Add to favourites

«Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին»

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

No     - Ն

ք Երևան                                                                        «____»________________  2024 թ.

 

             ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ

ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետը՝

հ ր ա մ ա յ ու մ  ե մ

  1. Հաստատել.
  • հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը` համաձայն Հավելված N 1-ի.
  • համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման և գնահատումների ժամկետները` համաձայն հավելված N 2-ի:
  1. Սույն հրամանը չի տարածվում մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը հավատարմագրման, գնահատման գործընթացում գտնվող համապատասխանության գնահատման մարմինների վրա:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի                              N   -Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ

 

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հավատարմագրման չափանիշների, համապատասխանության գնահատման (պարտադիր և կամավոր) գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Հավատարմագրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքով և ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի ստանդարտներով սահմանված նշանակությունները:
  3. Հավատարմագրման և համապատասխանության գնահատման գործընթացների մասնակիցներն են «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ), հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները և հանձնաժողովները, այդ թվում՝ բողոքարկման հանձնաժողովը, ինչպես նաև հավատարմագրված ու հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ)։
  4. Հավատարմագրման գործընթացը, համապատասխանության գնահատման մարմինների գնահատումների գործընթացները և դրանց մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են Օրենքի, սույն կարգի, ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի (այսուհետ՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011), միջազգային, տարածաշրջանային (Եվրոպական հավատարմագրման համագործակցություն (EA)) պայմանագրերի, համաձայնագրերի և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
  5. Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ների հավատարմագրումն իրականացնում է ԱՐՄՆԱԲ-ը:
  6. Օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացի հետ կապված պարբերաբար արդիականացվող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվում է ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական էլեկտրոնային կայքում՝ www.armnab.am (այսուհետ՝ կայք):

 

  1. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Հավատարմագրման չափանիշները պահանջների համախումբ է, որին պետք է բավարարեն հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող ՀԳՄ-ները հավատարմագրման որոշակի ոլորտում գործունեություն իրականացնելիս:
  2. Հավատարմագրման չափանիշները սահմանվում են Օրենքով, հավատարմագրման ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով, միջազգային ստանդարտներին ներդաշնակ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021-1, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17029, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17034, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17043, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065, ՀՍՏ ԻՍՕ 15189 միջպետական և ազգային ստանդարտներով, Լաբորատորիաների hավատարմագրման միջազգային համագործակցություն (ILAC) և Հավատարմագրման միջազգային ֆորում (IAF)), ինչպես նաև  տարածաշրջանային (Հավատարմագրման եվրոպական համագործակցություն (EA)) հավատարմագրման կազմակերպությունների փաստաթղթերով:

 

  1. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
  2. Սույն կարգին համապատասխան հավատարմագրման ընթացակարգը սահմանվում է ԱՐՄՆԱԲ-ի տնօրենի հրամանով հաստատված PR-7 «Հավատարմագրման ընթացակարգը և ընդհանուր պահանջները» փաստաթղթով, իսկ ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների, տարեկան վճարների և հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական գնահատողների, փորձագետների վճարների հաշվարկման կարգը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 6-ի N 311-Ն հրամանով ու ԱՐՄՆԱԲ-ի տնօրենի հրամանով հաստատված K-08 «Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/տեխնիկական գնահատողի, փորձագետի կողմից կատարված աշխատանքի վճարման կարգ»-ով:
  3. Հավատարմագրման գործընթացին առնչվող փաստաթղթերը, այդ թվում՝ հավատարմագրման հայտը և կից փաստաթղթերը սահմանվում են ԱՐՄՆԱԲ-ի կողմից՝ հիմք ընդունելով ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի և միջազգային, տարածաշրջանային հավատարմագրման կազմակերպությունների փաստաթղթերով սահմանված պահանջները և տեղադրվում են ԱՐՄՆԱԲ-ի կայքում:
  4. Հավատարմագրումն իրականացվում է հետևյալ փուլերով`
  • ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նպատակով ԱՐՄՆԱԲ ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ընդունում, լրակազմի ստուգում, ԱՐՄՆԱԲ-ի ռեսուրսների վերլուծություն և հայտի գրանցում (հայտը և կից փաստաթղթերի ցանկը տեղադրվում է ԱՐՄՆԱԲ-ի պաշտոնական կայքում),
  • նախնական այց իրականացնելու համար պայմանագրի կնքում (հայտատուի պահանջով՝ առաջին հավատարմագրման դեպքում), նախնական այց, հաշվետվության կազմում,
  • մինչհավատարմագրման պայմանագրի կնքում, հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն, լրամշակված փաստաթղթերի փորձաքննություն (անհրաժեշտության դեպքում), հաշվետվության կազմում,
  • գնահատման նախապատրաստում և ՀԳՄ-ի ըստ գտնվելու վայրի գնահատում (այսուհետ՝ տեղում գնահատում), այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևում, լրացուցիչ գնահատում (անհրաժեշտության դեպքում),
  • գնահատման արդյունքների վերլուծություն և հաշվետվության կազմում,
  • Հավատարմագրման մասին որոշման ընդունում, հավատարմագրման վկայագրի գրանցում և ներառում համապատասխան ռեեստրում, հավատարմագրման պայմանագրի կնքում և հավատարմագրման վկայագրի, ոլորտի(ոլորտների) ու հավատարմագրման նշանի տրամադրում,
  • հավատարմագրված ՀԳՄ-ների պարբերական գնահատումների իրականացում:
  1. Վերահավատարմագրման գործընթացը ներառում է սույն կարգի 11-րդ կետում ներառված փուլերը՝ վերահավատարմագրման համապատասխան նշումներով՝ բացառությամբ նախնական այցի։
  2. Հիմնավորված դեպքերում, ՀԳՄ-ի կամ ԱՐՄՆԱԲ-ի առաջարկությամբ, սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված յուրաքանչյուր փուլի ժամկետ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, սակայն նշված փուլերի երկարաձգման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Հիմնավորված դեպքերը սահմանվում են ԱՐՄՆԱԲ-ի PR-7 ընթացակարգում:
  3. Գնահատումներն իրականացնելիս կիրառվում են տարբեր գնահատման տեխնիկաներ կամ դրանց համադրությունը: Գնահատման տեխնիկան ԱՐՄՆԱԲ-ի կողմից գնահատումներ իրականացնելու համար կիրառվող մեթոդն է (մեթոդներն են):
  4. Գնահատման տեխնիկա է հանդիսանում.
  • տեղում գնահատումը,
  • հեռավար գնահատումը,
  • գործունեության հետևումը,
  • փաստաթղթերի վերլուծությունը,
  • գրառումների վերլուծությունը,
  • չափման աուդիտները,
  • որակավորման ստուգման և այլ միջլաբորատոր համեմատությունների իրականացման վերլուծությունը,
  • վավերացման (վալիդացման) ուդիտները,
  • առանց նախազգուշացման այցը,
  • հարցազրույցների վարումը ՀԳՄ-ի աշխատակիցների հետ:
  1. Հավատարմագրման, գնահատումների ընթացքում արգելվում է նշյալ գործընթացների մասնակիցների գնահատողների, տեխնիկական փորձագետների կողմից ՀԳՄ-ին խորհրդատվության տրամադրումը:
  2. ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլում կարող է հետ վերցնել հավատարմագրման հայտը` 3 աշխատանքային օրվա ընթացքում գրություն ներկայացնելով ԱՐՄՆԱԲ-ին և վճարելով մինչ այդ կատարված աշխատանքների համար:
  3. ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման որևէ փուլի գնահատման արդյունքների վերաբերյալ բացասական որոշման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմել բողոքարկման հանձնաժողով` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ընդունված որոշումը վերանայելու նպատակով:
  4. Բողոքարկման հանձնաժողովի գործունեության և բողոքարկումների քննարկման կարգը սահմանում է հավատարմագրման խորհուրդը:
  5. Հավատարմագրմանը հավակնող իրավաբանական անձը յուրաքանչյուր ՀԳՄ-ի հավատարմագրման համար հավատարմագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային փոստով ԱՐՄՆԱԲ-ին ներկայացնում է առանձին հայտ կից փաստաթղթերով:
  6. ԱՐՄՆԱԲ-ն իրականացնում է ռեսուրսների վերլուծություն, ներկայացված հայտի և հայտին կից փաստաթղթերի լրակազմի ստուգում՝ համապատասխանության դեպքում ՀԳՄ-ին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով հայտը գրանցելու վերաբերյալ:
  7. Ռեսուրսների բացակայության դեպքում սահմանվում են լրացուցիչ պայմաններ (օրինակ՝ ժամկետի երկարաձգում), որոնց համաձայն ԱՐՄՆԱԲ-ը կարող է հավատարմագրման աշխատանքներում ներգրավել օտարերկրյա գնահատող(ներ)/տեխնիկական փորձագետ(ներ): ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ի հետ համաձայնեցնելուց հետո գրանցում է հավատարմագրման հայտը կամ ՀԳՄ-ի չհամաձայնվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է հայտի գրանցումը՝ նշելով մերժման հիմքերը:
  8. Հայտը, հայտին կից փաստաթղթերը սահմանված ձևանմուշներին չհամապատասխանելու կամ լրակազմ չլինելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ն առաջարկում է ՀԳՄ-ին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
  9. ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու, ինչպես նաև թերությունները չվերացնելու դեպքում հայտի գրանցումը մերժվում է՝ ՀԳՄ-ին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով հայտը մերժելու վերաբերյալ և նշելով մերժման հիմքերը:
  10. ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ի համաձայնությամբ կարող է իրականացնել նախնական այց, ինչի վերաբերյալ կողմերի միջև կնքվում է նախնական այց կատարելու մասին պայմանագիր և կատարվում է համապատասխան վճարում: Նախնական այցի արդյունքում կազմվում է հաշվետվություն և տրամադրվում է ՀԳՄ-ին:
  11. Հավատարմագրման հայտը գրանցելուց հետո ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքվում է մինչհավատարմագրման պայմանագիր, ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որով սահմանված վճարումը փաստաթղթերի փորձաքննության մասով կատարելուց հետո սկսվում է հավատարմագրման գործընթացը:
  12. Մինչհավատարմագրման պայմանագրով (փաստաթղթերի փորձաքննության մասով) սահմանված վճարման մասին ԱՐՄՆԱԲ-ը հավաստիանում է գանձապետական առցանց համակարգի միջոցով: Մինչհավատարմագրման պայմանագրով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում հավատարմագրումը մերժվում է:
  13. ՀԳՄ-ի կողմից վճարումը կատարելուց հետո ձևավորվում է գնահատման խումբ ԱՐՄՆԱԲ-ի կողմից վարվող հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական գնահատողների և (կամ) տեխնիկական փորձագետների ռեեստրներից: Գնահատման խմբում ընդգրկված տեխնիկական գնահատողների և (կամ) տեխնիկական փորձագետների քանակը կախված է հավատարմագրման ոլորտի բարդությունից և ծավալից:
  14. Գնահատման խմբում որպես սկսնակ գնահատողներ և (կամ) դիտորդներ ընդգրկվում են ԱՐՄՆԱԲ-ի աշխատակիցները: Դիտորդներ են հանդիսանում նաև երկկողմ (բազմակողմ) ճանաչման համաձայնագրեր կնքելու նպատակով այլ երկրների հավատարմագրման մարմինների գնահատողները, ԱՐՄՆԱԲ-ի գնահատողներ (փորձագետներ) դառնալուն հավակնողները:
  15. Գնահատման խմբի անդամներից, ինչպես նաև դիտորդներից (առկայության դեպքում) յուրաքանչյուրը ստորագրում է անկողմնակալության և գաղտնիության վերաբերյալ հայտարարագիր:
  16. ԱՐՄՆԱԲ-ը գնահատման խմբի կազմը, ինչպես նաև դիտորդների (առկայության դեպքում) մասնակցությունը համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ։ Շահերի բախման, կողմնակալության կամ այլ դեպքերում ՀԳՄ-ն հիմնավոր առարկություն է ներկայացնում գնահատման խմբում ընդգրկված հավատարմագրման փորձագետի (գնահատողի), տեխնիկական գնահատողի և (կամ) տեխնիկական փորձագետի վերաբերյալ: ԱՐՄՆԱԲ-ը նման իրավիճակներում առաջնորդվում է ԱՐՄՆԱԲ-ի PL-02 քաղաքականությամբ:
  17. ՀԳՄ-ի համաձայնությունը ստանալու դեպքում գնահատման խմբի կազմը հաստատվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից սահմանված ժամկետում և դրան հաջորդող աշխատանքային օրվանից սկսվում է ՀԳՄ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը: Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից պատասխան չստանալու դեպքում համարվում է, որ գնահատման խմբի վերաբերյալ առարկություն չկա:
  18. Փաստաթղթերի փորձաքննության արդյունքում կազմվում է հաշվետվություն և տրամադրվում ՀԳՄ-ին: Եթե փաստաթղթերի փորձաքննության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները չնչին են և որպես հավատարմագրման պահանջների կատարման շեղում չեն ազդում ՀԳՄ-ի գործունեության արդյունքների և գնահատման աշխատանքները շարունակելու վրա, ապա ՀԳՄ-ի կողմից համաձայնեցումը ստանալուց և տեղում գնահատման գործընթացն իրականացնելու համար վճարումը կատարելուց հետո սկսվում է տեղում գնահատման նախապատրաստման գործընթացը: Այդ դեպքում փաստաթղթերի փորձաքննության ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման արդյունավետության ստուգումն իրականացվում է տեղում գնահատման ընթացքում կամ գնահատումից հետո:
  19. Մինչհավատարմագրման պայմանագրով (տեղում գնահատման գործընթացն իրականացնելու մասով) սահմանված վճարման մասին ԱՐՄՆԱԲ-ը հավաստիանում է գանձապետական առցանց համակարգի միջոցով: Մինչհավատարմագրման պայմանագրով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժվում է:
  20. Եթե ՀԳՄ-ն պատրաստ չէ ընդունել գնահատման խմբին կամ փաստաթղթերի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի անհամապատասխանություններ, որոնք զգալի են և բացասաբար են ազդում ՀԳՄ-ի գործունեության արդյունքների վրա և կարող են ազդել գնահատման աշխատանքները շարունակելու վրա, ապա անհամապատասխանությունների վերացման համար տրվում է ժամկետ։ Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից լրամշակված փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հավատարմագրումը մերժվում է:
  21. ՀԳՄ-ի կողմից լրամշակված փաստաթղթերը ներկայացնելուց հետո գնահատման խումբը իրականացնում է դրանց լրացուցիչ փորձաքննություն:
  22. Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության բացասական եզրակացության (հավատարմագրման պահանջներին չհամապատասխանելու) դեպքում ԱՐՄՆԱԲ-ի կողմից կասեցվում է ՀԳՄ-ի գնահատման գործընթացը մինչև սույն կարգի 44-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան որոշման ընդունումը: ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գնահատման գործընթացի կասեցման վերաբերյալ:
  23. Փաստաթղթերի փորձաքննության (լրացուցիչ փորձաքննության) դրական եզրակացության կամ սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքում գնահատման խմբի կողմից կազմվում է ՀԳՄ-ի տեղում գնահատման պլանը և ներկայացվում ՀԳՄ-ին համաձայնեցման: ՀԳՄ-ի գործունեության հետևելու հետ կապված գործողությունները համաձայնեցվում են ՀԳՄ-ի հետ, այնուհետև ներառվում են գնահատման պլանում:
  24. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո գնահատման պլանով նախատեսված ժամկետներում կազմակերպվում է ՀԳՄ-ի տեղում գնահատումը, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևումը: Գնահատման խումբը գնահատման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է գնահատման խմբի ղեկավարին, որի կողմից ամփոփվելուց հետո տրամադրվում է ՀԳՄ-ին:
  25. Գնահատման խմբի կողմից անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում, հաշվետվությունը ՀԳՄ-ին տրամադրելուց հետո, սահմանված ժամկետում ՀԳՄ-ն հիմք ընդունելով անհամապատասխանությունների թերթիկները, մշակում և ԱՐՄՆԱԲ-ին է ներկայացնում ուղղիչ գործողությունների ծրագիրը՝ սահմանելով անհամապատասխանությունների վերացման համար ժամկետ:
  26. Ուղղիչ գործողությունների ծրագիրը գնահատվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից: ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու կամ վերացնելու վերաբերյալ ապացույցները չներկայացնելու դեպքում՝ հավատարմագրումը մերժվում է:
  27. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում փաստաթղթավորված ապացույցները ստանալուց հետո ԱՐՄՆԱԲ-ը դրանք տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը իրականացնում է լրացուցիչ գնահատում՝ ուսումնասիրելով ստացված տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնելով լրացուցիչ տեղում գնահատում: Լրացուցիչ գնահատման արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն:
  28. Մինչհավատարմագրման, հավատարմագրման, վերահավատարմագրման պայմանագրերով սահմանված ժամկետներում վճարները ՀԳՄ-ի կողմից կատարելուց հետո, ՀԳՄ-ի հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ը հավատարմագրման հետ կապված փաստաթղթերը (այդ թվում՝ գնահատման հաշվետվություն(ներ)ը) տրամադրում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծված հավատարմագրման կոմիտեին: Սահմանված ժամկետներում վճարում չկատարելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժվում է:
  29. Հավատարմագրման կոմիտեն, ուսումնասիրելով ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրամադրած փաստաթղթերը (գնահատման արդյունքները), ընդունում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու կամ վերահավատարմագրման մասին որոշում: Անհրաժեշտության դեպքում, նախքան հավատարմագրման վերաբերյալ որոշում կայացնելը, հավատարմագրման կոմիտեն պարզաբանում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող է դիմել ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծված Խորհրդատվական տեխնիկական կոմիտեին և (կամ) տվյալ ՀԳՄ-ի գնահատումն իրականացրած գնահատման խմբին:
  30. Հավատարմագրման կամ վերահավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ին ներառում է հավատարմագրված ՀԳՄ-ների համապատասխան ռեեստրներում (այսուհետ՝ ռեեստր): ՀԳՄ-ն հավատարմագրված կամ վերահավատարմագրված է համարվում ռեեստրում ներառման պահից:
  31. ԱՐՄՆԱԲ-ը՝
  • կնքում է հավատարմագրման կամ վերահավատարմագրման պայմանագիր՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան,
  • ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան և հավատարմագրման վկայագիր և հավատարմագրման ոլորտը (ոլորտներ) ամրագրում է հավատարմագրման կամ վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է։ Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է ԱՐՄՆԱԲ-ում:
  1. Սույն կարգի 27, 34, 35, 41 և 43-րդ կետերով սահմանված դեպքերում ԱՐՄՆԱԲ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում անհատական ծանուցման միջոցով  տեղեկացնում է հավատարմագրման մերժման որոշման վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:
  2. ՀԳՄ-ի հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարին:
  3. Վերահավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ: Եթե վերահավատարմագրման գործընթացը չի ավարտվել, ապա ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը շարունակում է գործել մինչև հավատարմագրման կոմիտեի կողմից հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը, սակայն հավատարմագրման վկայագրի տրամադրման օրվանից մինչև համապատասխան որոշման ընդունումը չպետք է գերազանցի 3 ամիսը: Նշված ժամկետը գերազանցելու դեպքում հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցվում է, իսկ վերահավատարմագրման գործընթացը շարունակվում է: Հավատարմագրման վկայագրի գործողության երկարաձգման, ինչպես նաև դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է համապատասխան ռեեստրում:
  4. Վերահավատարմագրման գործընթացն իրականացվում է սույն կարգի 9-47-րդ կետերով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում իրականացված գնահատումների արդյունքում ստացված տեղեկատվությունը:

 

  1. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման համար հիմք են ՀԳՄ-ի`
    • հավատարմագրման պայմանների փոփոխությունները` վերակազմակերպումը կամ գործունեության իրականացման վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխությունը,
    • անվանման փոփոխությունը,
    • հավատարմագրման ընդլայնումը, կրճատումը, արդիականացումը (անհրաժեշտության դեպքում),

4) հավատարմագրման չափանիշների փոփոխությունը:

  1. ՀԳՄ-ն սույն կարգի 51-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ հայտ է ներկայացնում ԱՐՄՆԱԲ՝ տրամադրելով հիմքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաձևակերպման հիմքերը տրամադրվում են վերահավատարմագրման կամ պարբերական գնահատման ընթացքում:
  2. ԱՐՄՆԱԲ-ի կողմից իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպմանն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն:
  3. Սույն կարգի 51-րդ կետի 1-ին ենթակետում նշված հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ սույն կարգի 28-29-րդ կետերի համաձայն ձևավորված գնահատման խումբը փորձարկման, տրամաչափարկման, բժշկական լաբորատորիաների, հսկողություն իրականացնող մարմնի (կիրառելիության դեպքում), ստանդարտ նմուշ արտադրողի, որակավորման ստուգում իրականացնողի (կիրառելիության դեպքում) գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում համաձայն սույն կարգի և ԱՐՄՆԱԲ-ի PR-7 ընթացակարգի իրականացնում է ՀԳՄ-ի տեղում գնահատում: ՀԳՄ-ն չի կարող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնել մինչև հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման ընդունումը: 51-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրման չափանիշի փոփոխության դեպքում իրականացվում է փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում՝ համաձայն սույն կարգի և ԱՐՄՆԱԲ-ի PR-7 ընթացակարգի:
  4. Հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում տեղում գնահատման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այդ դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 4 ամիս առաջ:
  5. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կողմից դրական եզրակացության արդյունքում վերաձևակերպվում է հավատարմագրման վկայագիրը, ինպես նաև հավատարմագրման ոլորտ(ներ)ը՝ դրանց փոփոխության դեպքում:
  6. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման գործընթացը մերժվում է.

1) ներկայացված փաստաթղթերի և տվյալների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրման դեպքում,

2) սույն կարգով սահմանված ժամկետներում փաստաթղթերի փորձաքննության կամ տեղում գնահատման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում:

  1. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ հավատարմագրումը չի ընդհատվում:

 

  1. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. ԱՐՄՆԱԲ-ը, հիմք ընդունելով ՀԳՄ-ի հետ կնքված հավատարմագրման կամ վերահավատարմագրման պայմանագիրը, ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում սույն կարգի 28-29-րդ կետերի համաձայն ձևավորված գնահատման խմբի միջոցով իրականացնում է պարբերական և արտահերթ գնահատում, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևում:
  2. ԱՐՄՆԱԲ-ը ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում պարբերական գնահատումն իրականացնում է հավատարմագրումից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում` մեկ անգամ, վերահավատարմագրման դեպքում՝ ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ մեկ անգամ: Հաջորդ պարբերական գնահատումն իրականացվում է նախորդ պարբերական գնահատումից հետո ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ մեկ անգամ:
  3. Նախքան պլանավորված պարբերական գնահատումը ՀԳՄ-ն ԱՐՄՆԱԲ-ին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից սահմանված կարգին և ձևաչափին համապատասխան: Մինչև պարբերական գնահատում իրականացնելը ԱՐՄՆԱԲ-ը պարբերական գնահատման պլանը համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ:
  4. ՀԳՄ-ի համաձայնությունը ստանալուց հետո ԱՐՄՆԱԲ-ը կազմակերպում է ՀԳՄ-ի պարբերական գնահատում (փաստաթղթերի ուսումնասիրություն, տեղում գնահատում, ՀԳՄ-ի գործունեության հետևում (կիրառելիության դեպքում)):
  5. ՀԳՄ-ի գործունեության հետևումը ԱՐՄՆԱԲ-ն իրականացնում է հավատարմագրման ոլորտի շրջանակում՝ ՀԳՄ-ում և (կամ) ՀԳՄ-ի հայտատուների գործունեության իրականացման վայրում (վայրերում): Գործունեության հետևումը կարող է իրականացվել պարբերական գնահատման ընթացքում կամ գնահատման ժամանակահատվածից դուրս՝ համաձայն ՀԳՄ-ի կողմից ներկայացված տեղեկատվության կամ հսկողության պլանի:
  6. Գնահատման խումբը իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և գնահատման պլանով նախատեսված ժամկետներում կազմակերպում է ՀԳՄ-ի տեղում գնահատում և ՀԳՄ-ի գործունեության հետևում (կիրառելիության դեպքում): Պարբերական գնահատման, ՀԳՄ-ի գործունեությանը հետևելու արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն և տրամադրվում ՀԳՄ-ին: Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում դրանց վերացման համար ՀԳՄ-ին հաշվետվությունը տրամադրելուց հետո նրան տրվում է ժամկետ՝ բացառությամբ Օրենքի 17.1-ին հոդվածի 6-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի:
  7. ԱՐՄՆԱԲ-ը արտահերթ գնահատումներն իրականացնում է այն դեպքերում, երբ առկա է.

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական ու ոչ պետական մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացված բողոք,

2) ԱՐՄՆԱԲ-ի հիմնավոր կասկած՝ ՀԳՄ-ի հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վերաբերյալ,

3) հավատարմագրման պայմանների փոփոխությունների վերաբերյալ ՀԳՄ-ի դիմում (դեպքերն ամրագրվում են հավատարմագրման պայմանագրում),

4) հավատարմագրման կասեցումից հետո վերականգնման անհրաժեշտություն:

  1. Արտահերթ գնահատումն իրականացնելիս կիրառվում են տարբեր գնահատման տեխնիկաներ կամ դրանց համադրությունը: Սույն կարգի 65-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում արտահերթ գնահատումը կարող է իրականացվել կիրառելով առանց նախազգուշացման այց տեխնիկան՝ համաձայն ԱՐՄՆԱԲ-ի PR-7 ընթացակարգի:
  2. ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների դեպքում ԱՐՄՆԱԲ-ը բողոքների քննարկման ընթացակարգի համաձայն ուսումնասիրում է տեղեկատվության հավաստիությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնում ՀԳՄ-ի գնահատում (փաստաթղթային և (կամ) տեղում գնահատում): Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՀԳՄ-ին հաշվետվությունը տրամադրելուց հետո դրանց վերացման համար տրվում է ժամկետ ՝ բացառությամբ Օրենքի 17.1-ին հոդվածի 6-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի, որոնցով անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում գնահատումից հետո հաշվետվությունը ներկայացվում է հավատարմագրման կոմիտե՝ ՀԳՄ-ի հետագա գործունեության վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:
  3. Գնահատումների արդյունքում հավատարմագրման կոմիտեն ընդունում է ՀԳՄ-ի հավատարմագրումը պահպանելու, կրճատելու, վերականգնելու, կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշում:

 

  1. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

 

  1. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումն իրականացվում են համաձայն սույն կարգի 9-47-րդ կետերի:
  2. Հավատարմագրման ընդլայնման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:
  3. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 4 ամիս առաջ:
  4. Հավատարմագրման ընդլայնման վավերության ժամկետ է սահմանվում ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:
  5. Հավատարմագրման ընդլայնման արդյունքում հավատարմագրման կոմիտեն ընդունում է համապատասխան որոշում:

 

  1. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. ՀԳՄ-ի՝ հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը կարող է կրճատվել, կասեցվել կամ դադարեցվել:
  2. ՀԳՄ-ն կարող է դիմել ԱՐՄՆԱԲ-ին հավատարմագրումը կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև հավատարմագրման ոլորտը արդիականացնելու համար:
  3. Հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման, վերականգնման հիմքերը սահմանված են Օրենքի 17.1-ին հոդվածով, իսկ ընթացակարգը՝ PR-7-ով:
  4. Հավատարմագրման կրճատման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում համապատասխան ռեեստրում:
  5. Հավատարմագրման ոլորտի արդիականացումն իրականացվում է ՀԳՄ-ի պահանջով հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթի փոփոխության, նոր իրավական, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի և կից փաստաթղթերի ձևաչափի փոփոխության և/կամ ուղղումների դեպքերում:
  6. Հավատարմագրման արդիականացման գործընթացը սահմանվում է ԱՐՄՆԱԲ-ի տնօրենի հրամանով հաստատված PR-03 ընթացակարգով:

 

  1. ԿԱՄԱՎՈՐ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

  1. Եթե ՀԳՄ-ն՝ բացառությամբ լաբորատորիաների, կամավոր ոլորտում իրականացնում է համապատասխանության գնահատում և կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգը (այսուհետ՝ սխեմա) սահմանված չէ ազգային, միջազգային, տարածաշրջանային (միջպետական, եվրոպական), այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով, ապա սխեմայի սեփականատեր հանդիսացող և (կամ) կիրառող ՀԳՄ-ն սխեմայի վերլուծության և պիտանիության գնահատման նպատակով դիմում է ԱՐՄՆԱԲ:
  2. Սխեմայի վերլուծությունը և պիտանիության գնահատումն իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի տնօրենի հրամանով հաստատված ընթացակարգի համաձայն:

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի                          N   -Ն հրամանի

   

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

 

Հ/Հ

Գործընթացի անվանումը

Առավելագույն ժամկետը (աշխատանքային օր)

ԱՐՄՆԱԲ-ի կողմից

ՀԳՄ-ի կողմից

1

Առաջին անգամ հավատարմագրման/ վերահավատարմագրման գործընթաց

153

181

1.1

Հայտի և կից փաստաթղթերի լրակազմի ստուգում, ռեսուրսների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում՝ լրամշակված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրություն: Բացասական արդյունքի դեպքում՝ հավատարմագրման հայտի մերժում

12

5

1.2

Նախնական այց ՀԳՄ-ի դիմումի համաձայն

5

 

1.3

Մինչհավատարմագրման պայմանագրի (փաստաթղթերի փորձաքննություն) կնքում և հավատարմագրման վճարների կատարում, հայտի գրանցում

2

20

1.4

Գնահատման խմբի ձևավորում և համաձայնեցում ՀԳՄ-ի հետ

5

3

1.5

Փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի կողմից ուղղիչ գործողություն (անհամապատասխանություն­ների հայտնաբերման դեպքում), լրացուցիչ փորձաքննություն և հաշվետվության կազմում

50

50

 

1.6

Տեղում գնահատում իրականացնելու համար ՀԳՄ-ի կողմից վճարների կատարում

 

15

1.7

Տեղում գնահատման պլանի կազմում, համաձայնեցում ՀԳՄ-ի հետ, տեղում գնահատում, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևում, հաշվետվության կազմում

26

3

1.8

Ուղղիչ գործողությունների ծրագրի մշակում և ներկայացնում ՀԱՄ համաձայնեցման, անհամապատասխանությունների վերացում

 

60

1.9

Ուղղիչ գործողությունների ծրագրի, անհրաժեշտության դեպքում ՀԳՄ-ի կողմից լրամշակված ուղղիչ գործողությունների ծրագրի համաձայնեցում, անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում, լրացուցիչ գնահատման պլանի կազմում, լրացուցիչ տեղում գնահատում, հաշվետվության կազմում

33

 

1.10

ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման վճարների կատարում, հավատարմագրմանն առնչվող փաստաթղթերի տրամադրում հավատար­մագրման կոմիտեին, վերջինի կողմից հավատարմագրման փաստաթղթերի ուսումնասիրում, որոշման կայացում

10

5

1.11

Հավատարմագրման վկայագրի տրամադրում, հավատարմագրված ՀԳՄ-ի ներառում համապատասխան ռեեստրում, հավատար­մագրման պայմանագրի կնքում և վճարման կատարում

10

20

2.

Պարբերական գնահատման, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետևման գործընթաց, արտահերթ գնահատում, ՀԳՄ-ի կողմից ուղղիչ գործողություն (անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում), լրացուցիչ տեղում գնահատում և հաշվետվության կազմում, ՀԳՄ-ի կողմից վճարների կատարում

67

30

3.

Վերահավատարմագրման գործընթաց (տես 1.1, 1.3-1.11 կետերը)

157

181

4.

Հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց (տես 1.1, 1.3-1.11 կետերը)

157

181

5.

Հավատարմագրման ոլորտի արդիականացման գործընթաց

25

 

 

  • Discussed

    11.01.2024 - 31.01.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 821

Print