ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ ____________ 2026 թվականի N _____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, մուտքագրվող տվյալների շրջանակը, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ուսուցում, օգտվողներին համակարգ մուտքի իրավունքի ապահովում, աշխատատեղերի ստեղծում, անհրաժեշտ ծավալով և ձևաչափով տվյալների տրամադրում, ինչպես նաև համակարգի աշխատանքների վերլուծություն,
2) սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկում պետական մարմինները և կազմակերպություններն ընդգրկվում են` ելնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակից,
3) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը, սպասարկման և արդիականացման աշխատանքները, շահագործման հետ կապված աշխատանքների համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,
4) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը հանդիսանում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք:
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով սահմանված Ուղևորների տեղեկատվական կենտրոնից տվյալների ստացման դրույթի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորի նախնական տեղեկատվության (ՈւՆՏ) նոր համակարգի ներդրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի ___________ ___-ի N ____-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) տվյալների հավաքագրման նպատակը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց և տրասնպորտային միջոցների շարժի, ինչպես նաև համապատասխան պետական մարմիններից, կազմակերպություններից ստացվող տվյալների հաշվառումների հիման վրա միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, մշակվող տեղեկատվության պահպանումը և պաշտպանության ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու, ինչպես նաև պետական սահմանի պահպանության ոլորտում լիազորված մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման, ահաբեկչության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, անդրսահմանային այլ հանցավորության կանխարգելման, բացահայտման, պետական սահմանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ պայքարելու նպատակով:
2. ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. ՍԷԿՏ համակարգ տվյալները մուտքագրվում (ստացվում) են Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերում տեղադրված համակարգի համապատասխան աշխատատեղերից փաստաթղթերի սկանավորմամբ (փաստաթուղթ կարդացող սարքերից ինքնաշխատ տվյալների ընթերցմամբ) սահմանային գրանցումներ կատարելու միջոցով, էլեկտրոնային ինքնաշխատ գրանցման սարքերի (այսուհետ՝ Էլեկտրոնային դարպաս) միջոցով, պետական մարմինների համապատասխան աշխատատեղերից անհատական մուտքագրման միջոցով, պետական մարմինների տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ մուտքագրման միջոցով, սույն հավելվածով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված եղանակներով և պահպանվում են համակարգի համապատասխան ենթահամակարգերում:
3. Աշխատատեղը ՍԷԿՏ համակարգին համակցված համակարգչային և տեխնիկական միջոցների ամբողջություն է, որը նախատեսված է համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից տվյալների մուտքագրման (այդ թվում` ինքնաշխատ եղանակով), դիտման և արտահանման համար։
4. ՍԷԿՏ համակարգում տվյալներն ստացվում են համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններից ու կազմակերպություններից առցանց եղանակով կամ տվյալների փոխանցման միջոցով:
5. ՍԷԿՏ համակարգում ստացվող և մուտքագրվող տվյալները կարող են կրկնօրինակվել և պահպանվել՝ սահմանային վերահսկողությունը և իրականացվող այլ գործառույթներն անխափան և պատշաճ կարգով ապահովելու նպատակով:
6. ՍԷԿՏ համակարգում սահմանահատող անձանց և տրանսպորտային միջոցների տվյալները մշակվում, ներառյալ` մուտքագրվում և պահպանվում են լատինատառ՝ համապատասխանաբար ճամփորդական փաստաթղթերում (անձնագրերում) և հաշվառման վկայագրերում առկա տվյալների գրելաձևերով։
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատատեղերից և Էլեկտրոնային դարպասներից ՍԷԿՏ համակարգ են մուտքագրվում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց և տրասպորտային միջոցների տվյալները` սահմանապահ հսկիչի կողմից սահմանահատման գրանցումն իրականացնելու պահին, մասնավորապես՝
ա. սահմանահատող անձի տվյալները՝ ճամփորդական փաստաթղթում (անձնագրում) նշված՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և փաստաթղթի տեսանելի հատվածում առկա այլ տվյալներ, փաստաթղթի լուսապատճենը (սկանավորված օրինակը), ճամփորդական փաստաթղթի տեսակը, համարը, տրման երկիրը, տրամադրման ամսաթիվը, վավերականության ժամկետը և այլ անձնագրային տվյալներ, կենսաչափական ճամփորդական փաստաթղթերի (անձնագրերի) դեպքում՝ նաև էլեկտրոնային կրիչի հասանելի տվյալները,
բ. անձի լուսանկարը,
գ. անձի մատնադրոշմները (օրենսդրությամբ սահմանված դեպքերում),
դ․ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու հիմքը (քաղաքացիություն, մուտքի վիզա, կացության կարգավիճակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հիմքեր),
ե․ սահմանահատողի տեսակը՝ վարորդ, ուղևոր, հետիոտն, անձնակազմի անդամ,
զ․ սահմանահատման կարգավիճակը,
է․ սահմանահատման տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում),
ը․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետի և սահմանահատման ուղղության վերաբերյալ տեղեկություններն Համակարգի կողմից ինքնաշխատ մուտքագրվում են աշխատատեղերի նախնական կարգավորման տվյալներից և կցվում են գրանցման տվյալներին,
թ․ սահմանահատումը գրանցող աշխատատեղի վերաբերյալ տվյալները և սահմանահատման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը Համակարգի կողմից ինքնաշխատ մուտքագրվում և կցվում են գրանցման տվյալներին,
2) սահմանահատող տրանսպորտային միջոցների տվյալները`
ա․ հաշվառման վկայագրի համարը, տրման երկիրը, վկայագրի դիմային և դարձերեսի լուսապատճենները, համարանիշը, համարանիշի տեսակը, փոխադրամիջոցի տեսակը, թափքի տեսակը, գույնը, մակնիշը, մոդելը, արտադրման տարեթիվը, նույնականացման համարը, վկայագրի տեսանելի հատվածներից այլ տվյալներ, վարորդի և ուղևորների, կցորդի և փոխադրվող տրանսպորտային միջոցների տվյալները,
բ. տրանսպորտային միջոցի և հաշվառման համարանիշի լուսանկարները՝ պետական սահմանի անցման կետ մուտք գործելու պահին,
գ․ սահմանահատման կարգավիճակը,
դ․ տվյալ տրանսպորտային միջոցով սահմանահատող անձանց տվյալները,
ե․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետի և սահմանահատման ուղղության վերաբերյալ տեղեկությունները համակարգի կողմից ինքնաշխատ մուտքագրվում են աշխատատեղերի նախնական կարգավորման տվյալներից և կցվում են գրանցման տվյալներին,
զ․ սահմանահատումը գրանցող աշխատատեղի վերաբերյալ տվյալները և սահմանահատման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը համակարգի կողմից ինքնաշխատ մուտքագրվում և կցվում են գրանցման տվյալներին,
3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված Էլեկտրոնային դարպասներից ինքնաշխատ եղանակով ՍԷԿՏ համակարգ են մուտքագրվում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց տվյալները՝ սահմանահատող անձի կողմից իր սահմանահատման գրանցումն իրականացնելու պահին, մասնավորապես՝
ա. սահմանահատող անձի տվյալները՝ ճամփորդական փաստաթղթում (անձնագրում) նշված՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և փաստաթղթի տեսանելի հատվածում առկա այլ տվյալներ, փաստաթղթի լուսապատճենը (սկանավորված օրինակը), ճամփորդական փաստաթղթի տեսակը (հնարավորության դեպքում), համարը, տրման երկիրը, տրամադրման ամսաթիվը, վավերականության ժամկետը և այլ անձնագրային տվյալներ,
բ. կենսաչափական ճամփորդական փաստաթղթերի (անձնագրերի) էլեկտրոնային կրիչի հասանելի տվյալները, անձի լուսանկարը,
գ. անձի մատնադրոշմները (օրենսդրությամբ սահմանված դեպքերում),
դ․ սահմանահատման կարգավիճակը,
ե․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետի և սահմանահատման ուղղության վերաբերյալ տեղեկություններն Համակարգի կողմից ինքնաշխատ մուտքագրվում են աշխատատեղերի նախնական կարգավորման տվյալներից և կցվում են գրանցման տվյալներին,
զ․ սահմանահատումը գրանցող աշխատատեղի վերաբերյալ տվյալները և սահմանահատման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը Համակարգի կողմից ինքնաշխատ մուտքագրվում և կցվում են գրանցման տվյալներին,
4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա հայցողների և տրամադրված վիզաների տվյալները` մուտքագրման պահին,
5) «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալները, նրանց լուսանկարները (առկայության դեպքում),
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում այլ պետություններից կամ կազմակերպություններից ստացվող՝ անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալները,
7) այլ պետություններից կամ կազմակերպություններից ստացվող ահաբեկիչների վերաբերյալ տվյալները,
8) սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նպատակներով օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ռիսկերի կառավարման չափորոշիչները (ռիսկերի պրոֆիլները),
9) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա և կացության կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումների վերաբերյալ տրված եզրակացությունները,
10) օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավեր վիզայի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացիների վերաբերյալ տվյալները՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահին, ինչպես նաև վարչական տուգանքը վճարելու վերաբերյալ կամ չվճարելու դեպքում՝ օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն սահմանված ժամկետով սահմանափակելու վերաբերյալ տվյալները,
11) «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 7.1-ին հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում պետական սահմանի անցման կետերում վարչական ակտը և վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ տվյալները, ինչպես նաև նշանակված վարչական տուգանքը վճարելու դեպքում՝ այդ մասին տվյալները։
12) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի և ՍԷԿՏ համակարգ տվյալներ մուտքագրող մարմինների ու կազմակերպությունների անվանումները, դրանց կցված աշխատատեղերի տվյալները, որոնք կարող են պարունակել սահմանահատման ուղղությունները (մուտք/ելք), տեսակները (օդային/ցամաքային/երկաթուղային), աշխատատեղերի ցանցային նույնականացուցիչները, ինչպես նաև օգտվողներին տրամադրվող օգտահաշիվների և համակարգից տվյալների հասանելիության ծավալի վերաբերյալ տվյալները։
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ՍԷԿՏ համակարգ են մուտքագրվում (ստացվում) Ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի լիազոր մարմնի աշխատատեղերից կամ դրանց տեղեկատվական համակարգերից տվյալներ: Մասնավորապես`
1) Ոստիկանության աշխատատեղերից և տեղեկատվական համակարգերից՝
ա. տեղական, միջպետական և միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները, նրանց լուսանկարները (առկայության դեպքում), մատնադրոշմները (առկայության դեպքում), հետախուզման հիմք հանդիսացող քրեական վարույթի համարը, նախաձեռնողը, նրա հետ կապ հաստատելու տվյալները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, կիրառվող միջոցը, հետախուզման մասին լրացուցիչ տվյալներ` հետախուզում հայտարարելու, դադարեցնելու կամ տվյալներում լրացումներ կատարելու պահին,
բ. հետախուզվող տրանսպորտային միջոցների տվյալները, հետախուզման հիմք հանդիսացող քրեական վարույթի համարը, նախաձեռնողը, նրա հետ կապ հաստատելու տվյալները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, կիրառվող միջոցը, հետախուզման մասին լրացուցիչ տվյալներ` հետախուզում հայտարարելու, դադարեցնելու կամ տվյալներում լրացումներ կատարելու պահին,
գ. սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նպատակներով օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ռիսկերի կառավարման չափորոշիչները (ռիսկերի պրոֆիլները),
դ. վարչական իրավախախտում կատարած օտարերկրացիների տվյալները:
2) Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատատեղերից՝
ա․ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները, նրանց լուսանկարները (առկայության դեպքում), մատնադրոշմները (առկայության դեպքում),
բ․ գողացված կամ կորած ճամփորդական փաստաթղթերի տվյալները։
3) Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատատեղերից և տեղեկատվական համակարգերից՝
ա. ֆիզիկական անձանց տրամադրված անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (անձնագրի, նույնականացման քարտի, փախստականի և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրված փաստաթղթերի և սահմանային վերահսկողության ընթացքում ստուգումների համար անհրաժեշտ տվյալները),
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման նպատակով դիմած անձանց տվյալները՝ դիմումը ստանալու պահին, դիմումի ընթացքին վերաբերող տվյալները,
գ․ երկքաղաքացիության վերաբերյալ տվյալները,
դ. կորած փաստաթղթերի տվյալները՝ սերիան, համարը, տեսակը՝ կորստյան մասին հայտարարությունն ստանալու պահին,
ե. վիզա հայցողների և տրամադրված վիզաների վերաբերյալ սահմանված կարգով հավաքագրվող տվյալները` դիմումների մուտքագրման և վիզա տալու պահին,
զ. ֆիզիկական անձանց կողմից օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տրամադրելու նպատակով ներկայացված հրավերի տվյալները,
է. երկարաձգված վիզաների տվյալները` երկարաձգման պահին,
ը. Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ հայցող օտարերկրացիների տվյալները՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, այդ թվում՝ աշխատանքի հիմքով, մշտական ու հատուկ կացության կարգավիճակի դիմումների մուտքագրման և կարգավիճակը տալու (հաստատելու) պահին, ինչպես նաև նրանց` Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու կարգավիճակի վերաբերյալ տվյալները,
թ. կացության կարգավիճակի երկարաձգման վերաբերյալ տվյալները՝ դիմումի մուտքագրման և հաստատման կամ մերժման պահին,
ժ. ապաստան հայցող օտարերկրացիների տվյալները՝ ապաստանի հայցը ներկայացնելու պահին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու, ապաստանի տրամադրումը մերժելու կամ չվերադարձելիության սկզբունք կիրառելու վերաբերյալ տվյալները` համապատասխան որոշում կայացնելու պահին, նրանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կարգավիճակի վերաբերյալ տվյալները,
ի. Ռեադմիսիոն հայցերի տեղեկատվական համակարգից քաղաքացիներին տրամադրված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականի տվյալները՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։
4) Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի լիազոր մարմնի տեղեկատվական համակարգերից՝
ա. տրանսպորտային միջոցներին տրամադրվող փաստաթղթերի տվյալները՝ ազգային կամ միջազգային հաշվառման վկայագիրը, հաշվառման համարանիշերը, տարանցիկ համարանիշերը` ոստիկանության համապատասխան տեղեկատվական համակարգեր մուտքագրելու պահին,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրյա հաշվառման տվյալներով տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և խախտման կատարման ժամանակը՝ օրը, ամիսը, տարեթիվը, որին ի պատասխան ՍԷԿՏ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետով տվյալ տրանսպորտային միջոցը ներմուծած քաղաքացու տվյալները,
գ. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարչական պատասխանատվության ենթարկված՝ օտարերկրացիների տվյալները՝ վարչական պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի համարը, դրա կայացման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտով նշանակված տուգանքի չափը, վարչական ակտի կարգավիճակը, իրավախախտման կատարման վայրը, վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սահմանահատման ժամանակ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տրանսպորտային միջոցի համարանիշը` վարչական ակտը կայացնելու կամ վարչական ակտի կարգավիճակը փոխվելու պահին,
դ. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկված և վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը չկատարած օտարերկրացու տվյալները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օրենքով նախատեսված ժամկետով ներառելու նպատակով, իսկ հիմքերը վերանալու դեպքում՝ նաև այդ տվյալները,
ե. շարժական գույքի գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները՝ նշված տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունից ելքի սահմանափակման կամ սահմանափակումը վերացնելու մասին տեղեկատվությունը ստանալու պահին:
9. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատատեղերից և տեղեկատվական համակարգերից մուտքագրվում (ստացվում) են`
1) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա հայցող օտարերկրացիների տվյալները և տրամադրված վիզայի տվյալները` դիմումների ստացման և վիզաներ տրամադրելու պահին,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված դիվանագիտական անձնագրերի տվյալները` տրամադրման պահին,
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին տրամադրվող հավատարմագրման քարտերի տվյալները՝ տրամադրման պահին,
4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին տրամադրվող տրանսպորտային միջոցների տվյալները, այդ թվում՝ մոդելը և համարանիշը` տրամադրման պահին,
5) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված՝ անձը հաստատող կորած փաստաթղթերի մասին տվյալները, այդ թվում՝ սերիան և համարը՝ հայտարարությունն ստանալու պահին,
6) օտարերկրյա առաքելություններից ստացված՝ անձը հաստատող կորած փաստաթղթերի մասին տվյալները, այդ թվում՝ սերիան և համարը, փաստաթղթի տեսակը` անվավեր ճանաչելու հայտարարությունը ստանալու պահին,
7) օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների անվանումները, երկնիշ և եռանիշ կոդերը, դրանց կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթղթերի տեսակները, ձևաչափը, այդ թվում՝ սերիան և համարը,
8) իրավաբանական անձանց կողմից օտարերկրացիներին՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու նպատակով սահմանված կարգով ներկայացված հրավերի տվյալները,
9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված վերադարձի վկայականի տվյալները՝ դրանց տրամադրման պահին,
10) օտարերկրյա պետությունների կողմից թողարկված՝ անձը հաստատող նոր նմուշի ճամփորդական փաստաթղթերի և տրանսպորտային միջոցների գրանցման վկայականների տեսակները նկարագրող տվյալները՝ ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում,
11) Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու թույլատրելի օրերի քանակը՝ ըստ օտարեկրյա պետությունների փաստաթղթի տեսակի, որոնց քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմ,
12) Հայաստանի Հանրապետության վիզաների տեսակները և տիպերը, դրանց նկարագրությունները, սակագները, թույլատրելի օրերի քանակը, վավերականության ժամկետները և դրանց տրամադրման եղանակները՝ միայն հրավերի հիման վրա, միայն հյուպատոսական հիմնարկների միջոցով, էլեկտրոնային վիզայի համակարգով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ համաձայն Կառավարության կողմից սահմանված երկրների ցանկի։
10. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատատեղերից և տեղեկատվական համակարգերից մուտքագրվում (ստացվում) են՝
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, այդ թվում՝ փակ կոնտեյներով, տրանսպորտային միջոցների նույնականացնող տվյալները, ինչպես նաև տեղափոխող բեռնատարի, վարորդի, ներմուծողի (արտահանողի) և սեփականատիրոջ տվյալները՝ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տեղեկատվական համակարգեր մուտքագրելու պահին,
2) մաքսային մարմինների հսկողական գործիքների՝ ռիսկերի տվյալները,
3) սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նպատակներով օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ռիսկերի կառավարման չափորոշիչները (ռիսկերի պրոֆիլները):
11. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության օդանավակայանային ծառայություններից ստացվում են չվերթների պլանավորման, փոփոխման և իրականացման պահին՝
1) պլանավորվող և իրականացվող չվերթների մասին տվյալները,
2) չվերթը կատարողի անվանումը,
3) չվերթների չվացուցակները:
12. ՍԷԿՏ համակարգում միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից կամ Ուղևորների տեղեկատվական կենտրոնից ստացվում են Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորի նախնական տեղեկատվության (ՈւՆՏ) տվյալները` մեկնող ուղևորների համար՝ մինչև հաշվառումը, հաշվառումն ավարտելուց հետո և նստեցումն ավարտելուց հետո, ինչպես նաև ուղևորի անվան գրանցման (ՈւԱԳ) տվյալները՝ մինչև հաշվառումը, մասնավորապես․
1) ուղևորի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, տեսակը, վավերականության ժամկետը, անձը հաստատող փաստաթուղթը տրման երկիրը կամ կազմակերպությունը,
2) անձը նույնականացնող տվյալները՝ անունը, ազգանունը, երկրորդ անունը (հայրանունը), քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը,
3) փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում),
4) չվերթի համարը,
5) հաշվառումը և նստեցումն իրականացնելու մասին տվյալները (կետը, ժամը, րոպեն),
6) ուղևորի նստատեղի համարը (առկայության դեպքում),
7) ճամփորդողի կարգավիճակը՝ ուղևոր, անձնակազմի անդամ, տարանցիկ (տրանզիտ) ուղևոր,
8) ճամփորդության սկզբնակետը՝ կայանը, որտեղից ուղևորն սկսել է իր ճամփորդությունը՝ օդանավակայանի միջազգային կոդը, երկիրը, թռիչքի նախատեսված ժամը, փաստացի ժամը,
9) ճամփորդության վերջնակետը՝ կայանը, որտեղ ուղևորն ավարտում է իր ճամփորդությունը՝ օդանավակայանի միջազգային կոդը, երկիրը, ժամանման նախատեսված ժամը, փաստացի ժամը,
10) ճամփորդության միջանկյալ կետը կամ կետերը՝ կայանը, որտեղ տարանցիկ (տրանզիտ) ուղևորը ժամանում և շարունակում է իր ճամփորդությունը՝ օդանավակայանի միջազգային կոդը, երկիրը, ժամանման նախատեսված ժամը, ժամանման փաստացի ժամը, հաջորդ թռիչքի նախատեսված ժամը, թռիչքի փաստացի ժամը,
11) հաջորդ նշանակման կետը՝ կայանը, որտեղ տարանցիկ (տրանզիտ) ուղևորը տեղափոխվելու է,
12) առկայության դեպքում՝ ՈՒԱԳ տվյալներ:
13. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատատեղերից և տեղեկատվական համակարգերից ստացվում են կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիների տվյալները։
14. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից մուտքագրվում (ստացվում) են Հայաստանի Հանրապետությունից անձի ելքի սահմանափակում ենթադրող խափանման միջոց կիրառելու և այն վերացնելու վերաբերյալ տվյալները՝ խափանման միջոց կիրառելուց կամ այն վերացնելուց հետո՝ անհապաղ, Հայաստանի Հանրապետությունում ձերբակալման ենթակա անձանց տվյալները։
15. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից մուտքագրվում (ստացվում) են Հայաստանի Հանրապետությունից անձի ելքի սահմանափակում ենթադրող խափանման միջոց կիրառելու և այն վերացնելու վերաբերյալ տվյալները՝ խափանման միջոց կիրառելուց կամ այն վերացնելուց հետո՝ անհապաղ, Հայաստանի Հանրապետությունում ձերբակալման ենթակա անձանց տվյալները։
16. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության դատարաններից մուտքագրվում (ստացվում) են Հայաստանի Հանրապետությունից ելքի և Հայաստանի Հանրապետություն մուտքի սահմանափակման, արտաքսման, վտարման և սահմանահատման թույլտվության վերաբերյալ տվյալները:
17. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունից մուտքագրվում (ստացվում) են սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նպատակներով օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ռիսկերի կառավարման չափորոշիչները (ռիսկերի պրոֆիլները):
18. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատատեղերից և տեղեկատվական համակարգերից ստացվում են՝
1) հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ առկա Հայաստանի Հանրապետությունից ելքի սահմանափակումների և դրանց վերացման վերաբերյալ տվյալները,
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից՝ անձանց ծննդյան և մահվան տվյալները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգակցական կապերի վերաբերյալ տվյալները:
19. ՍԷԿՏ համակարգում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում ստացվում են սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից անհրաժեշտ տվյալներ։
20. ՍԷԿՏ համակարգում անցանկալի համարվող օտարերկրացիների, ահաբեկիչների, անձանց հետախուզման մասին լրացուցիչ տվյալները, վիզա և կացության կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումների վերաբերյալ տրված եզրակացությունները, ռիսկերի կառավարման չափորոշիչները (ռիսկերի պրոֆիլները) և դրանցով ստացված տեղեկությունները հանդիսանում են սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ։
3. ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. ՍԷԿՏ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ նաև համակարգող մարմին) կիրառում է հետևյալ անվտանգային միջոցներն ու միջոցառումները՝
1) պաշտպանական՝ ծրագրային, ծրագրաապարատային և տեխնիկական միջոցներ, ինչպես նաև կազմակերպչական միջոցառումներ,
2) տվյալների, ծրագրային միջոցների, կապուղիների, սերվերային և համակարգչային միջոցների պահուստային տարբերակների և դրանց գործարկման ընթացակարգերի ապահովում,
3) մշտադիտարկման ծրագրաապարատային միջոցներ,
4) ներքին և վարձակալված (առանձնացված) կապուղիներ, որոնք պաշտպանվում են հատուկ ծրագրաապարատային միջոցներով,
5) տվյալների շտեմարաններին, սերվերներին, աշխատատեղերին, ցանցային սարքավորումներին հասանելիության արգելափակում,
6) սերվերներին և կառավարվող ցանցային սարքավորումներին ֆիզիկական հասանելիության սահմանափակումներ,
7) տվյալների պաշտպանության, դրանց փոփոխման անթույլատրելիության նպատակով անհրաժեշտ միջոցների ապահովում,
8) սերվերների միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում տվյալների ամբողջականության ստուգումներ,
9) հարցումների միջոցով ամբողջական տվյալների շտեմարանի դուրս բերման սահմանափակումներ,
10) մուտքագրվող (ստացվող) տվյալների աբողջականության և հավաստիության ստուգումներ։
22. ՍԷԿՏ համակարգի աշխատատեղերը, սերվերները և այլ սարքավորումները, բացառությամբ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տրամադրելու, Ինտերպոլի ազգային (կամ կենտրոնական) բյուրոյի և միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ուղևորների նախնական տվյալները փոխանցելու համար նախատեսված սերվերների, չեն կարող ուղղակիորեն (առանց պաշտպանիչ սարքերի) միացվել այլ կազմակերպությունների կամ հանրային ցանցերին, այդ թվում՝ համացանցին:
23. ՍԷԿՏ համակարգն ապահովված է սահմանային գրանցումների՝ սահմանահատման տվյալների մուտքագրման կենտրոնական և ավտոնոմ (պահուստային) սերվերներով՝ անխափան աշխատանքի և կուտակվող տվյալների հուսալիության ապահովման նպատակով:
24. ՍԷԿՏ համակարգն ապահովում է կատարված գործողությունների արձանագրումը՝ լոգավորումը։
4. ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
25. ՍԷԿՏ համակարգի միջոցով կազմվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով անձանց սահմանահատումների վերաբերյալ հաշվետվություններ,
2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ հաշվետվություններ,
3) միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ վիճակագրական (ապաանձնավորված) տվյալներ պարունակող հաշվետվություններ,
4) ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների և կազմակերպությունների՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ հաշվետվություններ:
26. ՍԷԿՏ համակարգի հաշվետվությունները կազմվում են ինքնաշխատեղանակով՝ հավելվածի ծրագրային միջերեսի (API) հարցումների և մշակված ծրագրային ապահովման, ինչպես նաև առանձին վերլուծությունների միջոցով, որոնք կարող են փոխանցվել թղթային ու էլեկտրոնային եղանակով։
27. ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններին և կազմակերպություններին ՍԷԿՏ համակարգի տվյալները կարող են տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված՝ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով։
28. ՍԷԿՏ համակարգի տվյալների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն որոշմամբ և ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների և կազմակերպությունների ներքին իրավական ակտերի համաձայն։
29. ՍԷԿՏ համակարգում տվյալները պահպանվում են 10 տարի` տվյալի գրանցման (մուտքագրման) պահից, իսկ համակարգի կողմից ստեղծված գործողությունների արձանագրությունները (լոգերը) 5 տարի, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալի պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով սահմանված է այլ ժամկետ:
30. Սույն հավելվածի 29-րդ կետով նախատեսված ժամկետները լրանալուց հետո տվյալները համարվում են իրենց արդիականությունը կորցրած, և դրանց հետագա պահպանման կամ ոչնչացման հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
31. ՍԷԿՏ համակարգից օգտվում են սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված ցանկում նշված պետական մարմինները, կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մարմինները և կազմակերպությունները:
32. ՍԷԿՏ համակարգի օգտվողները ՍԷԿՏ համակարգից իրական ժամանակում անհրաժեշտ ծավալով տվյալներ կարող են ստանալ աշխատատեղերի և տեղեկատվական համակարգերի միջոցով` էլեկտրոնային հարցումների իրականացմամբ:
33. ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալը յուրաքանչյուր օգտվողի համար սահմանվում է համակարգող մարմնի կողմից` հաշվի առնելով սույն հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով նախատեսված հայտերի համաձայն օգտվողի կողմից իրականացվող օրենսդրությամբ նախատեսված գործառույթները և առկա տեխնիկական պայմանները:
34. Քրեական վարույթի շրջանակներում դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների համար ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալները սահմանվում են նույն կարգով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված իրենց լիազորություններին համապատասխան:
35. ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններն ու կազմակերպությունները ներքին իրավական ակտերով կանոնակարգում են իրենց կառուցվածքային ստորաբաժանումների` ՍԷԿՏ համակարգից օգտվելու կարգը:
36. ՍԷԿՏ համակարգում նոր աշխատատեղի ստեղծումն իրականացվում է ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից համակարգող մարմնի ղեկավարին ուղղված համապատասխան հայտի հիման վրա, որում նշվում են՝
1) պետական մարմնի կամ կազմակերպության ստորաբաժանման անվանումը,
2) օգտագործման նպատակը՝ նշելով օրենքով վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակը, իրավական հիմքը, ինչպես նաև այդ լիազորությունների (գործառույթների) իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ծավալը:
37. ՍԷԿՏ համակարգում նոր օգտվողի մուտքի իրավունքի տրամադրումը կամ դրա դադարեցումը, ինչպես նաև տրամադրվող տվյալների շրջանակի փոփոխությունն իրականացվում են ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի կողմից համակարգող մարմնի՝ ՍԷԿՏ համակարգի սպասարկումն ապահովող ստորաբաժանման ղեկավարին ուղղված համապատասխան հայտի հիման վրա, որում նշվում են՝
1) ստորաբաժանման անվանումը,
2) օգտվողի տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, կոչում (առկայության դեպքում)),
3) օգտվողի տեղակայման վայրը,
4) լիազորությունների շրջանակը՝ նշելով իրավական հիմքը,
5) իրականացվող կոնկրետ գործառույթները (հաշվետվությունների ստացում, համապատասխան տեղեկությունների մուտքագրում, սահմանային գրանցում և այլն):
38. Համակարգող մարմնի՝ ՍԷԿՏ համակարգի սպասարկումն ապահովող ստորաբաժանման կողմից կատարվում է ՍԷԿՏ համակարգի աշխատատեղի համակցումը և օգտվողի տվյալների գրանցումը, աշխատատեղի և համացանցային հաղորդակարգի՝ IP հասցեի հայտարարումը համակարգում, տեղեկատվության համապատասխան ծավալների և լիազորությունների տրամադրումը, օգտվողին կցված աշխատատեղերի ամրագրումը, ինչպես նաև դրանցից օգտվելու համար անհրաժեշտ նույնականացման տվյալների տրամադրումը, որոնցով հնարավոր է մուտք գործել ՍԷԿՏ համակարգ:
39. Ֆիզիկական անձինք իրենց սահմանահատումների վերաբերյալ տվյալները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՍԷԿՏ համակարգից կարող են ստանալ «www.e-citizen.am» հարթակի, ինչպես նաև համակարգող մարմնին ուղղված հարցումների միջոցով:
40. ՍԷԿՏ համակարգի օգտվողները կարող են հասանելիություն ունենալ՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված դիվանագիտական անձնագրերի, օտարերկրյա կորած փաստաթղթերի, վիզաների տեսակների, երկրների ցանկի, երկրների փաստաթղթերի ցանկի, դրանց ձևաչափի, փաստաթղթի տեսակից կախված Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու ժամկետների վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ տվյալներին, ինչպես նաև անձանց ռեզիդենտությունն որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից բացակայած օրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ անձանց սահմանահատումների, կենսաթոշակ և նպաստ ստացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ տվյալներին, ինչպես նաև անձանց ռեզիդենտությունն որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից բացակայած օրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ անձանց ռեզիդենտությունը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից բացակայած օրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությանը, անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումների վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
6) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ներգնա և արտագնա զբոսաշրջության վերաբերյալ ապաանձնավորված վիճակագրական տվյալներին,
7) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ անձանց և տրանսպորտային միջոցների, իր կողմից մուտքագրված ռիսկերի կառավարման չափորոշիչների (ռիսկերի պրոֆիլների) կիրառմամբ ստացված տեղեկություններին, իր կողմից մշակված հսկողական գործիքներին (ռիսկերին) համապատասխանող սահմանահատումներին վերաբերող, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
8) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումների, կացության քարտերի, Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կորած և անվավեր փաստաթղթերի, ինչպես նաև հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների, շարժական գույքի գրավի պայմանագրով գրավադրված տրանսպորտային միջոցների, իր կողմից մուտքագրված ռիսկերի կառավարման չափորոշիչների (ռիսկերի պրոֆիլների) կիրառմամբ ստացված տեղեկություններին, Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող անձանց տվյալների բանկում ներառված լինելու վերաբերյալ տվյալներին, վիճակագրական հաշվետվություններին, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
9) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին, համակարգում առկա՝ «բացակայելու արգելք» խափանման միջոց կիրառելու մասին տվյալներին,
10) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիների նույնականացված սահմահատումների և սահմանային գրանցումների անվանական տվյալների նույնականացման միջոցով Հայաստանի Հանրապետության միջազգային միգրացիայի վերաբերյալ վերլուծական վիճակագրական տվյալներին, կացության կարգավիճակների, Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ստացածների` ըստ տեսակների և զբոսաշրջության վերաբերյալ ապաանձնավորված վիճակագրական տվյալներին, ինչպես նաև ըստ բնակության վայրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիների վերաբերյալ ապաանձնավորված տվյալներին,
11) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումների, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրամադրված՝ անձը հաստատող փաստաթղթերի, կորած և անվավեր փաստաթղթերի, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների, շարժական գույքի գրավի պայմանագրով գրավադրված տրանսպորտային միջոցների, Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող անձանց, ահաբեկիչների, իր կողմից մուտքագրված ռիսկերի կառավարման չափորոշիչների (ռիսկերի պրոֆիլների) կիրառմամբ ստացված տեղեկություններին, Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների, Հայաստանի Հանրապետությունում տրամադրված կացության քարտերի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հաշվառման համարանիշներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտած օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու ժամկետը խախտած օտարերկրացիների և նրանց նկատմամբ իրականացված վարչական վարույթների վերաբերյալ տվյալներին, վիճակագրական հաշվետվություններին, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
12) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
13) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
14) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
15) Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող տվյալներին,
16) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
17) Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող տվյալներին, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրամադրված՝ անձը հաստատող փաստաթղթերին, կորած և անվավեր փաստաթղթերին, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցերին, Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող անձանց, ահաբեկիչներին, իր կողմից մուտքագրված ռիսկերի կառավարման չափորոշիչների (ռիսկերի պրոֆիլների) կիրառմամբ ստացված տեղեկություններին, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներին, Հայաստանի Հանրապետությունում տրամադրված կացության քարտերին, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հաշվառման համարանիշներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտած օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվելու ժամկետը խախտած օտարերկրացիներին և նրանց նկատմամբ իրականացված վարչական վարույթներին վերաբերող, ինչպես նաև իր կողմից մուտքագրված այլ տվյալներին,
18) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու վերաբերյալ տվյալներին,
19) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը՝ անձանց և տրանսպորտային միջոցների սահմանահատումներին վերաբերող տվյալներին:
5. ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
41. ՍԷԿՏ համակարգի շահագործման ընթացքում համակարգող մարմինը իրավունք ունի`
1) վերահսկելու ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների լիազորությունների շրջանակում անհրաժեշտ տվյալների տրամադրման գործառույթի համապատասխանությունը համատեղ մշակված և հաստատված մեթոդներին,
2) վերահսկելու ՍԷԿՏ համակարգից օգտվողների աշխատանքի համապատասխանությունը համակարգի շահագործման կանոններին,
3) ՍԷԿՏ համակարգից օգտվողներին տրամադրված ծրագրային հնարավորություններից դուրս պատասխանելու օգտվողների գրավոր հարցումներին,
4) համակարգում իրականացնել փորձնական գրանցումներ և հարցումներ, ինչպես նաև հնարավոր թերությունների ու բացթողումների փորձարկումներ՝ համակարգի անխափան և արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով:
42. ՍԷԿՏ համակարգի շահագործման ընթացքում համակարգող մարմինը պարտավոր է`
1) ապահովել ՍԷԿՏ համակարգի արդյունավետ շահագործումը, ընդլայնումը և սպասարկումը,
2) ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմիններից և կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ համատեղ մշակել և հաստատել համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման մեթոդները,
3) իրականացնել ՍԷԿՏ համակարգի սպասարկման աշխատանքներ, ապահովել անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունները,
4) ՍԷԿՏ համակարգի խափանումների, աշխատանքային ընդհատումների ժամանակ հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել խնդիրները և տեղեկացնել օգտվողներին,
5) ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ղեկավարների պահանջով ներկայացնել հաշվետվություն՝ տվյալ օգտվողի աշխատատեղերից համակարգում կատարված աշխատանքների վերաբերյալ,
6) կազմակերպել ՍԷԿՏ համակարգից օգտվողների ուսուցումը, օգտվողների մուտքի իրավունքների տրամադրումը, ինչպես նաև համակարգում իրականացվող աշխատանքի վերլուծությունը,
7) ՍԷԿՏ համակարգի տեխնոլոգիական հնարավորությունների, աշխատատեղերի շահագործման կանոնների փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպել օգտվողների վերապատրաստումներ:
43. ՍԷԿՏ համակարգից օգտվողն իրավունք ունի`
1) իրեն տրամադրված աշխատատեղը և ստացվող տվյալներն օգտագործել օրենքով իրեն վերապահված լիազորությունների (գործառույթների) իրականացման համար` ցանկացած պահին (շուրջօրյա) աշխատելով համակարգի հետ,
2) համակարգող մարմնից ստանալ հաշվետվություն՝ իրեն տրամադրված աշխատատեղերից համակարգում կատարված աշխատանքների վերաբերյալ,
3) գրավոր հարցումներով դիմել համակարգող մարմին` անհրաժեշտության դեպքում, իրեն տրամադրված տվյալների ծավալից դուրս տվյալներ ստանալու, ինչպես նաև աշխատատեղերի ավելացման համար:
44. ՍԷԿՏ համակարգից օգտվողը պարտավոր է`
1) պահպանել սույն հավելվածով սահմանված համակարգի շահագործման կանոնները,
2) ապահովել սույն հավելվածով սահմանված տվյալների ծավալի մշտապես և ամբողջական տրամադրումը ՍԷԿՏ համակարգին,
3) ՍԷԿՏ համակարգում ի հայտ եկած թերությունների ու բացթողումների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել համակարգող մարմնին,
4) պահպանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքների, ինչպես նաև համակարգի շահագործման համար հիմք հանդիսացող ոլորտային օրենսդրության պահանջները։
45. ՍԷԿՏ համակարգից օգտվողին արգելվում է՝
1) ՍԷԿՏ համակարգ մուտքագրել կեղծ կամ թերի տվյալներ,
2) համակարգում իրականացնել ոչ ծառայողական կամ փորձնական գրանցումներ, ինչպես նաև հարցումներ՝ բացառությամբ համակարգող մարմնի՝ ՍԷԿՏ համակարգի սպասարկումն ապահովող ստորաբաժանման կողմից և նրա հետ համաձայնացված իրականացվող դեպքերի,
3) համակարգ չարտոնված մուտք գործելու փորձեր կատարել,
4) համակարգում կատարել ծրագրերի գործարկում, գրանցումներ, հարցումներ և այլն, որոնք տվյալ օգտվողի լիազորություններից դուրս են,
5) իրականացնել ՍԷԿՏ համակարգում ի հայտ եկած թերությունների ու բացթողումների փորձարկումներ՝ շրջանցելով համակարգի բնականոն շահագործման հնարավորությունները,
6) փոխել համակարգչի կազմի մեջ մտնող տեխնիկական միջոցները, ցանցային և օժանդակ սարքավորումները, դրանց միացումները՝ առանց համակարգող մարմնի՝ ՍԷԿՏ համակարգի սպասարկումն ապահովող ստորաբաժանման հետ համաձայնեցնելու,
7) ՍԷԿՏ համակարգի աշխատատեղը (համակարգիչը) համակցել համացանցին, այլ համակարգչային ցանցերի, փոխել ցանցային կարգա¬բերումները,
8) գործարկել ՍԷԿՏ համակարգն առանց համապատասխան ուսուցման, թույլտվության և լիազորության,
9) փոխանցել ՍԷԿՏ համակարգ մուտք գործելու նույնականացման տվյալներն այլ անձանց, այդ թվում՝ առանց համակարգող մարմնին տեղեկացնելու՝ այլ աշխատակցի,
10) օգտագործել աշխատատեղերը կամ տեխնիկական միջոցները այլ նպատակներով,
11) ՍԷԿՏ համակարգի տվյալներն առանց հրահանգավորման կամ ծառայողական անհրաժեշտության տրամադրել այլ անձանց, մարմինների կամ կազմակերպությունների՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
12) խեղաթյուրել կամ կեղծել ՍԷԿՏ համակարգից դուրս բերված տվյալները։
46. ՍԷԿՏ համակարգից օգտվողները սույն որոշմամբ սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի ___________ ___-ի N ____-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ծավալով հասանելիություն ունեն.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը
5) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը
6) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը
8) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը
9) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
10) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը
11) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն
12) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը
13) Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը
14) Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը
15) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը
16) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն
17) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն
18) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն
19) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, մասնագիտացված, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները
20) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը
-
Duration
01.04.2026 16.04.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
National Security Service
-
Status
Views 103
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.