորումով առաջարկվում է հստակեցնել անհատական բնակելի տների ձեռքբերման կամ կառուցելու համար ստացված վարկի սպասարկման տոկոսների հետ վերադարձի գործընթացը, սակայն էությամբ այդ նպատակի ներքո փորձ է արվում վարկի տոկոսների վերադարձի գումարի սահմանաչափը պայմանավորել ոչ թե միայն փաստացի վճարված եկամտային հարկի հետ, այլ նաև ՝ սահմանաչափ սահմանել ոչ ավելին քան ամսեկան 150 000 ՀՀ դրամը: Եթե նախագծի իրական նպատակը դա է, ապա հիմնավորման մեջ էլ դրա մասին նշում պետք է լինի, ինչպես նաև հատուկ ամրագրվի, որ դա չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել մինչև տվյալ օրենքի ընդունումը տրամադրված վարկերի սպարսարկամն տոկոսների հետ վերադարձի հետ: Ընդունվել է. Ներկայացված նկատառումը ընդունելի է: Նախագծում հստակ սահմանվել է, որ սահմանչափը նախկինում ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ կիրառելի չէ և այն կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:
4 Mkrtich Muradyan 06.06.2017 20:27:08 Հարգելի հեղինակ Քանի որ, նշված փոփոխությունը հանդիսանում է վատթարացնող նորմ արդեն իսկ կնքված պայմանագրորով գնված բնակարանների սեփականատերերի համար, և ՀՀ սահմանադրությամբ նաև ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 78 հոդվածի 1,ին կետով սահմանվում է՝ Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին: Այսինքն նշված փոփոխությունը չի կարող տարածվել մինչ 2018թ-ը կնքված պայմանագրերի վրա։ Ընդունվել է. Նախագծում հստակ սահմանվել է, որ սահմանչափը նախկինում ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ կիրառելի չէ և այն կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:
5 Արմինե Սերոբյան 06.06.2017 20:41:18 Առաջարկում եմ Նախագիծը հանել շրջանառությունից։ Նախագծի հիմավորմամբ ոչ մի կերպ չի բացատրվում եկամտային հարկի վերադարձը150000 դրամով սահմանափակելու առկայությունը։ Նախագիծը չի կարող հետադարձ ուժ ունենալ, այլապես այն կդիտվի բացարձակ ապօրինություն և շատ անձանց իրավունքների ոտնահարում։ Հաշվի առեք այն հանգամանքը, որ շատերը հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերելու ռիսկին գնացին եկամտային հարկի վերադարձման հետ կապված օրենսդրական փոփոխությունից հետո, նախագծի ընդունմամբ ընտրության հնարավորություն չեք թողնում, այն անձիք, ի դեմս ինձ, ում բնակարանը դեռևս չեն հանձնել կառուցապատողները, կարծում եմ կհրաժարվեն իրենց բնակարաններից և ՀՀ կառավարության առջև նոր խնդիր կծագի դրանց վճարած գումարները ետ վերադարձնելու մեխանիզմ մշակելու հետ կապված։ Ընդունվել է մասնակի. Նախագծում հստակ սահմանվել է, որ սահմանաչափը նախկինում ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ կիրառելի չէ և այն կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:
6 Hrayr Babayan 06.06.2017 22:34:55 Հարգելի Օրենսդիր, Օրենքի նախագիծը կարդալուց մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը <<փոշմանել>> է իր նախորդիվ որդեգրած քաղաքականությանից, որի համաձայն կփոխհատուցվի նորակառույց բնակարաններից հիպոտեկային վարկով ձեռք բերված բնակարանների գծով տոկոսները (առանց որևիցե սահմանափակման): Ստացվում է, որ պետությունը <<մոլորեցրել է>> քաղաքացուն՝ համոզելով նրան գնել ավելի թանկ բնակարան առաջնային շուկայից (հաշվի առնելով առաջնային և երկրորդային շուկայում բնակարանների գների զգալի տարբերությունը): Սույն նածագծով փաստորեն օրենսդիրը փորձում է սահմանափակում դնել (վերին շեմ) փոխհատուցվող մասի վրա, որը՝ խաբված իրավիճակի մեջ է դնում նախկինում այս ակնկալիքով բնակարաններ ձեռք բերած մարդկանց: Այսինքն՝ մարդը, ով միչև 2018թ-ը ձեռք է բերել բնակարան նորակառւյց շենքից և ակնկալում էր մարումների մասով մարել միայն մայր գումար (կամ որոշ չափով նաև տոկոս), մի օր պարզելու է, որ պիտի սկսի իրականացնել նաև տոկոսների գծով մարումներ: **** ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված` 150 հազար դրամը չգերազանցող եկամտային հարկի գումարը, փոխհատուցվում են ֆիզիկական անձին: ՀԱՐՑ՝ արդյոք սույն կետը վերաբերվում է միայն համավարկառուններից որևիցէ մեկին, թե այն վերաբերվում է համավարկառունների բոլոր անդամներին առանձին առանձին: Այսինք արդյոք համավարկառուններից որևիցէ մեկի եկամտային հարկն է փոխհատուցվելու ( 150 հազ դրամ), թե համավարկառուններից ամեն մեկի մասով առանձին առանձին (150 հազարական դրամ): Ենթադրենք, որ այն վերաբերվում է միայն մեկ համավարկառուի եկամտային հարկին: Կստացվի որ, պետության կողմից տարեկան փոխհատուցվում է 1.8 մլն դրամ (150*12=1,800,000 ՀՀ դրամ): ՀՀ հիպոթեկային շուկայում ձևավորված միջին տոկոսադրույքը կազմում է 13-15 տոկոս (միջինում 14 տոկոս), հետևաբար կստացվի, որ մոտավոր ստացվում է 13,000,000 մլն դրամ (26000 USD): Հնարավոր է արդյոք երևանում գտնել նման գումարով նորակառույց բնակարան: Միանշանակ ոչ: Ընդունվել է ի գիտություն. Կցանկանայինք հստակեցնել, որ՝ ա. 150 հազար դրամի սահմանաչափը կիրառելի է բոլոր վարկառուների (այդ թվում համավարկառուների) նկատմամբ առանձին առանձին: Հետևաբար, եթե բնակարանը ձեռք է բերվում մեկ համավարկառուի հետ միասին փոխհատուցվող գումարի ամսական մեծությունը կազմում է 300 հազար դրամ: Այս դեպքում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշյալ գումարով Երևան քաղաքում հնարավոր է ձեռքբերել մինչև 100 քառ. մետր բնակարաններ՝ կախված բնակարանի գտնվելու վայրից: Կարծում ենք, որ նման մոտեցումը արդարացված է և պարտադիր չէ, որ պետական բյուջեն փոխհատուցի Երևան քաղաքի Կենտոն վարչական շրջանում գտնվող նորակառույցներում բնակարանների ձեռքբերման համար վճարված հիպոտեկային վարկի տոկոսների գումարները: բ. 150 հազար դրամի շեմը ամենևին էլ չի սահմանափակում բնակարան ձեռքբերելու անձանց հնարավորությունը: Խոսքն ընդամենը փոխհատուցվող գումարի առավելագույն մեծության մասին է և դա ամենևին էլ չի նշանակում, որ անձը չի կարող իր միջոցների հաշվին ձեռքբերել այնպիսի բնակարաններ, որոնց հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները գերազանցում են ամսական 150 հազար դրամը, գ. Սահմանաչափը կիրառվելու է միայն օրենքն ուժի մեջ մտնելու հետո ստացվող հիպոտեկային վարկերի նկատմամբ:
7 Լևոն Մաթևոսյան 07.06.2017 00:06:20 Նախագծի հիմնավորման մեջ որևէ բացատրություն չկա, թե ինչ նպատակ է հետապնդում վերադարձվող գումարի 150000 դրամի չափով ամսական սահմաանափակումը։ Ու լավ չի որ այդ մասին չի նշվում հակիրճ բնութագրում։ Ես որպես գործող օրենքից օգտվող անձ, համարում եմ որ այն վերջին տարիներին կառավարության եզակի հաջողված նախաձեռնություններից է և նման փոփոխության առաջարկը խիստ հիասթափեցնող է։ Ընդունվել է ի գիտություն. Նախևառաջ կցանկանայինք ևս մեկ անգամ հստակեցնել, որ սահմանչափը նախկինում ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ կիրառելի չէ և այն կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ: Ինչ վերաբերում է սահմանաչափի կիրառության անհրաժեշտությանը, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դա պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը ավելի թիրախային դարձնելու և պետական բյուջեի միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակադրումներով:
8 Գայանե Ալեքսանյան 07.06.2017 09:49:08 "2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն" - անընդունելի է. օրենքը հետադարձ ուժ չպիտի ունենա Ընդունվել է. Նախագծում հստակ սահմանվել է, որ սահմանչափը նախկինում ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ կիրառելի չէ և այն կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:
9 Գայանե Ալեքսանյան 07.06.2017 09:49:08 "150 հազար դրամը չգերազան­ցող եկամտային հարկի գումարը, փոխ­հատուցվում են ֆիզիկական անձին" - անընդունելի է. մարդիկ արդեն գործող հիպոտեկները ձևակերպել են, հաշվի առնելով, որ որևէ սահմանափակում չկա Ընդունվել է. Նախագծում հստակ սահմանվել է, որ սահմանչափը նախկինում ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ կիրառելի չեն և այն կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:
10 Գարիկ Խաչատրյան 07.06.2017 09:51:03 Օրենքը չի կարող տարածվել նախկինում ծագար իրավահարաբերություններին։ Խնդրում եմ անպայման նշել դա։ Կամ հանել 150,000 սահմանաչափը նշված անձանց համար։ Ընդունվել է. Ներկայացված նկատառումը ընդունելի է և նախագծում այդ մասին հստակ նշում կատարվել է:
11 Ալլա Նալբանդյան 07.06.2017 10:28:31 Փոխարենը կարգավորում տրվի ծննդաբերության և խնամքի արձակուրդի ժամանակահատվածում տոկոսների վճարման/տարաժամկետման հարցը, վատթարացնող նորմ է սահմանվում՝ վերին շեմ ընդունելով 150 000 դրամը: Իսկ եթե համավարկառուն վերը նշված կամ այլ պատճառով որոշ ժամանակ եկամտային հարկ չի ունենում, մյուս վարկառուից վճարելու հնարավորությունն ինչու է սահմանափակվում՝ ծանրացնելով վարկառուի վարկային բեռը և գցելով ծանր ֆինանսական կացության մեջ: Ընդունվել է ի գիտություն. Հայտնի է, որ հիպոտեկային վարկի համար վճարված տոկոսների վերադարձը կատարվում է քաղաքացու կողմից վճարվող եկամտային հարկի գումարների հաշվին: Հետևաբար, բնական է, որ այն ժամանակաշրջաններում երբ քաղաքացիները չեն վճարում եկամտային հարկ, այդ ժամանակաշրջանների համար նրանք եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից չեն կարող օգտվել: Ներկայացված առաջարկության ընդունումը ենթադրում է համակարգի ամբողջական փոփոխություն, այն առումով, որ դրա ընդունումը ենթադրում է հիպոտեկային վարկի տոկոսի վերադարձ այն դեպքերում, երբ քաղաքացին եկամտային հարկ չի վճարում: Այս դեպքում ամբողջությամբ կփոխվի համակարգի տրամաբանությունը և նպատակադրումները, ինչը ներկայումս այս ոլորտում իրականացվող քաղաքականության շեշտադրումներին չի համապատասխանում: Ինչ վերաբերում է 150 հազար դրամ սահմանաչափին, ապա այն նախկինում ստացված հիպոտեկային վարկի գումարների նկատմամբ չի կիրառվելու:
12 Ալլա Նալբանդյան 13.06.2017 17:49:57 Կայքում է սխալը, թե նախագիծն է այդպիսի խայտառակ ուղղագրական սխալով. ՚՚հիփոթեք՚՚ բառի փոխարեն գրված է ՚՚հիպոտեկՙՙ, բացի այդ եթե ճիշտ հասկացա հոդված 2-ի և հոդված 3-ի միջև հակասություն կա, հուսամ ճիշտ տարբերակը հոդված 3-ինն է, այլապես կստացվի, որ սահմանվում է այլ պայման, քան կար պայմանագրի կնքման ժամանակ: Չի ընդունվել: Նախագծում օգտագործվել է «հիպոտեկ» բառի այն ուղղագրությունը որը առկա է ՀՀ հարկային օրենսգրքում: Ինչ վերաբերում է հոդվածների միջև հակասությանը, ապա մեր պատկերացումներով նախագծի երկու հոդվածների միջև հակասություն առկա չէ, քանի որ նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվում է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, իսկ երրորդ հոդվածը կարգավորում է ընդհանրապես այլ հարցեր կապված անցումային հարաբերությունների հետ: Այդուհանդերձ նկատված հակասությունը ավելի մանրամասն նկարագրելու դեպքում այն ավելի խորը կքննարկենք:
13 Artur Hanyan 07.06.2017 11:12:15 Խնդրում եմ պատասխանել այն հարցին թե արդյոք նախագծի ստեղծման փուլում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ կարող են իրենց հիփոթեքային վարկերի մարումների հետ կապված խնդիրներ ունենալու պարագայում վաճառքի հանել իրենց կողմից ձեռք բերված բնակարանները ինչը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում գների կոլապսի: Առաջարկում եմ իրականացնել մանրամասն վերլուծություն նման սցենարի զարգացման դեպքում ինչ հնարավոր կորուստներ կկրեն ՀՀ հարկատու քաղաքացիները, ՀՀ պետական բյուջեն և անշարժ գույքի շուկայի մասնակիցները, մասնավորապես կառուցապատող ընկերությունները: Չի ընդունվել. Նախագծով ներկայացված կարգավորումները քաղաքացիների վարկունակության վրա ազդող կարգավորումներ չեն: Հետևաբար նախագծի ընդունումը որևէ պատճառահետևանքային ուղղակի կարպ չունի հիպոտեկային վարկերի մարումների հետ ապագայում տեսականորեն առաջնալիք խնդիրների և դրանց հետևանքով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների հետ: Այո, հիպոտեկային վարկերի մարումների հետ կապված քաղաքացիների մոտ առաջացող խնդիրները կարող են ազդել անշարժ գույքի շուկայի վրա, սակայն այդ նախագծով ներկայացված առաջարկությունները նման խնդիրների հետ որևէ առնչություն չունեն:
14 Artur Hanyan 07.06.2017 11:12:15 Կարծում եմ, որ նախագիծը թերի է, կամ փորձ է կատարվում մի շարք քաղաքացիներին և պաշտոնատար անձանց մոլորեցնելու: Ասվածս հիմնավորվում է այն հանգամանքով, որ Ձեր կողմից նշված Իրավական ակտի անհրաժեշտությունն ու իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը մասերում առկա չէ որևէ հիմնավորում կամ ակնկալվող արդյունք այն դրույթի վերաբերյալ, որով սահմանափակվում է յուրաքանչյուր անձի գծով վերադարձվող եկամտային հարկի գումարի մեծությունը: Այստեղ կարելի է նկատել միտում կոծկելու այն հանգամանքը, որ Ձեր կողմից առաջարկվող փոփոխությամբ վատթարացվում է բազմաթիվ ՀՀ քաղաքացիների ֆինանսական վիճակը առաջացնելով լրացուցիչ ֆինանսական բեռ ու հիմնականում խոսքը վերաբերվում է այն քաղաքացիների, ովքեր վստահելով ՀՀ օրենսդրությանը փորձել են լուծել իրենց բնակարանային խնդիրը: Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք նշել "բազմաթիվ ՀՀ քաղաքացիների վստահության կորուստ ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության նկատմամբ, անվստահություն ընդունված օրենքների և կառավարության կողմից իրականացվող նախագծերի նկատմամբ": Ընդունվել է մասնակի. Նախագծի նպատակը օրենսդրական կարգավորումներն ավելի թիրախային դարձնելն է: Այս առումով նախագծով փորձ է արվել սահմանաչափ նախատեսելու գործիքի միջոցով պետական բյուջեից ծախսվող գումարներն դարձնել ավելի արդյունավետ և թիրախային: Նախագիծը որևէ թաքնված նպատակ կամ որևէ երևույթ կոծկելու նպատակ չի հետապնդում: Ինչ վերաբերում է քաղաքացիների իրավական վիճակը վատթարացնելուն, ապա նախագծում հստակ նշվել է, որ սահմանաչափը կիրառելի է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացվող հիպոտեկային վարկերի նկատմամբ: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ նախագծով նպատակ չի դրվել սահմանաչափը կիրառել մինչև նախագծի ուժի մեջ մտնելը ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ:
15 SAMVEL AVETISYAN 07.06.2017 11:35:22 Ընդհանրապես հիմնավորում չկա, պարզ չէ ինչի համար է կատարվում փոփոխությունը, չի հասկացվում եթե մի բնակարանի համար երկու համավարկառունների եկամտային հարկի գումարն է վերադարձվում ,ապա յուրաքանչյուրի համար հաշվարկված` 150 հազար դրամը չգերազան­ցող եկամտային հարկի գումարը, թե միայն մեկի: Առաջարկում եմ հիմնավորոմներում պարզեցնել վերը նշված հանգամանքները: Ընդունվել է ի գիտություն. Կարծում ենք, որ համավարկառուների մասով նախագծում հստակեցում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ համավարկառուները նույնպես համարվում են վարկառուներ և նրանց նկատմամբ օրենսդրական կարգավորումները կիրառելի են: Այլ կերպ ասած՝ եթե պայմանագիրը կնքվել է մեկ վարկառուի և մեկ համավարկառու հետ սահմանաչափը կազմելու է ոչ թե 150 հազար դրամ, այլ 300 հազար դրամ:
16 Samvel Ghulyan 07.06.2017 16:27:15 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել առաջնային շուկայից հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակարանների փոխանակում, առաջարկում ենք նախգծով սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն մի վարկառուից մյուսին փոխանցված պարտավորությունների դիմաց վճարված տոկոսագումարների և սպասարկման վճարների վերադարձը, հիմք ընդունելով նաև այն փաստը, որ նշված փոփոխության արդյունքում ՀՀ պետական բյուջեի համար հավելյալ ծախսեր չեն առաջանա, քանի որ փոխանակվող բնակարանների սեփականատերերը արդեն իսկ օգտվում են եկամտային հարկի վճարված գումարների վերադարձից: Ընդունվել է ի գիտություն. Օրենսդրությամբ սահմանված է, որ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված գումարները վերադարձվում են միայն այն դեպքում, երբ բնակարանները ձեռք են բերվել անմիջապես կառուցապատողներից: Կարծում ենք, որ փոխանակման դեպքերի նկատմամբ նշյալ դրույթների կիրառությունը լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունի:
17 Samvel Ghulyan 07.06.2017 16:27:15 Առաջարկում ենք, նախատեսել դրույթ որով կկարգավորվի հիփոթեքային վարկի տեղափոխումը մի բանկից մյուս բանկ (առավել բարենպաստ պայմաններով և տոկոսադրույքով): Նշվածի արդյունքում կնվազի ՀՀ պետական բյուջեից վերադարձվող գումարները, քանի որ մրցակցության արդյունքում բանկերի կողմից տարիների ընթացքում տրամադրվում են ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր, սակայն օրենսդրության սահմանափակման արդյունքում վարկերը կշարունակեն սպասարկվել բարձր տոկոսադրույքով և բյուջեից վճարվող գումարները չեն նվազի: Չի ընդունվել. Ներկայացված առաջարկությունը քննարկման ներկայացված նախագծի կարգավորման առարկայի շրջանակներում չէ և այն պետք է քննարկել այլ օրենսդրական կարգավորումները վերանայելու հարթության մեջ:
18 Վլադ Բաբայան 08.06.2017 12:44:41 Նախագծով փոխատուցման սահմանաչափ սահմանելու հիմնավորումը հետևյալն է՝«Արդյունքում եկամտային հարկի փոխհատուց­ման հնարավորությունից օգտվում են բավականին թանկարժեք բնակարաններ ձեռքբերող անձինք, ինչն էլ հանգեցնում նշյալ դրույթների հասցեականության կորստի և պետական բյուջե անհարկի ծանրաբեռնվածության»: Այդ ռիսկը զսպելու համար արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի սահմանաչափ սահմանել ձեռքբերվող բնակարանի/բնակելի տան ձեռքբերման արժեքի վրա, այլ ոչ թե փոխահուցվող գումարի վրա, որն, ըստ էության, կտարածվի նաև ոչ թանկարժեք բնակարան ձեռք բերած շահառուների վրա, ինչով և կխախտվի տվյալ հիմնավորման էությունը: Առաջարկում եմ քննարկել այս մոտեցումը, ինչպես նաև հիմնավորել սահմանաչափի ընտրությունը. ինչու՞ հենց 150.000: Չի ընդունվել. Ներկայացված տարբերակը քննարկվել է նախագծի սկզբնական նախագծման փուլում: Հետագա քննարկումներում, սակայն, որոշվեց հրաժարվել բնակարանի արժեքից կախված սահմանափակում սահմանելու մոտեցումից, քանի որ կախված բնակարանի գտնվելու վայրից բնակարանների գները բավականին տարբեր են և անհասկանալի է թե որպես ուղենիշ որտեղ գտնվող բնակարանի գինը ընդունել: Բացի այդ, արժեքային սահմանափակումը բարդություններ ունի նաև կիրառության տեսանկյունից: Օրինակ պարզ չէ թե ինչպես պետք է հաշվարկվի հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների՝ սահմանված արժեքային շեմը գերազանցող մասը, որպեսզի հնարավոր լինի այդ գումարները հետ չվերադարձնել: Ինչ վերաբերում է 150 հազար դրամ սահմանաչափի հիմնավորումներին, ապա դա մոտավորապես 450 հազար դրամ աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն է, իսկ ամսական նման աշխատավարձի չափը որպես կանոն հատուկ է միջին խավին, որի բնակարանային ապահովման խնդիրն է թիրախավորվել:
19 Գևորգ Նազարյան 09.06.2017 09:41:14 Ինչ խոսք, սա առկա իրավիճակի պայմանների վատթարացում է, սակայն թերևս պարզ է նաև, որ խնդիրը պետական բյուջեի միջոցների սղությունն է, ինչը թույլ չի տալիս սպասարկել հիպոտեկային վարկերի աճող ծավալները։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ վարկերը շատ երկարաժամկետ են։ Այդուհանդերձ, առաջարկում եմ նախագծի 2-րդ կետում "տվյալ ֆիզիկական անձի" բառերից հետո լրացնել "և համավարկառու անձանց յուրաքանչյուրի" բառերը, իսկ "ֆիզիկական անձին" բառերը փոխարինել "այդ անձանց" բառերով։ Ընդունվել է ի գիտություն. Ընդհանուր առմամբ ներկայացված առաջարկությունը հասկանալի է և այն կքննարկվի նախագծի հետագա լրամշակման ժամանակ:
20 Հրաչյա Մուրադյան 09.06.2017 14:39:33 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի վերաբերյալ 1. Նախագծով առաջարկվող 150,0 հազար դրամ սահմանափակումն, ըստ էության, վատթարացնում է գործող օրենսդրությամբ սահմանված պայմանները: Միաժամանակ, անցումային դրույթներով նախատեսված չէ այն տարածվում է մինչև 2018 թվականը ծագած հարաբերությունների նկատմամբ, թե ոչ: Կարծում եմ, որ այն չի կարող տարածվել: Ընդ որում, հարց է առաջանում, թե այդ ինչ հիմնավորումով, նախագծի ամենակարևոր դրույթներից մեկը (150,0 հազար դրամի սահմանափակումը) տեղ չի գտնում նախագծի հիմնավորման մեջ: 2. Նշված սահմանափակումն առաջացնում է վատ սպասումներ քաղաքացիների մոտ այն առումով, որ գուցե մեկ օր էլ առհասարակ կվերանա նշված մեխանիզմը ու քաղաքացին կմնա միայնակ իր դեռևս, օրինակ, 18 տարի մարման գրաֆիկ ունեցող հիպոթեկով: 3. Թերևս միակ լավ դրույթը դա այն է, որ նախատեսվում է մեխանիզմը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող անմիջապես կառուցապատողից անհատա¬կան բնակելի տուն ձեռք բերելու գործարքների նկատմամբ: Այս դրական հանգամանքով փորձ է արվում քողարկել սահմանափակումներով պայմանավորված նախագծի բացասական ընկալումը: Միաժամանակ, նույն անցումային դրույթներով հստակեցված չէ, թե որ ժամանակահատվածում կառուցված անհատական բնակելի տանն է վերաբերվելու այս մեխանիզմը: Օրինակ, նախագծից հստակ չէ, որ 2012 թվականին կառուցված անհատական բնակելի տան (կառուցապատողն իրացնողն է և 5 տարի արդեն ապրում է այդ տանը) իրացման նկատմամբ նշվածը մեխանիզմը կկիրառվի, թե չի կիրառվի: 4. Նախագծով նախատեսված է «.....բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված` 150 հազար դրամը չգերազան¬ցող եկամտային հարկի գումարը, փոխ¬հատուցվում են ֆիզիկական անձին»: Կարգավորված չէ համասեփականատերերի և համավարկառուների պարագայում ինչ ձևով է կիրառվելու սահմանափակումը: Ընդունվել է մասնակի. 1-ին հարցի վերաբերյալ. Ներկայացված մտավախությունը ընդհանուր առմամբ ընդունելի է և հաշվի առնելով նշյալ դրույթի հետադարձ ուժ ունենալու հետ կապված մի շարք նկատառումներ՝ նախագծում հստակ սահմանվել է, որ փոխհատուցման ենթակա հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների 150 հազար դրամի սահմանաչափը կիրառվում է նշյալ նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ: 2-րդ հարցի վերաբերյալ. Վատ սպասումներ առաջացնելու առումով ինչպես նշեցինք նախագծով հստակ սահմանվել է, որ սահմանափակումը վերաբերում է միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ, իսկ մինչև այդ ստացվածների մասով սահմանափակումը կիրառելի չէ: Հետևաբար, կարծում ենք, որ նախագիծը վատ սպասումներ չպետք է առաջացնի, քանի որ այն նախկինում գործող վարկերի մասով կիրառելի չէ: 3-րդ հարցի վերաբերյալ. Այո, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի հետվերադարձման դրույթը կիրառվում է նաև կառուցապատողներից անհատական բնակելի տուն ձեռքբերելու համար ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ: Ընդ որում, նշյալ կարգավորումը ոչ թե սահմանափակումը «քողարկելու» նպատակ ունի, այլ այն պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով, քանի որ օրենքի գործողության տարիների ընթացքում բավականին շատացել են կառուցատողներից անհատական բնակելի տներ ձեռքբերելու դեպքերը, հետևաբար տրամաբանական է, որ նշյալ կարգավորումները հավասարապես կիրառվեն նաև այդ դեպքերի նկատմամբ: Ինչ վերաբերում է ժամանակաշրջանին, ապա նախագծում հստակ նշվել է, որ խոսքը 2018 թվականի հունվարի 1-ից հետո ձեռքբերված անհատական բնակելի տներին է վերաբերում: 4-րդ հացի վերաբերյալ. Կարծում ենք, որ համավարկառուների մասով նախագծում հստակեցում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ համավարկառուները նույնպես համարվում են վարկառուներ և նրանց նկատմամբ օրենսդրական կարգավորումները կիրառելի են: Այլ կերպ ասած՝ եթե պայմանագիրը կնքվել է մեկ վարկառուի և մեկ համավարկառու հետ սահմանաչափը կազմելու է ոչ թե 150 հազար դրամ, այլ 300 հազար դրամ:
21 Շուշանիկ Հովսեփյան 15.06.2017 23:50:56 Ամփոփաթերթի նախկին պարունակությունը ոչ թե ջնջվում է, այլ լրացվում է վերջին սյունյակում, թե ինչն է ընդունվել առաջարկություններից և ինչ փոփոխություններ են կատարվել։ Չի ընդունվել Ներկայացված նկատառումը նախագծին չի վերաբերում: Ինչ վերաբերում է ամփոփաթերթին ապա դրանում մեր կողմից որևէ տող կամ սյուն չի ջնջվել:
22 Շուշանիկ Հովսեփյան 15.06.2017 23:50:56 Բացի այդ, ձեր կողմից առաջարկվող նոր խմբագրության Հոդված 2-ը հակասում է Հոդված 3-ին։ Առաջարկում եմ Հոդված 2-ը խմբագրել։ Չի ընդունվել: Մեր պատկերացումներով նախագծի երկու հոդվածների միջև հակասություն առկա չէ, քանի որ նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվում է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, իսկ երրորդ հոդվածը կարգավորում է ընդհանրապես այլ հարցեր կապված անցումային հարաբերությունների հետ: Այդուհանդերձ նկատված հակասությունը ավելի մանրամասն նկարագրելու դեպքում այն ավելի խորը կքննարկենք:
23 Շուշանիկ Հովսեփյան 15.06.2017 23:50:56 Պետք է հիմնավորել, թե ինչու եք գտնում, որ 150000 դրամի չափով սահմանափակման կարիք կա։ Ես չեմ տեսնում որևէ թվային հիմնավորում, որևէ վիճակագրություն կամ բյուջեի վրա ազդեցության գնահատական, մինչդեռ վերջինս պարտադիր պահանջ է իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս։ Եվ իհարկե պետք չէ մոռանալ, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը կառավարությունն սկսել է շինարարության ոլորտը և բնակարանների վաճառքը խթանելու համար, այսինքն ձեր այս մոտեցումը ոչ մի կերպ չի համապատասխանում որդեգրած քաղաքականությանը։ Ընդունվել է ի գիտություն Ընդհանուր առմամբ ճիշտ եք, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը կառավարությունն սկսել է շինարարության ոլորտը և բնակարանների վաճառքը խթանելու համար: Անհրաժեշտ է, սակայն, չմոռանալ այն մասին, որ ՀՀ կառավարությունը նշյալ նախաձեռնության առջև դրել էր այլ նպատակ ևս, որը պակաս կարևոր չէ: Խոսքը բնակարանային ապահովման կարիք ունեցող անձանց բնակարանային ապահովման խնդրի լուծմանը նպաստելու մասին է: Այսպիսով նախաձեռնությունը ունեցել է երկու հիմնական նպատակ. խթանել բնակարանների պահանջարկի աճը, հետևաբար նաև շինարարության աճը և բյուջեի միջոցների հաշվին նպաստել բնակարանային խնդրի լուծմանը: Բնականաբար, տրամաբանական է, որպեսզի բյուջեի միջոցների հաշվին լուծվեն բնակչության այն խավերի բնակարանային ապահովման խնդիրները, որոնք սեփական ուժերով նշյալ խնդիրը լուծելու հնարավորություն չունեն: Այս առումով գտնում ենք, որ 150 հազար դրամի շեմ նախատեսելու անհրաժեշտություն կա և դա պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի իրավական կարգավորումն ավելի թիրախային դարձնելու նպատակադրումով: Ինչ վերաբերում է 150 հազար դրամի հիմնավորումներին, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ դա մոտավորապես 450 հազար դրամ աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն է, իսկ ամսական նման աշխատավարձի չափը որպես կանոն հատուկ է միջին խավին, որի բնակարանային ապահովման խնդիրը թիրախավորվել է: Ավելին հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ համավարկառուով բնակարան ձեռքբերելու դեպքում այդ աշխատավարձի պայմաններում հնարավոր կլինի ձեռքբերել մինչև 80-100 քառ. մետր բնակարան Երևան քաղաքի օրինակ Արաբկիր վարչական շրջանում:
24 Կարեն Մարտիրոսյան 20.06.2017 15:38:06 Առաջարկում եմ չկիրառել տոկոսագումարի վերադարձման սահմանաչափ կամ վերանայել նախատեսվող սահմանաչափը՝ ավելացնել մինչև 250.000 դրամ, հաշվի առնելով նորակառույց բնակարանների շուկայական գները և տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Սույն փոփոխությունից հետևում է, որ ամբողջությամբ կփոխհատուցվի միայն մինչև 13.000.000 դրամ վարկի տոկոսագումարները: Նույնիսկ հիմնվելով պետական ծրագրով իրականացվող Երազ բնակելի թաղամասի բնակարանների սակագների վրա, որն այսօր ամենամատչելի առաջարկն է, ամբողջությամբ կփոխհատուցվի մինչև 18000000 դրամ վարկի տոկոսագումարները: Նշված գումարի սահմաններում հնարավոր է գնել մինչև 56քմ մակերես ունեցող բնակարան, որը կազմում է ընդհանուր բնակարանների մոտ 15%-ը, սակայն չեմ կարծում, որ երիտասարդ ընտանիքի կողմից, օրինակ, 65քմ մակերեսով բնակարանի ձեռքբերումը հատում է <<շքեղության>> սահմանները, որը ինքնին անչափելի հասկացություն է: Նշեմ նաև, որ վերոնշյալ շեմի շրջանակներում միանշանակ ձեռնտու է դառնում <<Բնակարան երիտասարդ ընտանիքներին>> ծրագիրը: Ըստ էության այս երկու ծրագրերը դառնում են համանման, որոշ դեպքերում էլ փոխլրացնող և փաստացի ծառայելու են միևնույն շահառուների շրջանակին, որը չեմ կարծում, որ բխում է թե պետության, թե կառուցապատողների, թե վարկային կազմակերպությունների և վարկառուների շահերից: Չի ընդունվել Նշենք, որ սահամանաչափը կիրառվելու է ինչպես վարկառուների այնպես էլ համավարկառուների նկատմամբ առանձին առանձին: Հետևաբար այդ դեպքում մեկ համավարկառուով բնակարան ձեռքբերելու դեպքում վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը կազմելու է 300 հազար դրամ, որի շրջանակներում Երևան քաղաքում հնարավոր է ձեռքբերել 80-100 քառ. մետր բնակարան: