«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
Հիմնավորում
«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցման և բարելավման շրջանակներում եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները: Սահմանվել է նաև, որ եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:
Միաժամանակ, սահմանվել է, որ Կառավարությունը իրավասու է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր:
Խնդիրն այն է, որ Կառավարության որոշմամաբ հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանված չեն։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» թիվ 1067-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝
1) ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 5 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),
3) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները (մրցանակները),
4) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով,
5) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից, մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի,
7) ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,
8) սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտների։
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներն ու շեմերն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր:
Միաժամանակ, նախագծերի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման և եկամուտների նվազեցման:
1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:
-
Duration
20.11.2025 05.12.2025 -
Type
Decision
-
Area
State revenue, Financial
-
Status
Views 651
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.