Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 

Հոդված 1.        Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է ապրանքների որոշակի տեսակների Հայաստանի Հանրապետությունում իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում առաջացած հատուկ թափոնների գործածության հետ կապված իրավահարաբերությունները, արտադրողի իրավունքներն ու պարտականությունները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, արտադրողի պատասխանատվության կազմակերպության իրավական կարգավիճակը, գործունեության ուղղություններն ու պայմանները, ինչպես նաև փոխհարաբերությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ։

 

Հոդված 2.       Օրենքի գործողության ոլորտը

  1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտադրողի ընդլայնված պատասխանատվության ապրանքի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարմանկամ օգտագործման արդյունքում առաջացած հատուկ թափոնների գործածության հետ կապված իրավահարաբերությունների վրա։

 

Հոդված 3.       Արտադրողի ընդլայնված պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունից ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով։
  2. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

 

Հոդված 4.       Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) արտադրողի ընդլայնված պատասխանատվություն (այսուհետ՝ ԱԸՊ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԸՊ ապրանքի օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած հատուկ թափոնի գործածությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու արտադրողի պարտավորություն.

2) արտադրողի ընդլայնված պատասխանատվության ապրանք ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանք.

3) հատուկ թափոն՝ ԱԸՊ ապրանքի օտարման կամ օգտագործման արդյունքում գոյացող Կառավարության հաստատած ցանկում ներառված թափոնի տեսակ.

4) հատուկ թափոնի խումբ՝ ընդհանուր հատկություններ ունեցող հատուկ թափոնների ամբողջություն.

5) հատուկ թափոնների գործածություն՝ գործողություններ, որոնք ուղղված են հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ հավաքմանը, տեսակավորմանը, փոխադրմանը, պահմանը, տեղադրմանը, կրկնակի օգտագործմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը կամ վնասազերծմանը.

6) արտադրող՝ սույն օրենքի իմաստով ցանկացած անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հայաստանյան մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է իր կողմից արտադրված կամ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետություն ներմուծված ԱԸՊ ապրանքի օտարումը կամ օգտագործումը.

7) արտադրողի պատասխանատվության կազմակերպություն (այսուհետ ՝ ԱՊԿ)՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության խմբային ձևով իրականացման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված կազմակերպություն.

8) հատուկ թափոնների գործածության նորմատիվ (այսուհետ՝ նորմատիվ)՝ հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի գործածության ապահովման համար Կառավարության կողմիցհաստատած, տարեկան նվազագույն ցուցանիշ.

9) արտադրողի ընդլայնված պատասխանատվության խմբային ձև՝ ԱՊԿ-ի կողմից՝ իր հետ արտադրողի ընդլայնված պատասխանատվության պայմանագիր կնքած արտադրողների ընդլայնված պատասխանատվության իրականացման ձև.

10) արտադրողի ընդլայնված պատասխանատվության պայմանագիր՝ արտադրողի և ԱՊԿ-ի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր.

11) արտադրողի ընդլայնված պատասխանատվության անհատական ձև՝ արտադրողի կողմից իր արտադրողի ընդլայնված պատասխանատվության իրականացման ձև՝ առանց ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագրի կնքման.

12) խմբային թույլտվություն՝ ԱՊԿ-ին՝ ԱԸՊ խմբային ձևի իրականացման իրավունք վերապահող լիազոր մարմնի կողմից ընդունվող վարչական ակտ.

13) անհատական թույլտվություն՝ արտադրողին՝ ԱԸՊ անհատական ձևի իրականացման իրավունք վերապահող լիազոր մարմնի կողմից ընդունվող վարչական ակտ.

14) հատուկ թափոնների գործածության համաձայնություն (այսուհետ՝ համաձայնություն)՝ ԱՊԿ-ի հետ պայմանագիր կնքած արտադրողին՝ ինքնուրույն կամ երրորդ անձանց միջոցով իր ԱԸՊ ապրանքից (արտադրանքից) գոյացող հատուկ թափոնների գործածությունն ապահովելու իրավունք վերապահող վարչական ակտ.

15) արտադրողի ընդլայնված պատասխանատվության վճար՝ նորմատիվին համապատասխան հաշվարկվող հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի ծավալի համար սույն օրենքով սահմանված կարգով արտադրողի կողմից ԱՊԿ-ին վճարվող ծառայության վճար.

16) արտադրողի ընդլայնված պատասխանատվության վճարի դրույքաչափ՝ ԱԸՊ վճարի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր հատուկ թափոնի կամ խմբի միավոր ծավալի կամ քանակի համար սահմանված արժեքային մեծություն.

17) ֆինանսական երաշխիք՝ ԱՊԿ-ի կամ արտադրողի կողմից նորմատիվի չկատարման դեպքում օրենսդրությամբ նախատեսված կարգով նորմատիվի չկատարված մասի համար հաշվարկվող տուգանքի վճարման պարտավորության կատարումն ապահովող միջոց.

18) հատուկ թափոնների առաջնային տեսակավորում՝ հատուկ թափոնների՝ ըստ տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը հատուկ թափոնի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում.

19) հատուկ թափոնների երկրորդային տեսակավորում՝ առաջնային տեսակավորում անցած հատուկ թափոնների տեսակավորում՝ գործարանային պայմաններում կամ թափոնների տեսակավորման կայաններում.

20) շրջանաձև տնտեսություն՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և տնտեսական ցիկլում առավել երկար պահպանման նպատակով «կորզում-օգտագործում-հեռացում» մոտեցման վրա հիմնված ավանդական գծային տնտեսության այլընտրանք` դրանց կրկնակի օգտագործման, մշակման, վերամշակման, օգտահանման և վերականգնման վրա հիմնված փակ ցիկլով տնտեսություն:

  1. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

 

Հոդված 5.        Արտադրողի ընդլայնված պատասխանատվության նպատակը և խնդիրները

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության նպատակներն են՝

1) նվազագույնի հասցնել ԱԸՊ ապրանքի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա՝ արտադրողի համար պատասխանատվություն սահմանելով ԱԸՊ ապրանքի ամբողջ կենսացիկլի համար՝ արտադրությունից մինչև հատուկ թափոնների գործածություն.

2) խթանել ԱԸՊ ապրանքի նախագծման փուլում սակավաթափոն, մատչելի, ծախսարդյունավետ և էկոլոգիապես անվտանգ լուծումների ընտրությունը.

3) հատուկ թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ստեղծումը։

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության խնդիրներն են՝

 1) վերաբաշխել հատուկ թափոնների գործածության բեռը արտադրողի, սպառողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառմամբ.

2) հատուկ թափոնների գործածության ծավալների ավելացման նպատակով արտադրական կարողությունների ու հզորությունների, նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը և երկրորդային հումքի մրցունակության բարձրացումը.

4) նյութահումքային ռեսուրսների օգտահանման ոչ ենթակա հատուկ թափոններից էներգետիկ ռեսուրսների էկոլոգիապես անվտանգ օգտահանման խթանումը.

5) դեպի աղբավայր տեղափոխվող հատուկ թափոնների ծավալի կրճատումը և շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց բացասական ազդեցության նվազեցումը, ինչպես նաև աղբավայրերի թվի կրճատումը.

6) հատուկ թափոնների գործածության ոլորտում հանրային իրազեկման միջոցառումների իրականացման խթանումը:

 

Հոդված 6.       Արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքները

 

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքներն են՝

1) ԱԸՊ իրականացման նպատակով ամբողջական ծախսածածկում ապահովող ԱԸՊ վճարի դրույքաչափի սահմանումը.

2) ԱԸՊ վճարի նպատակային օգտագործումը.

3) հատուկ թափոնների գործածության ոլորտում թափոնների կառավարման ստորակարգության (հիերարխիայի) կիրառումը.

4) հատուկ թափոնի վերածվող հումքի, նյութերի, արգասիքների, մթերքի հնարավորինս երկար կենսացիկլի ապահովումը.

5) հատուկ թափոնների գործածության ապահովման թափանցիկությունը:

 

Հոդված 7.       Արտադրողի ընդլայնված պատասխանատվության սուբյեկտները

 

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության սուբյեկտներն են ԱՊԿ-ները և արտադրողները։

 

Հոդված 8.       Արտադրողի ընդլայնված պատասխանատվության օբյեկտը

 

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության օբյեկտ է ԱԸՊ ապրանքը և դրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման կամ օգտագործման արդյունքում գոյացող հատուկ թափոնը։
  2. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ապրանքների, հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբերի ցանկերը հաստատվում են Կառավարության կողմից։
  3. Հատուկ թափոնները սեփականության իրավունքով պատկանում են ԱԸՊ ապրանքը, ինչպես նաև հատուկ թափոնի վերածվող հումքը, նյութերը, արգասիքները, մթերքն օրինական հիմունքներով օգտագործող, տիրապետող և տնօրինող անձին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ պայմանագրով։

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 9.       Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում Կառավարության իրավասությունները

 

  1. Կառավարության իրավասություններն են՝

1) ԱԸՊ պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) ԱԸՊ ոլորտում լիազոր մարմնի սահմանումը.

3) ԱԸՊ ապրանքի ցանկի հաստատումը.

4) հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբերի ցանկի հաստատումը.

5) նորմատիվների սահմանումը.

6) խմբային և անհատական թույլտվությունների, հատուկ թափոնների գործածության համաձայնության տրամադրման կարգի, խմբային և անհատական թույլտվությունների, հատուկ թափոնների գործածության համաձայնության ձևերի հաստատումը.

7) ֆինանսական երաշխիքին ներկայացվող պահանջների, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգի սահմանումը. 

8) ԱԸՊ էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագրի և վարման կարգի հաստատումը.

9) ԱԸՊ ռեեստրի ձևի և վարման կարգի հաստատումը.

10) հատուկ թափոնի հայտարարագրերին ներկայացվող նվազագույն պահանջները, հատուկ թափոնի հայտարարագրերի ներկայացման և ԱՊԿ-ին դրանց հասանելիության տրամադրման կարգի հաստատումը.

 

Հոդված 10.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները

 

  1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) ԱԸՊ պետական քաղաքականության մշակմանը մասնակցությունը և Կառավարության քաղաքականության իրականացումը.

2) ԱԸՊ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.

3) ԱԸՊ ռեեստրի և էլեկտրոնային հարթակի վարումը.

4) հատուկ թափոնների գործածության վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևի և լրացման հրահանգի հաստատումը.

5) խմբային և անհատական թույլտվությունների, հատուկ թափոնների գործածության համաձայնությունների տրամադրումը.

6) հատուկ թափոնի հայտարարագրին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը.

7) հատուկ թափոնների գործածության ոլորտում գիտատեխնիկական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների հետ համագործակցությունը և համապատասխան հետազոտությունների իրականացմանն աջակցելը.

8) հատուկ թափոնների գործածության, այդ թվում՝ տեսակավորված հավաքման վերաբերյալ, հասարակության իրազեկվածության, էկոլոգիական կրթության և դաստիարակության ծրագրերում հանրության ներգրավման ապահովման, տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը։

 

Հոդված 11.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

 

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝

1) ԱՊԿ-ների հետ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը.

2) ԱՊԿ-ներին հատուկ թափոնների գործածության ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի հաստատումը.

3) ԱՊԿ-ների հետ կնքված պայմանագրերի հիման վրա հատուկ թափոնների գործածության ապահովումը.

4) հատուկ թափոնների գործածության կարողությունների ստեղծման խթանումը.

5) համայնքի տարածքում հատուկ թափոնների գործածության, այդ թվում՝ տեսակավորված հավաքման վերաբերյալ հասարակության իրազեկվածության, էկոլոգիական կրթության և դաստիարակության, ինչպես նաև տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը.

6) հատուկ թափոնների գործածության վերաբերյալ եռամսյակային հաշվետվության ներկայացումը տեսչական մարմնին.

7) համայնքի պաշտոնական կայքում տարեկան կտրվածքով հատուկ թափոնների գործածության ապահովման, այդ թվում՝ համայնքի ստացած եկամուտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը։

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ

 

Հոդված 12.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության գործիքակազմը

 

  1. ԱԸՊ գործիքակազմը սույն օրենքով նախատեսված բնապահպանական, ֆինանսական, իրավական և տեղեկատվական գործիքների ամբողջություն է, որոնք ուղղված են ԱԸՊ պարտավորության ապահովմանը։
  2. Սույն գլխով սահմանված ԱԸՊ գործիքակազմի իրականացման համար Կառավարությունը, լիազոր մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, ԱՊԿ-ն և արտադրողներն ունեն օրենսդրությամբ նախատեսված համապատասխան լիազորություններ, իրավունքներ ու պարտականություններ։

 

Հոդված 13.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության բնապահպանական գործիքակազմը

 

  1. ԱԸՊ բնապահպանական գործիքակազմը ներառում է՝

1) հատուկ թափոնների գործածությունն, այդ թվում՝ տեսակավորված հավաքումը.

2) ԱԸՊ ապրանքի տեխնիկական կանոնակարգումն, այդ թվում՝ էկոդիզայնի վերաբերյալ պահանջների կիրառումը.

3) կանաչ գնումների խթանումը.

4) հատուկ թափոնների գործածության նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների ու արտադրական կարողությունների ստեղծման խթանումը։

 

Հոդված 14.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ֆինանսական գործիքակազմը

 

  1. ԱԸՊ ֆինանսական գործիքակազմը ներառում է՝

1) ԱԸՊ վճարը.

2) ֆինանսական երաշխիքը.

3) հատուկ թափոնների հայտարարագիրը.

4) հատուկ թափոնների վերադարձի մեխանիզմները, այդ թվում՝ վերադարձի դեպոզիտային համակարգերը.

5) հատուկ թափոնների ծավալների նվազեցմանն ուղղված տնտեսական խթանները։

 

Հոդված 15.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության իրավական գործիքակազմը

 

  1. ԱԸՊ իրավական գործիքակազմը ներառում է՝

1) խմբային և անհատական թույլտվությունները, ինչպես նաև հատուկ թափոնի գործածության համաձայնությունները.

2) ԱԸՊ պայմանագիրը.

3) ԱՊԿ-ի և արտադրողների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքվող պայմանագրերը.

4) նորմատիվները.

5) ԱԸՊ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

6) ԱԸՊ օրենսդրության պահանջների չկատարման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 16.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության տեղեկատվական գործիքակազմը

 

  1. ԱԸՊ տեղեկատվական գործիքակազմը ներառում է՝

1) ԱԸՊ օրենսդրության պահանջների վերաբերյալ լիազոր մարմնի կողմից արտադրողներին իրազեկումը.

2) արտադրողների, ԱՊԿ-ների և լիազոր մարմնի գործունեության թափանցիկության, վերահսկելիության և հաշվետվողականության ապահովումը՝ ԱԸՊ էլեկտրոնային հարթակի միջոցով.

3) հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբի ցանկի, ինչպես նաև դրանց առաջնային տեսակավորման մասին հանրության իրազեկումը, այդ թվում՝ էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցով.

4) արտադրողի կողմից ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) մակնշումը.

5) լիազոր մարմնի կողմից ԱԸՊ ռեեստրի վարումը.

6) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վիճակագրական հաշվետվություններ ներկայացնելը.

7) ԱԸՊ էլեկտրոնային հարթակում հրապարակված տեղեկությունների մատչելիության ապահովումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 17.      Հատուկ թափոնների գործածության նորմավորումը

 

  1. Կառավարության կողմից՝ անհատական թույլտվության հիման վրա ապահովման ենթակա նորմատիվը սահմանվում է հինգ, իսկ խմբային թույլտվության հիման վրա ապահովման ենթակա նորմատիվը առաջին անգամ՝ երեք, այնուհետև հինգ տարի ժամկետով։
  2. Նորմատիվները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար և ենթակա չեն նվազեցման։
  3. Նորմատիվը սահմանվում է հաշվի առնելով՝

1) ԱԸՊ ապրանքի արտադրության և սպառման միտումները և հատուկ թափոնների գոյացման ծավալները.

2) հատուկ թափոնների գործածության ենթակառուցվածքները, արտադրական հզորությունները, նորարար տեխնոլոգիաներն ու առկա կարողությունները.

3) հատուկ թափոնների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա.

4) բնօգտագործման և էներգետիկայի ոլորտում պետության քաղաքականության նպատակները և առաջնահերթությունները։

  1. Եթե ԱԸՊ ապրանքը հանդիսանում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկով հարկման օբյեկտ, ապա հաշվարկված բնապահպանական հարկը ենթակա է նվազեցման Կառավարության կողմից սահմանված՝ ԱԸՊ պարտավորության ծագման պահին գործող նորմատիվի չափով։

 

Հոդված 18.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ռեեստրը

  1. ԱԸՊ ռեեստրը ներառում է՝

1) ԱԸՊ ապրանքների (արտադրանքի) ցանկը.

2) հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբերի ցանկը.

3) ԱՊԿ-ների ցանկը՝ ըստ հատուկ թափոնների և (կամ) հատուկ թափոնների խմբերի և դրանց տարեկան ծավալի.

4) արտադրողների ցանկը՝ ըստ հատուկ թափոնների և (կամ) հատուկ թափոնների խմբերի և դրանց տարեկան ծավալի:

  1. ԱԸՊ ռեեստրը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է լիազոր մարմինը։

 

Հոդված 19.      Հատուկ թափոնների գործածության վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը

 

  1. ԱՊԿ-ները և ԱԸՊ անհատական ձևն ընտրած արտադրողները պարտավոր են տեսչական մարմնին տարեկան պարբերականությամբ ներկայացնել հատուկ թափոնների գործածության վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվություններ մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը։
  2. Հատուկ թափոնների գործածության վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և դրա լրացման հրահանգը սահմանում է լիազոր մարմինը։

 

Հոդված 20.  Արտադրողի ընդլայնված պատասխանատվության պարտավորության ծագման պահը

 

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության պարտավորությունը ծագում է արտադրողի կողմից ԱԸՊ ապրանքի օտարման պահից։

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՁԵՎԸ

 

Հոդված 21.  Խմբային ձևով արտադրողի ընդլայնված պատասխանատվության իրականացումը

 

  1. Խմբային ձևով արտադրողի ընդլայնված պատասխանատվությունն իրականացվում է ԱՊԿ-ի կողմից՝ Կառավարության սահմանած կարգով ստացած խմբային թույլտվության հիման վրա։

 

Հոդված 22.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կազմակերպաիրավական ձևը

 

  1. ԱՊԿ-ն սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված հիմնադրամ է։
  2. Արտադրողի պատասխանատվության կազմակերպության անվանումը պետք է ներառի «արտադրողի պատասխանատվության կազմակերպություն» բառերը կամ «ԱՊԿ» հապավումը։

 

Հոդված 23.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության գործունեությունը

 

  1. ԱՊԿ-ի գործունեության ուղղություններն են՝

1) հատուկ թափոնների գործածության ենթակառուցվածքների ու կարողությունների ստեղծումը և զարգացումը, այդ թվում՝ հատուկ թափոնների գոյացման սկզբնաղբյուրից դրանց հավաքման, առաջնային և երկրորդային տեսակավորման, փոխադրման և պահեստավորման ենթակառուցվածների ստեղծումը.

2) հատուկ թափոնների վերադարձը խրախուսող միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ վերադարձի դեպոզիտային համակարգերի ստեղծումը.

3) հատուկ թափոնների առաջնային տեսակավորման և գործածության վերաբերյալ հասարակության իրազեկվածության, տեղեկատվական արշավների, էկոլոգիական շարունակական կրթության և դաստիարակության ծրագրերում հանրության ներգրավման ապահովումը, տեղեկատվական և իրազեկման ծրագրերի իրականացումը.

4) հատուկ թափոնների գործածության ոլորտում հետազոտություններին և նորարարություններին աջակցությունը։

  1. ԱՊԿ-ն կարող է իրականացնել սույն օրենքին, այլ նորմատիվ իրավական ակտերին և ԱՊԿ-ի կանոնադրային նպատակներին չհակասող այլ գործունեություն։

 

Հոդված 24.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության պարտավորությունները

 

  1. ԱՊԿ-ի պարտավորություններն են՝

1) իր հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողների մասով նորմատիվների կատարումը.

3) երրորդ անձանց հետ պայմանագրերի կնքումը.

4) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվության ներկայացումը.

5) աուդիտորական կազմակերպության կողմից տարեկան պարտադիր ֆինանսական աուդիտի անցկացման ապահովումը և աուդիտորական եզրակացության տրամադրումը լիազոր մարմնին.

 

Հոդված 25.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության գույքը

 

  1. ԱՊԿ-ն՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
  2. ԱՊԿ-ի գույքի ձևավորման աղբյուրներ են՝

1) ԱԸՊ վճարը.

2) ԱՊԿ-ին տրամադրված միջոցները, այդ թվում՝ փոխառությունները և նվիրատվությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները։

 

Հոդված 26.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կառավարման մարմինները

 

  1. ԱՊԿ-ն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով։
  2. ԱՊԿ-ի կառավարման մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) գործադիր տնօրենը։

 

Հոդված 27.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը

 

  1. ԱՊԿ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ նաև՝ Խորհուրդ)։
  2. ԱՊԿ-ի գործունեության առաջին օրացուցային տարվա համար ձևավորվում է ժամանակավոր Խորհուրդ, որի անդամները նշանակվում են մեկ տարի ժամկետով:
  3. ԱՊԿ-ի գործունեության երկրորդ օրացուցային տարվանից ձևավորվում է հիմնական Խորհուրդ։ Հիմնական Խորհրդի անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով։ Խորհրդում ԱՊԿ-ի հիմնադիրը կամ հիմնադիրներն ունեն մշտական անդամի մեկական քվոտա։
  4. Հիմնական Խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ.

1) ԱՊԿ-ի յուրաքանչյուր հիմնադրի՝ ժամանակավոր Խորհրդում ունեցած անդամների թվով ներկայացուցիչներ.

2) մեկական անդամ՝ նախորդ օրացուցային տարվա գործունեության արդյունքներով ԱՊԿ-ին ամենաբարձր ԱԸՊ վճար վճարած արտադրողների կողմից, որոնց քանակը պետք է հավասար լինի կամ չգերազանցի սույն մասի 1-ին ենթակետի համաձայն նշանակված անդամների քանակը.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված առավելագույնը երկու արտադրողների ներկայացուցիչներ՝ ըստ Խորհրդում ընդգրկման համար դիմում ներկայացնելու առաջնահերթության։

  1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արտադրողների և ԱՊԿ-ի հիմնադիրների համընկնման դեպքում վերոհիշյալ կետի դրույթների հաշվառմամբ՝ որպես Խորհրդի անդամ նշանակելու իրավասություն ունեցող արտադրողներ դիտարկվում են ԱՊԿ-ի գործունեության նախորդ օրացուցային տարվա արդյունքներով ԱՊԿ-ին ամենաբարձր ԱԸՊ վճար վճարած ԱՊԿ հիմնադիրներին հաջորդող արտադրողները։
  2. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում նշված արտադրողների կողմից Խորհրդում իրենց ներկայացուցչի ընդգրկման համար դիմում չներկայացնելը խոչընդոտ չէ Խորհրդի ձևավորման համար։
  3. Խորհրդի կազմի ձևավորման ընթացակարգը սահմանվում է ԱՊԿ-ի կանոնադրությամբ։

 

Հոդված 28.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության պայմանագիրը

 

  1. Արտադրողներն իրենց ԱԸՊ պարտավորությունը պատվիրակում են ԱՊԿ-ին՝ վերջինիս հետ կնքելով ԱԸՊ պայմանագիր։
  2. ԱԸՊ պայմանագիրը պետք է նախատեսի՝

1) նորմատիվների կատարման վերաբերյալ դրույթներ.

2) ԱԸՊ վճարի վճարման կարգն ու պայմանները.

3) առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները, դրանց պաշտպանության վերաբերյալ դրույթներ և նման տեղեկության օգտագործման կարգը և պայմանները.

4) դրա գործողության ժամկետը, որը չի կարող պակաս լինել մեկ տարուց.

5) դրանով սահմանված դրույթների խախտման համար կողմերի պատասխանատվությունը։

  1. ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողի համար ԱԸՊ վճար վճարելու պարտավորություն չի առաջանում օրենսդրությամբ կամ պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում գնորդի կողմից իրեն վերադարձված ԱԸՊ ապրանքի (արտադրանքի) համար։

 

Հոդված 29.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության վճարի դրույքաչափը

 

  1. ԱԸՊ վճարի դրույքաչափը սահմանվում է Խորհրդի որոշմամբ՝ յուրաքանչյուր հատուկ թափոնի համար առանձին՝ ըստ միավոր ծավալի կամ քանակի։ ԱԸՊ վճարի դրույքաչափը նույնն է տվյալ ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած բոլոր արտադրողների համար։
  2. ԱԸՊ վճարի դրույքաչափի հիմնավորվածությունը ֆինանսական և տեխնիկական պարտադիր աուդիտի առարկա է։
  3. ԱԸՊ վճարի դրույքաչափը սահմանվում է հաշվի առնելով հատուկ թափոնների գործածության ապահովման նպատակով ԱՊԿ-ի կողմից ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև երկրորդային հումք հանդիսացող հատուկ թափոնների շուկայական արժեքը։
  4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքների փոփոխության դեպքում, ԱԸՊ վճարի դրույքաչափը Խորհրդի կողմից կարող է վերանայվել ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ։

Հոդված 30.     Հատուկ թափոնի հայտարարագիր

 

  1. ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողը հատուկ թափոնի հայտարարագիրը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-րդ օրը ներկայացնում է լիազոր մարմնին։
  2. ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած և սույն օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով հատուկ թափոնի գործածությունն ապահովող արտադրողը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագրի հետ միասին լիազոր մարմնին ներկայացնել հատուկ թափոնների գործածության ապահովումը հիմնավորող փաստաթղթերը։
  3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագիրը հիմք է ԱԸՊ վճարի հաշվարկման համար։
  4. Անհատական թույլտվություն ստացած արտադրողը հատուկ թափոնի հայտարարագիրը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-րդ օրը ներկայացնում է լիազոր մարմնին։
  5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագրերում ներառված հատուկ թափոնի ծավալի վերաբերյալ տվյալները համարվում են առևտրային գաղտնիք և ենթակա են սահմանափակ օգտագործման Կառավարության կողմից սահմանված կարգով։
  6. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագրերը ներկայացվում են ԱԸՊ էլեկտրոնային հարթակի միջոցով։

 

Հոդված 31.      Խմբային թույլտվության տրամադրումը

 

  1. Խմբային թույլտվությունը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից ԱՊԿ-ի ներկայացրած հայտի հիման վրա։ Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հատուկ թափոնների և հատուկ թափոնների խմբի ցանկի վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում յուրաքանչյուր հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի, այդ թվում՝ նշված Կառավարության որոշման փոփոխության արդյունքում յուրաքանչյուր նոր հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի նոր խմբի համար խմբային թույլտվության տրամադրման նպատակով լիազոր մարմինը ծանուցում է արտադրողներին հայտեր ընդունելու մասին։ Խմբային թույլտվության տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության կողմից։ Յուրաքանչյուր հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի համար խմբային թույլտվությունը լիազոր մարմինի կողմից առաջին անգամ տրամադրվում է երեք տարի ժամկետով։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջին անգամ տրամադրված խմբային թույլտվությունը երկարաձգվում կամ յուրաքանչյուր նոր հաջորդող խմբային թույլտվությունն, այդ թվում՝ այլ ԱՊԿ-ին, տրամադրվում է հինգ տարի ժամկետով։
  3. Հայտերի գնահատման արդյունքների հիման վրա լիազոր մարմինը հատուկ թափոնի կամ դրա յուրաքանչյուր խմբի համար կարող է տրամադրել միայն մեկ խմբային թույլտվություն, որն ենթակա չէ օտարման կամ փոխանցման իրավահաջորդության կարգով։
  4. Խմբային թույլտվություն տրամադրելու նպատակով լիազոր մարմինը հայտարարում է հայտեր ընդունելու եռամսյա ժամկետ։
  5. Խմբային թույլտվության տրամադրման հայտը պետք է ներառի՝

1) դիմումը.

2) ԱԸՊ խմբային ծրագիրը.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գծով պարտավորության ապահովման չափը հավաստող ֆինանսական երաշխիքը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով լիազոր մարմնին ԱՊԿ-ի կողմից առաջին անգամ խմբային թույլտվության հայտ ներկայացնելու դեպքի.

  1. Լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է ԱՊԿ-ին, եթե հայտը չի պարունակում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը։ ԱՊԿ-ն կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին ներկայացնել լրակազմ հայտը։
  2. Խմբային թույլտվության տրամադրման լրակազմ հայտը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում խմբային թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին։
  3. Լիազոր մարմինը մերժում է խմբային թույլտվության տրամադրումը, եթե.

1) ԱԸՊ խմբային ծրագրի գնահատման արդյունքում ստացված միավորը ցածր է Կառավարության կողմից սահմանված անցողիկ միավորից.

2) ֆինանսական երաշխիքը չի համապատասխանում Կառավարության կողմից սահմանված պահանջներին,

3) չի վճարվել պետական տուրքը։ 

  1. Խմբային թույլտվության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ ԱՊԿ-ն կարող է լիազոր մարմին ներկայացնել խմբային թույլտվության երկարաձգման հայտ, որը պետք է ներառի սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փաստաթղթերը։
  2. Խմբային թույլտվության երկարաձգման հայտի լրակազմությունը լիազոր մարմնի կողմից ստուգվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում։ Լիազոր մարմինը խմբային թույլտվության ժամկետի երկարաձգման լրակազմ հայտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում խմբային թույլտվությունը հինգ տարի ժամկետով երկարաձգելու կամ խմբային թույլտվության երկարաձգման հայտը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերով մերժելու մասին։
  3. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետում ԱՊԿ-ի կողմից խմբային թույլտվության ժամկետի երկարաձգման հայտը չներկայացնելու կամ այն լիազոր մարմնի կողմից մերժելու դեպքում, լիազոր մարմինը տվյալ հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի տվյալ խմբի խմբային թույլտվության տրամադրման նպատակով հայտարարում է հայտերի ընդունման եռամսյա ժամկետ։

 

Հոդված 32.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության խմբային ծրագիրը

 

  1. ԱՊԿ-ի Խորհրդի կողմից հաստատված ԱԸՊ խմբային ծրագրով սահմանվում են ԱՊԿ-ի կողմից համապատասխան հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի համար ԱԸՊ իրականացման, նորմատիվների կատարման ապահովման կարգը և պայմանները։
  2. ԱԸՊ խմբային ծրագրին ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության կողմից։
  3. Խմբային թույլտվության գործողության ժամկետում ԱԸՊ խմբային ծրագրի ցանկացած փոփոխության մասին ԱՊԿ-ն ծանուցում է լիազոր մարմնին Կառավարության սահմանած կարգով։

 

Հոդված 33.     Արտադրողի պատասխանատվության կազմակերպության կողմից արտադրողի ընդլայնված պատասխանատվության էլեկտրոնային հարթակում հրապարակվող տեղեկատվությունը

 

  1. ԱՊԿ-ի կողմից ԱԸՊ էլեկտրոնային հարթակում հրապարակվում է՝

1) ԱՊԿ-ի կանոնադրությունը.

2) խմբային թույլտվությունը.

3) ԱԸՊ խմբային ծրագիրը.

4) ԱԸՊ վճարի դրույքաչափերը՝ ըստ հատուկ թափոնների.

5) ԱԸՊ պայմանագրի ձևը.

6) ԱՊԿ-ի և արտադրողի միջև համաձայնեցված հատուկ թափոնի հայտարարագրերի ձևերը.

7) Խորհրդի անհատական կազմը.

8) Խորհրդի որոշումները.

9) վարչական վիճակագրական հաշվետվությունները.

10) տարեկան ֆինանսական և տեխնիկական աուդիտի եզրակացությունները։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը ԱՊԿ-ն ԱԸՊ էլեկտրոնային հարթակում հրապարակում է խմբային թույլտվություն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ 6-10-րդ կետերում սահմանված տեղեկատվությունը՝ դրանց հասանելի լինելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՁԵՎԸ

 

Հոդված 34.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության անհատական ձևի իրականացման կարգը

 

  1. Անհատական ձևով արտադրողի ընդլայնված պատասխանատվությունն իրականացվում է՝ սեփական կարիքների համար ԱԸՊ ապրանք (արտադրանք) արտադրող և դրանց վերջնական սպառող հանդիսացող արտադրողի կողմից իր ընտրությամբ և անհատական թույլտվության հիման վրա։
  2. ԱԸՊ անհատական ձևի դեպքում արտադրողը հատուկ թափոնների գործածությունն ապահովում է անձամբ կամ երրորդ անձանց միջոցով։
  3. Արտադրողը կարող է ԱԸՊ անհատական ձևից անցնել ԱԸՊ խմբային ձևին համապատասխան ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքելու միջոցով, որի մասին պարտավոր է նշված պայմանագրի կնքման պահից երեսուն օրացուցային օրվա ընթացքում ծանուցել լիազոր մարմնին։
  4. Լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում արտադրողին տրված անհատական թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ և այդ մասին ծանուցում է արտադրողին։
  5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքի վրա։
  6. Արտադրողն իրավունք ունի ԱԸՊ անհատական թույլտվությամբ չնախատեսված այլ հատուկ թափոնների գործածության ապահովել սույն օրենքով սահմանված կարգով ԱՊԿ-ի հետ կնքված ԱԸՊ պայմանագրի հիման վրա։

 

Հոդված 35.     Անհատական թույլտվության տրամադրումը

 

  1. Անհատական թույլտվությունը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից հինգ տարի ժամկետով արտադրողի ներկայացրած հայտի հիման վրա։ Անհատական թույլտվության տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության կողմից։
  2. Անհատական թույլտվության տրամադրման հայտը պետք է ներառի՝

1) դիմումը.

2) ԱԸՊ անհատական ծրագիրը.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված տուգանքի գծով պարտավորության ապահովման չափը հավաստող ֆինանսական երաշխիքը.

  1. Լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է արտադրողին, եթե հայտը չի պարունակում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը։ Արտադրողը կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին ներկայացնել լրակազմ հայտը։
  2. Անհատական թույլտվության տրամադրման լրակազմ հայտը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում անհատական թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին։
  3. Լիազոր մարմինը մերժում է անհատական թույլտվության տրամադրումը, եթե.

1) ԱԸՊ անհատական ծրագրի գնահատման արդյունքում ստացված միավորը ցածր է Կառավարության կողմից սահմանված անցողիկ միավորից.

2) ֆինանսական երաշխիքը չի համապատասխանում Կառավարության կողմից սահմանված պահանջներին։

  1. Անհատական թույլտվության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ արտադրողը կարող է լիազոր մարմին ներկայացնել անհատական թույլտվության երկարաձգման հայտ, որը պետք է ներառի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը։
  2. Անհատական թույլտվության երկարաձգման հայտի լրակազմությունը լիազոր մարմնի կողմից ստուգվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում։ Լիազոր մարմինը անհատական թույլտվության ժամկետի երկարաձգման լրակազմ հայտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում անհատական թույլտվությունը հինգ տարի ժամկետով երկարաձգելու կամ անհատական թույլտվության երկարաձգման հայտը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով մերժելու մասին։

 

Հոդված 36.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության անհատական ծրագիրը

 

  1. ԱԸՊ անհատական ծրագրով սահմանվում են արտադրողի կողմից համապատասխան հատուկ թափոնի կամ հատուկ թափոնի խմբի համար ԱԸՊ իրականացման, նորմատիվների կատարման ապահովման կարգը և պայմանները։
  2. ԱԸՊ անհատական ծրագրին ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության կողմից։
  3. ԱԸՊ անհատական ծրագրի ցանկացած փոփոխության մասին արտադրողը ծանուցում է լիազոր մարմնին Կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

 

Հոդված 37.     Անհատական թույլտվություն ստացած արտադրողի կողմից արտադրողի ընդլայնված պատասխանատվության էլեկտրոնային հարթակում հրապարակվող տեղեկատվությունը

 

  1. Անհատական թույլտվություն ստացած արտադրողի կողմից ԱԸՊ էլեկտրոնային հարթակում հրապարակվում է՝

1) անհատական թույլտվությունը.

2) ԱԸՊ անհատական ծրագիրը.

3) վարչական վիճակագրական հաշվետվությունը։

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-2 կետերով սահմանված տեղեկատվությունը անհատական թույլտվություն ստացած արտադրողն ԱԸՊ էլեկտրոնային հարթակում հրապարակում է այդպիսի թույլտվություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում տեսչական մարմնին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ՀԱՏՈՒԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 38.     Հատուկ թափոնների գործածության ապահովումը համաձայնության հիման վրա

 

  1. ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողները, լիազոր մարմնի կողմից տրամադրված համաձայնության դեպքում, կարող են օրենսդրությամբ չարգելված եղանակներով ինքնուրույն կամ երրորդ անձանց միջոցով, այդ թվում՝ դեպոզիտային կամ վերադարձի համակարգերի կիրառմամբ ապահովել իրենց ԱԸՊ ապրանքից առաջացող հատուկ թափոնների կամ հատուկ թափոնի խմբի գործածությունը։
  2. Արտադրողը պարտավոր է հատուկ թափոնների հայտարարագրում արտացոլել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով գործածված հատուկ թափոնների ծավալը, որի համար արտադրողն ԱԸՊ վճարի վճարման պարտավորություն չի կրում։

 

Հոդված 39.     Հատուկ թափոնների գործածության համաձայնության տրամադրումը

 

  1. Լիազոր մարմինը համաձայնությունը տրամադրում է արտադրողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Դիմումին կցվում է հատուկ թափոնի գործածության ապահովման պլանը։
  2. Լիազոր մարմինը համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշում կայացնում է դիմումը և հատուկ թափոնի գործածության ապահովման պլանը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Համաձայնության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը։

 

Հոդված 40.     Հատուկ թափոնների գործածության համաձայնության գործողությունը

 

  1. Համաձայնությունը գործում է ԱՊԿ-ի հետ կնքված ԱԸՊ պայմանագրի, ինչպես նաև դրա անընդմեջ երկարաձգման ողջ ժամկետի համար։
  2. Լիազոր մարմինը համաձայնության գործողությունը դադարեցնում է, եթե.

1) արտադրողը սնանկ է ճանաչվել կամ լուծարվել է.

2) ԱՊԿ-ի և արտադրողի միջև ԱԸՊ պայմանագիրը լուծվել է.

3) արտադրողը սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ներկայացրել հատուկ թափոնի հայտարարագիրը կամ դրանում արտացոլել է կեղծ տվյալներ.

4) արտադրողը հատուկ թափոնի հայտարարագրին կից չի ներկայացրել կամ թերի է ներկայացրել սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ թափոնների գործածության ապահովումը հավաստող փաստաթղթերը։

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 41.      Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտում վերահսկողությունը

 

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 42.     Արտադրողի ընդլայնված պատասխանատվության ոլորտի օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը

 

  1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Հոդված 43.     Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

 

  1. Տարեկան նորմատիվների չկատարման համար ԱՊԿ-ի նկատմամբ նշանակվում է տուգանք, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5։

 

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտումը՝ տուգանքի նշանակմանը հաջորդող տարիների ընթացքում կրկին կատարելու դեպքում ԱՊԿ-ի նկատմամբ նշանակվում է տուգանք, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

2 x (հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5)։

 

  1. Տարեկան նորմատիվների չկատարման համար անհատական թույլտվություն ստացած արտադրողի նկատմամբ նշանակվում է տուգանք, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5

 

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումը՝ տուգանքի նշանակմանը հաջորդող տարիների ընթացքում կրկին կատարելու դեպքում անհատական թույլտվություն ստացած արտադրողի նկատմամբ նշանակվում է տուգանք, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

2 x (հատուկ թափոնի մասով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված ԱԸՊ վճարի դրույքաչափ x համապատասխան տարվա նորմատիվի չկատարված մաս (արտահայտված բացարձակ թվով) x 5)։

 

  1. Անհատական թույլտվություն չունեցող և ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր չկնքած արտադրողի նկատմամբ՝

նշանակվում է տուգանք տասը միլիոն դրամի չափով։

  1. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավախախտումը՝ տուգանքի նշանակմանը հաջորդող տարիների ընթացքում կրկին կատարելու դեպքում արտադրողի նկատմամբ՝ նշանակվում է տուգանք քսան միլիոն դրամի չափով։
  2. Սույն հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված տուգանքների հաշվարկման բանաձևում տարեկան նորմատիվը արտահայտվում է հատուկ թափոնի ծավալի կամ քանակի բացարձակ թվով։
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվում սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով ԱՊԿ-ին լիազոր մարմնի կողմից առաջին անգամ տրամադրված խմբային թույլտվության գործողության ընթացքում։

 

Հոդված 44.     Օրենքով սահմանված տեղեկատվությունն արտադրողի ընդլայնված պատասխանատվության էլեկտրոնային հարթակում չհրապարակելը

 

  1. Անհատական թույլտվություն ստացած արտադրողի և ԱՊԿ-ի կողմից սույն օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված տեղեկատվությունն ԱԸՊ էլեկտրոնային հարթակում չհրապարակելն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մեկհարյուրապատիկի չափով։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը՝ տուգանքի նշանակմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում անհատական թույլտվություն ստացած արտադրողի կամ ԱՊԿ-ի նկատմամբ նշանակվում է տուգանք՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով։

 

Հոդված 45.     Հատուկ թափոնների գործածության վերաբերյալ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելը

 

  1. Հատուկ թափոնների գործածության վերաբերյալ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները հաշվետու ԱՊԿ-ների և ԱԸՊ անհատական ձևն ընտրած արտադրողների կողմից տեսչական մարմնին սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 46.     Հատուկ թափոնի հայտարարագիրը սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը

 

  1. Սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագիրը ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողի և անհատական թույլտվություն ստացած արտադրողի կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
  2. ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողի և անհատական թույլտվություն ստացած արտադրողի կողմից սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագրում սխալ (ոչ հավաստի) կամ ոչ ամբողջական տվյալներ ներառելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ինհարյուրապատիկի չափով:
  3. ԱՊԿ-ի հետ ԱԸՊ պայմանագիր կնքած արտադրողի և անհատական թույլտվություն ստացած արտադրողի կողմից սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված հատուկ թափոնի հայտարարագրում անզգուշությամբ սխալ (ոչ հավաստի) կամ ոչ ամբողջական տվյալ ներառելը առաջացնում է նախազգուշացում, իսկ սույն մասով նախատեսված արարքը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 47.     Ֆինանսական երաշխիքը և դրանով նախատեսված գումարի վճարման պահանջ ներկայացնելը

 

  1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 35-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ֆինանսական երաշխիքը պետք է տրամադրվի յուրաքանչյուր օրացուցային տարվա համար՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-4-րդ կետերով սահմանված տուգանքի վճարման պարտավորության կատարման նպատակով:
  2. Ֆինանսական երաշխիքին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանվում են Կառավարության կողմից։
  3. ԱՊԿ-ն կամ արտադրողը պարտավոր են մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 20-ը լիազոր մարմնին ներկայացնել Կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրված նոր ֆինանսական երաշխիք:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով նոր ֆինանսական երաշխիքը չներկայացնելու դեպքում, լիազոր մարմինը ԱՊԿ-ին կամ արտադրողին գրավոր նախազգուշացնում է խմբային կամ անհատական թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Սույն մասով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության սահմանված պահանջներին համապատասխան նոր ֆինանսական երաշխիքը ԱՊԿ-ի կամ արտադրողի կողմից լիազոր մարմնին չներկայացվելու դեպքում, լիազոր մարմինը ուժը կորցրած է ճանաչում խմբային կամ անհատական թույլտվությունը։
  5. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով նշանակված տուգանքը մեկ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում լիազոր մարմինն իրավունք ունի տուգանքի վճարման պահանջ ներկայացնել ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձին։
  6. Լիազոր մարմինը տուգանքի վճարման պահանջը ֆինանսական երաշխիք տված անձին պետք է ներկայացնի գրավոր՝ կցելով տուգանքի գումարի չափի վերաբերյալ անհրաժեշտ հաշվարկները։ Ֆինանսական երաշխիք տված անձը պարտավոր է տուգանքի վճարման պահանջը ստանալու պահից տասնօրյա ժամկետում համապատասխան դրամական միջոցները փոխանցել պետական բյուջե։

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 48.     Եզրափակիչ դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով և այլ միջոցներով ծանուցում է արտադրողներին սույն օրենքի հիման վրա խմբային թույլտվություն տրամադրելու նպատակով հայտեր ընդունելու մասին։

 

Հոդված 49.     Անցումային դրույթ

 

  1. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության

              Նախագահ                                                                     

  • Discussed

    01.07.2025 - 01.08.2025

  • Type

    Law

  • Area

    Nature protection, Economy, Financial, Territorial administration and development, Economical

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3362

Print

Suggestions

Gurgen Mirzoyan

25.07.2025

Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?

Vahagn Sahakyan

24.07.2025

Նման տեսքով նախագիծը ընդհամենը նոր հարկատեսակ է և ոչ մի կերպ չի նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը։ Մյուս կողմից սա ուղղակի շատ լավ հնարավորություն է ստեղծում ներկրողների համար, «խեղդելու» տեղական արտադրողին։

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ՀԿ

22.07.2025

Փաստարկներ ընդդեմ փաթեթավորման կրկնակի հարկման Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) հիմքում ընկած է այն գաղափարը, որ արտադրողներն իրենց արտադրանքի ողջ կյանքի ցիկլի ընթացքում (ներառյալ թափոնների կառավարման փուլը) ոչ միայն կրում են ֆինանսական (ամբողջովին կամ մասնակիորեն նաև գործառնական) պատասխանատվություն, այլև իրենց ոլորտին պատկանող արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) միջոցով և իրենց փորձագիտությամբ ներգրավված են արտադրանքի (փաթեթավորման) կյանքի ցիկլի օպտիմալացման գործում։ Սա խթանում է այն, որ արտադրողներն արտադրանքը մշակելիս հաշվի առնեն դրա վերամշակելիությունը, ինչպես նաև ներդրում կատարեն հավաքման ու վերամշակման խելամիտ ու ծախսարդյունավետ համակարգերում։ Երբ ԱԸՊ համակարգը պատկանում է արդյունաբերությանը և կառավարվում է վերջինիս կողմից, այն կարևոր գործիք է դառնում արտադրանքի և փաթեթավորման կյանքի ցիկլը կառավարելու համար: Եվրոպական Միության տարածքում և դրանից դուրս ԱԸՊ համակարգը դարձել է փաթեթավորման թափոնների արդյունավետ կառավարման հիմք՝ ապրանքի կամ փաթեթավորման կյանքի ցիկլի կառավարման պատասխանատվությունն իշխանություններից փոխանցելով արդյունաբերությանը։ Այս փոփոխությունը համապատասխան ոլորտին հնարավորություն է տալիս (սովորաբար այնպիսի կոլեկտիվ կազմակերպության միջոցով, ինչպիսին է ԱՊԿ-ն) ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ օրենքով սահմանված կարգով հավաքագրման, տեսակավորման, վերամշակման, հաղորդակցման և այլ գործողությունները կառավարելու համար՝ հետևելով զուտ ծախսերի սկզբունքին, ինչպես նաև ապահովելով արդյունավետ և օպտիմալ համակարգ՝ բիզնեսների գիտելիքն ու փորձը մեր հասարակության օգտին օգտագործելով։ Կարևորն այն է, որ հավաքագրված բոլոր միջոցները համակարգվում են փակ շրջանակում, որի շնորհիվ դրանք ծառայում են միայն նախանշված նպատակների իրականացմանը: Նման համակարգերի ներդրումը միտված է բնապահպանական նպատակներին հասնելուն, առանց խաթարելու մրցունակությունը կամ թափանցիկությունը։ Ի հակադրություն վերոնշյալի, փաթեթավորման հարկերը, որոնք սովորաբար սահմանվում են շուկա բերված նյութի յուրաքանչյուր կիլոգրամի կամ յուրաքանչյուր փաթեթավորման համար՝ նպատակ ունենալով կանխել չափազանց շատ կամ չվերամշակվող փաթեթավորման միջոցների կիրառումը, սովորաբար բնապահպանական նպատակներին չեն ծառայում։ Նոր հարկաբյուջետային միջոցառումները, ինչպիսին է փաթեթավորման հարկը, չեն նպաստում ֆինանսական միջոցները կայուն փաթեթավորման լուծումների, վերամշակման տեխնոլոգիաների, թափոնների ենթակառուցվածքների և շրջանաձև տնտեսության ստեղծման մեջ ներդնելուն։ Այնինչ այն հնարավորություն է տալիս ստեղծել աշխատատեղեր, աջակցել տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով ավելի մաքուր միջավայր քաղաքացիների համար։ Փաթեթավորման հարկերը միայն շրջակա միջավայրի պահպանման կամ թափոնների կառավարման նպատակին չեն ծառայում, դրանք նաև հանգեցնում են գնաճի, քանի որ անուղղակի հարկերը հասնում են սպառողներին։ Ի տարբերություն ԱԸՊ համակարգերի, որտեղ միջոցներն ուղղակիորեն նպաստում են հավաքման և վերամշակման ենթակառուցվածքների զարգացմանը, հարկային եկամուտները հաճախ ուղղվում են դեպի պետական բյուջե՝ չծառայելով շրջանաձև տնտեսություն ձևավորելու նպատակին։ Այժմ ԱԸՊ համակարգերն ավելի ու ավելի հաճախ են ներդնում վճարների՝ բնապահպանական սկզբունքով փոփոխման (էկո-մոդուլացման) մոտեցումը (ԵՄ-ում այն այժմ պարտադիր է), ըստ որի վճարները փոփոխվում են՝ կախված նրանից, թե փաթեթավորումը որքանով է համապատասխանում բնապահպանական նպատակներին (օրինակ՝ կապված վերամշակելիության, վերաօգտագործման կամ վերամշակված նյութի ծավալի հետ): Սովորաբար վերամշակվող նյութի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործվում են ԱԸՊ ծախսերի մի մասը փոխհատուցելու համար: Սա ուղղակիորեն խթանում է ընկերությունների կողմից նորարարական մոտեցումների կիրառումը և ավելի կայուն փաթեթավորում մշակելը։ Մյուս կողմից, փաթեթավորման հարկերը սովորաբար ֆիքսված դրույքաչափ ունեն և չեն տարբերակում էկոլոգիապես մաքուր և ոչ մաքուր փաթեթավորումները, ինչը էկո փաթեթավորման համար որևէ խթան չի առաջարկում։ ԱԸՊ համակարգերը նաև ոլորտային են և հարմարեցվող, ինչը թույլ է տալիս կիրառել անհատական մոտեցումներ՝ կախված նյութի կամ արտադրանքի տեսակից։ Այս ճկուն մոտեցումը կարևոր է փաթեթավորման տարբեր ձևաչափերի արդյունավետ կառավարման համար։ Ի տարբերություն դրա, փաթեթավորման հարկերը սովորաբար կիրառվում են համահարթ կերպով՝ առանց հաշվի առնելու բնապահպանության կամ վերամշակելիության հարցում տարբերությունները։ Բացի այդ, եթե նման պրակտիկան կիրառվի ԱԸՊ համակարգին զուգահեռ, այն կվերածվի կրկնակի հարկման մի ձևի, որը ոչ միայն տնտեսապես ծանրաբեռնում է արտադրողին, այլև անարդյունավետ է շրջակա միջավայրի պահպանման հարցում։ Փաթեթավորման կրկնակի հարկումը զգալի ծախսային բեռ է դնում արտադրողների, մասնավորապես՝ ՓՄՁ-ների վրա, խաթարում է ներքին շուկան և պատիժ հանդիսանում այն արտադրողների համար, որոնք արդեն իսկ հետևում են կանոնակարգերին և իրենց ներդրումն են ունենում ԱԸՊ սկզբունքի կիրառման հարցում։ Այն մեծացնում է համապատասխան կարգավորումների բեռը, վարչական ծախսերը և իրավական անորոշությունն արտադրողների համար, հանգեցնում է կրկնակի հաշվետվությունների, հաշվեստուգումների և կարգավորումերի կիրառման՝ սպառելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ռեսուրսները։ Երբ երկրում կա ԱԸՊ հստակ հանձնառություն, արտադրողներին պետք է հնարավորություն տրվի կենտրոնացնել բոլոր ջանքերը ԱԸՊ համակարգի շրջանակում փաթեթավորման վերականգնումը և վերամշակումն ապահովելու համար։ Հայաստանի պես երկրներում, որտեղ նման գործողությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները սահմանափակ են, առանձնապես կարևոր է խուսափել ցանկացած ավելորդ և կրկնվող մեխանիզմներից։ Այս դեպքում առանձնապես կարևոր է նաև ապահովել բնապահպանական եկամուտների փակ և վերահսկվող շրջանակը և այն, որ հավաքագրված միջոցները հասնեն իրենց նպատակին, այն է՝ փաթեթավորման բարելավում և կառավարում, ինչը մենք տեսնում ենք ԱԸՊ սկզբունքի կիրառման դեպքում։ ԱԸՊ համակարգերն ապահովում են փաթեթավորման թափոնների կառավարման արդյունավետ, արդար և շրջակա միջավայրի պահպանման համար գործող միջոցներ և արտադրողներին թույլ են տալիս պահպանել վերահսկողությունը թափոնների կառավարման նկատմամբ՝ հետևելով, որ ներդրումները համապատասխանեն բնապահպանական նպատակներին։ Մենք լիովին աջակցում ենք թափոնների կառավարման ժամանակակից և արդյունավետ համակարգի մշակմանը և ներդրմանը՝ փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման հարցում բարձր մակարդակի հասնելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը ԱԸՊ ճիշտ համակարգ ներդնելն է՝ հիմնված ամուր սկզբունքների և բոլոր ներգրավված կողմերի համար սահմանված հստակ դերերի ու պարտավորությունների վրա: Մենք պատրաստ ենք համակարգի դերակատարների հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ Հայաստանում օպտիմալ ԱԸՊ համակարգ մշակելու համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: