Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների  ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-L որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի 60-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում հիմնարար բարեփոխումների փուլի սկիզբը հիմնականում դրվեց վերջին ժամանակների իրավական և դատական բարեփոխումներով:  Այդ բարեփոխումների համար  կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից (այսուհետ ծրագիր) բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  ՆԿ-96-Ա կարգադրության ընդունումը: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը: Այդ հիմնական նպատակի իրագործման համար Ծրագիրը նախատեսում էր բարեփոխումներ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քրեական արդարադատության և  քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում:

Ներկայումս քրեակատարողական ոլորտում տարվող պետական քաղաքականության կատարելագործման համար թիրախային ուղություններ են արտացոլվել կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ռազմավարական փաստաթղթերում, ինչպիսիք են ՀՀ  կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որով նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման, կրկնահանցագործության կրճատման և հանցանք կատարած անձանց սոցիալական վերաինտեգրման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկելու պրոբացիայի ծառայության նպատակային գործունեությունը և արդյունավետությունն ապահովելու, պատիժը կրող և կալանավորված անձանց իրավունքները պաշտպանելու և օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ: Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվեցին քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին՝ ուղղված ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելուն, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու եղանակներն ընդլայնելու, կալանավորված անձանց և դատապարտյալների՝ հիվանդության հիմքով պատժից ազատման իրավունքն իրացնելու, ազատությունից զրկված անձանց կողմից բողոքարկման հստակ ընթացակարգեր սահմանելու և, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելուն։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար առաջնահերթ է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի, ուղղությունների առանձնացումը առանձին ռազմավարության միջոցով, որտեղ համալիր մոտեցում կորդեգրվի և ձևավորվի քրեակատարողական ոլորտի բարեփոխման տեսլականի վերաբերյալ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար նախատեսված ռազմավարության հիմնական նպատակը լինելու է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, ինչին հասնելու համար առաջնահերթ է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը: Վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ քրեական պատիժների ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, քանի որ նման գաղափարախոսությունը ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը: Քրեակատարողական համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար որպես թիրախային ուղություններ անհրաժեշտ է առանձնացնել՝  մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն ու արդիականացումը, դատապարտյալների պահման պայմանների բարելավումը,  անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացումը,  անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավումը, քրեակատարողական ծառայության կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը: Բացի այդ, մեծ կարևորություն ունի նաև անչափահասների  ոլորտում բարեփոխումների իրականացումը: Հանցագործություններից տուժող անչափահասների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները հիմնարար լուծումների կարիք ունեն, մասնավորապես՝ անհրաժեշտ է ապահովել արդարադատության մատչելիության այնպիսի իրավական կառուցակարգեր, որտեղ ապահովված է երեխայի ձայնի և մասնակցության իրավունքը, լավագույն շահը և հիմնարար իրավունքների իրացումը՝ երեխայի տարիքային առանձնահատկություններին համապատասխան: Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումներն ապահովելու են քրեակատարողական համակարգի շարունակական զարգացումը և  համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

     «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

                                                                                   

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում:

 

 

 

  • Քննարկվել է

    19.12.2018 - 25.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8599

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

28.12.2018

Նշված ռազմավարությամբ նախատեսված գործողությունների կատարման նվազագույն ժամանակահատվածը 4 տարի է, իսկ որոշ գործողությունների դեպքում նույնիսկ 10-20 տարի: Պրակտիկայում 4 տարվա ընթացքում կարելի է հասնել ֆունդամենտալ փոփոխությունների: Խումբը գտնում է, որ նշված ծրագրի մշակման ժամանակ, մշակողները պետք է ունենան անձնական պատասխանատվություն՝ թե ծրագիրը հաջողությամբ իրագործելու և թե այն ձախողելու պարագայում: Իսկ նշված ժամկետում այդ պատասխանատվությունը բացառվում է: Ընդհանուր առմամբ խումբը գտնում է, որ 20 տարվա ռազմավարությունը ժամկետային նման պլանավորմամբ նպատակահարմար չէ և չի կարող ունենալ բարձր արդյունավետություն:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

10.01.2019

Ողջունում ենք Կառավարության՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Տարիներ շարունակ տեղական և միջազգային կազմակերպություններն ու դիտորդական խմբերը բարձրաձայնել են Հայաստանի քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրների մասին և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ։ Այսպես, ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն, ՄԻՊ Ազգային կանխարգելման մեխանիզմն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրել են բազմաթիվ մոնիթորինգային և վերլուծական զեկույցներ ՔԿՀ-ներում իրավիճակի վերաբերյալ։ Դրանցում մշտապես բարձրաձայնվել է ՔԿՀ-ներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ազատազրկված անձանց առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման, խտրականության բացառման, համակարգային կոռուպցիայի վերացման, պատշաճ պահման պայմանների և արդյունավետ վերականգնողական ծրագրերի ապահովման կարևորության և հրատապության մասին։ Վերոնշյալ համակարգային խնդիրներն աներկբայորեն պահանջում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հրատապ և հստակ միջոցառումների ձեռնարկում։ Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ նոր կառավարության առաջնահերթությունները մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում, զանգվածային համաներման կիրառումը՝ գտնում ենք, որ այժմ առկա են անհրաժեշտ բարենպաստ պայմանները քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրները 20 տարվա փոխարեն 3-5 տարիների ռազմավարությամբ և գործողությունների ծրագրի միջոցով լուծելու համար։ Ուստի, առաջարկում ենք ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել լայնածավալ հանրային քննարկումներ քրեակատարողական բարեփոխումների շուրջ՝ մշակելու իրատեսական, չափելի և ողջամիտ ժամկետներում իրականացվող գործողություններ։

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ

08.01.2019

Միանում եմ վերը նշված կարծիքին՝ ամրագրելով, որ նման փոփոխությունների ժամանակաշրջանում ապրող ու նման կառավարաման համակարգ ունեցող պետությունում, ուղղակի չի կարող լինել բանտային ոլորտի 20ամյա ծրագիր։ Մեկ-երկու բառով․ Մի կողմ թողնելով տեխնիկական թերությունները՝ Փաստաթղթի "հիմնավորում" հատվածում խոսք է գնում քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունվետության մասին, սակայն միջոցառումների հատվածում տեսնում ենք միայն քրեակատարողական համակարգը։ Այն դեպքում, երբ պատիժների համակարգի բարելվումն ու վերականգնողական արդարադտության որդեգրումն ուղիղ կապված են ազատազրկման հետ չկապված պատիժների տեսակներն ու կիրառումն ընդլանելու գործընթացների հետ։ Իսկ Պրոբացիայի ծառայության ստեղծումը պատիժների համակարգի բարեփոխման խիստ կարևոր մաս է։ Այս իմաստով, բացակայում է պատիժների կատարման հոլիստիկ մոտեցումը։ Ամբողջական ու համակարգային մոտեցում չի դրսևորվում նաև այն առումով, որ բանտային համակարգի բարեփոխումները խիստ անարդյունավետ են լինում, եթե չեն համապատասխանում սոցիալական ոլորտի ռազմավարական փոփոխությունների հետ։ Կրկնելով նախորդ գրառման միտքը՝ բոլոր միջոցառումները նախատեսում են 6-20 տարի ժամկետ։ Ավելին, վերստուգելի չափանիշներն այնքան տարբեր են իրենց ծավալով ու կշռով, որ չեն կարող հիմնավորվել նույն ժամկետների տրամբանությամբ։ Անհնար է պատկերացնել, որ, օրինակ, վերասոցիալականցումն ու տարբեր ՀԿ-ների կողմից արդենիսկ մշակված կարիքների ու ռիսկերի գնահատման համակարգը ներդնելը կարող է գործարկվել մի ամբողջ 20 տարիների ընթացքում՝ 2018-2038 թվականներին։ Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև բովանդակային։ Ես ևս առաջարկում եմ հանել սույն փաստաթուղթը շրջանառությունից, աշխատանքային խմբերով քննարկել ոլորտ առ ոլորտ առաջարկությունները, գործի դնել արդեն առկա հետազոտությունները և կազմել նոր՝ 5 տարվա համար ռազմավարական քայերի փաստաթուղթ։

Տեսնել ավելին