Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի մասին

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխի 15-րդ և 20-րդ հոդվածներից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխի 56-րդ հոդվածից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հիմնադրույթներից, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից։

 

Պետական լեզվաքաղաքականության առկա վիճակը

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.1 հոդվածով պետական լեզվաքաղաքականությունը սահմանվում է որպես «լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը»։ Օրենքի 5-րդ հոդվածով պետական լեզվաքաղաքականության իրականացումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև լիազորված պետական մարմնին։

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում լեզվահարաբերությունները կարգավորվում են պետական լեզվով։ Օրենքի նույն հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը»։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով «Պետությունը հայերեն ժեստերի լեզուն ընդունում է որպես հաղորդակցման, ուսուցման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց»։ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված է «ժեստերի լեզու» հասկացությունը։ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են կրթության ու գիտության մեջ լեզվին վերաբերող դրույթները։

Պետական լեզվաքաղաքականությունը, սակայն, որքան էլ բխել է «Լեզվի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և առանձին ոլորտային օրենքների լեզվին վերաբերող դրույթներից, այն չի ձևակերպվել որպես Հայաստանի Հանրապետության լեզվական միջավայրի կենսագործունեությանն ու զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն, որը կարող է կայուն շարունակականություն ապահովել Հայաստանի Հանրապետության զարգացող սոցիալական կյանքի կարիքներից բխող ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման համար։

 

2.    Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծով հաստատվում է «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը», որով սահմանվում են պետական լեզվաքաղաքականության միասնական սկզբունքները և չափումները: Այն միտված է աջակցելու Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, պետական-քաղաքական և մշակութային փոփոխություններին դինամիկ կերպով արձագանքող՝ լեզվի բնագավառին վերաբերող, ինչպես նաև լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականությունների և ռազմավարական ծրագրերի մշակմանը:

 

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն:

 

4.   Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունումը միտված է լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը: Միասնական պետական լեզվաքաղաքականությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների շրջանակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համահունչ՝ ապահովելով լեզվական մշակույթի զարգացումը և գրավոր մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում: Այն ծառայելու է լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն, լեզվական բանգավառին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն, տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր ստեղծելուն, հասարակության մեջ լեզվի սոցիալ-հաղորդակցական դերի հանդեպ գիտելիքի տարածմանը և հետաքրքրություն սերմանելուն: 

 

     5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծը բխում է.

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «Մեր ազգային արժեքները» բաժնի 3-րդ կետից, համաձայն որի` «Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը» սահմանված են որպես ազգային արժեքներ, ինչպես նաև «Մեր ազգային նպատակները» բաժնի 6-րդ կետից, համաձայն որի` հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման ու զարգացման մեջ էական տեղ է տրված «հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակը» էականորեն բարձրացնելուն: 

–2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Սփյուռք» բաժնի «Օտարախոսների համար հայերենի իմացության գնահատման համակարգի ստեղծում» « Արևելահայերենի իմացության մակարդակների չափորոշիչների ստեղծում և դրանց ներդրման և միջազգային մակարդակում ճանաչման մեխանիզմների մշակում» և «Արևելահայերենի իմացության մակարդակների չափորոշիչները արևմտահայերենի փոխադրում, ներպետական և միջազգային մակարդակում դրանց ճանաչում» 56.1 և 56.2 կետերի կատարումն ապահովելու նպատակից:  

 

      6. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

      7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    30.12.2025 - 10.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2029

Принт

Предложения

Դավիթ Տուրյան

15.01.2026

Հարցի հստակեցման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերջին հարյուրամյակում տարածաշրջանում տեղի ունեցած պատմաաշխարհագրական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մի շարք միջազգային պայմանագրերը և ՀՀ ներքին օրենսդրությունը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, առաջարկում եմ նախագծի Հավելվածի 3-րդ գլխի 21-րդ կետում հստակեցնել «արևմտահայ գավառներ» հասկացությունը և այն ձևակերպել հետևյալ կերպ՝ «նախկին Օսմանյան կայսրության հայաբնակ վիլայեթներ»։

Այսինքն՝ առաջարկում եմ տվյալ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Արդի շրջանում հայերենի զարգացումն ու նորմավորումն ընթացել է երկու տարբերակով՝ արևելահայ և արևմտահայ։ Արևելահայ տարբերակը առնվազն վերջին հարյուրամյակում իրականացրել է պետական-պաշտոնական լեզվի գործառույթը՝ ապահովելով գրական, գիտական և մշակութային գործունեությունը։ Արևմտահայ տարբերակը, լինելով հայ ժողովրդի արևմտահայ հատվածի լեզուն, շարունակում է գործածվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ նախկին Օսմանյան կայսրության հայաբնակ վիլայեթներից բռնագաղթած հայերի և նրանց ժառանգների սոցիալական, գրական և մշակութային կյանքում՝ որպես ժառանգված լեզվական տարբերակ, և ուսուցանվում է կրթական հաստատություններում՝ հանդիսանալով հայերենի նորմավորված մյուս տարբերակը»։

Դավիթ Տուրյան

13.01.2026

Առաջարկում եմ նախագծի Հավելվածի 3 գլխի 28-րդ կետում առկա «Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը» ձևակերպումից հանել անգլերենի, գերմաներենի, ռուսերենի և ֆրանսերենի հիշատակումը։

Քանի որ նույն կետում արդեն իսկ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը, իսկ «նաև» կապի կիրառմամբ մասնագիտացված բուհերի վերաբերյալ ձևակերպումը ենթադրում է, որ այդ լեզուները ևս ուսուցանվում են տվյալ բուհերում՝ այլ լեզուների հետ մեկտեղ, դրանց կրկնակի թվարկումը դառնում է ավելորդ և լեզվական տեսանկյունից չհիմնավորված։

Այսպիսով, առաջարկում եմ կետը շարադրել հետևյալ կերպ՝

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը։ Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը։» ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: