Հիշել նախագիծը

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր (օրինակ` ՔԿԱԳ մարմիններ, նոտար): Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը):

Վերոշարադրյալի հաշվառմամբ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է բացառել ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն՝ առաջարկում ենք բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը, այն է՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով և ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նախատեսել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու կարգ, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում կբացառվեն դատական կարգով ամուսնալուծության դեպքերը, եթե ամուսնալուծությունից բացի չեն ներկայացվել այլ պահանջներ, որի արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը:  

  • Քննարկվել է

    26.07.2018 - 10.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8781

Տպել

Առաջարկներ`

Նարինե Բեգլարյան

26.07.2018

Հարգելի գործընկերներ, կարծում եմ առավել մեծ խնդիր է ու կարգավորման ենթակա այն իրավիճակը, երբ ծնողը, ում հետ ապրում է երեխան խոչընդոտում է մյուս ծնողի ու երեխայի տեսակցությունները և սա տեղի է ունենում մինչև դատական ակտի կայացումը: Գիտեք, որ դատական ակտերի կայացման համար պահանջվում է միջինում երկուսից երեք տարի անգամ այս գործերով, որոնք պետք է ավելի արագ ժամկետներում քննվեն: Շատ են դեպքեր, երբ գործնականում այն ծնողը ում հետ ապրում է չի թողնում, որ երեխան շփվի մյուս ծնողի հետ, հատկապես այս դեպքում անպաշտպան են մանկահասակները: Ոչ մի մարմին ըստ էության մինչև դատական ակտի կայացումը ոչինչ չի անում երեխայի ոտնահարված իրավունքները այս դեպքում պաշտպանելու համար հղում տալով օրենքով իրենց մոտ իրավասությունների բացակայությանը: Կարծում եմ լավ կլինի, որ եթե դատարանի ծանրաբեռնվածության ու այլ բյուրոկրատիվ խնդիրների կարգավորման զուգահեռ քննարկվի ու լուծվի օրենսդրական մակարդակով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումների ու իրավասությունների խնդիրը:

Տեսնել ավելին